ՋՐԵՐԻ ԱՇՆԱՆԱՃԵՄ ՊՈԵՏԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Որ հողազանգված գոյացությունն այս

Կարող էր փոխվել ոսկեղեն նյութի…

«Մատյան ողբերգության», Բան ԺԱ, Բ

 

«Ես այն թռչունի թևն եմ թափառուն,//որ զարդարում է երկինքը գունատ»: Արդի հայ պոեզիայում, անշուշտ, ուրույն տեղ ունի բանաստեղծ Նորայր Գրիգորյանը։ Նա ժամանակին համընթաց ստեղծագործում է ծովախորք բառերի շնչառությամբ մե՛կ կոհակվելով, մե՛կ ալիքվելով, մե՛կ ծառս լինելով հորձանքի պես, այնուամենայնիվ, մնալով գեղարվեստի առաջնագծում որպես հավատավոր նվիրյալ. «Ես հավաքում եմ ամպերը բոլոր//ու կարկատում եմ ինչպես մեղրահաց»: Դա տեսանելի ու զգայելի է նրա ամենօրյա ստեղծագործական ներկայությամբ, որի առհավատչյան, անշուշտ, գրիգորյանական երանգով նորօրյա գրական միջավայրը հարստացնող գրքերն են, որոնցից վերջին երկուսին՝ «Առաջնագիծ» ( 2020 թ.) և «Մի աշուն, մի տերև, մի աղջիկ» (2021 թ.), կփորձեմ անդրադառնալ. «Երբ հոսում են ջրեր, խոսում է քարը,//երբ շողում են դաշտեր արևածին», երբ պոետը «մոմեր կքաղի, ինչպես ծաղիկ,//կանցնի ուխտյաց հոծ ու խոնարհ երթով» ու կխոստովանի՝ «Ես նույն տեղն եմ վերադառնում, նույն կածանով, նույն անցյալով,//նույն լույսի հետ սեր եմ շաղում,//ու մաղում եմ ոսկե մաղով», քանի որ որպես պոետի ճակատագիր «Հին պայտի նման//սերն ընկած էր ճանապարհին» աշխարհի, ուր նրա արյան հոսքը «պճնված ծառ է, զարդարուն քամի,//և հանդերձանքիդ տերևե ոսկին//ժամանակներդ երբեք չի խառնի», թեկուզ և ամեն վայրկյան «սև ձգանին ցուցամատի ստվեր բիրտ,//գահավիժող, գահավիժող թռչնե խաչ»: Նորայր Գրիգորյանը ավանդահարգ գրող է: Նրա չափածոն ինչպես հանգերով է, այնպես էլ անհանգ, թերևս բանաստեղծության ասելիքն է թելադրում իր ներկայանալու ձևը, որի ոգու ջերմությունը, անտարակույս, եկել է անցյալի խորքում բոցկլտացող հոգու կայծքարի բոցից որպես ընծա, որը «Աշնան օրը բերում է քեզ մոտ.//ինձ ուղեկցում են շարականները,//տաղիկները, հայրենները, սիրերգերը//և խաղողի մի տերև,//որին միջնադարյան Անհայտը//քո պատկերն է գծել,//և մի կռունկ, որ մատնել է քո տեղը,//և մի Ասողիկ, որ հեքիաթներով է//բոլորել քեզ», թեկուզ պոետ Նորայր Գրիգորյանի ժամանակի և տարածության տիրույթի ամեն մի հանգրվանում ավազների մեջ փշեր ու փշերի մեջ ավազներ են աճում, որպես քրոնոտոպի գունավոր երազների տեսիլքներ:

 

Հոգեվիճակի նշանային տիրույթը: Նորայր Գրիգորյանի բանաստեղծությունների լեզվամտածողությունը պատումային է և հոգեվիճակների միստիկ խորհրդավորություններով է ներդաշնակված, նախևառաջ նշան – խորհրդանիշների խոհական համակարգով: Ահա ինչու Նորայր Գրիգորյանի բանաստեղծությունների կառուցիկ ընդհանրականությունը ոչ թե սխեմատիկ է, այլ, այսպես կոչված, բանաստեղծական ճանապարհային քարտեզ, որի սկիզբը միջնադարից է գալիս ու «Հավերժական ազատ դաշտեր» գնում, «…մի շինական, որ միջնադարից քայլում է,//որ միջնադարից երգում է, միջնադարից աղոթում է//և իր ուսերին է հավաքել տարբեր թռչունների մի երամ,//իր ափերի մեջ պահել է վայրի ցորենի դեղին հատիկները,//-Զարթնի՛ր,- ասում է նա սևահողին,//երբ գարնան արևը դառնում է գոլորշի նրա սև մարմնին,//իսկ գոլորշին հիշողություն է՝ հողից երկինք,//և ժամանակի չափման միավոր է՝ դարձյալ հողից երկինք,//երբ ճերմակ ջրերը կաթնագույն ամպերից հոսել են ներքև,//երբ կաթնագույն գոլորշին սև հողի հատիկներից//բարձրացել է վերև: Մի անգամ, երբ թռչունը//ուսերից թռել և հանգրվանել է գոլորշու վրա,//ու սևահողի մեջ խլրտացել է զարմանալի//երամը թռչունների, որոնք երկրագնդի տարիքը//նկարել են սևահողի խոնավ շուրթերին,//երբ ոչինչ չի եղել, բացի այս երգից,//որ քայլել է, գրկել, աչքերով փարվել ժամանակներին,//և թռչնի սրտի արագությամբ բաբախել է նրա սիրտը,//հողի սիրտը»:   Նորայր Գրիգորյանը հոգեվիճակների բանաստեղծ է. «Ծառն ու բանաստեղծությունը//հանդիպեցին աշնանը://Երկուսն էլ հոգնած էին,//գարունը՝ հեռու»։ Բանաստեղծի պոեզիան աշխարհին է բացվում պոետիկական կոմպոզիցիոն հարաբերությունների նշան-խորհրդանշանային տիրույթով (Սլավի-Ավիկ Հարությունյան, «Արվեստի նշանագիտական սահմանները»), որը բնությունն է (ջուր, արև, քար, քամի, անձրև, ծառ, թռչուն և այլն, և այլն) իր քառաչափությամբ, ասել է թե՝ քրոնոտոպով. «Լռությունը դաշտի վրա//անձրև դարձավ://Առուները դաշտի մեջ//դարձան զարկերակներ://Մանուկները մերկ էին ու բուրավետ՝//անձրևի նման://Առուների մեջ նրանք սրտեր էին դառնում//և համաչափ պտտում//հողագնդի հոգնած մարմինը»: Զորօրինակ ջուրը կարևոր նշան – խորհրդանիշ է Նորայր Գրիգորյանի պոեզիայի նշանային տիրույթում. այն հաճախակի գործածականն է ու առավել խորքային է ու բովանդակային (բնության մեջ էլ է այդպես, ուստի՝ տրամաբանական են գրիգորյանական բանաստեղծության «ջրային» բնավիճակ-հոգեվիճակները). «Մի անգամ դաշտն ինձ ասաց՝//ես կերաշխավորեմ քո ծնունդը հաջորդ կյանքում,//քանզի ջուրը քեզ ինձ մոտ բերեց//որպես դեղին ցորենի հատիկ»: Ջուր նշան – խորհրդանիշը Նորայր Գրիգորյանի պոեզիայում սկիզբ է և մինչև սկիզբն է, վերջ է և վերջից հետո է, մի տևականություն է, որ տիեզերատու կյանքն է, բնության ավիշը՝ Բանը, ասել է թե՝ լինելությունը՝ մերկ ջրերի օրորոցային աստղացոլքով. «Գծից այն կողմ՝ մի ուրիշ գիծ,//գաղտնատեսիլ ջրերի հոսք,//և մի քամի անպարագիծ,//ջրից քամի՝ թափառող խոսք»: Նշան – խորհրդանիշների մի ամբողջ քնարական բույլ է՝ գրիգորյանական պոեզիային հատուկ եռակշռույթ պատկերավորմամբ, «Մի աշուն, մի տերև, մի աղջիկ» բանաստեղծությունը: «Մի աշուն, մի տերև, մի աղջիկ//անցնում են Տերյան փողոցով,//մի քամի՝ հերարձակ, հպանցիկ,//հոսում է աղջկա տաք ծոցով://Աշունը խանդեց ու մոլորվեց,//թեև թաց քամի էր անցողիկ,//տերևը աղջկան բոլորեց//ու դարձավ դեղնավուն մի ծաղիկ://Աշուն էր, աղջիկ էր, տերև էր,//քամու հետ՝ Տերյան փողոցում,//Պոետը անսահման վերև էր,//աղջիկը՝ անձրևի թաց ծոցում»: Նորայր Գրիգորյանի նշան – խորհրդանիշները տեքստում բազմարժեք գործառույթ ունեն, հետևաբար՝ տեքստի մեկնությունն էլ մեկը չէ: Այսպես, օրինակ, աշունը, որ կարող է լինել տարիքի, տխրության, վարձքի կամ պարզապես տարվա եղանակ: Սրանցից յուրաքանչյուրը համապատասխան սյուժետային ընթացք է հաղորդում բանաստեղծությանը՝ տալով ծավալային ու բազմարժեք բնույթ։ Աշունը՝ որպես նշան – խորհրդանիշ, անժամանակության առկայությունն է նաև այլ բանաստեղծություններում՝ «Հիմա աշուն է, ու բոլոր//հրաժեշտները//թռչունների տեսքով հավաքվել են ծառերին», «Հոգնած ու դեղնած ծառը//ամիսներ առաջ հարսնացու էր,//հոգնած ու դեղնած աշունը՝ գարուն», «Ես ապրում եմ ուրիշ աշուն,//ուրիշ ձյունի սպասումով» և այլն: Իհարկե, կարելի է շարունակել մանրամասնելով նշան – խորհրդանիշներն առանձին-առանձին, սակայն բավարարվենք այս երկու օրինակով, որոնցով իսկ բանաստեղծը ներկայանալի է դառնում իր բնատուր վերին վիճակներով, երբ «Պոետը անսահման վերև էր»: Նորայր Գրիգորյանի պոեզիայում բնությունից դուրս կարևոր նշան – խորհրդանիշ է երեքը: «Առաջնագիծ» գիրքը բաղկացած է երեք բաժնից («Առաջնագիծ», «Գնացքի պատուհանից», «Խամրած թավիշ»), բանաստեղծություններում գերակշռում են մտքի եռակի աստիճանավորմամբ խոսքի կառուցումը և, իհարկե, երրորդության խորհուրդը: Բանաստեղծը երեքի մեջ տեսնում է կյանքի ընթացային ամբողջականությունը յուր ներկայով, անցյալով և ապագայով («Երեք նուռ»). «Եվ ժամանակը հոսում է զվարթ//դռնից պատուհան, պատուհանից դուռ,//ու մի աղջնակ՝ անունը Նուարդ,//շեմին է շարում երեք շողուն նուռ://Մեկը ներկան է, մեկը՝ ապառնին,// մեկն էլ զավակն է իր երակներում»։ Ուշագրավ են «Երեքը» («Երեք անգամ, երեք պտույտ, երեք քամի//թափառեցին շուրջը օրվա թույլ ու դալուկ,//և աստղային նախանշված ինչ-որ ժամի//հայտնվեցին ճամփաներին մերկ ու բանուկ://Երեք անգամ աղոթեցին ինչ-որ հանգով, //երեք անգամ հորիզոնի գիծը անցան,//օրորեցին, մոլորեցրին ինչ-որ ճամփով, երեք տեղից արյուն հոսեց մեղմ ու անցավ»), «Երեք թռչուն»-ը («Առաջին թռչունը կտցահարեց//համբերության սիրտը,//երկրորդը՝ տարածության ոգին,//երրորդը՝ ժամանակի պատկերը://Որսորդը կրակեց երեքի ուղղությամբ,//ու հողագունդը անորոշ ժամանակով//մեկնեց մի անորոշ տեղ արձակուրդի») բանաստեղծությունները, որոնցում երեքը բազմիմաստ նշան – խորհրդանիշ է, պոետիկական միֆ ստեղծող պատումների առանցք:

 

Անհանգ ժամանակի հանգերը: Նորայր Գրիգորյանը իրեն ազատ է զգում բանաստեղծական տեքստի ձևի ու ոճի ընտրության մեջ, քանի որ ասելիքի հարցում սահմանափակումներ չունի, հայացքը հստակ է ու դիտողունակ, որի զուգակցումը մտքի ինքնատիպ վերծանական ունակությանը հանգեցնում է բանաստեղծական անակնկալների՝ գեղարվեստական գյուտերի, որոնք այնպես են լծորդված ասելիքին, որ նրա խոսքը հնչում է պարզ ու վճիտ։ Ուստի նրան խորթ չեն թե՛ վանկավոր տեքստերը. «Ճանապարհները հույս են շողշողուն,//վերադարձներ են հովիկները հեգ,//գույները հերթով երկնի մեջ լողում,//պատսպարվում են ելևէջում թեք://Աղջիկը երգ էր հյուսում գույներից,//էն զառիթափին ո՞վ էր նշմարվեց,//լույսը արթնացավ երկնածալքերից,//երգի թևերին մազերը փռեց» (Ամառ), թե՛ սպիտակ՝ ազատ բանաստեղծությունները. «Ճանապարհի փոշիների մեջ//ոտնաձայներ կան վաղնջական.//ձիերի դոփյուն,//բանակների ընթացք,//հեռացումների մորմոք,//որից արցունքի մի կաթիլ ընկնում է փոշուն://Մի մրջյուն, փոշին խառնելով արցունքին,//գլորում է իր ավարը://Եվ ձայնե՛ր, ձայնե՛ր, ձայնե՛ր://Մի անտարբեր անցորդ//տրորում է մրջյունի ավարը թանկարժեք://Խլանում են ձայները,//և արտասվում է ժամանակը խոշոր արցունքներով,//որոնք կաթում են մրջյունի փոքր, գրեթե աննշմար աչքերից» (Ձայներ):

Նորայր Գրիգորյանի պոեզիան անհանգ ժամանակների հոգեվիճակային պարադոքսալ օրինաչափություններով հանգավորված կառուցիկ համակարգ է՝ արտասովորությամբ կրթված բանաստեղծական աչքով և քնքշացած հոգով, ինչը «Երկրի կապույտ ջրերի շապիկներով» շղարշված նրա քնարականության գրավականն է.

«Մի թռչուն գիտեմ, որ տեղանք չունի,//ու մի գնչուհի՝ թափառ քամու պես,//ես ծվարել եմ գետի հին հունին, ու քո հայացքը այս ջուրն է ասես։//Մի արև գիտեմ, որ դադար չունի,//մի վերև՝ առանց աստղի ու ամպի,//ես ծվարել եմ ուսին անհունի,//կարծես՝ երկնային լուսավոր թամբին»:

Նորայր Գրիգորյանի համար հայրենիքը… «Ի՞նչ շքեղ ես ու անօգնական,//երբ տրորում ենք քո զառամյալ մարմինը,//երբ բացակայում ենք,//ու դու//հաշվում ես վայրկյանները մեր վերադարձի://Որքա՛ն ես քնքշանում, երբ հաշվում ես»: Ահա թե ինչու պատերազմական Հայաստանում նրա զինվորը քնարական հերոս է, որն ունի «պարկուճներով լցված թռչնի փխրուն սիրտ,//լազուրներով լցված թռչնի թև ու աչք», իսկ պատերազմը՝ «սև ձգանին ցուցամատի ստվեր բիրտ,//գահավիժող, գահավիժող թռչնե խաչ»: Սրան զուգահեռ, այնուամենայնիվ, բանաստեղծը իրեն թուլ է տալիս անկեղծորեն ներկայացնել մեր ժամանակներում առկա ևս մի աշխարհի հոգևորն ու նյութականը՝ որպես պարադոքսալ օրինաչափություններով ունայն իրականություն: «Շոգից սառած մի պոետ,//ցրտից քրտնած մի սոնետ//բնակվում էին երևանյան//սրճարաններից մեկի սեղանաթոռին», և նրանց համար հետաքրքիր չէ, թե «Դիպուկահարը կրակեց արևի ուղղությամբ», կամ «Հոգեբուժարանում ծեր զինվորի//քար սրտից արյուն կաթեց», կամ թե ինչ փույթ՝ «Զինվորի մոր սրտում խրամատ բացվեց//Եռաբլուրում արտասվելիս»:

Նորայր Գրիգորյանի բանաստեղծությունների քառատողերը առավելապես մեկ ամբողջական նախադասություն են. տողավերջի հանգերը ասես ներքին հանգեր լինեն՝ յուրահատուկ ինտոնացիայով.

«Կինը թողել էր պատուհանը բաց,//կինը կանգնել էր պատուհանի մոտ,//պատուհանից դուրս՝ սերեր քնած,//պատուհանից ներս՝ սիրտը արյունոտ»:

 

Վերջախոսք: Նորայր Գրիգորյանի գրքերին նվիրված գիրս ավարտեմ հենց իր՝ հեղինակի խոսքով՝ «տիեզերական լույսով անանուն//պոետն է հոսում երկնքով վայրի» այնպիսի ներշնչանքով, որին բանաստեղծը գորովով ասում է՝

«Քեզ ծաղկավոր բառերով//զգեստ կհագցնեմ,//և դու կվազես անվերջանալի//դաշտերի միջով://Ի՞նչ հրաշք է, երբ դաշտի վրա//բառեր են թափվում զրնգոցով,//անձրևի ժամանակ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։