Բանաստեղծ Զարեհ Խրախունին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացավ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» բարձրագույն պարգևին: Օրերս Երևանից պատվիրակություն ժամանեց Ստամբուլ` բանաստեղծի ծննդավայրում հանձնելու Հայաստանի բարձրագույն շքանշանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, ՀԳՄ Նախագահ Լևոն Անանյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բան. գիտ. դոկտոր, պրոֆ. Սուրեն Դանիելյանը, գրականագետ Քնարիկ Աբրահամյանը:
Պատվիրակությանը Հայոց Պատրիարքարանում ընդունեց Արք. Արամ Աթեշյանը: Զրույցի ընթացքում շոշափվեցին գրամշակութային և եկեղեցական հիմնահարցեր, ընդգծվեց պոլսահայ նորագույն գրական ջոկատի առաջնային դերը Սփյուռքի ընդհանուր համապատկերում:
Սեպտեմբերի 4-ին Պատրիարքարանի պարտեզում հարյուրից ավելի հյուրեր մասնակից եղան շքեղ հանդիսությանը, որը բացեց Արամ Սրբազանը: Նա իր գոհունակությունը հայտնեց համայնքի նշանավոր բանաստեղծի բարձր պարգևի առթիվ: Ավետիս Բերբերյանը կարդաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը և հանձնեց շքանշանը:
Տկն Տրամերյանը ընթերցեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը և բեյրութահայ արձակագիր Արամ Սեփեթճյանի շնորհավորական պատգամը: ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը բանաստեղծին հանձնեց Միության լիիրավ անդամակցության տոմսը, ապա արժևորեց նրա վաստակը: «Պատմական շրջան ենք ապրում,- ասաց նա: – Ես սա համարում եմ նաև հայ տպագրության 500-ամյակի հիշարժան ձեռնարկների շարունակությունը այստեղ` արևմտահայ գրական ոստանում»: Լ. Անանյանը շեշտեց, որ մեծ է Զ. Խրախունու դերը իբրև ազատերգու բանաստեղծի. նրա հայաշունչ երգերը մեր ժողովրդին մոտեցրել են հայոց ազատության դարավոր իղձերին:
Գրականագետ Սուրեն Դանիելյանը հանգամանալից ներկայացրեց ավագագույն բանաստեղծի ստեղծագործական հատկանիշները` ընդգծելով նրա, Ռոպեր Հատտեճյանի և Պոլսո ակնառու մյուս դեմքերի պատմական առաքելությունը, որոնք սփյուռքյան շրջանում Պոլսին վերադարձրին արևմտահայ գրականության առաջատար բնագիծը ամերիկահայ, ֆրանսահայ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի գրական կյանքի համապատկերում: Զ. Խրախունին շարունակեց այն տոհմիկ բանաստեղծական զարկերակը, որը վերցրել էր Դանիել Վարուժանից և Վահան Թեքեյանից: Այսօր իր ձեռքին է արևմտահայ նորագույն բանաստեղծության դրոշը:
Զ. Խրախունու բանաստեղծության մասնագետ Քնարիկ Աբրահամյանը շեշտեց, որ Մ. Մաշտոցի շքանշանակիր ասպետը հայ բանաստեղծությունը զգացական տարրերից ազատագրող երգիչն է, սակայն այսօր ինքը ապավինում է իր զգացական պոռթկումին:
Զարեհ Խրախունու շնորհակալական խոսքը իմաստալից էր և հուզական: Նա նշեց, որ գագաթնային է այս օրը իր կյանքում: «Ես,- ասաց նա,- միշտ հավատարիմ մնացի Մաշտոցին: Ուժս միշտ անկե առա` սկզբնավորելով առարկայական խորհրդանշապաշտության` նոր շարժումի մը գաղափարախոսությունը»: