Հայաստանի գրողների միության վարչությունը
խորապես վշտացած է բանաստեղծուհի, թարգմանչուհի, արձակագիր
ՄԵՏԱՔՍԵԻ
մահվան կապակցությամբ և ցավակցում է ընտանիքի անդամներին, հարազատներին, ընթերցողներին
ՆԵՂ ՕՐԵՐԻ ԼԵՆ ՈՒ ԲՈԼ
ՄԵՏԱՔՍԵՆ
…Փորձում եմ ուժ գտնել մեջս և խոսք ասել Մետաքսեի մասին: Բացող բառ եմ որոնում: Զանգ է տալիս Գերմանիայում ապրող բարեկամուհիս՝ Լիզա Բերքյան-Աբրահամյանը: Հարցուփորձում է: Ասում է՝ երկու օրից գալիս է, ամուսնու՝ Արա Բերքյանի գիրքը համարյա պատրաստ է, շնորհանդես պիտի լինի, առողջ լինեմ, որ կարողանամ խոսք ասել: Հետո հարցնում է՝ էս պահին ինչո՞վ եմ զբաղված: Հոգոց հանելով ասում եմ. «Մետաքսեի մասին ուզում եմ խոսք գրել, չեմ կարողանում»: «Ես էլ եմ տխուր Մետաքսեի մահով: Նույն Արագածի փեշի աղջիկներ ենք: Մի թախիծ, մի կարոտ խեղդում է ինձ: Մեր տանը շատ է եղել: Նրա հայրենասիրությունը ավելի շատ երևաց երկրաշարժի ժամանակ, պատերազմական տարիներին»:
Մետաքսեն… լի՜քը-լիքը սիրտ էր ու հոգի:
Մետաքսեն… լի՜քը-լիքը աչք էր ու սեր: Դժվար մեծացած, դժվար ապրած Մետաքսե:
Է՜, երկիրն էնպես էր, որ հորով-մորով մեծացողն ի՞նչ էր, որ դեռ պուճուրիկ, հոր ու մորից զրկվածն ինչ լիներ: Բայց… ծնվել էր սիրուց, որ Գյումրիի մանկատանը սեր դառնա ու սիրախռով պուճախները լցնի իր սիրով, լեզվով, երգով: Արթիկի Արևաշող գյուղում լքված տանը հոր ու մոր թողած բառերը գտնի ու ձայներով փորձի գտնել նրանց նկարը: Աղջիկ է, դեռ պիտի մտերմանա իր մարմնի կավահողին, ամեն-ամեն ինչ խնայի, ճանապարհ անցնի: Անգամ Տիրոջ տված սերն է խնայել, չի վայելել, «երբ նեղել է ինձ սիրո սովն անգամ…»: Կին է: Ապրած տարիներն ասում են, որ որբը, մանկատան սանը բանաստեղծ է, արձակագիր, թարգմանիչ: Նրա ամենամեծ ուրախությունը լինելու է իր բանաստեղծուհի Լիլիթ աղջիկը:
Երկրաշարժ եղավ: Մեր երկիրը մենք տեսանք կրկնակի ավերակված: Ամեն զուլում տեսած ժողովուրդը ապրելու դեղ ու ճար է որոնում: Ես, որ տեսել եմ Մետաքսեին Մայր Տաճարում պատարագելիս, տեսել եմ Հառիճավանքում սուրբսուրբելիս, տեսնում եմ մի ուրիշ Մետաքսեի, որ բնավ նման չէ իրեն: Նա ամբողջովին կլանվել էր երկրաշարժված ժողովրդի ճակատագրով: Մի կարճ հասցե էլ նա ուներ՝ Գրողների տուն, Մետաքսե:
Մետաքսեն բանաստեղծ է ամեն պահ: Ուզում եմ մի երկու դեպք հիշել՝ պարզապես ճնշող տխրությունից փախչելու համար:
Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը հանդիպում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Շատերս լալկվել էինք, բլբլացնողներ էլ կային: Հուզող հարցերը շատ էին: Մինչ նախագահի գալը դահլիճում հավաքված գրողներին պարզապես իր զրույցներով, կատակներով պահում էր Լևոն Մկրտչյանը: Նրանից հետո ով էլ խոսի՝ պիտի ձանձրալի լինի:
ԳՄ նախագահ Հրանտ Մաթևոսյանը մտահոգ է՝ հանկարծ մի անմիտ հարց չտա՞ն: Ամեն ինչ անցավ խաղաղ, հանգիստ: Իսկ հացի սեղանի շուրջ հանկարծ լսվեց Մետաքսեի ձայնը. ուզում է բանաստեղծություն կարդալ հատուկ նախագահի համար: Եվ սկսեց կարդալ իր հայտնի բանաստեղծությունը՝ «Երանի հագիդ վերնաշապիկին»: Հենց ասաց՝ երանի հագիդ վերնաշապիկին, նախագահը ասաց. «Ինձ չէին ասել, որ էսքան շատ գրողների հետ եմ հանդիպելու, թե չէ, առանց փողկապի, էսպես տնական…»: Իսկ Մետաքսեն նորից է սկսում՝ երանի հագիդ վերնաշապիկին: Էդիկ Միլիտոնյանը չի կորցնում պահը.
Երանի հագիդ «վադալազկային»…
Ժպտում ենք, ծիծաղում…
Էն ի՜նչ էր անում Մետաքսեն երկրաշարժի ժամանակ, էն ինչ էր անում Մետաքսեն պատերազմի ժամանակ: Կոչ էր անում բոլոր մայրերին, կանանց, աղջիկներին` թող բոլորը գուլպա գործեն, ձեռնոց գործեն, տաք հագուստ գործեն: Ամեն ինչ ռազմաճակատի համար:
Համարձակ, շիտակ բանաստեղծուհի է Մետաքսեն: Նա կանգնում է աշխարհի հզորների դեմ ու ահեղաձայնում.
Աշխարհի այրե՛ր, դուք նվաճողնե՛ր,
ագահնե՛ր դարի,
Փոխանակ կանանց սրտեր նվաճեք, գրավեք հոգի,
Հող ու երկիր եք նվաճում արյամբ,
բերում սուգ ու լաց…
Թե՝ խելքի՛ եկեք, նվաճե՛ք կանանց
սերը փրկարար,
Սիրեցե՛ք, գերե՛ք սրտերը կանանց…
Մետաքսեն… լի՜քը, լիքը սիրտ էր ու հոգի:
Մետաքսեն… լի՜քը, լիքը աչք էր ու սեր:
…Զանգ տվեց Լիզա Բերքյան-Աբրահամյանը.
– Կարողացա՞ր գրել:
– Դժվարությամբ: Դժգոհ եմ: Մետաքսեն արժանավայել բանաստեղծուհի է: Ժառանգություն չստացածը լավ ժառանգություն թողեց իր Լիլիթ աղջկան և ընթերցողներին:
– Իսկ ես տրվել եմ հուշերին: Մետաքսեի մասին շատ-շատերս խոսք ունենք, իսկ բոլորիդ առաջ նրա մասին դեռ երկա՜ր-երկար կխոսեն նրա գրքերը: Նա ինքն իր զինվորն էր:
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
…Մետաքսե
Խորհրդային Միության խաղաղ օրերին նրանք միասին էին` Սիլվա Կապուտիկյանը, Մարո Մարգարյանն ու Մետաքսեն: Այս եռյակին պոեզիայի երկրպագու հայ հասարակությունը իրենով էր արել և նրանց շուրթերից չէին իջնում սիրելի բանաստեղծուհիների հայրենասիրական երգերը, սիրո լիրիկան, հրապարակային ելույթները: Երեքն էլ բանաստեղծությունից առավել իրենց երկրի հոգս ու ցավերով ապրող, նրա առաջընթացին թևատարած դիմավորող արժանավոր քաղաքացիներ էին և մինչև իրենց օրհնյալ մայրամուտն էլ մնացին իրենց կոչմանը հավատարիմ, երբեք չդավաճանելով հային ու հայրենիքին:
Եթե Սիլվան ու Մարոն պետական ստեղծագործական միջոցառումների հաճախ նաև թելադրողներն էին ու մասնակիցները, ապա Մետաքսեն, ելնելով իր դժվար կյանքի որբությունից, անընդհատ պաշտպանվածություն էր որոնում իր բանաստեղծության, գալիք օրերի, ընկերների համար, երբեք ետ չմնալով գրական առաջընթացից: Մետաքսեի կենսագրական ծանր ժառանգությունը (կին-նավաստի, իմիջիայլոց հայ իրականության մեջ նա առաջինն է եղել), ապա գրականության ու գրողների` ինչու ոչ անհյուրընկալ միջավայր, երիտասարդ բանաստեղծուհուն ինչ էր մնում անել, եթե ոչ ամրագրել դիմադրության վերելքը գալիք օրերի մեջ սեփական եսը չկորցնելու համառությամբ:
Համարյա երեք տասնամյակ ես առնչվել եմ Մետաքսեի հետ: Սովորաբար գրողները ինքնամփոփ են, և ասում են, որ նրանք առաջին ձեռագիրը գրում են իրենց ներսում, ապա նոր հանձնում թղթին: Մետաքսեն ինքամփոփ չէր, առիթ էր որոնում ժպիտներ շաղ տալու, սիրտը մարդկանց առջև բաց անելու, ինչ-որ անավարտ մի պատմություն մինչև վերջ դիմացինին ներկայացնելու, և այդ բոլորը գալիս էր ընդերքից` նրա դժվար մանկությունից. մանկատան ոչ մի սան երբևէ չի մոռանում իր մանկության դրոշմը… Մետաքսեի կամեցողությունը արյունակցական կապերի պահանջարկ չուներ, դրանում համոզվեցի 1990-94 թթ. օրհասական օրերին, երբ նախագահի աշխատակազմում էի աշխատում: Օգտվելով մեր բարեկամությունից` տասնյակ կարիքավոր մարդկանց էր ուղարկում` խնդրելով ընդառաջել` մեկի տան վարձի համար, մյուսի երեխայի ուսման վարձի, մեկ ուրիշի` զինվոր որդու… Արդար ու ազնիվ էր յուրաքանչյուր տաղանդավոր տողի, քառյակի, բանաստեղծության նկատմամբ: Նա 35 գրքի հեղինակ է. բանաստեղծություններ, հրապարակախոսություններ ու մենագրություններ, թարգմանական գործեր, վաստակը մեծ է… Նա արժանացել է պետական բարձր պարգևների՝ ՀՀ ՊՆ կրծքանշան (1998), Մ. Խորենացու մեդալ (2008)… Նրա ամենամեծ սերը Հայրենիքն էր, որտեղից և սկսվեց մեր համատեղ հասարակական գործունեությունը: 1989 թ. արձակագիր Գևորգ Արշակյանը հիմնադրեց Հայաստանում առաջին «Մայրության ֆոնդը»: Այն տեղավորված էր Գրողների միությունում: Կարճ ժամանակ անց, Արշակյանը ֆոնդը հանձնեց Մարո Մարգարյանին: Դա այն օրերին էր, երբ Ղարաբաղ կոմիտեի տղաներին կալանքի էին վերցրել: Մարո Մարգարյանը շտապ հրավիրեց Գրողների միություն, ուր հանդիպեցի Մետաքսեին ու Շաքե Վարսյանին: Ծրագիր մշակեցինք` տղաներին աջակցելու համար պետք էր հանդիպել ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Օլեգ Լոբովի հետ: Այնուհետև սկսվեցին համատեղ այցելություններ կամավորական ջոկատներ, Բաքվի ու Սումգայիթի փախստականներին, երկրաշարժից տուժած և Երևանում պատսպարված ընտանիքներին: Մետաքսեի անմիջականությունը, ցավին արագ արձագանքելու նրան հատուկ բուռն պոռթկումն ամեն տեղ իր գործն էր անում: Սամվել Շահմուրադյանի հետ նա արցունքներով էր ընդունում Սումգայիթից մի կերպ փախած հայ գաղթականներին: Մետաքսեի դեմքի ծաղկուն ժպիտը կորել էր այդ օրերին: Շահմուրադյանի ողբերգական կորստից հետո այդ սենյակը Մետաքսեն դարձրեց հայ կամավորականների նյութական օգնության կենտրոն: Մետաքսեի հայրենասիրական նախաձեռնությունը լայն արձագանք ստացավ և՛ թիկունքում, և՛ պատերազմի դաշտում կռվող մեր ազատամարտի տղաների մոտ: Այս 24 տարիների ընթացքում նյութական արժեքները պարզապես խժռեցին հոգևորը, ջերմությունը սահեց մեր սրտերից…
Բանաստեղծուհին հիվանդ էր, հոգնած՝ անարդարությունների դեմ իր տևական պայքարից: Նա լույսի ճանապարհ էր ընտրել և այդպես էլ շարունակեց գնալ` սերունդներին թողնելով իր շռայլ պոեզիայի մնայուն արժեքները: Մետաքսեն հայրենիքի զինվոր էր` բանաստեղծության հոգևոր թևերի վրա:
Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