ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱ

Սեդա Վերմիշևա

* * *
Ես
ամայի ճանապարհին,
հեռվում շողում էր աստղը
և կանչում…
Ցուրտ էր:

Հոգիս
վստահելով Աստծուն
քայլեցի
դեպի աստղը անծանոթ…

Քայլեցի,
իսկ տարածությունը
մեր միջև
չէր կարճանում…
Մինչդեռ դարերը
հոսում էին,
նրանք հոսում էին,
երկիրը լողում էր
շրջանագծերով…

Ճանապարհաքարը
լալիս էր ոտքերիս տակ:

Մարդիկ
ցախ էին վառում
ճամփեզրին…

Ե՛վ ցուրտ էր,
և՛ տաք…

* * *
Չեմ հավատում
որ կրկին տեսնում եմ քեզ,
որ քո անհոգ
գերության մեջ եմ,
որ ինձ հետ է նորից
աչքերիդ
հրաշքը փիրուզե…

Որ կարող եմ կրկին
աշխարհն իմ մեջ առնել
ու չտալ քեզ
ոչ մեկի,
ոչ մի դեպքում,
երբեք…

* * *
Ես վախենում եմ…

Բայց ինչից՝ չգիտեմ:
Թվում է՝
հետապնդում են ինձ
ասիական նախիրը,
ասիական տափաստանը,
ասիական իրականությունը
և զնգում է ու երգում
ասիական սմբակը,
և երկինք է բարձրանում
ասիական փոշին,
ասիական թուխպը,
ասիական խավարը
ոտքերիս տակ է պառկում,
ու խելագարեցնում է
քամին…

Շրջվում եմ ու հասկանում՝
դա ես եմ, ինքս՝
ասիական հոգի ու մարմին:

* * *
Ջուրը հոսում է
և տաշում քարը…

Քարից ավելի պինդ
ԵՍ եմ…

Չկա պատուհան,
պատեր չկան,
չկան լուսամուտափեղկեր…

Ո՛չ տուն,
ո՛չ արգելքներ:

Բայց կա ճանապարհը,
բոց
և ուղի…

Գերագույն նշանը
կրակի
ու հաղթողի…

* * *
Սիրտս կարծես
կախել է կոպերը
և չի համարձակվում
ոչինչ խնդրել…

Իսկ ժամանակները
հոսում են
դեպի ծով ու գետեր…

Գուցե կանգնեցնեի,
հետ կանչեի նրանց…

Բայց աշխարհում այլ է
երանությունը գերագույն
ժամանակների հետ խոսել
«դու»-ով,
ասել՝ ես և դու…

* * *
Օրը չի անցնի,
չի անցնի կեսօրն էլ,
և կասեմ.
«Հեռու ինձանից,
ես ամբողջությամբ
դատարկ հնչյուն եմ
և քայլող կեղծիք»:

Խաբեություն է, իբր
ձի եմ ուզում սանձել,
ու ինձ պարգևելու են
ընծան
Բարձրագույն…

Իմ բոլոր ձիերը՝
անպետք յաբուներ,
իմ ձեռնաշղթաները
ծանր ու բիրտ,
իմ բաժին տարածությունը
ձին չի կարող անցնել
և չի կարող ինձ տալ
երանելի առավելությունը…

Ստում եմ,
թե լիքն եմ հույսով,
հույսը դատարկ է:

Ուրիշ ավելի դատարկ բան
չես հորինի…

Հեշտ չէ խաչից
միանգամից
երկինք համբարձվել…

Երկնքում ծիածանն է
որպես կամրջակամար…

Քամին համբուրում է
իմ դեմքն ու շուրթերը…

Կյանքն անսահման է,
մնացածը՝ խավար…

Թարգմ.՝ Ս. ԿՈՍՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։