ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Տարիներ առաջ մեծ ոգևորությամբ թարգմանեցի Ռուբեն Մամուլյանի հեղինակած միակ մանկական գիրքը և ջանում էի հրատարակել հավուր պատշաճի, շքեղ ձևավորումով: Նույնիսկ ծրագրել էի գրքի տպաքանակի մեծ մասը որպես Սուրբ Ծննդյան նվեր բաժանել Հայաստանի և Արցախի մանկատների սաներին ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Այդ նպատակով դիմեցի սփյուռքահայ կրթամշակութային կազմակերպություններից մեկին, որն իր գործունեության շրջանակներում նաև նմանատիպ ծրագրեր է իրականացնում: Երկար ժամանակ պատասխան չստանալով՝ համարձակվեցի հետաքրքրվել, թե ինչո՞ւ են լռում: Եվ ապշեցի, երբ տեղեկացրեցին, որ Ռուբեն Մամուլյանն առանձնապես ոգևորված չի եղել հայ լինելու իրողությամբ, իրեն հեռու է պահել ամերիկահայ համայնքից, երբեմն նույնիսկ խուսափել է խոստովանել ազգային պատկանելությունը և այլն, և այլն:

Անկեղծորեն ամաչեցի հայ մտավորական համարվող այդ անձնավորության փոխարեն, որ իրական պատճառը թաքցնելու համար (որից բացարձակապես անտեղյակ եմ ցայսօր), փաստորեն, վարկաբեկեց հռչակավոր հային, մի մարդու, որն ամբողջ կյանքում հպարտացել է իր ազգային ինքնությամբ, սեփական ժողովրդով, ամեն կերպ աջակցել է ազգակիցներին, ԱՄՆ-ում իր առաջին ֆիլմը նկարահանելիս շատ կոպիտ է պատասխանել հայտնի կինոռեժիսորներից մեկի առաջարկությանը, թե լավ կլինի փոխես ամերիկացիների համար անսովոր և դժվար արտասանելի ազգանունդ և որևէ բարեհունչ ամերիկյան ազգանուն վերցնես: Հիշեցի նաև, թե Մամուլյանն ինչպե՜ս է արձագանքել ժամանակին ԱՄՆ-ում տարածված «սոված հայեր» արտահայտությանը՝ մեջբերելով իր մոր կատարած հանգանակություններն ի նպաստ 1906 թվականին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած երկրաշարժից տուժած ՍՈՎԱԾ ամերիկացիների: Եվ նման փաստերը բազում են:

Դրանցից մեկն էլ ստորև ներկայացվող «Հայաստան» բանաստեղծությունն է, որ 1962 թվականին տպագրվել է ամերիկյան անգլալեզու «Արարատ» ամսագրում: Այս գողտրիկ ստեղծագործությունը թարգմանել և հրապարակում եմ հատուկ այն առանձնահատուկ հայ մտավորականների, նաև մյուս հայերի համար, որոնք ամեն առիթով կամ նույնիսկ անառիթ վարկաբեկում ու վատաբանում են իրենց այս կամ այն հայտնի հայրենակցին:

Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

 

rubenՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆ

 

Երկիր մոլորակի վրա փոքրիկ մի հող կա,

Բայց հայրենիքն է համայն մարդկության,

Քանզի հենց այդտեղ, Սուրբ Գրքը վկա,

Դրախտն է հիմնել Աջը տիրակալ:

 

Այդ սուրբ հողում է մարդուն արարել Տերը երկնային

Ճիշտ իր կերպարով և կոչել Ադամ՝ երկրային հայրը

Ճերմակամորթի և սևամորթի ու դեղնամորթի,

Եվ բոլորին էլ ծնել է Եվան՝ մեր նախամայրը:

 

Ճիշտ այդ հողում է խարիսխը նետել տապանը Նոյի,

Արարատ լեռան բարձր գագաթին, որ վեր է բոլոր ծով ու ջրերից,

Ու այդտեղից է աղավնին թռել՝ ավետիս բերի,

Հենց այդ վայրում է մարդը վերապրել Նոյի սերնդից:

 

Հողը այդ օրհնյալ, սուրբ լեռնալանջեր,

Ուր Տերն է շրջել, և սկիզբ է առել կյանքը մարդկության,

Ադամն արտասվել, և Նոյը լռին փայփայել հույսեր,

Կոչվեց Հայաստան՝ հայրենիք համայն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։