Հայ թատրոնի պատմության մեջ բազմաթիվ և բազմաբնույթ փառատոների շարքում «Թատերական Լոռի» փառատոնը երկարակյացներից է, եթե ոչ` ամենաերկարակյացը, որը հիմնադրվել է 1978-ին, Ալավերդիում: 35-ամյա փառատոնը, արժանանալով հանդիսատեսների ջերմ ընդունելությանը, ընդլայնել է մասնակից թատերախմբերի շրջանակները` աստիճանաբար կրելով միջազգային բնույթ: Հիմնադրման առաջին իսկ տարիներից փառատոնին մասնակցել են Գորիսի, Կապանի, Ստեփանակերտի, Եղեգնաձորի, Վայքի, Եղեգիսի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նիգավանի, Արմավիրի, Էջմիածնի, Արտաշատի, Մասիսի, Թալինի, Արթիկի, Նոյեմբերյանի, Բերդի, Վանաձորի, Սպիտակի, Տաշիրի, Ստեփանավանի, Այրումի, Դիլիջանի, Ակների և այլ ինքնագործ թատերախմբեր ու թատրոններ, ինչպես նաև մայրաքաղաքի տասնյակ թատրոններ, երիտասարդական թատերախմբեր: Փառատոնին մասնակից թատերախմբերը, բացի Ալավերդուց, ելույթներ են ունեցել նաև Օձուն, Դսեղ, Հաղպատ, Շնող գյուղերում, Վանաձոր, Սպիտակ և Թումանյան քաղաքներում:
Շարունակելով հիմնադիրների` թատերարվեստի նվիրյալներ ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի, մշակույթի գործիչ Վալերի Պարանյանի և Թումանյանի շրջանային ժողովրդական թատրոնի երախտավոր Ռուբեն Հակոբյանի բարի ու գեղեցիկ ավանդույթները, Հրաչյա Պապինյանը անցած 21 փառատոներից 15-ի ղեկավարն է: Հ. Պապինյանը 1983-ից Թումանյանի շրջանային ժողովրդական թատրոնում, ապա Թումանյանի շրջանային, Ալավերդու քաղաքային թատրոնում բեմադրել է երկու տասնյակից ավելի բեմադրություններ, որոնք նոր խոսք ու նոր որակ բերեցին թատրոնին. նշենք` Կասոնա` «Ծառերը կանգնած են մահանում», Բոմարշե` «Ֆիգարոյի ամուսնությունը», Ֆիգեյրեդո՝ «Եզոպոս», Ռացեր, Կոնստանտինով` «Մոխրոտը», Ֆիլիպո` «Ուրվականներ», Ռազումովսկայա` «Անհող այգի», Այվազյան «Դիպլիպիտո», իսկ 1986-ին Շուկշինի պատմվածքների հիման վրա բեմադրած «Փեսաս մի բեռ ցախ գողացավ» ներկայացմամբ Թումանյանի շրջանային թատրոնը դարձավ Համամիութենական փառատոնի դափնեկիր: Տարիներ անց Հ.Պապինյանը, դեպքերի բերումով, հեռացավ թատրոնից, սակայն այդ հեռացումը կարճ տևեց: Թատրոնի լույսերը գրեթե մարել էին, երբ նա կրկին, երիտասարդական ավյունով ղեկավարեց թատրոնը, իրականացրեց նոր բեմադրություններ` իր փորձով ու հեղինակությամբ սատար կանգնելով երիտասարդ բեմադրիչներին: Եվ թատրոնն ապրեց իր երկրորդ կյանքը:
Ալավերդու թատրոնը հարուստ պատմություն ունի. շուրջ երկու տասնամյակ այստեղ ստեղծագործել են հայ բեմի մեծանուն ռեժիսորներ Արմեն Արմենյանը, Աշմաթը (Աշոտ Մաթևոսյան), Հովհաննես Մսրյանը, բեմանկարիչ Թագվոր Բերբերյանը, դերասաններ, ՀՀ ժողովրդական արտիստներ Վոլոդյա Գրիգորյանը, Սերիկ Շեկոյանը, Գևորգ Ասլանյանը, վաստակավոր արտիստներ Վերջալույս Միրիջանյանը, Մարգո Տիրոսյանը և այլք: Հետագա տարիներին նրանց գործը շարունակեցին Հայկազ Ոսկանյանը, Գառնիկ Գիգորյանը, Մացակ Անթառանյանը, Ռուբեն Հակոբյանը, Սամվել Կոնյանը, Էմմա Կարապետյանը, Սամվել Հախինյանը, Վահան Երիցյանը, Գարիկ Էվոյանը, Գուրգեն Սողոմոնյանը, Սիլվա Նազարյանը, Նաիրա Երեմյանը, Անահիտ Բեգջանյանը և ուրիշներ:
«Թատերական Լոռի» փառատոնը, առանց ընդհատվելու, ապրեց իր լավագույն տարիները: Ավելին` 2008-ից արտերկրից հրավիրվեցին մեծ թվով թատերախմբեր: Լոռվա աշխարհը միշտ էլ ունեցել է թատրոնապաշտ բնակիչներ, հյուրասեր ու պարզ մարդիկ, որոնք ունեն իրենց գույնը, թումանյանական համն ու հոտը, բարի ու գեղեցիկ ավանդույթները:
Տեղի թատրոնը և փառատոնը չէին կարող այսպես լիաբուռն կյանքով ապրել, եթե տասնամյակներ շարունակ չլինեին մշակույթ սիրող ու գնահատող Թումանյանի շրջանի և Ալավերդի քաղաքի ղեկավարները: Ուզում եմ առանձնացնել նրանցից մեկին` Արթուր Նալբանդյանին: Քաղաքապետարանի ֆինանսական հատկացումների շնորհիվ, թատրոնի վաստակաշատ ու շնորհալի դերասան-դերասանուհիները սկսեցին դարձյալ վճարվել: Թատրոնը վերստացավ Ալավերդու քաղաքապետարանի դրամատիկական թատրոնի կարգավիճակ: Աշխուժացավ ու նոր որակ ունեցավ և՛ թատրոնը, և՛ «Թատերական Լոռի» փառատոնը:
«Թատերական Լոռի» փառատոնից հետո արտերկրից հրավիրված թատերախմբերը և Հայաստանի տարբեր մարզերի ու մայրաքաղաքի թատրոնների դերասաններն ու մնացած մասնակիցները Լոռվա չքնաղ ձորից հեռանում են բարձր տրամադրությամբ, գոհ ու շնորհակալ, հյուրընկալ, հյուրասեր ու թատերասեր ալավերդցիներից: Եվ այդ տոնը պարգևում են փառատոնի անխոնջ տնօրեն Հրաչյա Պապինյանը, շնորհալի կազմակերպիչներ Կարինե Աղաբեկյանը, Անահիտ Բեգջանյանը, Շահեն Մակիչյանը, Վահե Պապինյանը, Գագիկ Բաբլումյանը և Զավեն Օհանյանը: Փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի թատերական գործիչների միությունը:
ԵՐԿԱՐԱԿՅԱՑ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՓԱՌԱՏՈՆ / Յաշա ՉԱԽՈՅԱՆ
