«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից
Մենք քիչ ենք գրել և ոչ ըստ արժանվույն գնահատել Ժան-Պիեռ Մահե երևույթը: Մինչդեռ առաջին կարգի գիտական աստղ և հայ ժողովրդի անմնացորդ բարեկամ փաստը չի կարող ընկալվել որպես սովորական իրողություն: Մինչդեռ սա երկար տարիների անբասիր նվիրում է Հայաստանին և հայ ժողովրդին. տասնյակ և տասնյակ հայագիտական ուսումնասիրություններ, գրքեր, թարգմանություններ: Ժան-Պիեռ Մահեի որակի հայ հին գրականության մասնագետ, Արևելքի վաղ քրիստոնեության գիտակ ու պատմաբանասիրական հնագույն ձեռագրերի մեկնաբան չկա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ ժամանակակից Եվրոպայում:
Ֆրանսիական ակադեմիայի իսկական անդամ, Սորբոնի համալսարանի Էկոլ պրակտիկ ֆակուլտետի պրոֆեսոր, Փարիզի Արևելագիտական կենտրոնի (ձեռագրատան և գրադարանի) նախագահ, աշխարհի մի շարք ակադեմիաների պատվավոր անդամ, այդ թվում և Հայաստանի, Վրաստանի, Կանադայի, Եգիպտոսի: Անիի պեղումների ֆրանսիական կողմի (Շիրակի հանձնաժողովի) պատասխանատու… Թվարկել նրա բոլոր տիտղոսները, կոչումները՝ դժվար է: Բայց և մի առանձին հպարտությամբ պետք է գրեմ, որ նրա գիտական մեկնաբանությամբ և թարգմանությամբ են ֆրանսերեն հրատարակվել հայ ժողովրդի հոգևոր կայունության երկու այնպիսի հավերժական կոթողներ, ինչպիսիք են՝ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցը» և Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեանը»: Ըստ որում, նման գիտական մեկնություններով մեր այս երկու հուշարձանները դեռևս չեն տպագրվել: Վաղուց հասունացած հարց է այս գրքերի Ժան-Պիեռ Մահեի գիտական մեկնաբանություն-ծանոթագրությունները հայերեն թարգմանել և Հայաստանում հրատարակել:
Ժան-Պիեռ Մահեի արգասաբեր գրչին է պատկանում «Ժամանակակից հայոց լեզվի (արևելահայ)» ֆրանսերեն դասագիրքը, որը մեծ շրջանառություն ունի հայերենը սովորողների շրջանում, ընդհուպ մինչև Ֆրանսիայի Արտգործնախարարություն: Եվ այս գրքի կողքին՝ «Հայաստան. պատմություն և ներկա» գիրք-ուղեցույցը, ուր հակիրճ պատմական ակնարկի կողքին ներկայացվում է մեր հանրապետությունը իր քաղաքներով, գյուղերով, ճարտարապետական հուշարձաններով, մշակույթով ու ավանդներով: Այս ամենը գրված է սիրով, նյութի լայն ճանաչումով: Այսպես կարող էր գրել միայն մեր երկրի հիանալի գիտակը և իր հոգում Հայաստանը անբաժան պահպանողը: Պատահական չէ, որ Հայաստան եկող բազում ֆրանսիացի զբոսաշրջիկների համար այն որոնված գիրք է:
Դժվար է գտնել Արևելքի վաղ քրիստոնեական շրջանի որևէ նշանավոր գիտական ամբիոն Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում կամ Մերձավոր Արևելքում, ուր Ժան-Պիեռ Մահեն Հայաստանի հետ առնչվող թեմաներով հանդես եկած չլինի: Հիրավի, նա մեր գիտական «դեսպանն» է աշխարհում, և մենք պետք է նրանով հպարտանանք:
Մատենադարանի հին նվիրյալներից՝ Լևոն Խաչիկյան, Բաբկեն Չուքասզյան, Արտաշես Մաթևոսյան, Ասատուր Մնացականյան, Սեն Արևշատյան, մինչև Հրաչյա Թամրազյան, Աիդա Չարխչյան, կարող էին և կարող են վկայել, որ ծնունդով ոչ հայ ժամանակակից արտասահմանցի գիտնականների շարքում չկա մեկը, որն ավելի շատ ուսումնասիրած և իրազեկ լինի Մատենադարանի ձեռագրերին, քան Ժ.-Պ. Մահեն:
Իսկ ես հպարտությամբ պետք է նշեմ, որ շուրջ 35 տարի ընկերություն եմ անում Ժ.-Պ. Մահեի հետ և կարող եմ վկայել, որ հայաստանապաշտությունը վաղուց ի վեր մուտք է գործել Մահեի ընտանիքի հարկից ներս: Երբ դեռ 1970-ական թվականների սկըզբներին ինքը Երևանի պետական համալսարանում ժամանակակից ֆրանսերեն լեզու էր դասավանդում և խորանում հայերենի մեջ, Մահեն իր ընտանիքով սկըսեց տիրապետել հայերենին: Նա շուրջ չորս տարի ապրելով Հայաստանում, ոչ թե իրեն կցված մեքենայով, այլ՝ մարզային «ուղեգծային ավտոբուսներով», իսկ հաճախ՝ նաև ոտքով, շրջեց ողջ Հայաստանը: Չկա մի վանք, տաճար կամ մատուռ, որ Ժ. Պ. Մահեն տեսած չլինի, ուսումնասիրած, պրպտած ու լուսանկարած: Կարող եմ նաև վկայել, որ նա «գոց գիտե» հայոց ճարտարապետական բոլոր նշանավոր կոթողների պատմությունը, մանավանդ եկեղեցական բնույթի, որոնց անխոնջ նվիրյալն է ինքը: Մահեն նաև Անիի պատմության ու ճարտարապետության հմուտ գիտակ է: Մի քանի անգամ ամիսներ շարունակ մասնակցել է Անիի պատմական հուշարձանների պեղումներին: Իսկ Մահեի կինը՝ Անի սիմվոլիկ անվամբ, այդ համեստագույն ֆրանսուհին, բառիս բուն իմաստով ամուսնու գիտական օգնականն է և «Մատեան ողբերգութեան» պոեմի ծանոթագրությունների համահեղինակը:
Մահեն կարող է հպարտանալ իր զավակներով ևս: Որդիներից մեկը անվանի տնտեսագետ է և եղել է Ժակ Շիրակի ռեֆերենտը: Մյուսը «Բոինգ-740» օդանավի հրամանատար է, որն առաջիններից մեկն է այդ տիպի ինքնաթիռով իրականացրել Փարիզ-Նյու Յորք թռիչքը: Իսկ դուստրը Սորբոնի համալսարանի գիտական աշխատակից է:
Երկար տարիներ աշխատելով Սորբոնի համալսարանում, Ժան-Պիեռ Մահեն իր նախաձեռնությամբ իրականացրել է հայագիտությանը նվիրված գիտական մի շարք նստաշրջաններ, մասնագիտական սեմինար-դասախոսություններ՝ մասնակցությամբ Հայաստանից եկած ուսումնասիրողների: Նա եղել է նաև հայաստանյան երիտասարդ հետազոտողների գիտական ղեկավար: Մշտապես բերել է իր մասնակցությունը Ֆրանսիայում կազմակերպվող հայաստանյան մշակութային ձեռնարկներին, այդ թվում և 2007 թվականին անցկացված «Ֆրանսիայում Հայաստանի տարի» աննախադեպ մշակութային ծրագրին: Տասնյակ տարիներ նա ապրիլի 24-ին, Հայոց եղեռնի հիշատակի օրը, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հանդես է եկել դասախոսություններով և բազմիցս ստացել սպառնացող նախազգուշացումներ Ֆրանսիայի թուրքական շրջաններից: Սակայն Մահեն անկոտրում է և միշտ մեր ժողովրդի կողքին: Նա լիապես մարմնավորում է մեծ գիտնականի և Հայաստանի նվիրյալի կերպարը: Պատահականություն չէ, որ նա միաձայն ընտրվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ:
Սակայն կուզեի ընդգծել մի էական հանգամանք, որն իհարկե շատ օրինաչափ է: Լինելով մեր ժողովրդի բարեկամը և բազմավաստակ հայագետ, Ժան-Պիեռ Մահեն միաժամանակ անմնացորդ նվիրյալն է իր երկրի և ֆրանսիական զորեղ մշակույթի: Նա ֆրանսիական հին գրականության փայլուն գիտակ է ու ներծծված է այն ամեն լավով, ինչը հատուկ է իր ազգի մեծ զավակներին. լայնախոհություն, մարդասիրություն ու առաջադիմություն: Երբեք չեմ մոռանա, թե Փարիզում, իմ անդրանիկ այցի առաջին օրը ինչ հպարտությամբ էր նա ցույց տալիս սկզբում մեծ ֆրանսիացի Վիկտոր Հյուգոյի տուն-թանգարանը, նրա ձեռագրերը, իսկ հետո նրա անմահ վեպի հուշակոթողը՝ Փարիզի Աստվածամոր տաճարը: Նրա հետ յուրաքանչյուր այցը ֆրանսիական ուզածդ թանգարան մի յուրահատուկ դասախոսության էր վերածվում:
Ժան-Պիեռ Մահեն, Ֆրեդերիկ Ֆեյդին, Գուրգեն Հովնանը և ես 1975 թ. հոկտեմբերի վերջերին հյուր էինք Թալինի շրջանի Իրինդ գյուղի իմ լավ բարեկամներ Ռազմիկի և Գոհարի տանը: Գիշերը հարսանիք էր. գյուղապետ Արշո Քոթանյանի որդին ամուսնանում էր Ռազմիկի յոթ եղբայրներից մեկի դստեր հետ: Ֆրանսիայից եկած պրոֆեսորները հարսանյաց սեղանի հյուրերի ամենապատվավոր տեղում են, սկսվում է խնջույքը: Եվ ահա վեր է կենում Ֆրեդերիկ Ֆեյդին ու անբասիր հայերենով սրտառուչ խոսք ասում: Քիչ անց Ժան-Պիեռն է նույնպես ընտիր հայերենով ու փոքր-ինչ երևանյան առոգանությամբ ոգեշունչ ճառ ասում, վերջում էլ խոսքն ավարտում «Սասնա ծռերից» մի ընդարձակ հատվածի արտասանությամբ: Հավաքվածները և՛ հիացած են, և՛ զարմացած: Քոթանյան Արշոն ուղղվում է դեպի ինձ. «Բա ասում էիր ֆրանսիացի են, չէ, տղա, սրանք հայ են»:
– Հա, հայ են,– հաստատում եմ ես,– իսկական հայ, այն էլ՝ սասունցի…
Ստորև, առաջինը «Գրական թերթի» ընթերցողներին, ներկայացնում ենք Ժան-Պիեռ Մահեի «հայկական թեմայով» առայժմ վերջին աշխատանքը՝ արվեստաբան Ռուզան Սարյանի կազմած «Սարյանը և Փարիզը» ժողովածուի ֆրանսերեն հրատարակության համար գրված նախաբանը: