«ՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՓԱՐԻԶԸ» / ԺԱՆ-ՊԻԵՌ ՄԱՀԵ

Սարյան

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից

«Սարյանը և Փարիզը» վերնագիրը, նախևառաջ, հնչում է որպես հակաթեզ: Ի՞նչը կարող է ավելի հակադիր լինել Հայաստանի կանաչ սարերին, քան թե դարերի ընթացքում սևացած մետրոպոլիան, ուր Սարյանը անցկացրեց երկու տարի՝ 1926-ից 1928 թթ.: Հայ նկարիչը երբեք տոգորված չի եղել հռչակվելու փառասեր մղումով: Նա բանաստեղծ Եղիշե Չարենցի պես փնտրել է իր «անհաս փառքի ճամփան», հեռվից նայելով թուրքական սահմանից այն կողմ գտնվող Արարատի լանջերին կամ էլ ըմբոշխնելով Արագածի այդքան հարազատ գագաթները: Ոչ մի այլ բարձունք նրա համար այդքան կարևոր չէր, որքան սուրբ լեռան գագաթը, այսինքն՝ վերադարձը դեպի իր ակունքները, դեպի ինքնաճանաչողություն:
Մոսկվայում հասնելով վարպետության գագաթնակետին, նա Արևելքում էր փնտրում իր հայրենիքի շունչը, եդեմական փառքի անէացող արտացոլանքը, կորուսյալ դիցաբանության արձագանքները: Տաք գիշերների և կիզիչ արևի ներքո նա հաղթահարեց միրաժները և խաբկանքները, ցրեց հեքիաթների մոգական պատրանքները, բացահայտեց իմաստնության գաղտնիքները: Տիրապետելով լույսի ու ստվերի հակադրությանը, նա վարպետորեն օգտագործում էր գույները, պատկերելով հատու մակերեսներ և գծագրելով կյանքով լի ֆորմաներ:
Եվ ահա նա մեզ է ներկայացնում նախնիների հողի անծայրածիր պատկերը, ուր նա վերջապես վերադարձել էր, ձյունածածկ գագաթներով պսակված անկրկնելի հորիզոնը: Նրա վրձնած դիմանկարները լի են կյանքով և քարե քանդակների անկեղծությունն ունեն: Նրա ծաղիկներն ու մրգերը ազնվական պարզություն ունեն և բնության արգասաբեր միամտություն:
Այն մարդու համար, ով ապրում է իր աշխարհում, Փարիզը բացարձակ օտարություն է: Մեծ քաղաքը, ուր խռնված են ամբողջ աշխարհի արվեստագետները, պարգևում է և՛ կենտրոնացում ու ցրում, և՛ հայտնագործություն ու կորուստ, և՛ հիացմունք ու հիասթափություն: Սարյանը դժվարությամբ է ընտելանում Փարիզին: Սակայն այդ քաղաքի ապրելակերպը յուրացնելուն պես, նա հայտնաբերում է, որ քաղաքն իրեն դուր է գալիս և ընկնում է նրա հմայքի և կախարդանքի տակ: Այլ աշխարհ կատարած իր ճանապարհորդության տունդարձի ճանապարհին ոչնչանում են Սարյանի փարիզյան ցուցահանդեսի բոլոր կտավները: Այդ դաժան փորձությունից հետո էլ նա շարունակում է իր ճամփան ավելի զորացած ու ինքնավստահ՝ գնալով դեպի իր արվեստի ակունքները:
Այդ ներքին ուղին է, որ ակնածանքով մեզ է ներկայացնում նրա թոռնուհի Ռուզան Սարյանը իր մեծ հոր օրագրի, նամակագրության, ճանապարհորդական հիշողությունների և ֆրանսիական կերպարվեստի մասին մտորումների միջոցով: Սարյանը լուսե քաղաքով չի անցել ասուպի նման: Նա Փարիզ է վերադարձել բազմաթիվ անգամներ իր ցուցահանդեսների շնորհիվ: Նա մեզ թարմացրել է իր հանճարի առողջ շնչով, ուժ է տվել իր զորությամբ: Նա փարիզեցիների համար դարձավ Հայաստանի ժայռն ու սարը, միրգն ու բուրմունքը:

ԺԱՆ-ՊԻԵՌ ՄԱՀԵ
Ֆրանսիական ակադեմիայի անդամ, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ,
26 մայիսի 2008 թ.,

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։