Գրքի 23-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը

00 0 835907Փետրվարի 10-14-ը Մինսկում տեղի ունեցավ գրքի 23-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեստոնավաճառը, որին այս տարի Հայաստանը մասնակցում էր պատվավոր հյուրի կարգավիճակով: Հայկական տաղավարում Հայաստանի պատվիրակությունը` ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, ներկայացրեց պետական պատվերով ու աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր նախաձեռնություններով հրատարակված մոտ 200 միավոր գրականություն: Առանձին բաժնով ներկայացված էին Հայաստանի անկախության թեմայով հրատարակությունները:Հայաստանի գրահրատարակիչները վերջին 15 տարիներին մշտապես մասնակցել են այդ ցուցահանդեսին: 2012 թ. հայկական պատվիրակությունը եղել է ցուցահանդեսի կենտրոնական հյուրը: «Եթե հաշվի առնենք, որ այս տարի գլխավոր հյուր չկար, մենք, փաստորեն, Մինսկում գլխավոր հյուրի դերակատարում ունեինք»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ ԶԼՄ-ների ուշադրությունը հիմնականում սևեռված էր հայկական տաղավարի վրա: 50 քմ կենտրոնական դիրքով և բոլոր մուտքերի համար տեսանելի տաղավարում ներկայացվեցին հոբելյանական, մանկական, գեղարվեստական, պատմամշակութային, թարգմանական և այլ հրատարակություններ, ինչպես նաև գրքեր Հայոց ցեղասպանության և Արցախի թեմաներով:
Ցուցահանդեսի բոլոր այցելուները արժևորում էին այն փաստը, որ Հայաստանում գրքերը հրատարակվում են բազմաթիվ լեզուներով՝ տաղավարում մատնանշելով ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով գրքերը: Հատկապես տեղացիների համար հետաքրքրություն էին ներկայացնում նախորդ տարիներին Հայաստանում հրատարակված բելառուս գրողների գրքերը:
Հայկական տաղավարում տեղի ունեցան մի շարք գրքերի շնորհանդեսներ, մասնավորապես՝ Հայաստանում հրատարակված Ալես Կառլյուկևիչի «Սկյուռիկը գրում է շարադրություն» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ:
Բելառուսում ժամանակակից հայ գրականությունը ներկայացվել է պատշաճորեն: 2013 թ. ռուսերեն միացյալ հրատարակվել է հայ և բելառուս գրողների գիրքը: Բելառուսական գրական մամուլը հաճախակի է անդրադառնում հայ գրողներին: «Լիտերատուրա ի մաստատստվա» թերթում «Լիտերատուրնայա գազետա» թերթից թարգմանելով` էջեր են հատկացվել Հենրիկ Էդոյանի, Ղուկաս Սիրունյանի, Արտեմ Հարությունյանի, Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծական շարքերին: Տպագրվել են նաև երիտասարդ գրողներ Մարիամ Կարապետյանը, Հարություն Հովակիմը, Ռուզան Ոսկանյանը, Նշան Աբասյանը, Էդուարդ Հարենցը: Ինչպես նաև ներկայացվել է գրական-մշակութային կյանքը Էդ. Միլիտոնյանի հետ հարցազրույցի միջոցով: «Մոլոդոստ» ամսագրի 2016 թ. երկրորդ համարում ներկայացվելու են ժամանակակից երիտասարդ գրողները: Բելառուսի «Զվեզդա» հրատարակչությունն ունի «Սոզվուչիե» կայքը, որտեղ պարբերաբար ներկայացվում են հայ գրողներ, նրանց հետ համագործակցում է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիրը: Ցուցահանդեսի շրջանակում բացվել էր նաև «Յանկա Կուպալան և Հայաստանը» ցուցադրանքը: 1939 թ. Կուպալան այցելել է Հայաստան՝ «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի առիթով: Այդ օրերի քրոնիկոնը լուսանկարներով ներկայացված էր հանրությանը: Անդրադառնալով ցուցահանդեսի մյուս տաղավարներին՝ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ Ուկրաինայի տաղավարում կար մի գիրք՝ «Տայնա պերա», որտեղ առանձին բաժնով ներկայացված էր Հայաստանը՝ հայ միջնադարյան և ժամանակակից գրողներով: Այդ օրերին ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանին հրավիրել էին մասնակցելու «Գրողը և ժամանակը» խորհրդաժողովին: Նրա ելույթը Հայաստանի և այլ երկրների գրողների միությունների հետ համագործակցության փորձի մասին էր, որոշ առումով նաև հրավեր մյուս գրական միություններին՝ միմյանց հետ ամրապնդելու գրական կապերը, զարկ տալու թարգմանական ծրագրերին: Էդ. Միլիտոնյանն անդրադարձել է նաև գրականության նկատմամբ վերաբերմունքի պասիվությանը, ընթերցողների նվազմանը, ինչպես նաև գրողների սոցիալական վիճակին՝ շեշտելով, որ տպագրվելով տարբեր երկրներում՝ գրողները հոնորարներ չեն ստանում, ինչը դժվարացնում է տարբեր լեզուներով գրքերի հրատարակությունը: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ցուցահանդեսի շրջանակում տարբեր հանդիպումներ է ունեցել Մինսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ` բավարարելով նրանց հետաքրքրու­թյունը հայ գրականության ներկա վիճակի վերաբերյալ:

Հ.Գ.
Էդ. Միլիտոնյան – Անակնկալ էր, որ Ուկրաինայում հրատարակել էին իմ գիրքը: Բելառուսի տաղավարում եղավ բելառուսերեն հրատարակած «Օդեղեն տուն» իմ մանկական գրքի շնորհանդեսը: Գիրքը թարգմանել է բելառուս նշանավոր գրող Միկոլա Չերնյավսկին: Եվս անակնկալ էր, որ Ուկրաինայում նույն խորագրով ավելի ընդարձակ հրատարակվել և ներկայացվել էր այդ գիրքը, որն իր տարօրինակ ճակատագիրն ունի: 1986 թ. ստացել է սոցերկրների մանկական գրքի մրցանակը, թարգմանվել և տպագրվել է «Վեսյոլկա», «Բերյոզկա» և այլ պարբերականներում: Հրատարակվել է տարբեր երկրների մի շարք լեզուներով՝ Մոսկվայում, Ղազախ­ստանում, Բելառուսում, Ուկրաինայում: Բելառուսներն իրենք իրենց հանդեսներից՝ տարբեր տարիներին հրատարակած իմ գործերը հավաքել և հրատարակել են այս գիրքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։