Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի նոր հիմնական ցուցադրության մեջ առանձնակի շեշտադրված են նոր և ուշագրավ ցուցանմուշները, որոնք բացահայտում են գրողի ստեղծագործական և անձնական կյանքի անհայտ կողմերը: Այդպիսի մի բացահայտում էր «Աստմատո՛զ, ծխախոտ հասարակ» տողով սկսվող բանաստեղծությունը, որն ունի իր պատմությունը:
Դերենիկ Դեմիրճյանը կյանքի վերջին շրջանում տառապում էր բրոնխների ասթմայով և բժիշկների խորհրդով գործածում էր աստմատոզ դեղաբույսը, որը պահում էր հատուկ տուփի մեջ ու ծխում ծխամորճով: Այժմ տուն-թանգարանի ցուցափեղկերից մեկում ներկայացված են թե՛ այդ տուփը, թե՛ ծխամորճը, թե՛ անտիպ բանաստեղծության ձեռագիրը:
Ահա այդ բանաստեղծությունը, որի վերջին քառատողի երկտողերը գրողը համարել է հնարավոր վերջնական տարբերակներից մեկը` այդպես էլ չկողմնորոշվելով, թե որն ընտրել: Այդ պատճառով էլ երկտողերից մեկն առել է փակագծերի մեջ:
«Աստմատո՛զ, ծխախոտ հասարակ,
Սև, անբույժ իմ ցավի դու դարման,
Դո՛ւ ընկեր մնացիր ինձ մենակ,
Երբ ամենքն ինձանից հեռացան:
Դե՛ վառվիր, աստմատոզ, դե ծխա՛,
Հատնի՛ր շուտ ու ինձ էլ հատեցրու,
(Որ քեզ պես ես էլ` ծուխ անմնա,
Ցնդեմ լուռ ու կորչեմ սին հեռվում)
Ինձ ևս դարձրու ծուխ անմնա,
Ցնդեմ լուռ ու կորչեմ սև հեռվում»:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դերենիկ Դեմիրճյանի
տուն-թանգարանի վարիչ