ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԾ ՈՒԺԸ / ՆԱՆԵ

Բացվող օրը կարող էր և լրիվ իմը լինել… Ձեռքից բռնած կգնայինք հեռո՜ւ-հեռու… Նրան իմ հոգու գույները կհագցնեի… Ու տոն կդառնային ժամերը… Ու կերկարեին` արևավարս ու թափանցիկ:
Բայց… ուշացել եմ: Օրն արդեն գույներ ունի` սև, կարմիր, չարագուշակ գույներ: Նրա ձեռքից ու փեշերից արդեն շատերն են քաշքշում այս ու այն կողմ: Դա աչքերս դեռ չբացած էլ գիտեմ: Այս օրը դատապարտված էր դեռ երեկվանից, նախանցյալ օրվանից, ամիսներ ու անգամ տարիներ առաջ: Եվ այլ կերպ ծնվել պարզապես չէր կարող:
Ձեռքս երկարում եմ հեռակառավարման վահանակին ու միացնում հեռուստացույցը: Գիշերը, երազների գիրկն ընկած, բացակա եմ եղել ու հիմա շտապում եմ, բժշկի իմ տագնապով, մատներս մոլորակի զարկերակին հպել: Հեռուստաէկրանից անխռով դեմքով և նույնքան անխռով ձայնով հաղորդավարը մի լուրից մյուսին է անցնում: Ու, բնականաբար, ձգվում է ջրհեղեղների, պայթյունների, բռնությունների հերթական, ամենօրյա ու արդեն սովորական դարձած շարքը.
«Դամասկոսում որոտացել են հերթական պայթյունները, որոնց զոհ են դարձել…
Հնդկաստանում ջրհեղեղից տուժած շրջաններից տարհանվել է 400 հազար մարդ…
Բրազիլիայում…»…
Աղոթք եմ մրմնջում Սիրիայի համար, Հնդկաստանի համար, մեզ համար, մոլորակի ու մարդկության համար:
Անխռով ձայնը կապույտ էկրանից շարունակում է խռովվել իմ հոգին… բացված օրը.
Անգլիայում մոլեգնում է «Սուրբ Հուդա» (՞) փոթորիկը, այն ավերածություններ գործելով շարժվում է դեպի… կան զոհեր…
Արցախի հիմնախնդիրը քննարկվել է…»…
Լարվում եմ: Թեպետ այստեղ էլ արդեն կանխավ գիտեմ լսելիքս` հանդիպեցին… քննարկեցին… Նորության պես նորից տեղի-անտեղի հնչեցրին «խաղաղ կարգավորում» մաշված ու ոչինչ չասող բառերը և այլն, և այլն…
Ու լսում եմ նույնը, միշտ նույնը… Բայց այդ նույնի մեջ կա մի բան, որն այդպես էլ սովորական չի դառնում, չի կարող դառնալ, որն ասես սղոցում է, ջարդում լսողությունս, նյարդերս, միտքս, ազգային արժանապատվությունս: Եվ այս անգամ էլ չի ուշանում եթերից հնչել այդ ան… ան… անընդունելին, ան… ան… անհասկանալին… Անգամ գրիչս սկսեց կակազել: Ներելի է` ինձ նման թույլ նյարդեր ունի: Իսկ ես ամեն անգամ մի քիչ խենթանալու գիրկն եմ ընկնում…
«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը…»: Անջատում եմ հեռուստացույցը: Բայց… ես այն լսելու եմ դրսում, երբ Արցախի մասին խոսք բացվի: Միացնելու եմ համակարգչիս էկրանը ու Արցախի կողքին, երբեմն նրանից առաջ կամ հենց առանց նրա, նրան հավասար, իսկ հաճախ անգամ ասես ավելի մեծ իրավունքով, հանդիպելու այդ «Ղարաբաղին»:
Եվ, ահավասիկ, Արցախ` «Արայի անտառ» հրաշք բառի ինտերնետային փնտրումը էկրանին բերում է արդյունքները. «Արցախը որպես անկախ պետու­թյուն` Լեռնային Ղարաբաղի Հանրա­- պետություն (ԼՂՀ), գոյություն ունի 1991թ. սեպտեմբերի 2-ից: ԼՂՀ-ի տարածքը հիմնականում ընգրկում է Մեծ Հայքի Արցախ նահանգը» և այլն…
Փաստորեն, մենք պատերազմեցինք, արյուն թափեցինք և մեր ազատագրված տարածքը մեր իսկ կամքով շարունակեցինք անվանել նվաճողների կնքած անունով:
Իսկ «Ղարաբաղ» թուրքերեն նշանակում է «Սև այգի»: Նորից շեշտեմ` թուր-քե-րե՜ն: Եվ սկսվում է աբսուրդը. «Ղարաբաղը մերն է». թուրքերեն «Սև այգի» գոչելով, բարբառելով ուզում ենք, որ տեր ճանաչեն մեզ այդ հողին:
Եվ միջազգային քննարկումների սեղանին դրվում են փաստաթղթեր, հնչեցվում ճառեր, որտեղ, ստացվում է` թուրքական անվանումով տարածք ենք պահանջում: Օտարը մեր պատմությունը չգիտի, Արցախի դարավոր եկեղեցիներն ու խաչքարերը չի տեսնում բանակցու­թյան սեղանին դրված, նրա հնամենի շեների, լեռների ու ծաղկածով դաշտերի հայաբույր ու հայաշունչ ոգին չի զգացել: Նա ազերիից լսում է` Ղարաբաղ, հայից լսում է` Ղարաբաղ: Եվ նա չլինի` ես լինեմ, պետք է մտածեմ, որ ում լեզվով կնքված է` նրան էլ պետք է պատկանի…
Իսկ ի՞նչ է զգում հայ մարդը, երբ հայ մանուկին առաջին անգամ բացատրում է, ավելի ճիշտ` պարզապես թարգմանում թուրքերենից, նրա երկրի անվան իմաստը:
Իհարկե, հասկանալի է նաև այն, որ արդեն փաստաթղթեր կան այդ անունով, որ… այս, որ այն: Բայց ինչո՞ւ հողի համար արյուն-կռիվ տված ու շահածներիս անվան համար չպայքարեցինք: Մանրո՞ւք համարեցինք: Մինչդեռ մանրուքները երբեմն ոչ պակաս կարևոր են, հաճախ նույնիսկ ավելի կարևոր և վճռորոշ, քան մեծն ու աչք ծակողը:
Այսօր պետք է մեր շուրթերից «Ղարաբաղ» բառն ընդհանրապես չհնչեր, սկզբունքորե՜ն չհնչեր: Թող միայն մեր գործերի մեջ իրենց քիթն անհարմարորեն խցկած այդ այլք երբեմն հիշեցնեին մեզ մեր սև անցյալի սև անունը: Բայց, վստահ եղեք, եթե համառեինք, քիչ առ քիչ նրանք էլ ստիպված էին լինելու մոռանալ այդ բառը` փաստաթղթերում էլ փոփոխություններ կատարելով: Լսողություն-հիշողությունն էլ իր կանոններն ունի, ավելի շատ հնչածը ավելի հարազատ է դառնում, էլ չասած, որ Արցախ քաղցրանուշ բառը ում ասես կարող է հմայել:
Կարդում եմ. «Արևելյան Անդրկովկաս թափանցած թուրքալեզու վայրի ցեղերը 15-րդ դարից սկսած Արցախի տարածքը կոչել են Ղարաբաղ»: Հենց այնպես, իրենք իրենց մեր հողը կնքել, ասել է թե` թլպատել են: Իսկ «Լեռնային Ղարաբաղ տերմինն առաջին անգամ հայտնվել է 1923 թ. Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածք նկարագրելու համար»: Դա հասկացանք, բայց հայտնվել է, տևել ու տևում է…
Դարերով Հայոց Ոստանը Արցախ են կոչել ու բարբառել մեր նախնիները, դարերով ինչ արհավիրքներից փրկել ու պահել, իսկ ընդամենը 90 տարին բավական եղավ (լավ, թող լինի մի քիչ էլ ավելի), որ «Սև այգու»` ձյութի պես մեր չքնաղ ու բազմերանգ սար ու դաշտով պապենական հողի ճակատին խարանվածը հարազատ դառնա:
Թուրքը (նույնն է թե` ազերին) կարող է հանգիստ լինել. այս աբսուրդի թատրոնում մենք նրա դերը մեզ վրա ենք վերցրել:
Եվ ասում ենք «Ղարաբաղ» ու պարտվում ենք, ասում ենք «Ղարաբաղյան հակամարտության լուծում» և այդ լուծումը մեր իսկ ձեռքով գցում յոթ սարից ու յոթ անդունդից այն կողմ: Եվ ջուրն ենք գցում մեր բոլոր-բոլոր հաղթանակները, մեր հերոս ու առյուծասիրտ տղաների անքուն գիշերները, թափած արյունը…
Անգամ Արցախում կռված ու հաղթած հայ զինվորն է` այդ «Ղարաբաղին» հարազատացած, մեծում հաղթել ու թերանում, ուժերը խնայում է իբրև թե փոքրում…
Փոքր բան ենք կարծում և անկարևորների ցուցակի մեջ պատվավոր տեղում գրանցելով՝ անցնում մեր «կարևոր» գործերին. լուրջ ու ձգված տքնում ու հոգնում մեծ ու փոքր այս ու այն համաժողովներում: Քավ լիցի, բնավ չեմ նսեմացնում դրանց դերը: Բայց եթե մի քիչ էլ մեր ուժն ու կորովը ուղղեինք նաև փոքր թվացող հարցերի վրա, որոնք չափից դուրս շատ են և հենց մե՛ր ձեռքին` ո՛չ ամերիկացու, ո՛չ թուրքի, ո՛չ ռուսի, ո՛չ ԵԱՀԿ-ների ու քարը քարին դնեինք` անպայման մի օր նրանց քիչ առ քիչ լուծումը շոշափելի, վճռական ու անսասան մի բան էր դառնալու:
Բայց մենք արհամարհո՜ւմ ենք մանրուքները: Մերը մեծն է, ու մեծի ետևից ընկած` մաս-մաս, մեկը մեկից անդառնալի ու ցավոտ կորուստներ տվինք, մանրացանք ու փոքրացանք հողով, երկրով, ժողովրդով, իրավունքով: Արցախի հաղթանակն անգամ խեղճ ու կծկված մի բան դարձրինք` «Ղարաբաղյան հակամարտության չլուծված հարց»: Ահա այսպես…
Իսկ ոչինչ միանգամից մեծ չի լինում, ամեն մեծ բան փոքրից է սկսվում ու հյուլեի ծնունդ է: Ստիպված եմ նորից հիշեցնել. «Նրանք զոհում են քիչը հանուն մեծ, վճռորոշ հաղթանակի: Բայց այդպիսի հաղթանակը կա՛մ ընդանրապես չի գալիս, կա՛մ հաղթելով` նրանք հայտնվում են կոտրած տաշտակի առաջ:
Մենք քարոզում ենք փոքր հաղթանակների մարտավարությունը, չնայած դեմ չենք և մեծերին: Փոքր հաղթանակը նույնպես հաղթանակ է»: («Ռուսական հրեայի կատեխիզիս»-ից):
Այսպես շատերն են առաջնորդվում: Եվ մեր շեներին տարիներով ստվերի պես հետևող ու պոկ չեկող թուրքական անուններն էլ թշնամու փոքր հաղթանակի մի նմուշ են: Ոտքը օտարի հողում դեռ կարգին չտեղավորած` իրենց անունն են տալիս այդ տեղանքին: Դեռ Աբդուլ Համիդի օրոք թուրք կամ քուրդ գաղթականներով վերաբնակեցված վայրերի հին անունները փոխարինվում էին նորերով: Երիտթուրքական իշխանությունները ևս չափազանց կարևորում էին «ոչ մահմեդական» տեղանունները վերափոխելու գործը: 1916 թ. հունվարի 5-ին երիտթուրքերի կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշան, թուրքական ռազմաքաղաքական իշխանություններին առաքված հրամանագրով պահանջում էր Օսմանյան կայսրության հայերեն, հունարեն և բուլղարերեն տեղանունները փոխել թուրքերենի:
էնվերի հրամանագրով ոգևորվելով՝ թուրք հայտնի զինվորական Հուսեյին Ավնի բեյը գրել է. «Եթե մենք ուզում ենք մեր երկրի տերը դառնալ, ապա ամենափոքր գյուղի անունն անգամ պետք է թուրքերեն դարձնենք, այլ ոչ թե թողնենք հայերեն, հունարեն, արաբերեն: Այսպիսով՝ մեր երկիրը կներկենք մեր գույներով»:
Տեսնո՞ւմ եք, թե ինչպես են կարևորում անունները: Գործում են կատարյալ հաղթանակի բոլոր կանոններով: Փաստորեն, ճիշտ հաղթանակը ոչ թե մեծն է, ինչի երկրպագողն ենք մենք, այլ ԿԱՏԱՐՅԱԼԸ` իր մեջ ներառած և՛ մեծը, և՛ նրա շուրջ ու ներսում, նրանից առաջ և հետո եղած մանրը, փոքրը, անգամ չնչին թվացողը: Այդպիսի հաղթանակն արդեն սասանելը գրեթե անհնար բան է դառնում:
Ահա այդպես նրանք լարված, ջանադիր, ուրիշի ունեցածը կորզելու ու սեփականատեր դառնալու մարմաջով տարված, հասուն ու դավադիր դիվանագիտության երեսն ու աստառը իրենցով արած` ծավալեցին իրենց ցնցոտիների փեշերը աջ ու ահյակ` «իրենց գույներով ներկելով» մեր գունագեղ ու չքնաղ երկիրը: Թուրքը իր գույներով հասցրել էր ներկել նաև ներկայիս Հայաստանի տարածքի շատ շրջաններ ու գյուղեր: Եվ դրանց զգալի մասը ղարա` սև գույնը հագան: Այս արևային երկրում, այս դեղնահուր ու ծաղկաշղարշ տարածքում, որտե՞ղ այսքան սև գույն տեսան այդ քոչվորները: Ղարասու, Ղարաչիման, Ղարաղալա, Ղարա… Ղարա… Ղա՜ր… Ղա՜ր…
Այդ ագռավակռինչը իմ գլխավերևում որքա՜ն է հնչել հայի շուրթերով, երբ անցել եմ գյուղից գյուղ: Այսօր էլ, երբ արդեն երկու տասնյակ տարի է, որ գրեթե բոլոր շեները իրենց հայահունչ ու երգեցիկ անուններն ունեն, հանկարծ մեկ էլ. «Ի՞նչ է այս գյուղի անունը» հարցին որպես պատասխան կրկին հնչում է նախկին թուրքերեն անվանումը. Սամաղար` Գեղակերտի փոխարեն, Ղարաբուլաղ` Շաղիկի տեղ… Փառք Աստծու, ամեն տեղ չէ այդպես, և ինձ դիմավորում են հոգիս փառավորող, ունկս շոյող ու աչքերս զվարթացնող Ծիլքարը, Հերհերը, Ծաղկոցը, Արեգնադեմը, Նռնաձորը, Արևաբույրը, Գինեվետը, Վանանդը, Պաղակնը, Վարսերը, Լուսակնը… Ու օրը ծիածանվո՜ւմ է…
Տեսնո՞ւմ եք, ինչ լավ է, երբ ամեն բան իր տեղում է: Բայց մեր պարագայում դա քիչ է լինում: Ու մենք դեռ սովորելու շատ բան ունենք: Սովորենք, թեկուզ ուշացած, թեկուզ թշնամուց, և առաջին հերթին հե՛նց թշնամուց:
Դեռ հաճախ ենք կրկնում, թե ազգային գաղափարախոսություն չունենք: Հիմա տեսնո՞ւմ եք, որ ամեն բանից առաջ, մենք նախ ազգային սթափությո՜ւն չունենք: Այդ ո՞վ մեզ այսքան մոգող օրոր երգեց, որ ազգովի նինջ մտանք և անգամ չենք զգում, որ մեր շենի անունը բարբառում ենք օտարի լեզվով… նրա կնքած անվամբ…
Սիրելիներս, հարգելիներս, ննջածնե՜րս, արթնացե՛ք, որովհետև, թեպետ գոռ չէ աղմուկը, բայց ոչ պակաս մեծ է հուշիկ մեր հող սողոսկած թշնամին ու իր կռիվը:
Եվ այս կռվում նաև փոքրիկ հաղթանակներով է, որ կարող ենք մեծի արդեն բարձրացրած կամ բարձրացվող կամարը անխորտակ պահել: Եվ դրանցից մեկն էլ հենց սա է. այսուհետև… ԱՐՑԱԽ, միայն` ԱՐՑԱԽ… միայն ու միայն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։