Երևանի Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակին 2026 թվականի նոյեմբերի 2-ին արժանացավ Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ ու լիազոր դեսպան Անրի Կյունին: Նա դեսպան է եղել Հայաստանում 2002-2006 թվականներին, և հենց նրա ջանքերով էլ Երևանում հիմնադրվել է հայ-ֆրանսիական համալսարանը:
Թեքեյան մշակութային միության նախագահ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը բացման խոսքում ներկայացրեց և՛ Անրի Կյունիին, և՛ մյուս մրցանակակիրներին՝ նշելով մրցանակաբաշխության խիստ անկողմնակալ լինելը:
Անրի Կյունին մրցանակ ստացավ «Մահ գոյություն չունի» (Կոմիտաս) վեպի համար: Այն ֆրանսիական հեղինակավոր SIGEST հրատարակչությունը լույս աշխարհ է բերել 2025-ին:
Ֆրանսիացի դեսպան-վիպասանն իր հուզումնառատ վեպը նվիրում է ճանաչած, նաև չճանաչած հայերին, որոնք Կոմիտասի երգեցիկ հիշողությունն են:
Վեպը շարադրվել է որպես Կոմիտասի մենախոսություն, որն սկսվում է նրա ծննդյան օրից և հասնում մինչև մահվան պահը: Այն ամբողջովին վավերական է՝ միաժամանակ լինելով արտակարգ գեղարվեստական և ներգործող:
Գրական-փաստագրական արժեքով Անրի Կյունիի՝ Կոմիտասին նվիրված վեպը հավասարարժեք է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքին, որը 1935 թվականին լույս տեսնելուց հետո թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով:
Գիրքն ունի մի քանի դիպուկ բնաբաններ, որոնցից մեկը Կոմիտասի խոսքերն են. «Ո՞ւր եք կորցրել երգերս»: Շառլ Բոդլերի «Երաժշտությունը պատռում է երկինքը» հզոր խոսքին շարունակում են Ֆրիդրիխ Ռյուկերտի հետևյալ մտքերը.
Ես մեռա հանուն աշխարհի անկարգ
Եվ հանգչում եմ անդ, ուր կա անդորր,
Իմ բաժին երկնքում ապրում եմ մենակ՝
Իմ սիրո ու երգի մեջ լուսավոր:
Կոմիտասի երաժշտության աստվածային բնույթը ներկայացնելուց զատ, Կյունիի գիրքը ցասումնալից բողոք է ընդդեմ բռնության, հանուն հայի իրավունքների պաշտպանության: Այս առումով նրա գիրքը հավասարի իրավունքով կանգնում է հայ դատի պաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ռոմեն Ռոլանի (1915 թ.) և Անատոլ Ֆրանսի (1921 թ.)՝ հայերին նվիրված գրվածքների կողքին:
Ես Կոմիտասի մասին շատ հիացական գրքեր եմ կարդացել և ոչ միայն հայերենով: Կոմիտասի երաժշտությունն իմ մեջ է, ինչպես ամեն զգայուն հայի մեջ: Սակայն այս գրքում կարդացի փաստեր, որոնք ինձ անծանոթ էին: Դրանցից մեկն այն էր, որ Կոմիտասին դեպի մահ գնացող մտավորականներից անջատել է տվել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուն: Ի դեպ, ցեղասպանագետ Սամանտա Պաուերի «A Problem from Hell» գրքի սկզբի մի քանի տասնյակ էջերը նվիրված են 1915 թվականի հայերի ցեղասպանությանը: Գրքում կա հետևյալ երկխոսությունը Մորգենթաուի և Թալեաթի միջև: Մորգենթաուն ասում է, թե հայերի տեղահանությունը հավասար է ցեղասպանության: Թալեաթը պատասխանում է, թե Մորգենթաուն հրեա է, ինչո՞ւ է նրան անհանգստացնում հայ քրիստոնյաների խնդիրը: Մորգենթաուն շեշտում է, թե ինքը չի եկել Թալեաթի մոտ որպես հրեա, այլ որպես Ամերիկայի դեսպան (էջ 7):
Ես, որ աղջկաս հետ Հայաստանի դրոշի գույներով ծաղիկներ եմ դրել Մորգենթաուի գերեզմանին, առավել երախտագիտությամբ լցվեցի նրա նկատմամբ: Երկրորդ փաստը, որ կար Կյունիի գրքում, այն էր, որ Կոմիտասին բռնի արտագաղթի քարավանից տարել են Ստամբուլի Շիշլիի հոգեբուժարան, ուր թուրք բժիշկները նրան վտանգավոր դեղեր են ներարկել:
Շատ ազդեցիկ են նկարագրված Կոմիտասի մանկության այն տարիները, երբ որբ տղան սովորում էր թուրքական դպրոցում, ու ամեն օր թուրք տղաները նրան ծեծում էին: Մի օր էլ, ծեծի ժամանակ, Սողոմոն մանուկը սկսում է թուրքերեն երգել: Երգն այնքան թովիչ էր, որ ծեծը դադարում է, նրան այլևս չեն ծեծում: Այդ օրը Կոմիտասը հասկանում է երգի կախարդական ուժը:
Գրքում փաստական ճշգրտությամբ նկարագրված են Էջմիածնի ճեմարանում ուսանելու, Բեռլինում սովորելու, Ֆրանսիայում համերգներ տալու տարիները:
Կոմիտասը 1909-ին նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Մակլերին ասել է, որ ինքը գտել է հայկական նոտագրության գաղտնիքը՝ խազերի բանալին: Նաև փաստացի ապացուցել է, որ հայ եկեղեցու հոգևոր երգերն իրենց հիմքում ունեն հայ ժողովրդական, գեղջկական երգերը: Ահա թե Կյունիի վեպում ինչ է ասվում այդ մասին. «Հիշում էի Բեռլինը և գերմանական այն զարմանահրաշ երգչախմբերը, որոնք կայսեր մտադրությամբ պետք է նպաստ բերեին ազգային զգացումի զարթոնքին: Իմ բարեկամ Չոպանյանը և Ռոմեն Ռոլանը նույնպես, յուրաքանչյուրն իրեն բնորոշ ձևով, արտահայտվել էին ժողովրդի ու նրա երաժշտության միջև կապի մասին, ի սկզբանե հենց այդ կապն էր իմ ուսումնասիրությունների առարկան» (էջ 101):
Կյունին մի քանի անգամ գրքում նշում է, թե Կոմիտասը եղել է հանճար, իսկ հանճարների ստեղծածն անմահ է և պատկանում է համայն մարդկությանը:
Գրքում բացատրված է նաև, թե ինչու Կոմիտասը, որն այդքան սիրում էր Հայաստանը, թողեց Էջմիածինն ու մեկնեց Պոլիս: Խրիմյան Հայրիկից հետո Էջմիածնի միաբանների վերաբերմունքը Կոմիտասի նկատմամբ փոխվում է:
Նա շարունակ հիշում է իր համերգների հաջողությունը Փարիզում, նշանավոր կոմպոզիտոր Դեբյուսիի խոնարհումը իր երգի առաջ, և նա միջազգային ասպարեզ էր որոնում, բնականաբար, Փարիզի միջոցով: Նրան թվում էր, թե Ստամբուլից ինքը ավելի հեշտ կապեր կհաստատի Եվրոպայի հետ:
Վեպում չքնաղ «Կռունկ» երգի մասին ասվում է հետևյալը. «…ինձ թվում էր, թե միշտ կրել եմ այն իմ ներսում, գուցե որովհետև որբը մշտապես պանդուխտ է… Ինձ այսօր ասում են, որ երգերիցս ամենահայտնին է.
Կռո՛ւնկ, ուստի կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս…» (էջ 111):
Տեղին է նույնությամբ մեջբերել վեպի հետևյալ հատվածը. «Բաց դռան առջև երկար կանգնեցի՝ երազելով Սևանի ափերի ու լճի վրա իշխող վանքի մասին, որտեղ կարող էի շարունակել ուսումնասիրություններս լռության ու աստվածասիրության մեջ: Երազեցի այդ հանդարտ ու խոր ջրերի մասին, որ ինքնին լույս են, լեռների ճերմակ ու կապույտ հավերժության մասին: Այդ պատկերների մասին մտածելիս չկարողացա զսպել ժպիտս: Անմահություն… Մեծ երաժշտասեր մի հոգևորականի, որը հաճախ էր ինձ տեսակցության գալիս, մի օր հարցրի.
– Ասա տեսնեմ, անմա՞հ է այն գործը, որի համար մեռա:
– Դու անմահ ես, Կոմիտաս,- պատասխանեց նա» (էջ 189):
Անրի Կյունիի հրաշք վեպն ապացուցում է, որ Կոմիտասն անմահ է, և ֆրանսիացի գրողը աշխարհին, մարդկությանը հավերժորեն ի պահ է տվել Հայաստանի բյուրեղացված երգը:
Վերստին շնորհակալություն Երևանի Թեքեյան մշակութային միությանը այս վեպը հայ ընթերցողի թանկագին գիրքը դարձնելու համար:
