Զարմանալին այն չէր, որ Սալոմե Վահանյանը, որին սիրել էին Քաղաքի շատ տղամարդիկ և երկու լեսբուհիներ, անսպասելիորեն ամուսնացավ Արամ Սիտակյանի հետ (մինչդեռ նրա կինը դառնալ էին երազում սիրունիկ-միրունիկ անհաշիվ օրիորդներ ու գեղեցկուհի, բայց պարկեշտ բազմաքանակ այրիներ), զարմանալին այն էր, որ իր համաձայնությունը տալուց առաջ Սալոմե Վահանյանը պայման էր դրել. «Մեր համատեղ կյանքի ընթացքում մի անգամ քեզ դավաճանելու եմ: Ընդամենը: Խոստացիր, որ կներես», և Սալոմե Վահանյանը ուշադիր նայել էր Արամ Սիտակյանին, ու ապշանքից բթացած սրա ուղեղում խելքը գըլխին ոչ մի միտք չէր ծնվել, ծնվել էր ընդամենը մի հարց, ու նա տվել էր այդ հարցը. «Իսկ մնացած ժամանա՞կ», որին Սալոմե Վահանյանը լուրջ և անկեղծ պատասխանել էր. «Մնացած ժամանակ քեզ սիրելու եմ: Անմնացորդ: Նվիրված»: Արամ Սիտակյանի բթացած ուղեղը մի կերպ, չխկչըխկոց-թխկթխկոց-ճռճռոցով սկսել էր աշխատել, և նա մտածել էր. «Մնացած ժամանակ անմնացորդ-նվիրված սիրողը ոչ թե մի անգամ, այլ նույնիսկ ոչ մի անգամ չի կարող դավաճանել՝ ինձ է փորձում», ուստի ուսերը թոթվելով փնթփնթացել էր. «Քո գործն է»: Ու նրանք ամուսնացել էին: Չգիտես ոնց այս պատմությունը տեղնուտեղը հայտնի էր դարձել Քաղաքի հարգարժան հասարակությանը, ու ամեն մեկը առանձին ու բոլորով միասին, յուրովի էին արձագանքել սույն անհեթեթ իրողությանը: «Մարդ գտավ խաբելու,– չարությունից մգացած ու ճարճատող աչքերը հեռու մի տեղ (հավանաբար՝ ապագային) հառած արհամարհաբար ծիծաղել էին Քաղաքի սիրունիկ-միրունիկ անհաշիվ օրիորդները,– բա դա մի անգամով բավարարվողն է՞»: Եվ բոլորի կարծիքով զուտ հռետորական այս հարցին գեղեցկուհի, բայց պարկեշտ բազմաքանակ այրիները շատ երկիմաստ ու ինքնատիպ ձևով էին պատասխանել՝ նրանք երգ էին երգել: Բայց ի՞նչ երգ: «նւ ՐՈջ, պքպ ՐՈջ, պքպ ՎվՏչՏ, ՎվՏչՏ ՐՈջ» ու մնացածը: Ահա, թե ինչ երգ: Այսքանից հետո, կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ Քաղաքի հարգարժան և ոչ այնքան հարգարժան բնակչությունը բան ու գործ թողած սկսեց Սալոմե Վահանյանի վարք ու բարքին հետևել: Ուշադիր: Անգամ շատ ուշադիր: Առավոտից երեկո և գիշերները նույնպես: Հերթափոխերով հերթապահում էին, հերթապահելով՝ հերթափոխվում: Կողմնակի գործով զբաղվողը տեղնուտեղը հայտարարվում էր դավաճան: Իսկ «Կողմնակի գործ» հասկացությունը, աստիճանաբար ընդլայնելով իր սահմանները, հասավ այն աստիճանի, որ «Կողմնակի գործ» սկսեցին համարվել անգամ սեփական երեխաների դաստիարակությամբ զբաղվելը կամ գիշերները սեր-մեր անելը: Քաղաքում ծնելիությունը շեշտակի ընկավ, իսկ, ընդհակառակը, գլխավոր ոստիկանապետի պատին փակցված դիագրամի կորագիծը, որ հանցագործության աճ-նվազում էր խորհրդանշում՝ շեշտակի կատաղությամբ վեր թռավ: Դե, մարդիկ մանր-մունր բաներով զբաղվելու ժամանակ չունեին՝ հերթափոխերով հերթապահում էին, հերթապահելով՝ հերթափոխվում: Չափահաս ու անչափահաս տղաների, աղջիկների երազանքը ոչ թե տիեզերագնաց կամ հրշեջ, ոչ թե միլիոնատեր կամ ղեկավար պաշտոնով մեկը, ոչ թե իր Արքայազնին գտնելը կամ Ապահովված-Ընտանիքի-Տանտիկին ու Հրաշալի-Երեխաների-Երջանիկ-Մայր լինելը դարձավ, այլ «Սալոմեի Դավաճանությունը Առաջինը Հայտնաբերող»-ի տիտղոսակիր հռչակվելը: Այն, որ Սալոմե Վահանյանի և Արամ Սիտակյանի սերը գնալով ահագնանում էր և միմիայն սեփական կյանքով ապրելով ու ձգտելով դա կատարյալ դարձնել, երկուսն էլ, ասես, ուրիշ մի աշխարհ էին տեղափոխվել՝ ոչ ոք հաշվի չէր առնում ու չէր նկատում: Այսինքն, գուցե թե նկատում էին, սակայն դա անլուրջ, անկարևոր էին համարում, քանի որ Քաղաքի բնակիչների ԿԱՐԵՎՈՐԸ իրենց կասկած-տեսակետը հաստատելն էր, համոզվելը, որ իրենք ՃԻՇՏ են: Իսկ եթե ՃԻՇՏ են մի բանում, ինչո՞ւ պիտի մյուս բաներում ՃԻՇՏ չլինեն: Այնպես որ ՃԻՇՏ ծնվել, ՃԻՇՏ ապրում են: Ո՜ւո՜ւո՜ւխխխխ՝ այ թե հավես բան է ՃԻՇՏ ապրելը: Եվ ահա իրենց ԿԱՐԵՎՈՐԻ մեկընդմիշտ հաստատման սպասմամբ ապրելով, Քաղաքի բնակիչները և Քաղաքը նույնպես, սկսեցին կամաց-կամաց փոխվել: Անհրապուրիչ ու գազազած տեսք ունեին և աննկատելիորեն ու աստիճանաբար իրենք իրենց սկսեցին մոռանալ: Բանն այնտեղ հասավ, որ կանայք դադարեցին դիմահարդարվել, չէին հիշում դրա մասին ու չէին զգում դրա կարիքը և տանից դուրս գալիս, գոնե ձևի համար, մազերը չէին սանրում: Իսկ տղամարդիկ թողեցին ոչ միայն սեքսով զբաղվելը, խմել-ծխելը, այլ անգամ բլոտ, նարդի խաղալը: Եթե միայն կարողանային իրենց տեսքն ու ապրելակերպը տեսնել, որոշ մարդկանց ուղեղներում, հավանաբար, ինչ-ինչ մտքեր ծնվեին, բայց ոչ ոք ոչ ոքի չէր նայում, էլ ո՞ւր մնաց տեսնեին իրար:
– Տիկի՛ն,– հարցրել էր պատահաբար, միանգամայն պատահաբար Քաղաքում հայտնված օտարականը,– այս ի՞նչ համաճարակ է ձեր քաղաքում, թե՞ տեղական մասշտաբով ձեզ մոտ կատարվել է այն, ինչ բոլորիս հետ ամենավերջում պիտի կատարվի:
– Էսօր, այ էսօր կկատարվի,– անսպասելիությունից ցնցվելով ինքնամոռաց շշնջացել էր սարսափատեսք տիկինը,– ու հենց ես դրան կբռնեցնեմ: Հերիք չեղա՞վ: Հոգիներս հանեց, էլի: Վերջապես ե՞րբ պիտի սկսի բոզություն անել,– ու մի պահ սթափվելով շշմած նայել էր օտարականին,– հը՞, ի՞նչ ես ուզում:
– Հարցնում եմ,– անվստահ խոսել էր օտարականը,– ուզում եմ իմանալ…
– Դենը գնա,– նրան մի կողմ հրելով, բղավել էր սարսափատեսք տիկինը,– բոլորս էլ ուզում ենք իմանալ:
Ու արագացրել էր քայլերը, որպեսզի հերթապահությունից հանկարծ չուշանա: Բայց ուշացավ: Իսկ երբ հերթափոխի պետը նրան դիտողություն արեց հերթապահությունից ուշանալու համար, փորձեց արդարանալ.
– Մեղավորը օտարականն էր, փողոցում կանգնեցրեց ինձ, հարցեր էր տալիս:
Հերթափոխի պետը թերահավատ ժըպտաց.
– Ի՞նչ հարցեր:
– Զանազան:
– Օրինա՞կ:
– Օրինակ, այս ի՞նչ է կատարվում Քաղաքում ու արդյո՞ք մեզ մոտ արդեն պատահել է այն, ինչ մի օր բոլորի հետ պիտի պատահի: Ամենավերջում՝ իհարկե:
– Այսինքն հասկացրեց, որ մի բանում մենք առաջինն ե՞նք:
– Ըհը, հասկացրեց,– գլուխը տմբտմբացրեց սարսափատեսք տիկինը,– իբր ակնարկում էր, բայց փաստորեն շատ պարզ հասկացրեց:
– Հետաքրքիր է,– ծնոտը տրորեց հերթափոխի պետը,– նույնիսկ շատ հետաքրքիր է: Իսկ ինչի՞ց գլխի ընկար, որ օտարական է, գուցե մերոնցից մեկն էր, օտարականի դիմակով:
– Չէ՛,– վստահորեն ասաց սարսափատեսք տիկինը,– ձայնի մեջ մեղմություն կար, կարեկցանք ու շատ քաղաքավարի էր: Եվ տեսքն էլ ուրիշ էր:
– Պարզ է,– որոշեց հերթափոխի պետը,– ուրեմն հաստատ օտարական է եղել: Դե լավ,– ասաց նա հեռադիտակը սարսափատեսք տիկնոջը մեկնելով,– գնա հերթապահելու, այսօր դու երկրորդ հարկի, ձախ թևի, երրորդ ու չորրորդ պատուհաններին ես հետևելու: Իսկ ես գնամ ուր որ հարկն է տեղեկացնելու, որ Քաղաքում օտարական է հայտնվել ու զանազան հարցեր է տալիս:
– Գնա,– ասաց սարսափատեսք տիկինը,– տեղեկացրու,– ու վերցրեց հեռադիտակը:
Ընդհանրապես նա հեռադիտակի կարիք չուներ, քանի որ հաստաբուն ծառը, որտեղից հետևելու էր Արամ Սիտակյանի ու Սալոմե Վահանյանի երկհարկանի տան ձախ թևի երրորդ, չորրորդ պատուհաններին, ընդամենը քսան-երեսուն մետրի վրա էր գտնվում, բայց գործի ղեկավարները որոշել էին, թե հեռադիտակների առկայությունն ուղիղ համեմատական է հերթապահողների զգոնության բարձրացմանը: Իսկ հերթափոխի պետը գնաց և ուր որ հարկն է զեկուցեց, թե Քաղաքում օտարական է հայտնվել ու զանազան հարցեր է տալիս: «Ուր որ հարկն է» գտնվողները զգուշացան: Նաև անհանգստացան ու մտահոգվեցին: Արդեն մի քանի աղբյուրներից նրանց տեղեկացրել էին, թե Քաղաքում ուրիշ մեկն է հայտնվել, կասկածելի մի օտարական: Ու զանազան հարցեր է տալիս: Որոշվեց ամենափորձված ու վստահելի բնակիչներից մի խումբ առանձնացնել, որը օտարականի որոնումներով է զբաղվելու: Հրահանգն այս էր. «Գտնել օտարականին, զգուշորեն հետևել նրան ու պարզել Քաղաքում հայտնվելու պատճառը, նպատակը»: Ամենափորձված բնակիչների խումբը ոգևորված գործի կպավ, բայց անարդյունք: Տեղեկությունները, թե Քաղաքում հարցասեր օտարական է հայտնվել՝ շարունակվում էին, սակայն, հակառակի պես, հենց նրանց, որ այդ գործով էին զբաղվում, ոչ մի կերպ չէր հաջողվում խորհրդավոր ու անհարկի հայտնված օտարականի հետքի վրա ընկնել: Քաղաքում այլաբնույթ շշուկներ սկսեցին տարածվել, որոնք մարդկանց ուշադրությունը հիմնական գործից շեղում էին: Որպեսզի շշուկներին վերջ տրվի, մի գիշերվա ընթացքում, պատերին ու գովազդային վահանակներին տարբեր ու հետաքրքիր թեմաներով գունավոր պլակատներ փակցվեցին՝ բոլորն էլ նույնատիպ գրությամբ. «Մեր Քաղաքում օտարական չկա»: Իսկ բնակիչները որոշեցին. «Ուրեմն կա»: Ու չնայած օտարականին այլևս ոչ ոք չէր տեսել կամ հանդիպել, իսկ Սալոմե Վահանյանին հետևելը ընթացավ նախկին հետևողականությամբ, բայց խոսակցություններն ու վեճերը շարունակվեցին՝ կա՞, թե՞ չկա:
Սալոմե Վահանյանը և Արամ Սիտակյանը, իրար սիրելով զբաղված, շրջապատի անցուդարձին անտեղյակ էին ու բացառիկ երջանիկ ապրելով մի օր լքեցին աշխարհն այս՝ իբր թե մահացան: Միաժամանակ: Անակնկալից Քաղաքը ցնցվեց: «Բա էն բանը, որ պիտի աներ (նկատի ունեին Սալոմեի դավաճանությունը), էդ ե՞րբ արեց, որ ո՛չ տեսանք, ո՛չ իմացանք,– իրար էին հարցնում շփոթված, հուսահատ, հուսախաբ բնակիչները,– բա եղա՞վ, էս ի՞նչ խաղ խաղացին մեր գլխին»: Գործի ղեկավարները, ցանկանալով թեթևացնել անսփոփ ու նպատակազուրկ բնակիչների վիշտը, փորձեցին ավելի ճոխ ու զանգվածային մի միջոցառում կազմակերպել. «Ներքին և արտաքին թշնամիներին տրորելով ավելի շքեղացնենք մեր շենշող Քաղաքը», բայց գաղափարը հաջողություն չունեցավ: Մարդիկ հոգնել էին: Ուստի որոշեցին սովորական հունի մեջ մտնել. «Մեր սեփական կյանքով ապրենք,– միմյանց ոգևորում էին Քաղաքի բնակիչները,– թքած ամեն ինչի վրա»: Թքելը հաջողվում էր՝ կարողանում էին, բայց մնացածը՝ չէ: Բազմաթիվ ու բազմաթիվ անօգուտ փորձերից հետո մարդիկ սարսափով համոզվեցին, որ չեն կարողանում սեփական կյանքով ապրել, որ մոռացել են, չգիտեն, թե ինչ բան է սեփական կյանքը, ու դա ոնց է ապրվում:
* * *
– Այսպիսի տխուր ու անհավատալի պատմություն, պարոնա՛յք,– կիթառի լարերին մի սքանչելի ակորդ ծլնգացնելով իր խոսքն է ավարտում գինետների մշտական հաճախորդ և ուրիշների հաշվին խմել սիրող Հորինող Գևոն,– այսպիսի սահմռկեցուցիչ ողբերգություն, որ եթե անգամ չի պատահել, ապա անպայման կպատահի, եթե հենց հիմա ինձ խմիչք չհյուրասիրեք: Որից հետո խոստանում եմ ձեզ՝ Երևանի մեծահոգի ու լայնասիրտ քաղաքացինե՛ր, կպատմեմ ուրախ ու երջանիկ ավարտով մի պատմություն, և դուք կմոռանաք ՑԱՎԸ ու հաղորդակից կդառնաք ԳԱՂՏՆԻՔԻՆ:
Հորինող Գևոյին լի ու բոլ հյուրասիրում են և անհամբեր սպասում հաջորդ պատմությանը: Բայց զարմանալին այն էր, որ քչերին, շատ-շատ քչերին էր հաջողվում մոռանալ ՑԱՎԸ, իսկ ինչ վերաբերում է ԳԱՂՏՆԻՔԻՆ հաղորդակից դառնալուն՝ այս մասին նույնիսկ երազող չկար: