Ծնվել է Ուոթերթաունում (ԱՄՆ): Դասավանդել է Ռութգերսի և Կոլումբիայի համալսարաններում:
Բնակվում է Նյու Յորքում: Հեղինակ է երկու վեպի և պատմվածքների երկու ժողովածուի: Արժանացել է գրական բազմաթիվ, այդ թվում` Ամերիկյան պոետների ակադեմիայի (1987), Դ. Վարուժանի (1995) և «Անահիտ» (1998) մրցանակների: «Զաբել» վեպը հրատարակվել է Նյու Յորքում, 1998 թ.:
Ներկայացնում ենք հատված վեպից:
(Ստամբուլ, 1924)
Ծառից պոկված ճյուղ էի: Գետը քշել-տարել էր, մի կերպ էի ջրի երեսին մնում: Ամեն օր կերակրում էին: Ձեռքերս անվերջ զբաղված էին` հյուսում էի, աման-չաման էի լվանում, հատակը ավլում: Որբանոցում կարգ կար, երբ աղջկա մարմինը փոփոխություն էր կրում, և նա այլևս երեխա չէր, վերևի սենյակն էին տեղափոխում: Վերևի սենյակից մեկ ճանապարհ կար դեպի դրսի աշխարհը` սպասուհի, վարպետի օգնական կամ աղքատի կին, քանի որ ուրիշ ոչ ոք ընչազուրկ որբի հետ չէր ամուսնանա: Շաբաթը մի քանի անգամ հյուրեր էին գալիս` բանվորուհի կամ կին ընտրելու: Մի օր մի տղամարդ էր եկել, սպասուհի էր փնտրում: Ճոխ հագուստ, ոսկյա բռնակով ձեռնափայտ: Բարի դեմք ուներ, առաջին շարքը խցկվեցի: Զգաստ կանգնած` դեմքս պարզել էի դեպի արևը ձգվող ծաղիկի նման:
– Անունդ ի՞նչ է, – հարցրեց ինձ:
– Ներիման, – պատասխանեցի:
– Ներիման, – կրկնեց:
Բախտս կրկին բերեց, որովհետև Ազիզի ընտանիքի անդամները շատ լավ մարդիկ էին: Պառավ խոհարարուհին` Ումահանը, կիսակույր էր և համարյա ատամ չուներ: Եփելիս պղինձները շփոթում էր, կաթսաներն իրար էր զարկում, բայց իմ հանդեպ չափազանց բարի էր: Առաջին անգամ, երբ մենակ էի մնացել Ազիզի տան մառանում, ագահաբար կուլ տվեցի խոշոր, ոսկեգույն թզերը: Ստամոքսս սկսեց գռմռալ և թմբուկի նման փքվեց: Հաջորդ օրը վատացա, բայց ոչ ոք ոչինչ չասաց:
Մեկ տարուց ավելի Ազիզի տանն էի, և բաղնիքի առանձնահատուկ մի օր հանդիպեցի մեկին, որ կրկին փոխելու էր կյանքս: Երբ համամ* հասանք, փոխեցինք զգեստներս, փաթաթվեցինք մեծ, սպիտակ սավաններով և իրերը սրահի անկյունի ցածր նստարաններին թողեցինք: Գոլորշին բարձրացել, ծածկել էր չորս կողմը, լողացող կանանց ձայներն արձագանքվում էին` դիպչելով սրահի սալիկապատ պատերին: Շուտով այնպես էի շոգել, որ քրտնակաթիլները փոքրիկ առվակների նման ցած էին հոսում ճակատիցս, աղը ծակում էր աչքերս: Խոնավ օդն այրում էր ռունգերս: Տիրուհիս չառարկեց, երբ թույլտվություն խնդրեցի նախասենյակ անցնել` հովանալու: Զով էր, նստեցի փափուկ նստարանին, փակեցի աչքերս, գլուխս հենեցի սալիկանախշ պատին: Կոպերիս տակ տեսա մայրիկիս, Հաճնի բաղնիքում թասով ջուր էր լցնում գլխիս: Փոքրիկ աղջիկ եմ, երկար մազերս իջնում են մեջքս ի վար: Շուրջս խինդ ու ծիծաղ է, մեկը երգում է: Հանկարծ լսեցի, որ հայերեն են խոսում, զգացի` մի ձեռք դիպավ թևիս:
Աչքերս բացեցի, անծանոթ տիկինը` մերկ թևերին ոսկյա ապարանջաններ, հարցնում է հայերեն: Լուռ նայում եմ: Երկար թարթիչները բոլորել են մուգ աչքերը: Ընդգծված քիթ, գեղեցիկ բերան, հաստ ծամը հետ է գցել ուսի վրայով, քունքերին` մանրիկ խոպոպներ: Աչքերի մեջ տեսա դեմքս` ձվաձև, օղակված թուխ մազերով և փայլուն սև աչքերով:
– Հա՞յ ես, սիրելի՛ս, – հարցրեց թուրքերեն:
– Չէ՛, թուրք եմ, – պատասխանեցի:
Բարձրացրեց աջ նախաբազուկս և շրջեց: Վերին մասում դաջված էր կապույտ խաչ և «1914», ապացույց, որ ստում էի: Երբ շատ փոքր էի, ծնողներս ուխտագնացության էին տարել Երուսաղեմ: Հայկական եկեղեցու պատի տակ նստած տղամարդը նույն դաջվածքն էր արել ինձ և մայրիկիս: Մյուս թևիս Հովհաննես Մկրտիչն էր` պարտեզի ցանկապատով շրջապատված:
– Սիրելի՛ս, – շշնջաց տիկինը, – ես հայ եմ: Ուզում եմ քեզ օգնել:
– Հանըմ, այս մարդիկ, որոնց ծառայում եմ, ինձ լավ են վերաբերվում:
– Քեզ նման շատ երեխաներ կան,- ցածրաձայն ասաց հայ տիկինը,- որ թուրքերն իրենց տուն են տարել: Անունդ ի՞նչ է:
– Թուրքականը Ներիման է, բայց ծնողներս Զաբել են կոչել:
Մտքում կրկնեցի. «Ես հայ եմ»: Բառերը կարծես խոր ջրհորից էին արձագանքվում:
– Զաբե՛լ, մի քանի հայ ընտանիք գիտեմ, որ քեզ նման որբերին իրենց տանն են պահում: Տիրոջդ անունն ու հասցեն ասա, քեզ կփրկենք:
Մի պահ մտքովս անցավ խաբել: Եթե ճշմարտությունն ասեմ, ավելի վատ վիճակում կհայտնվեմ: Մի անգամ էլ նայեցի թևերիս դաջվածքներին: Ցածրաձայն ասացի հասցեն և հարևան սենյակը փախա:
Ընթրիք պատրաստելիս այնքան հուզված էի, որ ինքս ինձ անընդհատ հիշեցնում էի, թե ինչ եմ եփում: Բաղնիքի կինը մարդ կուղարկի՞, որ ինձ փրկեն: Եվ ո՞ւր են տանելու:
Երբ տիրուհիս խոհանոց մտավ, ձևացրի, թե չեմ նկատում: Դանակը տախտակին ուժգին հարվածելով` ընկույզ էի մանրում: Մտքումս միայն այն էր, թե որքա՞ն ժամանակ էր անցնելու, մինչև հայ տիկինը իմ հետևից մարդ ուղարկեր:
Արևի ճառագայթները բարձր պատուհանից ներս էին սահում և կարկատանների նման իջնում հատակին գցված ծղոտե ներքնակիս: Վրայիս ծածկոցը մի կողմ էի նետել, պառկած` առաստաղին էի նայում: Ճաշի համար շուկայից պետք է լոլիկ և ձիթապտուղ բերեմ: Նաև Հանըմին հիշեցնեմ, որ վառարանի ածուխը վերջացել է: Գուցե հայերն այդպես էլ չգա՞ն:
Կեսօրից հետո վերին սենյակում էի, խոհանոցի սպիտակեղենն էի դասավորում: Մուտքի դուռն ուժգին բախեցին: Մի պահ թվաց, թե բռնվել եմ տիրոջս փողերը գողանալիս և ցանկություն ունեցա արագորեն պահարանի մեջ թաքնվել: Դուռը բացեց Ազիզ էֆենդին, բայց վերևի աստիճանավանդակից չէի տեսնում, թե թակողն ով էր, և չէի լսում` ինչ էին խոսում:
– Ներիման: Ներիմա՛ն, այստեղ արի,- ձայնեց տերս:
Դանդաղ իջա աստիճաններով: Նախասենյակում` տիրոջս դիմաց, սև պատմուճանով և սև, սրագագաթ վեղարով, մորուքավոր վանական էր: Տարիքով էր, երեք երիտասարդ վանականի ուղեկցությամբ:
– Աղջի՛կս,- սիրալիր խոսեց Ազիզ էֆենդին, – այս մարդիկ ասում են, թե դու հայ ես:
– Եթե ճշմարիտ է, քո հետևից են եկել, որպեսզի հայրենակիցներիդ մոտ տանեն:
Ծերունին մոտեցավ և ձեռքն ուսիս դրեց: Ապա հայերեն հարցրեց.
