Տիգրան Չուխաճյանի «Կարինեն» («Լեբլեբիջի Հոր-հորաղանե, 1876թ.) արժանավայել բեմ բարձրացնելու հույսը վաղուց էր փայփայում ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Երբ երաժշտական թատրոնի համար խորհրդանշական հատկացումներով բեմում փայլատակեց «Մորգանի խնամին», ճշգրտվեց ստեղծագործական խմբի կատարողական ներուժը, հույսը հավատընծա դարձավ: Եվ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում լեգենդ դարձած դերասանապետ Վարդան Աճեմյանի հեղինակած վերջին բեմելից 64 տարի անց, սքանչելի «Կարինենե վերադարձավ հարազատ տուն:
Առաջին շենշող տպավորությունն ապահովում է ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ինքնահատուկ թատերայնությամբ վրձնած վարագույրը, ազատ բեմատարածքը յուրովի հավաքող հետնաբեմի և կողանցումների գեղանկարչական պատկերազարդումը: Կայծկլտուն գունախաղով տրված էր խայտաբղետ համապատկերը ոչ միայն 19-րդ դարավերջի, այլև մեր ներկա ազգային բազմերանգ նկարագրի: Ուշագրավ էր նաև զգեստների ձևավորումը, հատկապես մեր ազգային տարազի ինչ-ինչ տարրերի հնարամիտ կիրառմամբ: Որոշ չափով Կարինեի մուտքի հանդերձավորումն էր խորթ էլիբեկյանական բեմատեսիլքին: Այդուհանդերձ, նորահայտ հերոսուհու դերը համարձակորեն ստանձնած Պուլուզյան Լալան, ով իր քաղցրահունչ ձայնը հասցրել էր «մարզելե «Ուշլինի»-ով, «Ատամնաբույժն արևելյան»-ով, առաջին իսկ երգով հավաստեց, որ ոչ միայն խնամքով նախապատրաստվել, այլև իրավունք է վաստակել Գոհար Գասպարյանից ու Անահիտ Մխիթարյանից, այս թատրոնում` Քնարիկ Գրիգորյանից ու Ալլա Անդրիասյանից հետո բեմ բարձրանալու Կարինեի հանրածանոթ դերերգով: ԵՊԿ օպերային ստուդիայում որոշակի բեմափորձ կուտակած Վահագն Մարգարյանի Հոր-հոր աղան ըստ էության առաջին լուրջ դերակատարումն էր մեծ բեմում: Այս դյուրահավատ ու պնդաճակատ նորատիպ Հոր-հորին հիմարացնելու,Կարինեի ու Արմենի սիրո դաշինքը կայացնելու ջանադրությամբ համադաշն էին թե՛ Արմենի գեղեցկուհի քույրն (Իռեն Աբելյան) ու զվարճասեր ընկերները (Ավետիք Խալաթյան, Վարդան Կուղյանոսյան, Աշոտ Հակոբյան), թե՛ հմայիչ սեթևեթուհի Նազլուն (Կարինե Բուռնազյան) ու պատմությանը լավատեղյակ «բեմական ժողովուրդը», թե՛ նույնիսկ ոստիկանապետը (Բորիս Պեպանյան): Երիտասարդական կենսահաստատ ավյունով լեցուն էր «պարոնյանցիներիե «Կարինեն»: Ընդամեը երկու խաղարկմամբ դերասանախմբին անկարկատան մերվեց բեմափորձ չունեցող կապելլայի երգչուհի Սոֆիա Բաղդասարյանի կերպավորած երկրորդ Կարինեն: Լուրջ հայտ էր Կոմիտասի անվան բարձրագույն երաժշտակրթարանում ուսումնառությունը չավարտած Արսեն Գևորգյանի դեբյուտը Արմենի գլխավոր դերակատարմամբ` սկսնակության ոչ մի նշույլ:
«Կարինեի» բազմաթիվ նվագախմբային կատարումներ ղեկավարած ծերունազարդ Յուրի Դավթյանն էլ աներևակայելի առույգությամբ էր առաջնորդում գործիքային հնչողության համանվագը: «Իտալական հեղափոխության մաեստրո» Վերդիի հոգևոր սան, Արևելքի օպերային արվեստի նահապետ Տիգրան Չուխաճյանի հանճարի կենդանի հմայքով և երաժշտական թատրոնի բեմի համար ծնված նոր անունների հայտնությամբ ոգեշնչված հանդիսասրահում հանիրավի մոռացությունից փրկված մշակութային գոհարի կենսախինդ մթնոլորտն էր թանձրանում: Բեմի վրա երգող դերասանուհիների ակնահաճո մի շքախումբ էր, որի բեմական վարքուբարքը կենդանի նկարի գեղագիտական վայելք էր պարգևում: «Կարինեիե հանդիսախաղային աշխուժությանը նպատակասլաց ռիթմ էր հաղորդվել դերասանական խաղին պարող աղջիկների փոքրաթիվ խմբի (Նորայր Մեհրաբյանն էր «Կարինեի» պարերը բեմադրելու իր «Բարեկամություն» խմբի ներգրավմամբ, ափսոս միջոցները չբավականացրին…) և երգչախմբի անմիջական մասնակցությամբ: Բեմադրիչի միջամտությամբ` առավել գունեղացվել էր թատրոն թատրոնի մեջ հնարքը, կրկեսային տարրերով համեմվելով` անհամեմատ դիտարժան դարձվել: Բայց երբ Տերունական երկարաշունչ աղոթքով քարացան ամենքը, ստվերվեց հանդիսականի զվարթ տրամադրությունն էլ և անհարկի լրջացված ներկայացավ ավարտական տեսարանը: Փորձ էր արվել մեր օրերի համար ավելի պարզ հնչողություն ապահովելու բեմական խոսքին` միմիայն երգերում պահելով արևմտահայերենի ակնարկը… Ում հիշողության մեջ դեռ անջնջելի էր մնացել 1988-ին մեծատաղանդ Տիգրան Լևոնյանի բեմադրած «Կարինեն»` հեզաճկուն բալետային խմբով, բազմամարդ երգչախմբով, անմոռանալի գլխավոր դերակատարներով, Տերտերի իր իսկ կոլորիտային կերպավորմամբ փառահեղ մի ներկայացում, կարոտով մտաբերեցին նաև արևմտահայերենի փայլուն արտաբերումը բեմից:
«Նկատե՞լ եք` «Կարինեն» մեր երբևէ ստեղծված երևի թե միակ երջանիկ ավարտով սիրո պատմությունն է. չկան բացասական կերպարներ, գերիշխողը մարդկային ջերմ, ապրեցնող միջավայրն է: Ինձ համար շա՜տ կարևոր էր շեշտադրել Բարու և Սիրո այդ բացառիկ մթնոլորտի առկայությունը որպես մերօրյա ամենաքաոսի հաղթահարման նախապայման, – ասում է քառորդ դար «պարոնյանցիների» գեղարվեստական առաջնորդությունը ստանձնած Երվանդ Ղազանչյանը: – Չեմ հասկանում` ինչպե՞ս եղավ, որ այդ արյունախում բորենիների մեջ ծնվեց այդպիսի զարմանահրաշ երաժշտություն` Չուխաճյան, Կոմիտաս, ֆանտաստիկ թատրոն` Ադամյան, Սիրանույշ, Փափազյան, վառ թատերային դրամատուրգիա` Պարոնյան, Օտյան, աստղաբույլ պոեզիա` Դուրյանից ու Մեծարենցից սկսած մինչև Վարուժան ու Սիամանթո… Դժվարանում եմ ստույգ պատասխան գտնել: Այդուհանդերձ ինձ համար անակնկալ չէ, որ Ստամբուլի երաժշտական թատրոնի ճեմասրահում փակցված է Տիգրան Չուխաճյանի նկարը «Օսմանիեօպերետի հիմնադիր» մակագրությամբ: Մեր թատրոնի ստեղծագործական խումբը բազմիցս է հավաստել, որ իր կազմում այժմ էլ տաղանդի ու շնորհքի պակաս չկա: Պայմաննե՜րն են աննպաստ թատերական մշտական հրավառություն ստեղծելու համար: Չլիներ արդի հայ մշակույթի ազգասեր բարեկամ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությունը, փառք ու պատիվ համեստ գործարար Ռալֆ Յիրիկյանին, հազիվ թե իրականանար «Կարինեի» երազանքս: Ներկայացման հաջողության համար, ինչի մասին վկայում է լեփ-լեցուն դահլիճներով խաղարկվող «Կարինեի» տասներորդ ներկայացման հանդիսատեսային ընդունելությունը, ես մեծապես պարտական եմ մեր փորձառու խմբավար Շուշան Հովհաննիսյանին, ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանին և պարուսույց Աննա Կարապետյանին, նրա տիրույթում ներգրավված բոլոր շնորհքով մարդկանց»: