Սեյրան Գրիգորյանի «Չարենցի բնագիրը»1 հոդվածների ժողովածուն այս՝ չարենցագիտության երեկը, այսօրը և վաղը, մտահոգությամբ է հրապարակ եկել: Իսկ այդպիսի մտահոգություններ, ինչպես ցույց է տալիս հոդվածների ժամանակագրությունը, հեղինակին ուղեկցել են տարիներ շարունակ՝ նրան մշտապես ներքաշելով Չարենցի ձեռագրերի ու դրանց հրապարակումների աշխարհը, ուր նա հայտնաբերել ու ընթերցողի դատին է ներկայացնում բազմաթիվ տհաճ անակնկալներ…
Հայտնի է, որ նահատակ բանաստեղծի ժառանգության մի ստվար մասը մեզ է հասել ձեռագիր վիճակում՝ թաքստոցից թաքստոց ու ձեռքից ձեռք անցնելուց վնասված, խունացած կամ քայքայված: Եվ պատահական չէ, որ դրանց ուսումնասիրության, վերծանման ու հրապարակման փորձերը, ինչպես՝ Անահիտ Չարենցի «Անտիպ ու չհավաքված երկերը» ¥1983¤, «Վերջին խոսքը» ¥2007¤, Դ. Գասպարյանի «Ողբերգական Չարենցը» ¥1990¤, «Եղիշե Չարենց. Նորահայտ էջերը» ¥1996¤, «Գիրք մնացորդացը» ¥2012¤, բանաստեղծի ակադեմիական վեցհատորյակը և այլ հրապարակումներ, ժամանակին ողջունվել ու գնահատվել են մասնագետների ու գրական հանրության կողմից: Այդ հրապարակումների ծանրակշիռ ներդրումը չարենցագիտության մեջ արժեքավորում է նաև գրախոսվող գրքի հեղինակը: Բարձր է գնահատում հատկապես բանաստեղծի երկերի ակադեմիական վեցհատորյակը և Ա. Չարենցի կազմած 1983-ի ժողովածուն՝ իբրև «անտիպ Չարենցի գիտական համակարգման առաջին փորձ» ¥43-44¤:
Սակայն Ս. Գրիգորյանին հետաքրքրում են առաջին հերթին բնագրագիտական այն վրիպումներն ու սխալները, որոնք մտահոգիչ որակ են կազմում հատկապես Դ. Գասպարյանի հրապարակումներում: Գրախոսականի սահմանները թույլ չեն տալիս հանգամանորեն անդրադառնալ դրանց: Ասենք միայն, որ նրա բացահայտումները իրոք զարմանալի ու անսպասելի են գիտականության հավակնություն ունեցող այնպիսի հրատարակության մեջ, ինչպիսին է մասնավորապես Դ. Գասպարյանի «Նորահայտ էջերը»: Իզուր չէ, որ Ս. Գրիգորյանի քննադատական դիտողությունները վերաբերում են գրեթե բացառապես հենց այդ հրատարակությանը:
Համոզիչ փաստարկներով ու ակնհայտ օրինակներով ցույց է տրվում, որ բնագրագիտության անգամ տարրական օրենքների ու պահանջների դեմ Դ. Գասպարյանի մեղանչումները բազմաթիվ են ու բազմաբնույթ: «Արդեն առնվազն տասը տարի է,- գրում է Ս. Գրիգորյանը դեռևս 1997-ին տպագրված և գրախոսվող ժողովածուում զետեղված «Պսակազերծում» հոդվածում,- ինչ նա հրապարակում է չարենցյան բնագրեր և դրանց նվիրված ուսումնասիրություններ, որոնց մեջ ոչ թե մեկ-երկու անգամ, այլ պարբերաբար վաղածանոթը ներկայացնում է որպես նորահայտ, բանաստեղծության հատվածը՝ որպես պոեմ, հայտնի բանաստեղծության քառատողը՝ որպես անտիպ ռուբայի, գրառումը՝ որպես ընծայագիր, թարգմանության սևագիրը՝ որպես ինքնուրույն բանաստեղծություն, նամակի հատվածը՝ որպես ամբողջ նամակ, ուրիշի արածը՝ որպես սեփական ջանք…» ¥էջ 99-100¤: Գիրքն ընթերցելիս ավելի ու ավելի ես համոզվում, որ սրանք սոսկ հայտարարություններ չեն. պնդումներից յուրաքանչյուրը հաստատվում է Դ. Գասպարյանի հրապարակումներից քաղված բազմաթիվ օրինակներով:
Սակավաթիվ չեն նաև ձեռագրի սխալ ընթերցումները կամ բնագրային պարզ ընթեռնելի բառի կամայական փոփոխությունները, որոնք ցույց են տրվում պահպանված բնագրի լուսապատճեն օրինակի հետ տպագրվածի ուղղակի համեմատությամբ և որոնք, քննադատի խոսքով ասած, հաճախ «հանգեցնում են իմաստային զավեշտների»: Ահա մի օրինակ: Պահպանվել է Չարենցի «Ա. Գ.» էպիգրամի ձեռագիրը, որտեղ պարզ գրված է.
Դու պիտի, ընկեր,
Խուժան լինեիր,
Կյանքը սակայն քեզ
Շինեց ահա ի՞նչ:
Դ. Գասպարյանի հրապարակման մեջ «սակայն»-ը դարձել է «առանց», «ի՞նչ»-ը՝ «ինձ», իսկ «շինեց» բառը հրապարակողի կողմից ընկալվել է հայտնի անպարկեշտ իմաստով: Եվ ստացվել է իրոք զավեշտալի մի տարընթերցում.
Դու պիտի, ընկեր,
Խուժան լինեիր,
Կյանքը առանց քեզ
Շ<….>եց ահա ինձ:
Բառերի, արտահայտությունների այսպիսի սխալ վերծանումները ոչ քիչ դեպքերում հանգեցնում են նաև չարենցյան բնագրի ավելի լուրջ բովանդակային աղավաղումների, որոնք հանգամանալից վերլուծություններով ցույց է տալիս Ս. Գրիգորյանը:
Ահա, օրինակ, մի ձեռագիր պատառիկ, որի վերծանումը, ինչպես երևում է լուսատիպ պատճենից, առանձին դժվարություն չի ներկայացնում.
Եվ անթիվ, և՛ անհուն, և անվե՛րջ
Գոյությանց ձևերից բացի,
Որ գիտեր Գյոթեն,-
Եվ Դ. Գասպարյանի «ընթերցմամբ».
Եվ անթիվ, և՛ ահա, և անվե՛րջ
Գրությանց ձևերից բացի,
Որ գիտեր Գյոթեն,-
Մի օրինակ ևս: Ն. Զարյանին հասցեագրված էպիգրամներից մեկը «Նորահայտ էջերում» տպագրված է այսպես.
Երբ նայում եմ քո բթամիտ դեմքին
Եվ կարդում հետո երգերս գրած –
Ինձ պարզ է դառնում, թե ինչո՞ւ նրանք
Գրավել են… քի՛չ:-
Ահա և իսկականը՝ ըստ պահպանված ձեռագրի.
Երբ նայում եմ քո բթամիտ դեմքին
և կարդում հետո երգերդ գրած –
ինձ պարզ է դառնում, թե ինչո՞ւ նրանք
գրավիչ են… քի՛չ:-
Ինչպես ասում են, մեկնաբանություններն այս դեպքում ավելորդ են; Հավելենք միայն, որ, ինչպես բազմիցս, այս անգամ էլ արդեն վաղուց, այն էլ երկու անգամ տպագրվածը «Նորահայտ էջերում» ներկայացվում է իբրև առաջին հրապարակում…
Այս բոլոր բացահայտումները, անշուշտ, գնահատելի են, շատ օգտակար՝ բուն գործնական իմաստով և Չարենցի բնագրերի ապագա հրապարակողներին կարող են ապահովագրել շատ թյուրիմացություններից: Բանն այն է, սակայն, որ այդ, քննադատի բառով ասած, «ձախավեր» հրապարակումները տարիներ շարունակ չեն անհանգստացրել ոչ միայն գրական հանրությանը, այլև մասնագետներին: Ավելին, մամուլի էջերում բազմաթիվ դրվատական ճառերով խրախուսվել ու անուղղակիորեն վավերացվել են մեծ բանաստեղծի խոսքը թեթև ձեռքով աղավաղող այդ «բնագրագիտական» գլուխգործոցները: Այն էլ՝ այն բանաստեղծի, որ Թումանյանի «Գեղարվեստական երկերը» հրատարակելիս դրանց մոտենում էր սրբազան երկյուղածությամբ՝ ուղղակի գրելով. «Մենք մեր սրբազան պարտքն համարեցինք անխախտ կերպով հետևել հեղինակի բուն տեքստին և այս տեքստից որևէ ուղղում մտցնելուց խուսափեցինք, ինչպես հանցագործությունից»: Եվ միանգամայն հասկանալի են քննադատի մտահոգությունը հարուցող հարցականները. «Իսկ ի՞նչ է մտածում արդի հայ գրականագիտությունը: Ինչո՞ւ է լռում չարենցագիտությունը, որը տասնյակ գրքերով, հարյուրավոր հոդվածներով և ուսումնասիրություններով է չափվում: Ինչո՞ւ է թույլ տալիս, որ Չարենցի «հանճարեղ բառը» աղավաղված մտնի նոր հետազոտությունների մեջ, խաթարված հասնի ուսանողներին և աշակերտներին: Ո՞րն է այս խորհրդավոր լռության պատճառը» ¥100¤:
Պատճառը, ինչպես կարելի է եզրակացնել Ս. Գրիգորյանի գրքում բարձրացված բոլոր խնդիրների համադրումից, միայն գրական ու գիտական միջավայրի անտարբերությունը չէ, այլև Չարենցի ձեռագրերի համակողմանի բնագրագիտական հետազոտվածության պակասը: Այս կապակցությամբ հեղինակը ուշադրություն է հրավիրում երեք հիմնախնդրի վրա, որոնք առաջին հերթին պետք է լուծի այդ ժառանգությամբ զբաղվող բնագրագիտությունը. Չարենցի հնարավորինս լիակատար մատենագիտության ստեղծում, ձեռագրացուցակի պատրաստում՝ բանասիրական-բնագրագիտական ճշգրիտ բնութագրումներով, բանաստեղծի գրադարանի ուսումնասիրություն: Միաժամանակ զգուշացնում է եղած հրապարակումներում առկա բնագրագիտական տարրական կանոնների զանցառության դեպքերից ու այլ կարգի սխալներից, ինչպես՝ ստեղծագործության վերնագրի հետ կապված սխալ լուծումներից, բառերի սխալ կամ կասկածելի վերծանումներից, բնագրի սահմանազանցումներից, տարբերակների անտեսումից կամ շփոթից, ջնջումների շրջանցումներից, թվագրման անտեսումներից կամ խախտումներից, երկի հեղինակային պատկանելության սխալներից, թարգմանական բնագրերի վերծանման բարդություններից, բնագրի կետադրական աղավաղումներից, հրատարակման պատմության հետ կապված խեղաթյուրումներից և այլն:
Գրախոսվող գրքում Չարենցի բնագրի աղավաղման այս բոլոր դեպքերի վերաբերյալ բազմաթիվ օրինակներ են բերվում ու քննարկվում: Ս. Գրիգորյանը մանրակրկիտ վերլուծություններով բացահայտում է այդ աղավաղումների ոչ միայն մասնագիտական-իմացական, հոգեբանական, անձնական դրդապատճառները, այլև, որ ավելի կարևոր է, ցույց է տալիս, թե ինչպես են դրանք խանգարում չարենցյան բազմախորհուրդ բնագրի իմաստային ու բովանդակային տարողության ճիշտ ընկալմանը:
Այս հանգամանքի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ խոսքը վերաբերում է բնագրագիտության՝ որպես գիտական յուրահատուկ դիսցիպլինի բնույթին, տեղին ու հիմնային նշանակությանը գրականագիտական մյուս դիսցիպլինների շարքում: Գրքում հատուկ ընդգծվում է, որ գրականագիտությունը ճշգրիտ ու բարդ գիտություն է, ունի ուսումնասիրության իր որոշակի մեթոդներն ու եղանակները և դրանով զբաղվողից պահանջում է իմացությունների լայն շրջանակ, մասնագիտական-տեսական բազմակողմանի պատրաստվածություն և գործնական հմտություններ: Այս ամենը վերաբերում է առաջին հերթին հենց բնագրագիտությանը, որ ակնառու երևում է Ս. Գրիգորյանի բնագրագիտական վերլուծություններից: Իր դժգոհությունը հայտնելով չարենցյան բնագրերի հրապարակումներից շատերի սիրողական մակարդակից՝ նա այդ բնագրերին իրոք մասնագիտական մոտեցման բազմաթիվ ուսանելի օրինակներ է տալիս:
Չարենցի ձեռագրերի հրապարակումներին վերաբերող իր վերջին հոդվածը, որ զետեղված է գրախոսվող գրքում, Ս. Գրիգորյանն ավարտում է մի կարճ նախադասությամբ. «Եղիշե Չարենցի բնագրերի եղծումը շարունակվում է» ¥162¤: Հոդվածը առաջին անգամ տպագրվել է 2002-ին, և եթե այդ զգուշացնող ահազանգը պահպանվել է նաև ավելի քան մեկ տասնամյակ հետո տպագրված գրքում, ուրեմն անցյալի մտահոգությունները շարունակվում են նաև այսօր: Իսկ վաղվա մասին քննադատը անհանգստություն էր հայտնում դեռևս հինգ տարի առաջ, Դ. Գասպարյանի չարենցյան հրապարակումների իր քննախոսականի ավարտական պարբերության մեջ. «Եվ դեռ խոսում են Եղիշե Չարենցի երկերի լիակատար ժողովածուից: Եթե խոստացվող տասհատորյակին ձեռք են զարկելու նման «անխոնջ չարենցագետները», ապա կասկածից դուրս է, որ գալիք այդ հրատարակության մեջ բանասիրական աղետն ու խոտանը լինելու են առնվազն տասն անգամ տասնապատկված» ¥101¤:
Գրքի ծավալի գրեթե կեսը, որ պայմանականորեն կարելի է առանձնացնել որպես երկրորդ բաժին կամ մաս, հատկացված է երեք ընդարձակ հոդվածների: Այս հոդվածներում որոշակիորեն երևում են հեղինակի գրականագիտական նախասիրությունները: Ս. Գրիգորյանը նախընտրում է բուն տեքստային վերլուծությունները: Այդ վերլուծությունների ընթացքում կարողանում է նկատել, երևան հանել ու իմաստավորել այնպիսի մանրամասներ, որոնք սովորաբար անտեսվում կամ պարզապես չեն նկատվում գրականագիտական ուսումնասիրություններում, սակայն շատ հաճախ բացահայտում են գրողական աշխատանքի անակնկալ կողմեր, ստեղծագործական հոգեբանության չերևացող ծալքեր, ինչպես նաև մեծապես նպաստում են ստեղծագործության գաղափարական-գեղագիտական բովանդակության առավել խորքային ճանաչմանը:
Հոդվածներից առաջինը նվիրված է Չարենցի տավտոգրամների քննությանը: Դրանք գրականագիտության մեջ սովորաբար դիտարկվում են առձայնույթի կամ բաղաձայնույթի ծանոթ շրջանակներում՝ մեծ մասամբ կապելով ազգային ավանդույթների հետ: Ս. Գրիգորյանի հոդվածում Չարենցի այդ կարգի երկերը դիտվում են իբրև առանձին ժանրատեսակ, ցույց է տրվում, որ բանաստեղծի հետաքրքրությունը դրանով գրչի քմահաճ վարժանք կամ խաղ չէ, այլ կապվում է նրա հայտնի ժանրաստեղծ ծրագրերի հետ՝ միջազգային գրական փորձի լայն օգտագործմամբ: Ուշագրավ է, օրինակ, Չարենցի «Մառ մորմոքում է մայրամուտը» տավտոգրամի՝ Վ. Բրյուսովի «ԾՏռ ՎՌսօռ ՎՈչ, ՎՏÿ ԾՈՐՌÿ» բանաստեղծության հետ ունեցած աղերսների քննությունը, որ, որքան ինձ հայտնի է, կատարվում է առաջին անգամ: Քննադատը չի սահմանափակվում չարենցյան տավտոգրամների միայն ձևային հատկանիշների քննությամբ, ցույց է տալիս նաև, որ բանաստեղծը դրանով փորձում էր լուծել նաև որոշակի գաղափարական ու գեղագիտական խնդիրներ:
Ինքնատիպ հղացում է երկրորդ հոդվածը՝ նվիրված Չարենցի հայտնի «Պատգամին»: Այս դեպքում հեղինակին հետաքրքրել է հանրածանոթ գաղտնագիրը՝ «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», որ սովորաբար ընդունվում է իբրև ակրոստիքոս: Ուսումնասիրողը ճշտում է տերմինը՝ մեզաստիքոս, որ առաջին անգամ է գործածվում հայ գրականագիտության մեջ: Այս կապակցությամբ նա բերում և բնութագրում է բանաստեղծության ներսում թաքնված գաղտնագիր տողի կամ բառի մի քանի տարատեսակների օրինակներ, որոնք օգտակար գիտելիք են պարունակում հատկապես տաղաչափությամբ զբաղվող տեսաբանների համար: Հոդվածում հեղինակն անդրադառնում է նաև Չարենցի անձնական ու ստեղծագործական կենսագրության մի քանի դրվագների, որոնք կապված են «Պատգամի» գաղտնագրի հետ և որոնք կարող են հետաքրքրել բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության հետագա ուսումնասիրողներին:
Ժողովածուի վերջին հոդվածը վերաբերում է Եղիշե Չարենց – Պարույր Սևակ գրական ժառանգորդության հարցերին: Գուցե ճիշտ կլիներ այս հոդվածը չներառել ժողովածուի մեջ, որ հարցադրումների ներքին միասնությամբ ու համակարգվածությամբ ամբողջական ուսումնասիրության տպավորություն է թողնում, իսկ վերջին հոդվածը իր բնույթով առանձնանում է մյուսներից: Բայց և այնպես այստեղ էլ կան երկու բանաստեղծների «բնագրային կապերի»՝ «Չարենցի բնագրից Սևակի գործերի մեջ ներթափանցող իմաստային, ժանրային, կառուցվածքային և ոճական միավորների» ¥290¤ ուշագրավ վերլուծություններ:
Իբրև եզրակացություն՝ պետք է ասել, որ գրախոսվող գրքում Չարենցի բնագրին վերաբերող գրեթե բոլոր ուղղումները, ճշգրտումները, վերծանումները, վերլուծություններն ու մեկնաբանությունները հաստատված են փաստացի վավերագրերով և ճշգրիտ բնագրագիտական հիմնավորումներով: Անկասկած է, որ Չարենցի երկերի ոչ մի հրատարակություն այլևս չի կարող շրջանցել դրանք:
——————-
1 Սեյրան Գրիգորյան, Չարենցի բնագիրը, Երևան, «Վմվ-պրինտ», 2013: