Վախճանվել է ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Grigoryan_Sasoun_SerobՀավերժություն Սասունի ստեղծած «Լուսամատյանին»

Սասունը իմ մտերիմ ընկերներից էր: Մենք հաճախ ենք հանդիպումներ ունեցել դպրոցներում, բուհերում, գրադարաններում, մշակույթի տներում:
Ես եղել եմ նրա «Ուխտատուն» կոչված հրատարակչությունում, որը ներկայացնում էր անշուք, նեղլիկ սենյակ: Այդ խցիկում Սասունը միջնադարի գրիչների նման երկնել է իր տասնյակ գրքերն ու «Հավերժության լուսամատյան» հրաշք, ստվարածավալ գիրքը, որը բաղկացած է 1800 էջից, կշռում է 5 կգ: Մի ամբողջ գիտական ինստիտուտի աշխատանք է կատարել մեն-մենակ, ճգնավորի նման: Նրա այդ ստեղծագործական վիթխարի տառապանքը պիտի արժևորեն սերունդները: Այդ օրը Սասունի խորհրդով գնացինք Անտառային փողոցի վրա գտնվող Նախագահի խորհրդական, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի աշխատասենյակ. գեներալը խոստացավ, որ Սասունի «Լուսամատյանի» որոշ քանակություն իրացնելու նպատակով ներկայացնի այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:
Հուշերն անվերջանալի են: Չորս մտերիմ ընտանիքներով՝ Յուրի Ամիրյանը, նրա կինը՝ Ժենյա Ավետիսյանը, Սամվել Մուրադյանը, կինը՝ Նելլին, Սասունը, կինը՝ Մարին, ես, կինս` Մարոն, մեր ծննդյան, տոնական օրերին հավաքվում էինք որևէ մեկիս տանը, ուրախանում: Ժենյան ու Յուրին զուգերգ, երկխոսություններ էին կատարում բեմադրություններից, Սամվելը հրաշալի երգում էր ու ասմունքում, Սասունը շախով անեկդոտներ էր պատմում, ես ասմունքում էի ինձնից կամ Սասունի կազմած ժողովածուի վաղամեռիկ բանաստեղծներ Նապոլեոն Ծատուրյանից, Դերենիկ Չարխչյանից: Հատկապես տպավորիչ էր Չարխչյանի մարդասիրական քառատողը` նվիրված կնոջը.
Թե մարտում ընկնեմ, անսեր մի՛ մնա,
Տխուր մի՛ մնա, սիրիր դու մեկին,
Թո՛ղ ջահել սիրտդ սիրով արբենա,
Ափսոս է վարդը թոշնի գարունքին:
Մեր հանդիպումները հարստացնում էր Սիլվա Կապուտիկյանի ներկայությունը, նրա հազվագյուտ հուշերը իր, գրողների կյանքից: Հիշում եմ մեր մտերմիկ հավաքույթները, և խոր թախիծով ու ջինջ կարոտի զգացումներով է լցվում հոգիս:
Ավա՜ղ, Սիլվան չկա, Յուրին չկա, Մարոն չկա, Մարին չկա, արդեն Սասունն էլ չկա…
Հավերժություն Սասունի ստեղծած «Լուսամատյանին»:

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Սուրբ նպատակի նվիրյալը

Երկիրն իր զավակներով է հարուստ, և հանքային պաշարներից առավել արժեքավոր են նրա զավակների գործը, նվիրումն ու բարոյականությունը: Մեծ փոփոխությունների ընթացքում հոգևոր միջուկի ամրություն է պետք` պահպանելու այն լավագույնը, որը ժառանգել ես մշակույթ անվանյալ լույսից:
Սասուն Գրիգորյան հրապարակախոսը, բանաստեղծն ու գրական-հասարակական գործիչը այդ պինդ մարդկանցից էր, իմ ավագ ընկերն էր, ում հետ հաց եմ կիսել, մեր կորուսյալ երկրի և մարտնչող Հայաստանի դարդերով տապակվել, ու փորձել եմ, իր` նախաձեռնողի եռքի մեջ հայտնվելով, պարապ չնայել գործուն և ողջամիտ մարդկանց:
Իր աշխատասենյակը փոքր էր և լրագրերի կույտերով լցված, բայց «տեղավորում» էր շահագրգիռ ու կամային այրերի, ովքեր նպատակադրվել էին տեսնել Հայոց ցեղասպանության թանգարանը, որը հիմա իր գոյությամբ ազգային-քաղաքական խնդիրներ լուծելիս անժխտելի վկայություն է և ահազանգ` ապրողներիս:
Իր ժողոված-կազմած ստվարածավալ գրքերի տրամաբանական շարունակությունն էր Ցեղասպանության թանգարան հիմնադրելու սուրբ գործը, և նա, կոնյունկտուրային արգելքներն ու բարդույթները հաղթահարելով, հասավ իր նպատակին: Ճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագիծը կյանքի կոչվեց: Եվ Սասուն Գրիգորյանի անունը մոռանալ չի կարելի: Հիմնադիրը ինքն է եղել:
Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ այդ կենսասեր, կատակասեր ու իր դարդերը լուսապսակ չդարձրած այրը այլևս մեզ հետ չէ: Հոգիդ լույսերում լինի, իմ ավագ ընկեր Սասուն Գրիգորյան:

Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։