– Աղջի՛կ, մայր, հայր ունի՞ս:
«Մայրենի լեզուս է,- մտածեցի,- սրանք իմ ազգակիցներն են»: Հարցնում է` մայր և հայր ունե՞մ: Ճշմարիտ պատասխան տվեցի հայերեն. «Ոչ»: Հայացքս հողաթափերիցս չէի կտրում, անկարող էի նայել թե’ Ազիզ էֆենդուն, և թե’ ծերունուն:
– Անունդ ի՞նչ է, զավակս, – հարցրեց ծերունին:
– Զաբել է անունս, – պատասխանեցի հայերեն:
Վանականը ժպտաց և գլխով արեց ուղեկիցներին: Ապա թուրքերեն դիմեց տիրոջս.
– Գառնուկը մեր հոտից է, էֆենդի, ձեր թույլտվությամբ` մեզ հետ կտանենք:
– Ներիման, սենյակդ գնա և իրերդ կապիր: Հրաժեշտ տուր Հանըմին և երեխաներին,- ասաց Ազիզ էֆենդին: Ապա դեպի հայերը շրջվեց: – Այս աղջկա պակասը զգալու ենք, հրաշալի խոհարար է:
Մի քանի զգեստ ունեի, փաթաթեցի շալով: Պայուսակիս մեջ դրեցի ծամկալներս, սանրս և անագե գավաթը, որ հետս եկել, այստեղ էր հասել Հաճնից: Պատրաստ էի, վստահելով բնազդիս, կատվի նման մի կյանքից մյուսը ցատկել` պատկերացում չունենալով անգամ, թե որտեղ եմ ափ իջնելու:
Երբ արդեն փողոցում էինք, ծեր վանականը բռնեց ձեռքս:
– Զաբել, զավակս, գիշերելու ես եկեղեցում: Տիկին Տեր-Ստեփանյանը, ում երեկ հանդիպել ես բաղնիքում, քեզ իր տուն է տանելու: Իսկ առավոտյան մեր առաջին գործը դատավորին այցելելն է, ով պետք է որոշի` ճի՞շտ ենք վարվել` քեզ մեր երամն ընդունելով:
Թուրքերեն էր խոսում, քանզի առանց հարցնելու էլ գլխի էր ընկել, որ հայերեն քիչ բան էի հիշում:
Վանականի և նրա ուղեկիցների հետ իջնում էինք սալարկած մութ փողոցով: Արագ էի քայլում, որպեսզի հետ չմնայի: Երբ շըրջվեցի և վերջին անգամ նայեցի Ազիզի տանը, նկատեցի, որ տղամարդկանց մի խումբ մեզ էր հետևում: Մի անգամ էլ ուսիս վրայով նայեցի, այժմ արդեն ավելի շատ տղամարդ էր կրնկակոխ հետապնդում: Մութ էր, դեմքերը չէին երևում: Հազվադեպ լապտերները երկարուկ, խավար ստվերներ էին նետել փողոցը երիզող շենքերի վրա: Գլուխս կախեցի և մինչ կարագացնեի քայլերս, որ վանականին հասնեմ, արցունքի կաթիլները սկսեցին հոսել այտերովս:
Վանականը կանգ առավ և աչքերիս մեջ նայեց:
– Սիրելի՛ աղջիկս, անհանգստանալու կարիք չկա: Սրանք հայեր են, որ մեզ են միացել` իմանալով, որ ճանապարհվում ենք հայ աղջիկ փրկելու: Այժմ ապահով ես ազգակիցներիդ շրջապատում:
Վանականի բնակարանում ինձ դիմավորեց սևազգեստ, պառավ սպասուհին` տիկին Թագուհին: Վանականը զգուշացրեց, որ հետս թուրքերեն խոսի: Սպասուհին ինձ տարավ խոհանոցին կից փոքրիկ սենյակը: Ասաց, որ վանականը Կոստանդնուպոլսի պատրիարքն է: Ազիզը զիջել է ինձ, քանի որ պատրիարքը այս շրջանի բոլոր հայերի ղեկավարն է:
– Բախտդ բերել է, աղջի՛կս, որովհետև շատ հայ աղջիկների են առևանգել, մի մասին կնության են առել քրդերը, մյուսների վիճակն ավելի վատ է, նույնիսկ չեմ ուզում հիշել, թե աքսորի ժամանակ ինչ է կատարվել մեր օրիորդների հետ: Էլ չեմ խոսում հազարավոր նահատակների մասին, որ անհետ կորան անապատում, այդ թվում` ծնողներդ: Թուրքերը կոտորեցին մեր ժողովըրդին: – Ծեր տիկինը գլուխը թափահարեց և առաստաղին նայեց: – Տեր Աստված, ինչո՞ւ ես նման ծանր փորձության ենթարկում հպատակներիդ: Այսքան ցավը մեր ո՞ր մեղքի համար է:
Նրա բառերը շուրջս էին թափվում ինչպես անձրևակաթիլները` չոր, պապակ հողին: Առաջին անգամ էի լսում, որ պատմեն մեր գլխին եկածի մասին:
Անապատով դեպի վրանն էի քայլում, անագե գավաթով ջուր էի տանում հիվանդ մորս: Արևը պայծառ էր և այրում էր: Ավազը հոսում էր ոտքիս տակ, բայց շարունակում էի առաջ գնալ: Արդեն վրանին էի մոտենում և բղավեցի. «Մայրի՜կ»: Պատասխան չեղավ: Փորձեցի վազել, բայց ոտքերս ավելի խոր էին թաղվում ավազի մեջ: Վերջապես վրանին հասա և թափով քաշեցի մուտքը փակող վարագույրը: Մայրս չկար: Ծնկի եկա, պատառոտեցի ծածկոցը և մատներս ավազի մեջ խրեցի: Հերթով դուրս հանեցի ոսկորները` սրունքը, թևը, կողերը, ահա և գանգը` ակնաբներում զույգ սուտակ:
Վեր թռա և անկողնուս մեջ նստեցի: Ձեռքերս դողում էին: Պառկեցի մթության մեջ և փակեցի աչքերս: Սկսեցի Գիրք Ծննդոցից հատվածներ արտասանել ցածրաձայն` հայերեն: Տողերն իրենք իրենց վերադառնում էին` սկիզբ առնելով ներսիցս: Այս երեքը Նոյի որդիներն էին` Սեմ, Քամ և Հաբեթ, և նրանցից ծնվեցին բոլոր որդիները ջրհեղեղից հետո…
Երբ այլևս Աստվածաշնչից անուններ չէի հիշում, այն անուններն էի տալիս, որ միտս էին գալիս, անհետ կորածների անունները:
Երբ պատրիարքի և նրա օգնականների հետ դատավորի մոտ էինք գնում, օրն արևոտ էր, բայց շոգ չէր, երջանիկ էի, երբ անցնում էի բացօթյա շուկայով: Գրպանումս երեք մետաղադրամ կար, պատրիարքն էր նվիրել:
Դատավորը կարգադրեց մոտենալ գրասեղանին:
– Եվ այսպես, անունդ ի՞նչ է, զավակս:
– Ուզում եք հայկակա՞ն անունս իմանալ, թե՞ թուրքական, – հարցրեցի թուրքերեն:
Ինձ թվաց, թե կարող էի առաջարկել հայերեն գրել. «Զաբել»: Կամ` թևքերս քշտել և դաջվածքներս ցուցադրել:
Դատավորը ծիծաղեց:
– Չկասկածես, սիրելի՛ս, մտքովդ չանցնի: Աչքերիցդ երևում է, որ հայ ես:
Երբ արդեն փողոցում էինք, պատրիարքը ձեռքն ուսիս դրեց և ասաց.
– Իսկ այժմ, թանկագինս, պետք է վերստին մայրենիդ սովորես: – Գրպանից հայերեն «Աստվածաշունչ» հանեց և ինձ մեկնեց: – Սկսիր ամենասկզբից:
Այդ գիշեր երազում անապատ տեսա: Մթնշաղ է, քայլում եմ ավազի միջով, ջրով լի անագե գավաթս եմ տանում: Երբ սև վրանին հասա, մայրս չկար, կարպետին փոքրիկ երեխա էր քնած: Գիրկս առա, ջուր տվեցի: Մեծ, սև, տխուր աչքեր ուներ: Սկըսեց լաց լինել, դուրս տարա: Գիշերային երկնքում լողացող ամպերի հետևից հայտնվեց կոտրված լուսինը: Երեխան գրկիս` ճամփա ընկա, երկար ճանապարհ դեպի հեռավոր քաղաքի լույսերը:
Անգլերենից թարգմանեց ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ
* Թուրքական բաղնիք: