Իրավունք ունես ինքդ քեզ ժխտելու. դա ռևերանս է քո հակառակորդի բթամտության առաջ: Երկու իրավունքներ միմյանց դեմ կոտոշներ են ցցում, պատմաբանները գնահատում են կոտոշների ամրությունը, այլ ոչ թե բարոյական արժեքը: Քո կյանքի իրավունքն այնպիսի հրաշապատում է, որ այդ մասին կարող են բարբառել միայն տիեզերական խորությունները, մինչդեռ դու մնում ես մակերեսին: Բոլորը քեզ օգուտ են տալիս կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար, միայն թե դու սխալ ես մեկնաբանում նրանց տվածը: Խորտակվելիս հիշիր, որ նույնն ես, ինչ շատ-շատերը: Միջակություն լինելը փրկության երկրային մի տեսակ է, որ չի գնահատում ինքն իրեն: Ցրտերի մեջ սառեց իմ մտքերի եռուզեռը: Հույսերի ո՞ր մի խողովակը ջերմություն կխոստանա: «Ես քեզ ոչնչով օգնել չեմ կարող»,- ասաց նա ինքն իրեն և ինքնասպան եղավ: Դա նրա իրավազանց իրավունքն էր:
Քո վերջաբանից մի ակնկալիր քո առաջաբանի լավատեսությունը. նրա տեսողությունը խափանվել է: Գոնե վերադարձրեք ինձ իմ սխալների թյուրատեսությունը: Մարմինն ուզում է ապրել. հոգին ինչպե՞ս երես թեքի նրանից: Մեղքերի առատության մեջ լող ենք տալիս, յանա, յանա: Մարգարիտ որոնողներն ի՜նչ պիտի գտնեն: Հանգիստը ժամանակավոր դասալքություն է: Մարդկության պատմությունը մեծամասամբ բարոյազուրկ իշխանամոլների և իշխանազուրկ բարոյագետների կեսկատակ երկխոսություն է: Վաղաժամ արդարամիտ մահն ավելի լավ է, քան անիրավ գոյատևությունը, առավել ևս, որ վերջինս ունենալու է մի անցանկալի ավարտ, այսպես թե այնպես, այսօր կամ վաղը:
Եթե պատմությունդ քո ձեռքին է, կտրիր քո ձեռքը: Ուրիշներին խանգարելով՝ ինքդ քեզ բարոյապես խանգարում ես, ստեղծագործաբար՝ նմանապես: Պատերազմը փամփուշտի, արկի և մարդկային ռեսուրսների ապրանքափոխանակություն է: Խաղաղությունը շուկայական հարաբերությունների հաստատումն է:
Տվեք ինձ չլինելիության երաշխիքը, և ես ձեզ համար հազար տարի կբաշխեմ ինձ հասանելիք կյանքերից: Բայց ափսոս, չեմ իմանալու, որ գոյություն չունեմ, որպեսզի ուրախանամ դրանով: Վամպիրները խմեցին արշալույսների արյունը: Վերջալույսների արյունը մակարդվեց երկրի երեսին: Ո՞ւր կորան իմ չկայացած սերերը, նրանց գույներն ու երանգները: Մռնչոց, ոռնոց, մղկտոց, հաչ ու մլավոց, նվնվոց… Ճաքել է իմ խլության վահանը: Մարմնի զարկերակներն առարկում են: Հոգին հևում է: Կծկվում ես ցրտի և մենակության արանքում: Ողբասաց կանանց պահանջը կախված է իմ լսողության վշտերից: Տվեք ինձ պարտվելու իրավունքը:
Գրական աքլորները մոռացության են տալիս, որ կռապաշտ Էդիպ Արքան, իր ճակատագրական արարքները կատարելուց հետո, սեփական աչքերը կուրացրեց՝ խորապես ամոթահարված, այլ ոչ թե պարծեցավ որևէ գրական ժանրի միջոցով: Հույսդ կորցրիր, հակառակորդն այն կգտնի իր համար: Հավատդ թուլացավ, հակառակորդը այն կմակարդի իր անհավատությամբ: Սերդ սառեց, սահանք կդառնա հակառակորդի ատելությանը: Ինքնասպանը մարդասպան է, որն իբրև դատավոր և դահիճ, այդ կապակցությամբ ինքն իրեն մահապատժի է ենթարկում,- ու նաև օրինազանց է, քանի որ ինքնասպանությամբ խուսափում է ցմահ բանտարկությունից: Այդ տեսակետից ինքնասպանը հասարակության միկրոմոդելն է: Առաջարկվում է ինքնասպաններին հատկացնել հատուկ գերեզմանոց: Միտք ունի՞ դիմացինին ասել այն վատության մասին, որ արել է, երբ ինքը քեզնից լավ գիտե, թե ինչ է արել: Այս կամ այն կերպ դու տանջվում ես, բայց երանի նրան, ով իր չարչարանքը կնվիրաբերի ի փառս Աստուծո: Իրավունքով կամ առանց իրավունքի խաղը կայանում է: