Վերջերս էր, իսկ ավելի ճիշտ, սեպտեմբերի 3-ից հետո, զրուցակիցս` անսահման գիտելիքների տեր, աստղերի ու հեռավոր հազարամյակների առեղծվածներին վախենալու աստիճան քաջատեղյակ, բայց քաղաքական «մշակույթին» համարյա անմասն մեկը, մանկան անմիջականության հասնող զարմանքով ասաց, որ վերջապես լուծել է երկար տարիներ իրեն առնվազն ապշանք պատճառող երևույթի հիմնա-պատճառը: Այն է` ինչպե՞ս է, որ ընտրությունից ընտրություն դեգրադացվող ընտրական համակարգը, էլ առավել ցինիկ դարձող կեղծիքն ու կաշառատվությունը չի տեսնում Եվրոպան, ոչ միայն չի տեսնում, այլև ինչ-որ առաջընթաց քայլեր է արձանագրում անգամ մարտի 1 տեսած երկրում: Ի դեպ, այս առումով նա ոչ մի պահանջ չունի Ռուսաստանից, որովհետև կա «Գույք պարտքի դիմաց»-ը, 49 տարվա պայմանագիրը, ռազմավարական գործընկերն ու «ֆորպոստը»… Այսինքն` ի՞նչ պահանջի Ռուսաստանից, նա խաղում է բաց, առանց թաքցնելու իր նպատակները, ու թող նրանք մտածեն, ովքեր Հայաստանը հասցրին այդ վիճակին: Իսկ, այ, Եվրոպան… ինչպե՞ս «մարսեց» թեկուզ «ինչքան պետք է` այնքան կխփենք»-ի մարտավարությունը… Եվ ահա, վերջապես, տեսնելով եվրո-քաղաքական գործիչների դեմքի արտահայտությունը սեպտեմբերի 3-ից հետո (բոլորինը, իր ասելով, նույնն է եղել), հասկացել է եվրո-պոլիտիկայի նրբություններն ու եվրոպական նրբամտությամբ փակուղի գլորվող երկրի իրական վիճակը «չտեսնելու» դրդապատճառը: Զրուցակիցս վերջին զարմանքն էլ հայտնեց, թե` այդ եվրո-դեմքերը ի՞նչ էին մտածում, երբ բանակցում էին միայն իշխանության (լեգիտիմություն ու նման բաներ մի կողմ) հետ` անտեսելով երկրի իրական տիրոջը` ժողովրդին, և հույս ունեին վերևի՞ց հաստատել ժողովրդավարություն: Ետնամուտքից ներս սողոսկելու նման չի՞ ստացվում: Դրա համար էլ այդ եվրո-պոլիտիկների արածը զրուցակիցս որակեց «եվրո-ռեմոնտ», չմոռանալով շեշտել, որ Եվրոպա մտնելու համար դուռ գոյություն ունի, ծայրահեղ դեպքում` պատուհան…
Կարդալ նաեւ․․․
ՀՈՒԼԻՍՅԱՆ ՕՐԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆ / Սամվել Կոսյան
2016 թ. հուլիսի ճշգրիտ բնութագրումը պայմանավորված է ոչ միայն ջերմային…
Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ
Ինչքան էլ տարին վատ լինի, ափսոսում ես, որ մի…
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՓՈՔՐԻ՛Կ ԱՐՑԱԽՑԻ / Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Լեզուս ատամներիս արանքում սեղմելով, կոկորդիս կանգնած գուղձը կուլ տալու վճռականությամբ՝…