ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՌՈՒՄԸ ՄԵՐ ԱՅՆ ԿՈՂՄԵՐՈՒՄ / Վալերի ՓԻԼՈՅԱՆ

Մկրտիչ Մարկոսյանի «Մեր այդ կողմերը» և «Տիգրիսի ափերէն» ժողովածուները [1]

Արաքսից անդին՝ մինչև Եփրատ ու Տիգրիս, սրանցից անդին՝ մինչև Կիլիկիա ու Զմյուռնիա և անդին, մարդիկ կան՝ սակավ կամ բազում, որ իրենց դեռ հայ են համարում: Հարյուր կամ ավելի տարիներ առաջ տեղի ունեցածը մինչև վերջ չիմաստավորելով՝ պիտի փաստենք իրողությունը և ասենք, որ «գաւառներուն մէջ Հայեր կ’ապրէին, կը յամառէին ապրիլ եւ ապրիլ իբրեւ Հայ, եւ Սփյուռքը բացարձակապէս կ’անգիտանար անոնց գոյութիւնը» (Անահիտ Կարմիրյան)[2]: «Կ’անգիտանար» ոչ միայն սփյուռքը, և միայն հավատավոր խենթեր էին զգում տեր լինելու պատասխանատվությունը:

Արամ Հայկազի «Չորս տարի Քուրդիստանի լեռներու մեջ» երկը ակնարկում էր Թուրքիայի գավառներում ապրող հայերի գոյությունը, Մկրտիչ Մարկոսյանի «Մեր այդ կողմերը» և «Տիգրիսի ափերէն» գրքերը հաստատում են այս իրողությունը, և նրա պատմությունները, որ Դիարբեքիր-Տիգրանակերտի հայերի մասին են, հիշում են նաև այլ բնակավայրերում ապրող հայերի. «Տէր Արսէն, հայերու միակ քահանան, երկու օր վերջ պիտի մեկնի Խարբերդ, հոնկէ պիտի անցնի Մալաթիա, հոն հաւաքական մկրտութիւններ, հարսնիք պիտի ընէ, պատարագ պիտի մատուցանէ, քանի մը օր, թերեւս ալ քանի մը շաբաթ հոն պիտի մնայ, այդ տեղի հայերը պիտի մխիթարէ: Է՜հ, եթէ այդտեղի հայերը քահանայ մը իսկ չունին, հայ չե՞ն, անոնք խունկի հոտը, խաչին համը չե՞ն գիտեր…» (ՏԱ, 55):

Մ. Մարկոսյանը հիշողության մեջ ամբարված ամեն ինչը պատմելու խնդրառություն ունի: Թվում է՝ միագիծ պատմություններ են, սակայն արդյունքում ձևավորվում են այնպիսի պատմվածքներ, որոնք ներառում են թեմային վերաբերող, զուգահեռ կամ հավելվող պատմություններ, մանրամասներ ու մանրադեպեր, և ամբողջանում է Խանչէբեք (Գյավուր թաղ) թաղամասն իր մարդկանցով ու դեպքուդիպվածով, ազգագրությամբ ու սովորույթներով, նաև թուրք, հրեա, քուրդ, ասորի հարևաններով:

Մկրտիչ Մարկոսյանը գիտի ընթերցողին թակարդելու, իրենով անելու գաղտնիքը: Ահա «Մեր այդ կողմերը» գրքի առաջին իսկ՝ «Եկեղեցին» պատմվածքը, որ սկսվում է կիրակի օրվա պատկերմամբ: Կիրակի, ասել է՝ պատարագ, ասել է՝ եկեղեցի, ուրեմն՝ անցնենք եկեղեցի տանող ճանապարհով, տեղ հասնենք, մտնենք եկեղեցու ընդարձակ պարտեզը, որ «գրաւուած է դարձեալ աղքատ հայ ընտանիքներու կողմէ: Հոն տուն-տեղ եղած են Պայտար Հէնուշը, Ջուլհակ Սարգիսի երկու յիմար աղջիկները, Երկաթագործ Տիգրանի ութսունամեայ պառաւ մայրը՝ Ռէհան, Խեւ Ուսոն եւ ընտանիք մը որ դեռ վերջերս եկեր է Տալվորիկէն: Սա քանի մը հոգիի վրայ, երեք խենթերու համեմատութիւնը, պարզ դիպուածի արդիւնք չէ բնաւ» (ՄԱԿ, 15): Ու քանի որ խոսքը հասել է խենթերին, մասնակի անդրադարձ կա նրանց. «Այստեղ կան վաւերական խենթեր, կան կէս խենթեր, կան խենթուկներ, կան նաեւ խենթ ձեւացողներ, որոնք կը կազմէն այս քաղաքին պելալներու՝ փորձանքի դասակարգը» (ՄԱԿ, 16):

Եկեղեցին պատերազմի տարիներին զորանոց է եղել, «եւ դեռ նոր պաշտամունք կը կատարուի հոն. պատերը դեռ չեն յագեցած խունկի հոտէն» (ՄԱԿ, 16): Համեստ է եկեղեցու կահավորանքը. «Եկեղեցիին պատերէն վար կախուած են քանի մը սուրբի դեմքեր, որոնց երեսէն ժամանակը լիզեր է իւղաներկը» (ՄԱԿ, 16): Պատարագի ենք եկել, ուրեմն լսենք քահանայի քարոզը. «Ըսօր Սուրբ Լուսէւորչի տօն է: Գրիգոր Լուսէւորիչէ միր ըմմունին մինծն է: Ըն էտին Տրդէտ թէգեւուր իկէ. ընի Գրիգոր Լուսէւորչին ըսեց կրօնքդ ինքար էրէ, չէ վըր չէ քըզի խոր վիրապ կը նետեմ, եանէ, զընտան կը թէպլիմ… Գրիգոր Լուսէւորիչ լե հեւէտքը ինքար չէրից, գնէց խոր վիրապ նստէւ և իննը տերի հօն մնէց աչ սուսուզ…<անոթի, ծարավ>» (ՄԱԿ, 17): Պատարագը թե վերջացավ, հանդիպումը չվերջացավ, և ընթերցվում է նվիրատվությունների ցուցակը, ի մասնավորի՝ «Գասպար Եէմէնիճեան մէկ օսկի ժէմուն, տասը օսկի տէրտէրին, մէկ օսկի լէ լուսէրէրին.. Եւ այսպէս կը կարդա երկար շարք մը… Քահանային այս բարբառը ժողովուրդին համար պաշտօնական հայերէն աշխարհաբարն է: Իսկ երբ պատահի որ վարդապէտ մը քանի մը տարին անգամ մը գայ, նախագահէ արարողութեան եւ խոսի մաքուր աշխարհաբարով, ժողովուրդը զայն երկիւղածութեամբ մտիկ կ’ընէ իբրեւ գրաբար, որմէ բան մը չըսի հասկնար թէեւ, բայց չէ՞ որ Աստուծոյ խոսքը գրաբարով իջաւ իրկինքէն…

Նախանձելի հաւատք, երանելի ժողովուրդ» (ՄԱԿ, 17-18):

Այսպես մտնում ենք մի գրաշխարհ, որից անմիջապես ելքը հակացուցված է, պիտի հասնենք գրքի վերջին հանգրվանին, ասել է՝ ճանապարհ ենք անցնելու: Նախ հասնելու ենք Տիգրանակերտից մեկուկես ժամ հեռու գտնվող Սաթի գյուղ: «Գիւղին ամբողջ հարստութիւնը՝ փոքր աղբյուրի մը գլուխը, թզենիի մը հողէն դուրս ելած երկու խաչաձեւ արմատներն են» (ՄԱԿ, 19): Այստեղ հասնում են ոչ միայն ծեր ուխտավորները, այլև երիտասարդները, քանի որ հարմար ժամադրավայր է, հանդիպավայր, ուրեմն և՝ ասեկոսեի առիթ, կռվատեղ, քանի որ «երիտասարդ Նաւօ մը եւ երիտասարդ Աւօ մը առանց գիտակցութիւնը ունենալու՝ սիրահարած կ’ըլլան Սաթօյի մը», և քիչ անց «Ճչոցներու մէջ կա՛մ Աւօն, եւ կա՛մ Նաւօն կը վիրաւորուի: Այսպէս՝ սուրբի պատկերը անգամ մը եւս կը լուացուի արիւնով: <…> Սուրբը կը խմէ արիւնը մարդոց… կը խմէ արիւնը աքլորներուն… կը խմէ արիւնը ոչխարներուն եւ դեռ անյագ կը մնայ եւ կը սպասէ յաջորդ տարուն անթիւ զոհերուն» (ՄԱԿ, 22, Անյագ սուրբը):

Հաջորդում է «Հարսանիքը», որ ծեսի նկարագրություն չէ, այլ՝ սիրահարների, ապագա հարսների ու առկա հարսների գնահատություն է տարիքն առած կանանց կողմից՝ համով-հոտով, բարբառախառն պատմված: Ու արդեն տեսանելի է դառնում «Մեր այդ կողմերը» ժողովածուի մեջ ներառված պատմվածքների թեմատիկ հերթագայության հեղինակային նախասիրություն-սկզբունքը՝ ծնունդից մինչև մահ, մանկական նախնական տպավորություններից մինչև ավելի հասուն տարիների հիշողություններ: Նույն սկզբունքը կա նաև «Տիգրիսի ափերէն» ժողովածուի «Գաւառական» բաժնում: Մարկոսյանի գործերին հարաբերվելիս այն տպավորությունն է ձևավորվում, թե գործ ունես ոչ թե պատմվածքների, այլ՝ պատկերների հետ, քանի որ արտաքին գործողության նկատելի պակաս կա, սակայն երբ շփումը շարունակվում է, և տեսանելի է դառնում հուշի ու սիրո սքանչելի խմորումը, այլևս հարցը գլխիկոր հեռանում է՝ զգալով իր ավելորդությունը:

Մարկոսյանը Մնձուրու աշակերտն է և օրինական իրավահաջորդը: Եվ Մարկոսյանը, թերևս, Մնձուրուց է սովորել պատմվածքն ավարտելու արվեստը, երբ մեկ-երկու նախադասությունը հավաքում, ամբողջացնում և վերջակետում է պատումը՝ նրա համար ապահովելով նորավեպին բնորոշ հանգուցալուծում: Օրինակներ հիշենք Մնձուրուց. «Առջինեկ» պատմվածքում դաշտում մեն-մենակ ծննդաբերած հարսը մի կերպ հայրական տուն է հասնում և ուշաթափվում. «Երրորդ օրը մայրս կիմանա, որ չեմ մեռեր, ողջ եմ, աղջիկ չեմ, տղա եմ»[3]: «Փշատիին ծաղիկը» պատմվածքում արդեն նշանված սիրահարների անմեղ հանդիպման վկան փշատի ծաղիկն է եղել, որ «մատնել է» հանդիպման փաստը, և «Փշատիին ոսկեգույն ծաղիկը գետինը ինկած տեղը մնացեր էր»[4]: «Մինաս քեռիին հինգ կնիկները» պատմվածքում Մինաս քեռու կանայք հերթով մահանում են, և նա հինգերորդ անգամ է ամուսնանում, սակայն «Այդ տարին դեղնություն մը եկավ Մինաս քեռիին վրա: Այս անգամ կարգը Մինասինն է՝ ըսին: Անանկ ալ եղավ: Ինք մեռավ, Խնկո քեռկինը ապրեցավ»[5]:

