Հրաշքով կենդանություն առած բերդաքաղաքը / Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Բեգլարյան15 տարի առաջ էր, երբ անվանի բանաստեղծ, հրապարակախոս և բանահավաք, արցախյան շարժման ակտիվ մասնակից Հրաչյա Բեգլարյանը ընթերցողի սեղանին դրեց իր ստեղծագործությունների ընտրանին, ստվարածավալ մի ժողովածու, որն «Արցախ-Նամե» խորագիրն էր կրում: Այսօր երջանկահիշատակ գրողի «Արցախ-Նամե»-ի թվով 8-րդ հատորն է հրապարակի վրա` «Մեր հին ու նոր Շուշին», որտեղ հեղինակն ընդհանրացրել է բերդաքաղաքի հերոսական պատմությունը, գրքում ներառելով արխիվային հարուստ նյութեր, հայ և օտարազգի հայտնի պատմաբանների վկայություններ, հանրագիտարանային նշանակության զորեղ փաստեր, գեղարվեստական հյութեղ նկարագրություններ, ողբերգական իրադարձություններին առնչվող ցնցող դրվագներ ու մարդկային ճակատագրեր… Հր. Բեգլարյանի համոզմամբ, Շուշին պատմական Հայաստանի ամենաանառիկ բերդն է ու բերդաքաղաքը, որի պատմությունը պատված է դարերի թանձր մշուշով: «Հայ ժողովրդի բազում անառիկ բերդեր հուշ են դարձել իրենց տխուր և փառավոր անցյալով,- գրում է նա:- Ու նրանց մասին խոսելիս հպարտանում ենք` դրվագներ հիշելով անցած-գնացած կյանքից: Սակայն այդպես չէ Շուշին: Որպես անառիկ ամրոց նա մեր պատմության կենդանի վկան է` սկսած հայ ժողովրդի ամենավաղ շրջանից մինչ մեր օրերը: Այդ բերդում մարդկային կյանքը երբեք չի ընդհատվել ու հայկական ոգին, շունչը միշտ զորեղ է պահել մարդկանց հավատը»:
Գիրք-հանրագիտարանի խորագրերը բազմազան են ու խորհրդանշական, հագեցած պատմագեղարվեստական ան­սպառ կենսաավիշով: Հավանաբար ոչ բոլորն են տեղյակ, թե Շուշիից բացի ուրիշ ինչ անուններ է ունեցել բերդ-ամրոցը: «Քիրս լեռան հարևանությամբ, նրա հայացքի ներքո բարձրանում է բնական մի ամրոց: Գլուխը` հարթ է, լայն և ընդարձակ` շուրջ 15 հեկտար տարածությամբ: Շուշիի հարավային մասում խոր կիրճն է, որը հայտնի է Հունոտ, Քարին տակ, Ջրաղացներ անուններով: Ինքը` Շուշին, նույնպես պատմական մի քանի անուններ ունի. Կարկառ, Քարքար, Շիկաքար, Շոշ, Շուշվա Ղալա, Քարագլուխ, Փանահաբադ»,- փաստում է հեղինակը:
Արցախի ամենից նշանավոր բերդն այդքան շատ անուններ է ունեցել և միշտ հետաքրքրել է ոչ միայն հայ, այլև օտարազգի պատմիչներին, գրողներին, զորավարներին. «Տարիներ շարունակ ինձ հանգիստ չի տվել Շուշիի առեղծվածը, քանի որ գրական հոգսերից զատ, իմ հոգում վաղուց է հանգրվանել արցախյան տեղանունների լուսաբանման խնդիրը, ու ես չբացահայտված ոչ քիչ հարցերի պատասխանները պիտի պարզեի: Շուշին ինքը հենց Հայոց Արևելից կողմանց պատմությունն է»,- խոստովանում է Հր. Բեգլարյանը:
Ադրբեջանական տարբեր աղբյուրներ պնդում են, թե իբր Շուշիի բերդը հիմնել է Փանահ խանը, մինչդեռ պատմագիտական ուսումնասիրություններից ակնհայտ է դառնում, որ «նրա հզոր պարիսպները, որոնք կիսավեր են մնում մինչև հիմա, ռուսական բանակի մենաշնորհն են հանդիսանում»: Արցախի գյուղական շատ դարբնոցներում, որտեղ մի շարք սերունդներ են փոխվել, պատմում էին իրենց պապերից լսած զրույցներն այն մասին, որ ռուսական բանակի բարձրաստիճան սպաները հաճախ էին շրջակա բնակավայրերից Շուշի հրավիրում հայ վարպետներին բերդի պարիսպներն ամրացնելու համար: «Հայերը ռուսների հետ ուս-ուսի տված կործանումից փրկեցին քաղաքը, սակայն թուրքերը քանի՜-քանի անգամ հիմնահատակ ավերեցին հայկական թաղամասերն ու սրի մատնեցին կանանց, ծերերին ու երեխաներին: Հայկական եղեռնը Թուրքիայում զանգվածային բնույթ ստացավ 1915-ին, մինչդեռ Բաքվում, Գանձակում,Շուշիում այն անթեղած կրակի պես միշտ կար և առիթ եղած «ժամանակ» կրակն այդ բորբոքվում էր», – մշտապես վտանգված Շուշիի և այնտեղ ապրող հայ օջախների դառն ճակատագրի մասին խոր ցավով է խոսում Հրաչյա Բեգլարյանը` շեշտելով, թե «եղեռնի մշուշը պատել էր քաղաքին և դժկամությամբ էր հեռանում»:
Անդրադառնալով մղձավանջային այն օրերին, Հր. Բեգլարյանը միանգամայն ճշգրիտ շեշտադրում է կատարում. «Շուշիի հայերը հարևան թուրքերի հետ քնում-արթնանում էին եղեռնի ահը սրտերում: Այդպես եղավ և 1920 թ., երբ Նովրուզ բայրամի օրը թուրքերը հրի մատնեցին Շուշին` կոտորելով հայ բնակչությանը»: Այնուհետև գրողը հավելում է, թե 1992-ի մայիսի 9-ին` հայ ազատամարտիկների կողմից ազատագրելուց հետո միայն բերդաքաղաքն սկսեց լիաթոք շնչել ու աշխարհի համայն հայության աջակցությամբ բուժել իր վերքերը…
Գրքում տեղ են գտել նաև արմատներով շուշեցի պետական, քաղաքական և ռազմական հայտնի գործիչների, գիտնականների, արվեստագետների, գրողների և հոգևոր առաջնորդների գործունեության մասին պատմող դիմանկարներ, հրապարակախոսական հոդվածներ և էսսեներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։