Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ / Ալիս Հովհաննիսյանի «Ամենակարգին մարդիկ և ագռավները»

Մի անգամ, երբ ինձ ցույց տվեցին իմ լուսանկարը, որն ինքս դեռ չէի տեսել, հանկարծ մի հետաքրքիր զգացում պատեց ինձ. զարմացա, հիացա, ոգևորվեցի…
Այդ ի՞նչ զգացումներ էին, որ արթնացան մեջս, երբ իմ պատկերի հետևում տեսա կյանքի իրական մի ուրիշ պատկեր. հովանոցաձև ծածկի տակ, սրճարանի կլոր սեղանի մոտ նստած տղամարդը կռացել ու մի ձեռքով դատարկ ափսեն էր բռնել, մյուսով նրա միջի եղածն էր պարզել իր ոտքերի մոտ պպզած քոսոտ շանը: Մինչ մատուցողը հեռվից շանը քշելու նշաններ էր անում, տղամարդու դիմաց նստած կինը քահ-քահ ծիծաղելով գլուխը ետ էր գցել, ու իմ լուսանկարն ասես ողողվել էր նրա աչքերից ճառագող երջանկությամբ:
Այդպես ինձանից առաջ եկավ իմ ետին պլանը, ու իմ անիմաստ դիրքի փոխարեն նկարը լցվեց կյանքի շարժով, որն այդ պահին ինձ լցրեց մարդկային ու կենդանական աշխարհի գոյությունն իմ շուրջը զգալու երջանկությամբ: Մի՞թե մինչ այդ ապրում էի նույն այդ կյանքի մեջ, բայց առանց զգալու, որ կյանքը շարժվում է առանց ինձ, ծավալվում իմ շուրջը, անկախ նրանից, թե ինչով, ինչ չափով է հաղորդակցվում ինձ հետ…
Հիմա, երբ ձեռքս առա Ալիս Հովհաննիսյանի «Ամենակարգին մարդիկ և ագռավները» պատմվածքների ժողովածուն, հասկացա, որ Ալիսին հաջողվել է զգալ կյանքի շարժի գեղեցկությունը, անկախ նրանից, այդ շարժի մեջ լո՞ւյսն է շատ, թե՞ մութը, գունավո՞րը, թե՞ անգույնը, ուրախությո՞ւնը, թե՞ տխրությունը, նաև` անկախ նրանից, թե որքանով է այդ ամենը կապված իր հետ: Եվ ոչ միայն զգում, այլև հմուտ լուսանկարչի նման դրվագ առ դրվագ պատկերում ու ներկայացնում է մեզ ամենը` որպես առաջին պլանում լինելու արժանի գոյաձևեր:
Ահա այդպես, ասես լուսանկարում, Ալիսի դիմանկարը քիչ-քիչ ետ գնաց ու առաջ եկավ նրա ետին պլանը: Խոշորացված պլանի վրա Ալիսից մնաց իր շուրջը պտտվող աշխարհն զգալու երջանկությունը: Այդ նույն երջանկությամբ էլ նա պատմում է: Պատմում է, բայց ինքը չկա: Ինքը հալվել, անէացել է իր պատմությունների սյուժեների մեջ. «Երբ նստում ես մեր հինավուրց երկրի 12-րդ մայրաքաղաքի այս երթուղայիններից մեկնումեկը, նայում դռան ժանգոտ ներսոտին քողարկող հնամաշ կարպետի կտորտանքին, նստատեղերի քրքրված բարձիկների տակից անպետք ոսկրերի պես ցցված թիկնակներին, վարորդի հայելուց կախված Աստվածածնի պատկերով օրացույցին, մտորում ես` «ոնց ամոթ չեմ զգում այսպես երթևեկելուս համար»: Բայց, չէ՛, Մարիամ Շահնազարյանը, որ առաջին պլան է եկել, ըմբռնումով է մոտենում ամեն ինչին: Նա արդեն գիտի, «որ այդ ժամին հավաքարարուհիների համքարությունն է նստած լինում, և Երևանի այլևայլ փլուզված կամ կողոպտված շինություններում ջրի, բորբոսի մեջ խորտակված ներքնահարկերում կոյուղիներից երկաթ պոկող, տեսակավորող բանվորների բրիգադը, որոնց ցելոֆանե տոպրակների մեջ իրենց օրապահիկն է` սոխ, պանիր, հաց, ձու կամ սրանցից միայն մեկնումեկն ու հաց»: Ինքը կանադահայ գործատիրոջ սառնարանից նրա պահանջով թափում է պանիրների, երշիկների տեսակների մնացորդը, որ դեռ օգտակար կարող էին լինել… Լուսադեմի ուղևորները ուրախ ողջունում են իրար, հերթ չտալով պատմում կարևոր ու անկարևոր բաները, իսկ ինքը «շատ հաճախ առաջնայինը երկրորդայինից տարբերելու իր անվերջ պրպտումների մեջ թույլ է տալիս, որ ժամանակն իր հետ տանի թե՛ կարևորը, թե՛ անկարևորը, թողնելով միայն կողքից անկոչ բսնածները»: Այնուամենայնիվ, մտածում է` «Չէ՛, չէր կարողանա այս` ակամայից մտերմացած, միաձուլված խմբի անդամներից մեկը լինել…»: Միայն մտածում է, իսկ իրականում նա իրենից դուրս եղողներին է, որ նկատում, առաջ է բերում և ասես անէանում նրանց մեջ:
Ալիսն ինքը չկա: Ինքը անէացել է, բայց ոչ օդում, հենց այնպես, ինքը նրանց հուզաշխարհում է, ում նկատում է իր շուրջը և ձգտում գտնել ազատ զգալու նրանց գաղտնիքները:
Ահա գրողի կողմից առաջ բերված մի մեծ պաստառ, որի երեսին խոշոր տառերով գրված է` «Ազատություն քաղբանտարկյալներին»: Բազմաշերտ հարցեր ու պատասխաններ պարունակող այս նույն վերտառությամբ պատմությունը մարդկային կյանք կոչվող գոյաձևի ազատ շնչառության նրբերանգների քննարկումն է. «Լաուրն իր ազատ լինելը դեռ չէր ընկալել, քանի դեռ առաջին անգամ չէր բարձրացրել բռունցքը բոլորի պես: Բայց երբ բոլորի պես բարձրացրեց բռունցքը և բոլորի պես գոռաց. «Ազատություն քաղբանտարկյալներին»,- հասկացավ, որ ազատ է… հասկացավ, որ իր ազատ հոգին է ընտրել Ստամբուլի ճանապարհը և իր ազատ հոգին է ստիպել իրեն ընտրել Սուրոյին ու մնալ նրա հետ: Ինքն է ընտրել Գյուլին ու Իբրահիմին, և ոչ թե նրանք իրեն, ինքն է համաձայնել, որ նրանք իրեն գործ, ապրուստի միջոց տան…
– Ազատությո՜ւն քաղբանտարկյալնե-րին…
Լաուրը դեռ մեքենա էլ կգնի Սուրոյի համար, հետո` նաև որդու…
– Ազատությո՜ւն քաղբանտարկյալնե-րին, բոլոր բանտված հոգիներին: Թուրքիայում, Հայաստանում, Գվատեմալայում և ամենուրեք…
Ովքե՞ր են տեսնես և ի՞նչ կերպարանք ունեն այդ քաղբանտարկյալները, ո՞վ է բանտարկել նրանց, ինչի՞ համար:
– Ազատությո՜ւն բոլոր բանտված հոգիներին, լսո՞ւմ եք, այդ մենք ենք գալիս խմբերով…»:
Ճշմարիտ ազատության փնտրտուքն է այստեղ, ոչ թե «ամենակարգին մարդկանց» հետ հակադիր բևեռներում գտնվող ագռավները. «Սրանք կարծես ոչ մի առարկություն չունեն դժբախտ զոհի տխուր վերջաբանը կենդանի ու կուշտ մնալու հնարավորության վերածելու դեմ»: Մի՞թե այն, ինչ մարդն իր սեփական անձի ազատությունն է համարում, այս տգեղ, կռնչացող թռչունների ազատության խղճուկ նմանակը կարող է լինել: Անշուշտ, ո՛չ: Իր պատմությունների ոչ թե հերոսները, այլ ճիշտ իր հուզաշխարհը առաջ բերած ետնապլանի մարդիկ, ովքեր զգում են ազատության շունչը, փնտրում են նաև նրա տիրոջը: Փնտրում, գտնում ու երջանկանում են, թե` «…Տե՛րս, էս ինչքան սեր ես դեռ թողել մեր աշխարհում` հենց միայն սեր ու բարություն գողացող, արտահանող էն պոզավոր-պոչավորի քափ-քրտինք աշխատանքին ի պատասխան… Քո սերը, Տե՛րս, բազմանում է արևի ծագելու, մայր մտնելու հետ, գիշերով…»:
Ահա ապրում ենք մեր օրը` առանց ուշք դարձնելու մեր մտքի աշխատանքին, որ չի դադարում և ոչ մի վայրկյան: Հնարավո՞ր է արդյոք, որ մարդ գնա ինքն իր` ամեն րոպե հարափոփոխ մտքի ետևից, հասցնի նրա հետ լինել ամենահեռավոր հիշողությունների այս ու այն անկյունում, հետո դուրս թռչի այնտեղից, մի պահ մի տեղ կանգ առնի, հետո` մի այլ տեղ, մի պահ սևեռվի դիմացից անցնողի հագուկապին, հետո կրկին ետ գա ինքն իր անելիքին, ապա` կրկին թռիչք դեպի հեռուներ, որի վրա խուսափում է կենտրոնանալ, թռչում է մի ուրիշ տեղ, ու այդպես շարունակ…
Ալիսը ոչ միայն իր, այլև այլոց մտքերին է հետևում, կարդում, աշխատում թեթևացնել ծանրը, սիրելի դարձնել վիրավորողին, առաջ բերել կարգին մարդկանց` իրենց երանելի զգացումներով, ապրումներով, գեղեցկացնել, գեղեցիկ տեսք տալ նրանց ապրած անգամ տխուր օրվան:
«Ինչիդ է պետք «Դալմա» հանրախանութն, ա՛յ պապ,- երթուղայինի վարորդի հարցին 100-ամյա տարիքի հետ կատակեց «Անսահման է լույսը քո» հրաշալի պատմության հերոս Մկրտիչ պապն ու շարունակեց առաջ տանել մտքի թելը:- Մի գեղեցիկ կնոջ համար իր սրտի ուզած կոշիկն եմ առնելու: …հասավ, կանգ առավ մանկական կոշիկների մոտ, շփոթվեց, քանի որ մտքից թռել էր ամենակարևորը` ո՞ր տարիքում էր Մարիամը, երբ մայրը Երկրից բերած իր կոշիկների կրունկները կտրել, քիթը վեր ցցված, ծիծաղելի կոշիկներով դպրոց էր ուղարկել աղջկան: …Մատը դրեց 13 տարեկան աղջիկների համար կարմիր, կապույտ, կանաչ կոշիկների վրա: Փաթեթավորեցին…»:
Այդպես էր Ալիսն անէացել Մկրտիչի ու Մարիամի արանքում, շաղախվել ծերունու զգացումներով: Այս պատմության մեջ ևս նա ինքը չկար, նա ծերունու մտքերի հետ հերթ էր կանգնել Սիբիր քշվողներին տանող վագոնի մոտ, արևի տեսքին արժանանալուն սպասել բահ ու քլունգ ստանալու նրա հերթին սպասելիս, տան դուռը բացելիս ետ քաշել երեսին կպած սարդոստայնի թելերը… Ալիսն ու Մկրտիչը, Ալիսն ու Մարիամը… Ետինն առաջ էր եկել, առաջինը` ետ գնացել, ու կենտրոնում էր մնացել մի գեղեցիկ համաձուլվածք:
Ճիշտ նույն կերպ էլ Ալիս Հովհաննիսյանն առաջ էր թողել մայրական հուշերին, հիշողության փոշին ետ տարել դրանց հետքերի վրայից և ստեղծել հիշողությամբ փաստագրված մի հետաքրքիր կոթող` աշխատելով մարել որդիական պարտքը ոչ միայն ծնողների, հարազատների, ազգուտակի, այլև` իր կյանքին միախառնված ժողովուրդների, իր հետ օր կիսած բնակավայրերի, իրեն հանդիպած կարգին մարդկանց կամ բնության հանդեպ: Այդպիսին է գրքի պատմությունները գլխավորող «Տարեդարձ» վիպակը, որտեղ հեքիաթը նրբորեն ժպտալով գրկախառնվում է իրականության հետ:
Ալիս Հովհաննիսյանի գրականությունը հենց գրկախառնումների գրականություն է, որտեղ գրկախառնվողները ոչ միայն հեքիաթն ու իրականությունն են, այլև` ետինն ու առջևինը:
Մարդկային քաղաքակրթությունները փոփոխվում են` ունենալով գոյության համար անհրաժեշտ մեկ հիմք, որը շարժումն է: Նույն շարժումն էլ մեկից մյուսին է փոխանցում թե՛ կենցաղավարության, թե՛ հոգևոր ու մտավոր ոլորտներում ունեցած ձեռքբերումները: Հայտնի ճշմարտություն է, որ այդ ձեռքբերումները հարթ ու հստակ ճանապարհով չեն միավորվում մարդկության շարունակականության հետ: Այդպես լինել չէր կարող, որովհետև կատարելության հասնելու մարդու ձգտումը անվերջ է, անընդհատ փնտրտուք, որի վրա սավառնում է տառապանքի ոգին: Ներքին այդպիսի կնիք ունի Ալիս Հովհաննիսյանի գրականությունը: Դա վերաբերում է հատկապես գրքի այն բաժնին, որտեղ «Ջրանցքի մարդիկ», «Դոմիկի մարդիկ» և «Հանրակացարանի մարդիկ» թեպետ ապրում են գործարար աշխարհից հեռու, կենցաղաին տարբեր վայրերում ու պայմաններում, բայց ապրում են նույն տանիքի տակ, որը երկինքն է: Այդպես էլ Ալիսը վերնագրել է այս երեք պատմություններն ընդհանրացնող բաժինը` «Մեզ հետ` նույն երկնքի տակ»: Այստեղ ներկայացվողը ժամանակի մեջ կործանվող ու հառնող քաղաքակրթություններով կազմավորված մարդկային գոյությունից ընտրված մի հատված է` ափեափ լցված նույն գոյության համար անհրաժեշտ շարժումով: Շարժում, որը պտտվում է 21-րդ դարի քաղաքակրթությունից իրենց հասած առանձնահատուկ բաժնով ապրող մարդկանց շուրջը և իրենից ներկայացնում է բարոյական կերպարը, կենցաղը, միտքը, հոգին կատարելագործելուն, զարգացնելուն, առաջ մղելուն միտված մարդկային տարբեր գործողություններ կամ գործունեություններ, ձգտումներ, նպատակներ, երազանքներ… Մարդիկ այստեղ ապրում են գոյության աղավաղված վիճակները կարգի բերելու, իրենց չափով կատարելագործելու, առաջ մղելու մտահոգություններով, որն, անշուշտ, ընթանում է տառապանքի ոգու վերահսկողությամբ: Մեզ հետ նույն երկնքի տակ, բայց այս հատվածում են ապրում հոգեզմայլ զգացումներով օժտվածներ, նվագողներ, երգողներ, փիլիսոփայաբար մտածողներ, հարբեցողներ, անբարո վարքի տերեր, մի խոսքով, իրենց բաժին ընկածը այստեղ ապրողներ, որոնք դեմ չեն մարդկային որակներն արժեքավոր դարձնելու, սխալներ ուղղելու, կատարելագործվելու: Նրանց նկատմամբ առկա է հեղինակի ցավը և ըմբռնողական մոտեցումը յուրաքանչյուրի ցուցաբերած վարքի նկատմամբ:
Իսկ եթե հարցնելու լինենք` վերջապես, ովքեր են և 21-րդ դարի ֆոնին ինչ տեղ են զբաղեցնում, գոյության արդարացման ինչ խնդիրներ են լուծում նրանք` ջրանցքի, դոմիկի, հանրակացարանի իրենց իրականության մեջ հեղինակի կողմից ցայտուն կերտված այդ վկաները, ով է բարեգործական առաքելությամբ նրանց միջավայրն իր չափով ընկալող Ջեննին, հոգևոր պատասխանատու Թորգոմ եղբայրը, ինչ է ուզում նրանցից տառապանքի ոգին, որի անտեսանելի կերպարն իր նրբություններով գերազանց է կերտված գրքում, վերջապես, ո՞ւմ շարքում են նրանք` ամենակարգինների՞, թե՞ ագռավների, այս ու նման այլ հարցերի իմ պատասխանը մեկն է. նրանք նորօրյա քաղաքակրթության ողբերգության, տառապանքի կրակներով բռնկված խառնարանի բնակիչներն են, որտեղ մաքրվում, սրբվում են նույն կրակներով ու հույսով նայում նույն երկնքին, որին և մենք` տարբեր դիպվածներով խառնարանի կրակներից դուրս թռած ամենակարգիններս ու ագռավներս:
Ալիս Հովհաննիսյանի գրականությունը համոզում, հաստատում է, որ շարժումը գոյության հիմքն է: Նրա յուրաքանչյուր խոսք ու պատում լի է իրար միջով հոսող շարժումներով: Այն, ինչի մասին խոսվում է, հանկարծ բացվում, ընդլայնվում է աչքիդ առաջ, այլ տարածքներ գրավում, նյութի դիտարկման համար այլ կողմեր բացում, բաց չթողնելով ամենակարևորի առաջնայնությունը և պահելով ռեալ իրականությանը հավատարմությունը: Տարածական նկարագրություններ կարող եմ անվանել դրանք, որոնցով հարուստ է Ալիս Հովհաննիսյանի գրականությունը, հատկապես «Մեզ հետ` նույն երկնքի տակ» պատմվածաշարը: Հենց դա է պահի շարժումն զգալու գրողի վարպետությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։