Թուրքիայում օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների ու 2015 թ. մայիսին Էրդողանի պաշտոնավարման ժամկետը լրանալու նախաշեմին, նախկին համախոհների` Գյուլի և Էրդողանի առճակատումը այնպիսի բացահայտումների առաջ է կանգնեցրել թուրք հասարակությանը, այնքան է խճճել քաղաքական ուժերի հարաբերությունները, որ, ինչպես նշում է «The Guardian» պարբերականը. «Ով էլ իշխանությանը տիրանալու հարցում Թուրքիայում հաղթի, ժողովրդավարությունն արդեն տուժել է»: «Finanacial Times»-ն էլ, անդրադառնալով Էրդողանի և նրա որդու, ինչպես և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցների գաղտնալսմանը և հրապարակմանը, հավելում է, որ ամեն օր մի նոր սկանդալ է հասունանում Թուրքիայում, մի նոր ձայնագրություն է հայտնվում. «Մարդիկ ֆիլմ դիտելու փոխարեն միացնում են համակարգիչը և տեղեկանում վերջին սկանդալի մասին»: Անշուշտ, նման պատասխանատու ընտրություններից առաջ այս իրադարձությունները լուրջ հարված են Էրդողանի ու «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության անխախտ թվացող վարկանիշին, այնքան, որ Էրդողանի ապագան սկսել են Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի հետ համեմատել: Արդյո՞ք Էրդողանը կհետևի Յանուկովիչի օրինակին ու կփախչի Թուրքիայից: Այս հարցադրումը «Todays Zaman»-ինն է. «Մի հարց, որ Թուրքիայում շատերին է անհանգստացնում: Չգիտես ինչու, շատերը զարմանում են, որ Էրդողանը կարող է փախչել Թուրքիայից,- գրում է պարբերականը,- ինչպես Ուկրաինայի առաջնորդը՝ Ուկրաինայից: Երեք պատճառ կա, որ նման հարց է առաջ բերում: Առաջինը՝ մարդիկ անկեղծորեն հավատում են, որ Էրդողանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել կաշառակերության սկանդալի հարցում: Երկրորդը՝ մարդիկ անկեղծորեն հավատում են, որ Էրդողանը Թուրքիան վաճառել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը: Նրանք հավատում են, որ Էրդողանը ՔԱԿ առաջնորդներին ինքնավարություն է խոստացել: Երրորդ պնդումը ընտրությունների արդյունքներն են: Նրանք ասում են, որ եթե Էրդողանը մեծ կորուստներ կրի, ուրիշ ելք չի ունենա»: Այլ տեսակետներ էլ կան: «Վերջնական արդյունքը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան,- գրում է «Finanacial Times»-ը,- որ Էրդողանը կհրաժարվի նախագահի պաշտոնը ստանձնելուց, ում լիազորությունները ձգտում է մեծացնել և չորրորդ ժամկետով կընտրվի վարչապետի պաշտոնում, որը, սակայն, արգելված է կուսակցության կանոնադրությամբ, բայց ոչ՝ Սահմանադրությամբ կամ օրենքով»: Այսօրինակ մեկնաբանություններն ու վերլուծություններն, անշուշտ, շարունակելի են, բայց մի բան ակնհայտ է, որ ընտրությունների նախաշեմին թուրքական իշխող կուսակցությունն ու անձամբ վարչապետը բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով պիտի փորձեն դրական արդյունքներ գրանցել: Հենց այդ միջոցների շարքում է դիտարկվում Թուրքիայի տարածքով և անմիջական հովանավորությամբ արմատական իսլամիստների ներխուժումը Սիրիայի հայաբնակ Քեսաբ: Ու թեև Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հերքել է Քեսաբի դեմ իրականացված հարձակման ժամանակ Թուրքիայի տարածքն օգտագործելը և Թուրքիայի կողմից զինյալներին օժանդակություն ցուցաբերելը, առավել ծանրակշիռ են հակառակ փաստերը: Ապացույցը, որ թուրքական վայրենության հերթական դրսևորումը քաղաքական քարոզչության նպատակ է հետապնդում, գազանաբարո իրադարձություններին հաջորդած Թուրքիայի կառավարության ցինիկ պահվածքն է, երբ թուրքական կողմը, որպես մարդասիրական մոտեցում, պատրաստակամություն է հայտնում Թուրքիայի տարածքում ապաստան տրամադրել և պաշտպանության տակ առնել հատկապես Քեսաբի բնակիչներին: Ասել է թե՝ գառանը պահ տալ գայլին, տվյալ դեպքում՝ գորշ գայլին: Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, երբ Թուրքիան ամենատարբեր դիվանագիտական աճպարարությունների օգնությամբ փորձում է համաշխարհային հանրությանը համոզել, որ անում է հնարավորը հայ-թուրքական հարաբերությունները առավել կառուցողական և բարիդրացիական ռելսերի վրա դնելու համար, պարզվում է, կան պահեր, երբ բնազդներն ավելի ազդեցիկ են, քան նույնիսկ թուրքական դիվանագիտությունը, և թուրքը չի կարող թուրք չլինել, որքան էլ փորձի ներկայանալ քաղաքակրթության հանդերձանքով: Թուրք բանաստեղծ Սերքան Էնգինը խոստովանում է. «Սարսափելի ցեղասպանություն է իրականացվել հայերի հանդեպ: Ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը, որպես Թուրքիայի որդի, և ամաչում եմ իմ մոր նախնիների պատճառով: Սա Թուրքիայի պատմության համար ամոթալի է, ինչպես նաև քուրդ ժողովրդի: Ես մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և խոնարհվում ձեր ցավի առաջ»: Իսկ այսօրվա Թուրքիայի նկարագիրը տալիս է Օրհան Փամուկը. «Թուրքիան գնում է վատից դեպի ավելի վատը, նույնիսկ սարսափելիին է գնում»: Սակայն Թուրքիայում այսպես մտածողների գոյությունը ավելի ցեղային գենի շեղում պիտի համարել, այլ ոչ համազգային ապաշխարանքի դրսևորում, երբ իրականում այդ ցեղի գենն անհաղորդ է ամոթի, արդարության ու սրբության ազդակներին:
Հ.Գ.
Թուրքիայում մարտի 30-ին ՏԻՄ ընտրություններում հաղթել է Էրդողանի կուսակցությունը: Ընտրություններին բախումների հետևանքով կա 9 զոհ, 30-ից ավելի վիրավոր: Ընդդիմությունը քվեաթերթիկների վերահաշվարկ է պահանջում: