Մեր գրականության մեջ անսովոր ճակատագրով Ռուբեն Ֆիլյանին ճանաչում ենք «Քո երկրի դեսպանը» գրքով: Իր կարճատև կյանքի ընթացքում ստեղծած գործերը հրատարակեց հայրը` Պարգև Ֆիլյանը: Սակայն նա ճանաչված էր արդեն իր կենդանության օրոք: Հենց սկզբի՛ց նկատեցին, արձագանքեցին գրականագետները, գրողները` ողջունելով նրա մուտքը գրականություն: Քիչ է թողած ժառանգությունը, բայց` արժեքավոր. «Քո երկրի դեսպանը» վեպը, փոքրաթիվ պատմվածքներ, մանրապատումներ, հեքիաթներ:
Ֆիլյանի փոքր արձակն օժտված է գեղագիտությամբ, փիլիսոփայական դատողությունների ճշգրիտ պատկերով: Ընդամենը մի քանի տողով նա վրձնում է հայրենիքի, ընկերության, սիրո և տխրության հսկա տարածություն: Կյանքի դրվագները, մտորումները դրանց շուրջ, հայկականության տարրերը, կերպարների առատությունը նրան մղում են ասելու նոր բան վաղուց եղածի մասին: Հայացքը որսում է կենցաղի` շատերի համար անտեսանելի մանրակերտերը, հասկանում հոգին ` իր տեսածի` դարձնելով այս ամենը գեղեցիկ կտավ: Խոսուն են նաև վերնագրերը. «Երազումս քնել էի», «Արևը այրվում է», «Կոշիկի կապերն ու սերը», «Քառիմաստ հայացք», «Բախտավոր դժբախտը», «Կարմիր մթության կապույտը» և այլն:
«Գնացքը շարժվում է» պատմվածքը հավերժության, շարժման ու մարդու` այս հարահոսում իր տեղն ունենալու մասին է: Բնանկարի և խոհ-ապրումների համաձուլվածք է, որտեղ կարևորվում է ամեն դրվագ ու պատկեր:
Անի ՓԱՇԱՅԱՆ
Գնացքը շարժվում է
Գնացքը շարժվում է:
Ես, պատուհանին կռթնած, դիտում եմ անընդհատ փոփոխվող շրջապատը: Շուտով ինձ համար ամեն ինչ նմանվում է սարի. ծառերը, սարերը, դաշտերն էլ:
Հարևան պատուհանին կռթնած մարդը շվշվացնում էր ինչ-որ երգ դաշտերի մասին: Նրա դեմքը շատ էր նման իմ` ձանձրույթ արտահայտող դեմքին: Նրա համար էլ ամեն ինչ նման էր, սակայն ոչ թե սարի, այլ, ասենք, դաշտի:
Սար, սար, սար… Մինչև ծովը…
Իսկ գնացքը շարժվում է:
Վերև նայեցի:
Ամպերը այնպես էին ձեռնվում միմյանց հետ, կարծես երեկ չէր, որ հանդիպել էին: Նրանց մոխրագույն արցունքները ծովը իրենց ենթարկեցին: Մոխրագույն ծով… Ամպերը այս անգամ ուզեցին միանալ ծովի հետ, և դա նրանց հաջողվեց մի շատ հեռու տեղ…
Գնացքը շարժվում է:
Գնացքը երկու րոպեով կանգ առավ մի փոքրիկ կայարանում: Իմ պատուհանից ծովը շատ մոտ էր: Ափին կանգնած տղաները մրցում էին, թե ում նետած քարը ավելի երկար կթռչկոտի ջրի վրա: Այդ տղաները այնքան էին ցավում իրենց անհաջող նետումների համար, կարծես քարի ամեն մի թռիչքը նրանց մի տասնամյակ կյանք է պարգևում:
Նրանցից մեկը նետեց իր քարը և մտքում հաշվեց 7: Նա երևի մտածեց, թե յոթ տասնամյակ ավելի կապրի ու ինքնագոհ ժպիտը դեմքին՝ շրջվեց դեպի մյուսները: Նրա մտքով էլ չանցավ, որ քարը ի վերջո սուզվեց և մնաց ջրի տակ…
Իսկ գնացքը շարժվում է…