Փետրվարի 9-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի ունեցավ «Տերյանի հետ» ավանդական միջոցառում՝ Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակի առիթով: Շիրմաքարի մոտ հավաքված գրողները, մտավորականները, Վ. Տերյանի անվան դպրոցի աշակերտները խնկարկեցին մեծ սիրերգակի հիշատակը ու մեկ անգամ ևս արժևորեցին նրա պոեզիան:
«Վահան Տերյանը հայ գրականություն մտավ այն ժամանակ, երբ այն հարուստ էր հայ մեծերով, հանճարներով: Թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ գրականությունը գտնվում էին բարձունքում»,- նշեց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Տերյանը դարձավ հայոց լեզվին գույն տվող, լեզվի ներկապնակը նոր գույնով հարստացնող և պոեզիան նորովի ներկայացնող հանճար: Հանճար, որ նոր ճանապարհ բացեց մեր պոեզիայի համար: Նշելով, որ Տերյանը հայ ժողովրդի սիտը, հոգին, զգացմունքները գրավեց ոչ միայն իր պոեզիայով, այլև հասարակական, քաղաքական գործունեությամբ, Ա. Հակոբյանը ամփոփեց. «Ընդամենը 35 տարի ապրեց մեր մեծ հանճարը և այդ 35 տարիների ընթացքում ստեղծեց այնպիսի գործեր, որոնք հավերժ կմնան հայ ժողովրդի հետ»: Այնուհետև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում ներկաները մեկ անգամ ևս ականջալուր եղան Տերյանի պոեզիային: Ասմունքող Նարեկ Մարգարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը ներկայացրին նրա բանաստեղծություններից: ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը հատվածներ կարդաց Վահան Տերյանի և Անթառամ Միսկարյանի նամականուց: Գրական կոմպոզիցիայով ելույթ ունեցան Վահան Տերյանի անվան դպրոցի աշակերտները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