Կյանքի ութսուներկուերորդ տարում իր մահկանացուն կնքեց հայ գրականության ավագագույն սերնդի ներկայացուցիչներից, բանաստեղծ Զավեն Կասյանը:
Զավեն Կասյանը ծնվել է 1931թ. Անիի շրջանի Հայկաձոր գյուղում (այժմ ՀՀ Շիրակի մարզ): Դեռ վաղ տարիքից աշխատել է մամուլում, մասնավորապես Հոկտեմբերյանի շրջանային թերթում, ՀՀ Ռադիոպետկոմում, «Սովետական Հայաստան» օրաթերթում: Վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ: 1966թ. ավարտել է Հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հեռակա դասընթացը: Առաջին` «Ժամանակն իմ ձայնով» բանաստեղծությունների ժողովածուն հրատարակել է 1969 թվականին: Այնուհետև տարբեր տարիներին լույս են տեսել նրա հաջորդ ժողովաժուները` «Գարնանային խոհեր» (1975 թ.), «Կարոտի խարույկ» (1978 թ.), «Օրը երգի մեջ» (1986 թ.), «Հավատի կանթեղ» (1991 թ.)», «Հույսի ղողանջ» (2000 թ.), «Տավիղ հայրենաշունչ» (2009 թ.) և այլն: 2005-2006 թթ. լույս է տեսել նրա ընտիր երկերի եռհատորյակը: Զավեն Կասյանը գրել է նաև մանուկների համար, այդ ստեղծագործությունները ամփոփելով «Աստղաշար» (1987) և «Լուսնի թագը» (1987) ժողովածուներում: Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում, հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ, թարգմանվել են մի շարք օտար լեզուներով:
Բարձր են գնահատվել Զավեն Կասյանի անկեղծ, քնարաշունչ, հեղինակի սրտից և հոգուց ծնված ստեղծագործությունները, արժանացնելով նրան բազմաթիվ շքանշանների ու պարգևների: «Հավատի կանթեղ» ժողովածուն 1991թ. արժանացել է Հովհաննես Շիրազի անվան մրցանակի, իսկ 2006-ին նրա տքնանքը արժևորվել է «Գրական վաստակի համար» մեդալով:
Չնայած հասուն տարիքին, շարունակում էր ստեղծագործել երիտասարդական ավյունով` լինել միշտ գրականության կողքին, միշտ բանաստեղծության հետ: Եվ այդպիսին էլ կմանա իրեն ճանաչողների հիշողության մեջ:
ՀԳՄ վարչությունը սգում է բանաստեղծ ԶԱՎԵՆ ԿԱՍՅԱՆԻ մահը, ցավակցում է նրա մտերիմներին, հարազատներին և ընթերցողներին: