ՆՈՐԻՑ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ` ՄԱՅԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Մայաների մշակույթին ծանոթացա 2009 թվականին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի անտրոպոլոգիայի հրաշալի թանգարանում, որն աշխարհում համարվում է լավագույնը: Սակայն քանի որ Բոստոնի մեքսիկական հյուպատոսարանում ինձ անվճար տվել էին 10 տարվա բազմամուտք այցելության իրավունք, ացտեկների երկրից և նրա բուրգերը տեսնելուց հետո 2013-ի ամառը այցելեցի մայաների երկիրը, որի նախադուռը կարելի է համարել Կանկուն քաղաքը` իր մոտ 100-ի հասնող հանգստյան տներով: Մենք մեկնում ենք Կանկունից 130 կմ դեպի հարավ Տուլում, որը ջունգլիների մեջ գտնվող հանգստյան հեռավոր տներից է: Տուլումը, սակայն, հարմար դիրք ունի մայաների երկրի պատմական հուշարձանները դիտելու համար: Մեքսիկայի այդ հատվածը շատ զարգացած երկրի մակարդակ ունի: Հրաշալի ճանապարհներ, ասես մետաքսից, առաջնակարգ այգիներ, լողափեր, հարմարավետ ու գեղեցիկ ոճավորված շինություններ, հրաշալի սնունդ ու սպասարկում: Իսկ գները` մատչելի: Այդ է պատճառը, որ լողափերում հանգստանում են մեծ թվով զբոսաշրջիկներ ԱՄՆ-ից, Կանադայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և, իհարկե, Ռուսաստանից: 2013-ի ամռան մեր հանգիստն ընդհատվեց Տուլումում սկսված փոթորկի պատճառով, բայց դեռ վճարված բոլոր օրերը չէինք լրացրել, մեզ տվեցին 7 օրվա ձրի ուղեգիր 2014-ի որևէ ժամանակահատվածի համար: Ես դրա համար շատ ուրախ էի, որովհետև արդեն տեսել էի մայաների երկրի ամենանշանավոր բուրգային համալիրները` Տուլումը, Էկ Բալամը, Կոբան, Չիչեն-Իցան, սակայն մնացել էր շատ կարևոր տեսարժան մի վայր` Ուշմալը, որը գտնվում էր Տուլումից 400 կմ հեռավորության վրա: Մարտ ամսին գործով մեկնում եմ Բոստոն և աղջկաս հարցնում եմ` ինձ կտանի՞ Ուշմալը տեսնելու: Նա պատասխանում է, որ երկտեղանի փոքր մեքենայով ջունգլիների միջով մոտ 800 կմ պետք է գնանք, սակայն վտանգավոր է, որովհետև Մեքսիկայում քաղաքացիական պատերազմ է: Ես ասում եմ` պետք չէ մեզ վտանգի ենթարկենք, իսկ նա նկատում է, որ այդ պատերազմը եղել է և՛ 2009-ին, և՛ 2013-ին, բայց մենք ճանապարհ ենք գնացել, պարզապես այդ մասին ինձ չի ասել, որ չվախենամ… Տուլում հասնելու հաջորդ առավոտ նա վարձում է բզեզ հիշեցնող փոքրիկ մեքենան, և մենք ուղևորվում ենք Տուլում` ուղեցույց ունենալով ճանապարհների կանաչ ցուցանակները և աղջկաս իսպաներենի իմացությունը: Ճանապարհն անցնում է մեծ մասամբ ջունգլիներով, երբեմն պատահում են գյուղեր ու ավաններ: Մեր երթուղին անցնում է Յուկատան նահանգի մայրաքաղաք Մերիդանով, որն իսպանացիները հիմնել են մայաների Թհո քաղաքի տեղում` 1542-ին: Տիպիկ իսպանական հին նկարագիր պահպանած գաղութային քաղաք, որի կենտրոնական հրապարակում քաղաքային այգին է, կաթողիկե հսկա եկեղեցին և հնագույն պալատի երկարաձիգ սյուներով շենքը: Մերիդան շատ նման է այդ տարածքի մեկ ուրիշ քաղաքի` Վայադոլիդին, որի քաղաքաշինական նկարագիրը գրեթե նույնն է և հիմնվել է 1543-ին: Ես անմիջապես հիշում եմ, որ այդ անուններն էլ ինձ ծանոթ են 15-րդ դարի վերջի հայ նշանավոր ճանապարհորդ Մարտիրոս Երզնկացու ուղեգրությունից:
Մերիդայից Ուշմալ ընդամենը 80 կիլոմետր է, և Մունա քաղաքիկն անցնելուց հետո վերջապես ճանապարհի նշանների վրա գրվում է` Ուշմալ:
Ուշմալի թագավորության համալիրն իրոք որ հրաշք է: Այն տարբեր է իմ տեսած բոլոր բուրգերից: Փառահեղ շինությունները բավականին լավ պահպանված են: Թագավորական պալատը և մյուս շենքերն ունեն շքեղ զարդաքանդակներ, ամենուր քանդակված են երախները բաց վիշապներ, վիշապները երբեմն ձգվում են շինության մի ծայրից մինչև մյուսը: Ինչպես մյուս բուրգային համալիրներում, այստեղ էլ կա սպորտային մեծ ստադիոն, որն, ի դեպ, խիստ հիշեցնում է Հունաստանի Օլիմպոսում իմ տեսած մրցահրապարակը, կան աստղադիտարան, ժողովատեղի, բանտ: Մայաները գնդակով մրցումներ են անցկացրել: Ըստ խաղի կանոնների` գնդակը հրել են միայն ծնկներով և արմունկներով: Մայաներն ու ացտեկները իմ պատկերացմամբ առ ոչինչ են համարել մահը. այդ են վկայում նրանց բուրգերի գրեթե պատ հիշեցնող աստիճանները, որոնք բռնելու տեղ չունեն: Ուշմալի թագավորական բուրգի վերջնամասի աստիճաններն այնքան վտանգավոր են, որ թվում են մահվան փորձարկման ուղի: Այդ աստիճաններով թագավորը մտել է բուրգի շքեղ փառքի կամար հիշեցնող հատվածը: Բուրգերը կառուցված են երկրաչափական կանոնների խիստ հաշվառման սկզբունքով: Մայաների երկրում մաթեմատիկան խիստ զարգացած էր:
Ըստ Մեքսիկայի գիտական պատմության` օլմեկները, ացտեկները և մայաները մեր թվարկությունից 35.000 տարի առաջ Չինաստանի հյուսիսից շարժվել են դեպի Բերինգի նեղուցը, այնտեղից անցել Ամերիկա մայրցամաք և կամաց-կամաց իջել Մեքսիկա ու Լատինական Ամերիկայի մյուս երկրները: Այդ երեք ցեղատեսակներից հատկապես մայաներն ու ացտեկները ստեղծել են բարձր քաղաքակրթություն, և նրանց գիտական նվաճումներից շատ տվյալներ այսօր էլ բացահայտված չեն: Նրանք կազմում են Մեքսիկայի բնակչության 80%-ը: Իսպանացիների հայտնվելուց հետո դարձել են իսպանախոս ու ջերմ քրիստոնյաներ, սակայն սերնդեսերունդ հիշում են իրենց անցյալը: Ինչպես ուրիշ թագավորություններ Մեքսիկայում, մայաներն էլ երբեմն ողջ ժողովրդով թողել են իրենց ծաղկուն բնակավայրն ու հեռացել ուրիշ վայրեր` դեռևս մինչև գաղութարարների գալը: Ըստ երևույթին մայաներն ու ացտեկներն այդքան կապված չեն եղել նյութականին, առավել կարևոր են համարել հոգևորը:
Ուշմալում շատ զբոսաշրջիկներ չկան, վայրը, իրոք, հեռու է: Սակայն, ինչպես Չիչեն-Իցայում, այստեղ էլ երկու տոմս պետք է գնել` մեկը տեսնելու գինն է, մյուսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հուշարձանը պահպանելու: Իր ժողովրդի հետ հանդիպելու համար Ուշմալի արքան ուներ երկգլխանի ամերիկյան հովազների քանդակով քարե գահ, որի վրա բացօթյա նստում էր ու իր հրահանգները տալիս: Ամերիկյան հովազը` յագուարը, նույնպես պաշտվել է` որպես ուժի մարմնացում: Պատահական չէ, որ մայաների հայտնի բուրգերից մեկը կոչվում է Էկ Բալամ` Սև հովազ:
Բոլոր այդ բուրգերը հայտնաբերվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին:
1960-ական թվականների վերջին Մեքսիկայի կառավարությունը իր ֆինանսական դժվարությունները հաղթահարելու նպատակով ամայի մի վայրում` Կանկունում, ստեղծում է առաջին հանգստյան գոտին, որն այնքան մեծ հաջողության է հասնում, որ հանգստյան տները սնկի նման սկսում են աճել Կարիբյան ծովի ողջ ափի երկայնքով: Հենց այդ ժամանակ էլ կարգի են բերվում նշանավոր բուրգերը, որոնց տեսնելու համար հարկավոր է բավականին թանկ վճարել: Զբոսաշրջության ճիշտ կազմակերպումը Մեքսիկային բերում է մեծ եկամուտ: Ակամայից հիշում եմ մեր հիանալի վանքերը, եթե մեզ մոտ էլ կարողանան ընտիր հյուրանոցներում, ճիշտ սննդով ու բարձրորակ սպասարկումով մարդկանց ընդունել, ապա մեր գանձերն էլ կգան տեսնելու, և պետական գանձարանն էլ կլցվի:
Զբոսաշրջիկների մի մասը բարձրանում է բուրգերն ի վեր: Բուրգերից Կոբան շատ քայքայված է, սակայն մարդիկ բարձրանում են` հաղթահարելով մղձավանջային երազ հիշեցնող նրա պատի նմանվող աստիճանները: Աղջիկս բարձրանում է այդ 46 մետրը, ես` ոչ: Ներքևում սարսափահար սպասում եմ և որոշում կարդալ Կոբայի պատմությունը ներկայացնող հուշատախտակները: Դրանցից մեկը եվրոպական 4 լեզուներով ասում է. «Դուք բուրգը բարձրանում եք ապավինելով Ձեր ռիսկին: Մենք Ձեր կյանքի համար պատասխանատու չենքե: Եվ ներքևում գանգի պատկեր: Ես ավելի եմ սարսափում: Աղջիկս վերադառնում է: Նա ասում է, թե մի ամերիկուհի կեսից շատ վատացել է և մի կերպ իջեցրել են: Մարտ ամսին իմացանք, որ Կոբա այլևս չի կարելի բարձրանալ: Եվ, փա՜ռք Աստծո:
Մայաների ճարտարապետության ամենամեծ զարդը Չիչեն-Իցան է. այն համարվում է ներկա աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Չիչեն-Իցան մարդաշատ է, կից ունի մեծ շուկա, ուր կան հետաքրքիր հուշանվերներ: Չիչեն-Իցան շատ մեծ համալիր է. գերագույն տաճարը նվիրված է մայաների գլխավոր աստծուն` վիշապին, որը տարին երկու անգամ փետրավոր օձի կերպարանքով երևում է տաճարի վրա:
Տուլումն իր բուրգերով համարվում է աշխարհի կախարդական վայրերից մեկը` Մայաների երկրի զարդը: Մինչև Կոլումբոսը եղել է խիստ բնակեցված ծովափնյա բերդաքաղաք: Այն կարևոր առևտրական կենտրոն էր Մեքսիկայի և մերձամերիկյան երկրների համար: Մայաները քաղաքն այնպես են կառուցել, որ նրա բոլոր կողմերից կարելի է տեսնել լուսաբացը: Շենքերի դիրքը վերստին հուշում է, թե մայաները քաջ տիրապետում էին մաթեմատիկային ու աստղագիտությանը: 16-րդ դարում, երբ իսպանացիները հայտնվեցին Տուլումում, սկսեցին դաժանորեն շահագործել հնդկացիներին, և վերջիններս արագորեն լքեցին քաղաքն ու անհետացան ջունգլիներում: Եվ միայն 19-րդ դարի վերջին նորից իմացան այդ քաղաքի գոյության մասին: Տուլումը հայտարարված է ազգային պարկ. այն զբաղեցնում է 644 հեկտար տարածություն: Տուլումը ակցտեկների Թեոթիուաքանայից և մայաների Չիչեն-Իցայից հետո ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող վայրն է: Այն հրաշալի է պահպանված, ունի գեղեցիկ բնություն: Նրա փողոցներում հանգիստ ճեմում են հսկա, կարծես դինոզավրերի ժամանակներից մնացած մեկ մետրանոց իգուանաները և դիրքավորվում նկարվելու համար: Մայաների երկրի զարդերից են սենոտեները: Յուկոտան նահանգում ստորգետնյա գետերը ստեղծում են աշխարհի ամենամեծ ջրային բնական ցանցը: Սենոտեներն իսկական լուսամուտներ են դեպի լուսավոր աշխարհ: Սենոտե մայաների լեզվով նշանակում է «ջրով քարայրե: Հին մայաները կարծում էին, թե անձրևի աստված Չաակն ապրում է այդ ստորգետնյա լճերում, դրա համար էլ իրենց բնակավայրերը հիմնում էին այդ լճերի մոտ` դրանք համարելով սրբազան և համոզված լինելով, թե այնտեղ է գտնվում մուտքը դեպի ստորգետնյա աշխարհ: Միայն Յուկոտան նահանգում հիմա կան 3000 սենոտեներ, որոնց խորությունը 14-20 մետր է: Դրանք շատ գեղեցիկ են. անտառապատ ժայռեր և դրանց խորքում լուսե լճակ:
Մայաների որոշ սովորույթներ այսօր էլ պահպանված են: Դրանցից մեկը տեմասկալն է: Այն քարե տնակ է` էսկիմոսի սառցե տնակի նման: Ներսում ամբողջովին մութ է և հողե հատակ: Շամանը հատուկ արարողություններից հետո մարդկանց տանում է մի քանի հաստ ծածկոցներով փակված, ցածր դռնից ներս, նստեցնում փայտե ցածր աթոռակների վրա, ներս բերում այրվող շիկացած քարեր, դրանց վրա սառը ջուր լցնում, օդում ճոճում անուշաբույր դեղաբույսեր, որոնցից մեկը մեր նանան է, անում իր աղոթքները, սառը ջուր լցնում լողազգեստ հագած մարդկանց վրա և այդպես 45 րոպե, որից հետո նրանց հանում այդ մութ հյուղակից և բոլորին հրահանգում նետվել ծովի ջրի մեջ: Այդպես շամանը կապում է մայր հողի ու երկնքի ուժերն իրար, ու մարդուն ներարկում ուժ ու առույգություն: Ես հրաժարվում եմ այդ արարողության երկրորդ մասից` 45 րոպե մթության մեջ մնալուց, աղջիկս` ոչ:
Մայաների բուրգերն այցելել են Բարակ Օբաման, Հիլարի Քլինտոնը, արքայազն Չարլզը, Բիլ Գեյթսը, Դեմի Մուրը, Անջելինա Ջոլին, Բրեդ Պիտը, Էլտոն Ջոնը, Ջենիֆեր Լոպեզը և շատ ուրիշ հանրահայտ դեմքեր:
Մեքսիկայի այդ մասում բնությունը պահել է իր անաղարտությունը: Ջունգլիներով անցնելիս կարող եք տեսնել հսկա գունագեղ թութակներ, սարսափեցնող վառ կարմիր սև գծերով օձեր, իսկ ծովի ջինջ ջրում` բազմագույն ձկներ, ձկնկուլներ, մեծ կրիաներ:
Այդ ամենի կողքին, սակայն, կարևորը բուրգերն են` իրենց հրաշք համալիրներով, իրենց բազում-բազում գաղտնիքներով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։