ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

– Նեխահոտի կողքին մի՛ նստիր, տտիպ համից խուսափիր. Տերը այդ զգացողությունները մեր մեջ է դրել, որ ճանաչենք ու մաքուր մնանք…
Աչքդ թարթիր արատ տեսնելիս, վատ հնչյունից ջղաձգվիր, փշաքաղվիր լպրծուն բանի դիպչելիս. Տերը այդ զգացողությունները մեր մեջ է դրել, որ մաքուր մնանք…
Վահան Վարդանյան

Այս տարվա մարդկային կորուստների շարքում Վահան Վարդանյանի մահը՝ անակնկալի ողջ ողբերգականությամբ ու հաշտության ոչ մի պայման չընդունող տարակուսանքով, գրական հանրության, ընթերցողների ու մտերիմների շրջապատում այսօր էլ հնչում է որպես անհավատալի, մի հրաշքով շրջելի, ընդամենը պայմանական հրաժեշտի, ժամանակավոր մի փաստ…
Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, որ ավանդույթ ունի նաև գնահատել ու ամրա­գրել մերօրյա արժեքները, նոյեմբերի 7-ին, «Նարցիս» հանդեսի հետ համատեղ, կազմակերպել էր հիշատակի ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանին. թանգարանի հատուկ վահանակում ներկայացված էին նրա գրքերը, ինքնագրեր, լուսանկարներ ու վկայագրեր, «Նարցիս» հանդեսի՝ Վահան Վարդանյանին նվիրված հատուկ համարը£
Միջոցառման սկզբում ցուցադրվեց Արփեն Մովսիսյանի տեսաֆիլմը, այնուհետև՝ ոգեկոչման խոսքով ու Վահան Վարդանյանի «Գոհության աղոթքով», մեկ րոպե լռությամբ ու մոմավառությամբ բացվեց հանդիպումը£
Թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը գնահատանքի խոսքով արժևորեց Վահան Վարդանյանի գիրը, նրա՝ վերջերս լույս տեսած երկու գրքերը՝ «Մարտակոչն Աստծո» և «Անդին» ժողովածուները, ջերմ արտահայտվեց «Նարցիսի»՝ հատուկ նրա հիշատակին լույս ընծայած համարի մասին, որտեղ միջոցառմանը ներկա գրողներից շատերի արձակ ու չափածո գրվածքներն են՝ ամբողջովին նվիրված Վահան Վարդանյանին£
Բանաստեղծ Սոնա Վանի զգայական լիցքը, նրա ասած խոսքով ու բանաստեղծությամբ, Վահան Վարդանյանին նվիրված նրա «Քեզ որոնելիս» գրվածքի՝ Սիլվա Յուզբաշյանի ընթերցած դրվագներով, հուզեց ներկաներին£
ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը ափսոսանքով ու ցավով խոսեց մարդկային կորստի մասին և շեշտեց Վահան Վարդանյանի գրականության բարձր արժեքը£
Ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան Արտաշես Արամը, Մերուժան Սիմոնյանը, Ռոմիկ Սարդարյանը, Արմեն Ավանեսյանը, Ալիս Հովհաննիսյանը, Կարինե Ոսկանյանը: Յուրաքանչյուրն իր բացահայտումով ու իրենց սրտի խոսքով ոգեկոչեցին բանաստեղծին£
Ողջ հանդիպման ընթացքում թանգարանի Կոմիտասի անվան սրահում թևածում էր Վահան Վարդանյանի բանաստեղծությունը՝ մե՛րթ տարբեր անկյուններից, շուրթից շուրթ, մե՛րթ ելույթների մեջ՝ որպես մեջբերում և, հատկապես, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի ու դերասան Գարիկ Հովհաննիսյանի ընթերցմամբ£
Երաժշտական ընտիր կատարումներով հանդիպման ընթացքում հանդես եկան երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին և կոնսերվատորիայի դասախոս, միջազգային մրցույթների դափնեկիր Տիգրան Մկրտչյանը£
Ցերեկույթի մտահղացման հեղինակը, վարողն ու պատասխանատուն էր թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող, Վահան Վարդանյանի վերջին երկու գրքերի խմբագիր, բանաստեղծուհի Գոհար Գալստյանը, ով ամփոփիչ խոսքում վկայեց Վահան Վարդանյանի հետ միակ հարցազրույցի վերջին կտորը. «Ա՛յս ենք և այսքանը£ Ավելին՝ դարձյալ մենք ենք՝ մեր ներսի առավել լինելու ձգտումով: Սահմանենք չափը և մտածենք մեր կատարածից ավելին անել, ձգտենք հավասարվել մեր ցանկացածին… Նշանակում է՝ այսօր ա՛յս ենք՝ ներառյալ մեր ձգտումը…, և ա՛յս է մեր ժամանակը…»£

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։