ԱՆԴՐԵ ՇԻՆՔԵԼ

ShinkelԻՐԵՐԻ ԿԱՐԳԻՑ
Կերուխումի ժամանակ հարբած մի եզի սմբակները գողացան:
Սթափվեց և կորուստը տեսնելով, սկսեց տրտնջալ.
-Ա՜խ, որքան դաժան է աշխարհը: Նրանք, որ անճար են ու հիմարաբար աչք են տնկել վրաս, խաղ են խաղում գլխիս: Ձեռնունայն չմնացին չարքերը, արեցին իրենց չար գործը: Ասաց այսպես ու արնահոսող ոտքերով տան ճամփան բռնեց: Բայց մի անմիտ գայլ, որ սա լսեց ու նախքան այդ նոր չխկչխկան կոշիկներով էր հրապուրված, տրտմեց շուտով փշրված մագիլների ցավից:

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ
Երբեմն մարմնի ներքևի հատվածներում ճչում է մի լյարդ: Այդպիսի օրերին ցավեր են մտնում մեր մեջ, հետո մենք պարզորոշ տեսնում ենք սարսափելի մի կորուստ, որը մեզ ստիպում է ետ մղվել: Եվ հաճախ շատ ուշ, երբ մենք մեզ տունդարձի մասին ենք հարցնում և վաղուց տանն ենք, մի սենյակի մութ խոռոչում , ուր մենք շվարած ենք կամ հարբած, երբ խմիչքի մասին ենք երազում` որպես մեզ պատկերվող կամ մի մեկուսի քանդակի հուսալի հենարան: Եվ մենք չգիտենք ոչինչ, կռահում ենք միայն. այրող գոլորշի շփվող մեր մարմիններին, մարմնի անդամները մեր քրտնած տենչերի, մի կում սովորական ջուր կամ հացի ծխոտ մի կտոր: Համոզվում ենք դրանում, հաճույքով դրա մասին ենք երազում միայն և փորում ենք մենք մեր հարևանների ու ընկերների աղիքներում մի սարսափելի արնավառ գերեզման:

ՍԵՐԸ ՄԵՐ նման է ետնաբակի անկյունում ցավը լքած սարդոստայնի: Դու դեռ վախենում ես նրա բնակիչներից: Գնում ենք մենք տարիներ շարունակ, մեր մեջ անդադար, դեպի ինքներս մեզ: Ուրիշների հայացքներից մտահոգ, հուսահատ կախվածությամբ` մեր հակառակ սեռից: Անմեղ չեմ ես: Հրեշտակների թաթերն եմ միայն ես վերցրել, նրանց վարդագույն, փափլիկ վերջույթները, որ չվիրավորեմ քեզ: Անձրևն է թափվում պատուհանից դուրս ինչպես միշտ, երբ անտրամադիր ես դու, անխոս, դատարկված քեզ անհրաժեշտ ստերից: Ես ստախոս եմ նաև: Բայց խմում եմ ներսս ամայացրած ստերը, որ դու կանչես ինձ և շաղ տաս հանդիմանություններով մեռելաձայն: Հեռանում ենք, հայացքները մեր ստորերկրյա տարածություններում – աորտաներ: Եվ գնում ենք դեռ ոչմիտեղ: Պառկած ես դու շրջված, մինչդեռ ես նստած նայում եմ քեզ գիշերալույսի առկայծումներում, այլապես լռություն է տիրում, սևը, երբ դու լացում ես քնի մեջ` թողած ինձ մեր մեղքի համի հետ մաշկիս:

ՎԻՇԱՊՆ ՈՒ ՅՈԹԳԼԽԱՆԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ
Վիշապը, որ իր հաճույքի համար մի արքայադուստր ուզեց ունենալ, եկավ, և ժողովուրդը, որ հպատակ էր նրան, թագավորի յոթգլխանի աղջկան տվեց նրան:
-Թուհ, -մրթմրթաց վիշապը հիասթափված: Չեմ ուզում սրան: Բայց քանի որ ամենուր արքայադուստրերի մեծ ընտրություն չկար, հնազանդեցրեց ներան` նախօրոք կծելով պոկելով ներա ավելորդ գլուխները: Արքայադուստրը արնահոսեց մի քիչ ու մեռավ: Հետո մենակ ձանձրացավ վիշապը: Այլևս խոսք չեղավ նրան ևս մեկ արքայադուստր տալու մասին: Ասվում է. «Երբ մեկը դիտավորյալ փչացնում է իր խաղալիքը, չպետք է զարմանա, որ նրան մեկ ուրիշը չի տրվում»:

Թարգմանեց ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։