Վեթթինգ… անցումային արդարադատություն… լյուստրացիա…

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ի՞նչ է, եթե Քոչարյանին դատարանի դահլիճից ազատ չարձակեին, կնշանակեր, որ մեր երկրում դատական համակարգը պատշաճ մակարդակի՞ է: Եվ ինչո՞ւ չկիրառվեցին հետհեղափոխական գրված ու չգրված օրենքները, որպեսզի նախորդ համակարգի արատավոր երևույթները արմատախիլ արվեին առաջին հերթին և անմիջապես դատական համակարգում: Եվ ինչո՞ւ բոլոր օրենքներով ու կարգերով ժողովրդի կողմից ընտրված բացարձակ օրինական իշխանությունը ամեն առիթով փորձում է ժողովրդին փողոց հանել: Փողոցը ընդդիմության տեղն է, որ դեռևս չի էլ ձևավորվել, իսկ հեղափոխությունն իր ավարտն ունեցել է դեռևս անցյալ տարի մայիսին. երկրորդ ու երրորդ փուլ չկա: Կա սթափ աշխատելու, բռունցքը սեղանին խփելու և կտրուկ որոշումներ ընդունելու և իրագործելու պահանջ: Թե չէ` էլի ձու գողացողը դատվում է, ձի գողացողը` ազատ արձակվում, թալանչին ու մարդասպանը իրենց գործերը կարգավորում են այստեղ, թռչում են այլ երկրներ, քաղաքական ապաստան փնտրում, թաքնվում ռուսի, եվրոպացու, գուցե թուրքի դրոշի ներքո: Եվ ի՞նչ է նշանակում անցումային արդարադատություն: Երեք տասնամյակ նախորդ իշխանությունները իրենց անօրինականությունն ու թալանը արդարացրել են անցումային ժամանակա­շրջան բառակապակցությամբ: Հիմա առաջացել է անցումային արդարադատություն բառակապակցությունը, որը կարծես նախորդ իշխանությունից մնացած արդարացման միջոցներից լինի: Չկա նման բան: Ինչո՞ւ չէինք վստահում նախորդ իշխանություններին` որովհետև ստախոս էին, թալանչի և արյունարբու: Այդ երեք (կարելի է կողքին հարյուրն էլ ավելացնել) չափանիշներով ապրող մարդկանցից, որոնց թիվը հարյուրներով է, ոչ մեկը դեռևս լրջորեն չի կանգնել դատարանի առջև: Իսկ դատական իշխանությունում հեղափոխություն կարելի էր անել ընդամենը մեկ շաբաթում: Ի՞նչ ձևերով ու մեթոդներով, դա էլ իշխանության խնդիրն է: Այն իշխանության, որին ժողովուրդը լիարժեք գործելու հնարավորություն է տվել: Չեն օգտագործում, և օր ավուր կտրուկ նվազում է վստահությունը, որը միա­նշանակ հագեցած է անկանխատեսելի հետևանքներով: Կարծում եմ, դեռևս ուշ չէ, որպեսզի կտրուկ և սթափ քայլերով երկիրը բերվի ներդաշնակ վիճակի: Այլապես կորցնելու ենք անփոխարինելի` նյութական և ոչ նյութական արժեքներ, վերջիվերջո` հայրենիք: Դրա նախա­դրյալները կան. նայեք Արցախի ուղղությամբ և կտեսնեք:

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

ՀՀ-ում լեգիտիմ ընտրություններով Ազգային ժողով ձևավորելուց և վարչապետ ընտրելուց հետո, հեղափոխության առաջնայնությունների շարքում անցումային արդարադատության հաստատումն ամենակարևոր գործընթացներից մեկը պիտի լիներ հենց սկզբից, որի անհրաժեշտությունն այսօր, թերևս, չլիներ, եթե դատական համակարգը որևէ կերպ արձագանքած լիներ երկրում տեղի ունեցած փոփոխություններին, և` գոնե մեկ արդար դատավարությամբ, էլ չեմ ասում` համակարգային բարեփոխումներով, ծառայեր իր իրական նշանակությանը` ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ իրականացներ: Բայց այդպես չեղավ, և մենք բազմիցս առիթ ունեցանք համոզվելու, որ անարդարությունն արդարադատության անվան տակ տարիների ավանդույթով իրագործող կառույցը ո՛չ միայն ինքն իրեն սպառել է, այլև լուրջ սպառնում է մեր երկրի անվտանգությանը: Հանցագործ էքս նախագահի դատավարության միջնորդություններն ու դատավորի կեցվածքը այլ կերպ մտածելու հնար չեն տալիս. ի՞նչ է` Հայաստանում կամ հայկական Սփյուռքում կա՞ մարդ, որ տեղյակ չէ մարտի 1-ի ու դրանից էլ առաջ` հոկտեմբերի 27-ի բոլոր մանրամասներին, անուն առ անուն չգիտի այն մարդկանց, ովքեր նույն տխրահռչակ էքս նախագահի իշխանության տարիներին սպանվել են, ու գործերը կոծկվել են անպատիժ: Ասվածին հավելեմ նաև պետական կարիքների անվան տակ հին երևանցիների հանդեպ բացահայտ հաշվեհարդարը` քաղաքի կենտրոնի սեփական տներից ԴԱՀԿ ամենակոշտ մեթոդներով ընտանիքներ վտարելու և անհատույց տնազրկելու գործընթացը, որը մի կողմից լցնում էր ընչաքաղց նախ-ագահի գրպանը, մյուս կողմից` մտածված ծրագրով նպաստում էր արտագաղթին: Սա ես վկայում եմ որպես տուժող, 2005 թվականին ունեզրկված` այդ տարիներին հայաստանյան բոլոր ծախու դատական ատյաններով մերժված քաղաքացիս, որ արդեն 14 տարի ՄԻԵԴ-ի վճռին սպասելով հաղթահարել է իր բաժին քավարանը` միշտ պայքարելով ու հավատալով, որ իր երկրում արդարությունը մի օր կհաղթի: Դե ուրեմն` ասեմ, թե ի՛նչ եմ ակնկալում անցումային արդարադատությունից,- ամե՛ն ինչ, որ մինչ այդ ոտնահարվել է,- մեղսավորի և անմեղի հստա՛կ տարանջատում, հատուցո՛ւմ, արդա՛ր հատուցումը բոլոր այն կամայականությունների, որոնք մեզ տարիներ շարունակ կեղեքել են, արդա՛ր ու արժանի վճիռներ եմ ակնկալում, ուզում եմ իմ երկրում պաշտպանված լինել և կայացած տեսնել դատաիրավական մի հուսալի համակարգ, որը երբե՛ք, երբե՛ք թույլ չի տա, որ այդ ծաղրն ու կամայականությունը կրկնվի:

Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Պատմական և բախտորոշ իրադարձությունները ինձ միշտ ոգևորել են, թեև վերջին երկու տասնամյակների արդյունքում ոգևորությունս կամաց-կամաց քաշվում, սահմանափակվում էր անձնական իրադարձություններով, երբ դրանց պատմական ու բախտորոշ լինելը մտադիր չես կիսել աշխարհի, երկրի, ժողովրդի և անգամ շրջապատիդ հետ:
Այսօր ամեն ինչ փոխվել է: Պատմությունը բոլորինն է դարձել, յուրաքանչյուր իրադարձություն բախտորոշ է բոլորի համար: Եվ հենց այստեղ, այս պահին և այս իրավիճակում է, որ բախվում են արդարության մասին տարբեր պատկերացումները: Մանավանդ` հին ու նոր պատկերացումները, սովորականն ու անսովորը, կորցնելու վախն ու գտնելու հույսը, ճշմարտությունը մասնատելու ճիգերը: Անցումային շրջանի այս անխուսափելի ախտանիշները դեռ հիվանդություն չեն, բայց կբերեն հիվանդության, եթե ժամանակին, երբեմն էլ մի քիչ ուշացած, չփորձես դեմն առնել: Պետական ինստիտուտների վերականգնման և նորացման անցումային շրջանում դատական համակարգի և նրա հանդեպ հասարակական վստահությունը, թերևս, գլխավոր գործոններից է. չկա վստահություն, չի լինի նաև արդարության միասնական պատկերացում:
Անցումային արդարադատության անհրաժեշտությունը բոլորն էլ գիտակցում էին, մինչև որ այդ մասին հայտարարվեց: Եվ հայտարարողի նկատմամբ անձնական վերաբերմունքը չէ, որ պիտի դիմա­դրության դրդապատճառ դառնա, ինչը ակնհայտ է բոլորի համար, բացի դիմա­դրողներից` նրանք էլ, ուզեն թե չուզեն, պատմական իրադարձության մասնակից են, և իրենցից է միայն կախված, թե ինչ կերպարով են ներկայանալու պատմության գրքերի էջերին տարիներ հետո:

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վերջապես դատական այս գորշ համակարգը փլուզվեց, և հնարավորություն ունենք ձևավորելու մեր երկրի, մեր ժողովրդի շահերն սպասարկող առողջ դատաիրավական համակարգ: Արդարադատության նախորդ ռեժիմի սպասյակներին վաղուց էր պետք արժանացնել իրենց կատարած աշխատանքը բնորոշող գնահատանքին` ծախու պնակալեզներին դուրս շպրտելով պետական կառույցները սեփական բոստանի վերածած ատյաններից: Ցավոք, առնչվել եմ մեր երկրում իրականացվող դատական մի շարք ընթացակարգերի և համոզվել, որ հատուկենտ դատավորներ կան, որոնք ազնվորեն են ծառայում իրենց կոչմանը: Տեղին է ձևավորել անցումային արդարադատություն և լայնամասշտաբ միջոցառումներ իրականացնելով, բազմաթիվ անարդար որոշումներ բեկանելով` պատժել դրանց աչառու հեղինակներին: Մենք հրաշալի իրավաբաններ ունենք, որոնք հաղորդակ­­ցական տարբեր միջոցներով հանդես գալով, համակարգված ծրագրային մոտեցումներ են հանդես բերում: Նրանց հմտությունն ու իմացությունը կօգնեն` անցումային արդարադատության գործընթացները ճիշտ և նպատակային կազմակերպելու համար: Խոստովանեմ, որ վաղուց էի սպասում մեր վարչապետի նաև ա՛յս վճռական քայլին և համոզված եմ, որ այս խնդրի լուծումն էլ է նպաստելու մեր երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը: Կբոռան, կկծեն, քացի կտան, բայց միևնույնն է` անցումային արդարադատությունն անհրաժետ է և այլընտրանք չունի:

Վահե ԱՐՍԵՆ

Որևէ կոռումպացված համակարգ առանց լուրջ վիրահատական միջամտության կամ հիմնովին վերափոխման, ինքնակամ չի կարող կազդուրվել: Հատկապես այն դեպքում, երբ արդեն քսան տարուց ավելի հարստանալու և պաշտոններ զբաղեցնելու հիմնական գրավականը եղել են փողը, բռնությունը, տնտեսական ստվերը, հանցավոր աշխարհի հետ ուղիղ կապը, միահեծան իշխանությունն ու ֆեոդալական հասարակարգը, որի դասական ներկայացուցիչը ստրուկի նման ծառայել է իր վերադասին և միջնադարյան ֆեոդալի նման` ստորացրել ու կեղեքել ստորադասին: Այն պաշտոնյաները, նաև դատավորները, որ ստրկաբար ծառայել են քաղաքական ռեժիմին և զուգահեռաբար հանցավոր ճանապարհով ահռելի հարստություն դիզել, ամեն գնով (նույնիսկ ակներև հանցագործության) փորձելու են պաշտպանվել, քանի որ կորցնելու բան չունեն: Նրանց կյանքի միակ հարստությունը եղել և մնում են փողն ու իշխանությունը. սրանք հոգևոր ու բարոյական ոչինչ չունեն, այլապես կա՛մ դուրս կմղվեին համակարգից, կա՛մ էլ ստորին օղակներից վեր չէին բարձրանա: Ինքնակազդուրման դրույթը կաշխատեր, եթե գործ ունենայինք հոգևոր-բարոյական էակների հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով ստիպված լինեին ծառայել նախկին ռեժիմին: Բայց դրանցից եզակիներն են այդպիսին, հիմնական մասը, Չարենցի տողերով ասած, իրենց բնույթով ու էությամբ պատկանում են` «բռնակալ դասին»: Ուստի հույսը սրանց չեղած խղճի վրա դնելը «մանկական սխալ էր» և թանկագին ժամանակի կորուստ, բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի անում կամ էլ միտումնավոր է սխալներ գործում: Սա նույնպես բացառել չի կարելի, բայց սա լիովին այլ թեմա է: Ուստի հույս ունեմ, որ անցումային արդարադատության մեխանիզմները շուտ կներդրվեն, և շենքեր ու փողոցներ փակելու պրակտիկան մենք կմոռանանք ընդմիշտ:

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Անցումային արդարադատությունը պետք է նպաստի համերաշխության մթնոլորտի ստեղծմանը: ՀՀ Ազգային ժողովը շուտով կքննարկի «Անցումային արդարադատության մասին» օրենքը, որը կարծում եմ, բավականին ուշացել է: Ակնկալում եմ, որ օրենքի ընդունումից հետո ամբողջությամբ կբացահայտվեն և իրական գնահատական կստանան ոչ միայն մեր հանրապետության նախկին առաջին դեմքերի, այլև նրանց մերձավոր շրջապատի, մյուս պաշտոնյաների գործած սխալները, կոռուպցիոն դրսևորումներն առավելագույն չափով, ՀՀ պետական բյուջե կվերադարձվեն ժողովրդից անխղճորեն, թշնամաբար թալանված գումարները:
Իսկ այն պաշտոնյաներն ու նրանց շրջապատի մարդիկ, ովքեր քրեական հանցագործություններ են կատարել, առանց խտրականության պետք է պատժվեն օրենքի ողջ ուժով: Անցումային արդարադատության մասին օրենքն ամենևին հաշվեհարդար տեսնելու նպատակ չունի, այն պետք է առավելագույնս նպաստի մեր հանրապետությունում օրինականության ամրապնդմանն ու համերաշխության մթնոլորտի ստեղծմանը: Յուրաքանչյուր պաշտոնյա` ամենաբարձրից մինչև ներքին օղակները, այդ դեպքում համոզված կլինի, որ ցանկացած անօրինականություն մի օր պատժվելու է: Այս ամենը, կարծում եմ, պետք է իրականացվի ամենասեղմ ժամկետներում, առանց հապաղելու, առանց առիթ տալու նախկին իշխանություններին` իրենց պատկանող բազմաթիվ լրատվամիջոցներով վարկաբեկելու Թավշյա հեղափոխության դերն ու նշանակությունը: Այդ դեպքում միայն հնարավոր կլինի պահպանել ժողովրդի վստահությունը, երկիրը չտանել աղետալի ձախողումների:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։