Եվ վերադառնանք Մ. Մարկոսյանի գործերին. «Ու սկսանք լալ» պատմվածքում տասնամյա հեղինակն իր հորաքրոջ մանկահասակ տղայի՝ Զավենի հետ գնում է թռչունի որսի, որ որսը բերի հիվանդ տատի համար: Որսում են երկու թռչուն՝ մի ճնճղուկ և մի թութի թռչուն, սակայն խախտել են հայրական պատվերը՝ արևը մայր չմտած տանը լինել: Այդ պատճառով էլ պատժվում են, և որսը բաժին է հասնում տան Մեստան կատվին. «Մեր արցունքներուն մէջ Մեստանը փորը կշտացուց: Այդ օրէն վերջ չսիրեցի մեր Մեստանը… Երկու օր վերջն ալ մեծ մայրս մեռաւ» (ՄԱԿ, 47): «Թումասին աղջիկը» պատմվածքն առաջին սիրահարության մասին է, իսկ առաջին սերն առաջին հացի պես միշտ կուտ է գնում: Տարիներ անց «Կինս յղի է, եթէ աղջիկ ծնի, անունը Շուշան դնե՞մ…» (ՄԱԿ, 67): «Քը՛խ Սիլվա» պատմվածքն էլ է պատանեկան հրապուրանքի մասին. հրապուրանքը փոխադարձ է, և աղջիկը մի թաշկինակ է նվիրում՝ «չորս անկյունն ալ իմ անունիս գլխագիրը՝ «Մ» տառը կար. չորս կողմը մէյմեկ մէն… Հասկցայ… Ըսել էր, թէ Սիլվան ինծի չորս անգամ աւելի զարնուած էր» (ՄԱԿ, 157): Բայց թաշկինակը՝ մարխաման, օգտագործվում է իր ամենաուղղակի նշանակությամբ, այնինչ «պէտք էր չորս անգամ համբուրե՜մ ու սրտիս վրան սեղմե՜մ»: Եվ ավարտը. «Մեր սիրոյ խաղը, մեր զէրկուելու խաղը արեան կարմիր գոյն ունէր, մոխրագոյն դարձաւ: Այդ մոխիրներէն որպես յիշատակ երկու բան միայն մնաց. մեր անունները՝

– Եալանչի Մկօ…

– Քըխ Սիլվա…» (ՄԱԿ, 159):

«Էրթէ չէրէ, իգէ բէրին» պատմվածքում Քեժոն վեց աղջիկ ունի և սպասում են յոթերորդին: Վեց աղջկա դեպքում այն օրերին (և հիմա) դիմում են աղոթքի զորությանը, հմայախոսության, գրբացության, կախարդանքի… «Օր մըն ալ Փրուշ Պաճօն, Թոփալ Թիւմէն եւ Էղսօ Պաճօն որոշեցին, թէ Խաչխաթունը այդ գարնան պէտք է անպայման «տղէ մի» ծնի: <…> Ելան գացին խենթ Աղաւնիին. սա պառաւ մըն էր, կատարյալ խենթ <…> խենթի մը աղօթքը երբեմն հազար խելացիի աղօթք կ’արժէր» (ՄԱԿ, 118): Եվ սկսվում է գործողությունը. Աղավնին եկավ, «նախ իր փորը կշտացուց Խաչխաթունի եփած մալէզով, յետոյ ալ պաստեղով», ապա պահանջեց հմայության համապատասխան պարագաներ՝ «Սուխ տուեցէ՛ք», «Դենէկ մի բերեցէ՛ք», «Բրդօ մի հէց տուեցէ՛ք» (հացն անպայման պիտի չոր լինի), «Բուռ մի էղ բերեցէ՛ք», «Թէ՛զ կրէկ վառեցէ՛ք»: Այս ամենից հետո երկար աղոթում է Աղավնին: «Ու աղօթքի ավարտին՝ Աղաւնին գնաց բուռին մէջի աղը կրակին վրայ նետեց: Աղը չզրտաց: Աղաւնին այս անգամ լսելի ձայնով խոսեցաւ:

– Էրթէ չէրէ, իգէ բերին… Էրթէ չէրէ, իգէ բերին…

<…> «Երթա չարը, գայ բարին» մաղթանքը երբ լմնցաւ, հացն ու սոխն ալ՝ Աղաւնիի գրպանը մտած էին արդեն:

Աղաւնին վերջին պահուն իր խենթութիւնը անգամ մըն ալ փաստեց ու դանակը տարաւ հորին մէջ նետեց: <…> Բայց «չէրէ չգնէց, բէրին լէ չէկէւ…»: Յաջորդ գարնան՝ Խաչխաթունի եօթերորդ զաւակն ալ աղջիկ ծնաւ… Իսկ Քեժօն այս արարողութիւնէն երբեք լուր չունեցաւ:

Մեր Տիգրանակերտի երկինքին վրայ բազմած Մեծն Աստուած այս անգամ Քէժօյի ականջը ինչ ըսաւ կամ ինչ «զուրցից», չենք գիտեր, բայց Քէժօն «հերիք է», ալ կը բաւէ ըսաւ ու վերջին աղջկան անունը Աղաւնի դրաւ» (ՄԱԿ, 121):

«Կեավուր Մեհլէ» պատմվածքը, ինչպես շատ ուրիշներ, իսկական գլուխգործոց է: Այստեղ իրար են նարոտվում դիպվածը, պատմողի վարպետությունը, նրբին հումորը, ավարտի գերագույն ներդաշնությունն ու անհուն տխրությունը, մարդասիրությունը, իրողություններ, որ իրավ անբաժանելի են խոսքարվեստի գործերից:

«Խչէ Պաճօն» «Կիւզէլենց Մարիամի» սկեսուրն է, սակայն «Մարիամը Խչէէն առաջ մեռաւ» (ՄԱԿ, 39): Եկեղեցու ժամկոչ Ուսոն, երբ իմանում է բոթը, կոչնակ է զարկում, և «կոչնակին խուլ ձայնը սկսաւ տարածուիլ ամբողջ Տիգրանակերտի նեղ փողոցներով <…> կոչնակի ղողանջը կ’երթար բոլոր հայերուն ականջը, կը կախուէր անոնց պաղէն կարմրած բլթակներէն ու կ’ըլլար հարցում» (ՄԱԿ, 40): Ապա «Ուսօն իր կարճուլիկ հասակովը ձիւներու մէջ կը գլորուէր, կ’երթար մինչեւ Կէավուր Մէհլէ՝ երբեմնի թաղը հայերուն, ուր մնացած էին մի քանի ընտանիք եւ մեյ մըն ալ անունը՝ Կեավուր Մէհլէ» (ՄԱԿ, 42):

Երկու օր տևած սգո արարողությունից հետո «Մարիամի դիակը յանձնուեցաւ հողին» (ՄԱԿ, 42): Պատմվածքի ավարտը հյուսելիս հեղինակն ինչպես է կարողանում ամեն ինչ ներդաշնակել իրար՝ չմոռանալով ոչինչ. «Շատ բազմութիւն կար եկեղեցւոյ մէջ: Տիգրանակերտի բոլոր հայութիւնը ներկայ էր, բացի Տէխտեկէ Պէկէս Վանէսին: Ան կիրակիէն զատ երբեք խանութը չէր գոցեր…

Ու Մարիամը տարին թաղեցին իր վեցամսեայ աղջկան թարմ գերեզմանին քով, քիչ մըն ալ քուրտ անվարտի փոքրիկներուն հաց ու հրուշակ բաժնելով…

Մարիամը, Կիւզէլենց նազելի Մարիամը, երբ հողին հետ մնաց առանձին, կոշկակար Թումաս սկսաւ կրկին տրեխ կարել, երկաթագործ Տիգրան՝ կղպանք շինել, կլայագործ Նշան՝ նարտ խաղալ իր դրացի կնքահայր Յակոբի հետ… Այդ գիշեր անքուն էին երկու հոգի: Մէկը վարպետ Սգոն էր, Մարիամին ամուսինը, միւսը՝ Խչէն…

Սգոն երբ գիշերը անկողին մտաւ, մէկ կողմը պզտիկ տղան Տիգրօն, միւս կողմը ութամեայ աղջիկը Սէթօն կը քնանային: Իսկ ինք, մօրը հետ միասին, իր պառկած տեղէն, սենեակին աղոտ լոյսին մէջ կը դիտէր պատէն կախուած, դեղնած նկարը Մարիամի… Դուրսը, Տիգրանակերտի նեղ փողոցներուն մէջ, երբ Սուրբ Սարգիսը իր ճերմակ մօրուքը կը սանտրէր, Մարիամը իր տաք անկողինը, վարպետ Սգոյի տաք գիրկը կը փնտռէր…» (ՄԱԿ, 43):

Միանշանակ երգիծական բնույթ ունի «Օսկերիչ Սերոբը» պատմվածքը: Բայց ամեն ինչ իր հերթով. «Այդ առաւօտ երբ Գառնոյենց էշը ամէն ատենուան պէս զռաց, Լուսիե պաճօն հասկցաւ թէ առտուան ժամը վեցն էր: Լուսիե պաճօն փորձով գիտէր նաև, եւ երբ իշուն նոյն ժամուն զռալը վերջանար, անոր անմիջապէս պիտի հաջորդէր Գառնոյի ծերացած եւ տեղ-տեղ ալ կուրծքի փետուրները թափած դեղին կտուցով աքլորին աղոթքը՝ «Առաւօտ լուսոյն»» (ՏԱ, 15):

Ավանակի և աքաղաղի այս փոխասացությունից հետո Լուսիե պաճոն գործ ունի՝ Մշակ Սարգսի և Լուսիե պաճոյի չորրորդ և առաջին մանչ զավակի «ակռահետիկը»-ատամնահատիկն է նշվելու, որին ներկա են լինելու բոլոր ազգականները, դուռ-դրացիները. «Էղսօ պաճօն, Թոփալ Թիւմէն, Կիւզէլենց Մէյրօն, Նալպանտենց հարսը՝ Աղկիկ Խանըմը, Հեճի Մաման, Փրուշ պաճօն, Լաստիկցի Էղուշին պոլսեցի կինը, կամ շպարուած երեսով պտտելուն պատճառաւ, բուն անունովը՝ Երեսը պօյալի Ժանեթ խանըմը, Պօզանենց Ալմաստը, Տէր Արսէնի կինը՝ գիրուկ երէցկինն ու աղջիկները, պայտար Խեւ Հենուշին կինը՝ Կլոր Էննէն, Խլինքոտ Ռոզինը, Խեւ Մարօն, Աղաճանենց Վերժին քոյրիկը, դեղագործ Քելտանի Ճիրճիսին կինը՝ Էրշելուս պաճօն, Սուրեանի Ֆէհիմէ խանըմը, դրացիներէն Վերգօ պաճօն, օղորմած-հոգի Թումեսին կինը՝ Էստղիկ պաճօն, Իսփիրթօճի՝ ալքօլամոլ Սերգիսին կինը՝ Դեղրեր Մերգրիտը, Հրէտանցի Խալոյի հարսը՝ Էրուս պաճօն, Լուսարար Էստուրին կինը՝ Վերգօն ու մայրը՝ Փոթորիկ պաճօն եւ վերջապէս՝ Ֆաթմա պիպին: Այս վերջինը Լուսիէ պաճօյին մօտիկ ազգականն էր: Առաջին աշխարհամարտի այդ անիծեալ եւ մութ օրերուն, տեղահանութեան ու Մեծ Եղեռնի օրերուն Աննա անունով փոքր աղջիկ՝ ճամբայ ելլելէ յետոյ… Եւ ի՜նչ ճակատագիր. տարիներ վերջ երեւան կ’ելլէ այս անգամ որպէս մօլլայի մը՝ կրօնամոլ քուրդ շէյխի մը կինը եւ անունով՝ Ֆաթմա: Ան սեւ չարշաֆի մը, սեւ լաչակի մը ետին իր ճերմկած մազերուն եւ ճմռթկած՝ ակօսացած ճակտին, սեւ ճակատագրին մէջ թաղած էր իր մութ անցեալը: Տարին մէկ-երկու անգամ, Զատկին կամ Կաղանդին կ’այցելէր իր ազգականներուն եւ տան մէջ մեծ խնամքի ու յարգանքի առարկայ կը դառնար» (ԵԱ, 18-19):

Որևէ մեկին չմոռանալով իրականացված այս մարդահամարն ասես սկզբունքային է հեղինակի՝ Մկրտիչ Մարկոսյանի համար. նրանք մարդիկ են՝ անհատականություններ, նրանք ժողովուրդ են: Այս սկզբունքը պարտադիր է նաև մյուս գործերում, մասնավորապես՝ «Մեր Անունները» պատմվածքում, որտեղ հիշվում է «մեր այդ կողմերում» երեխաներին անվանակոչելու իրողությունը. «Երբ կարգը կու գար երեխայի անունը ճշդելու, մենք գիտէինք թէ, անիկա եթէ մանչ է, առհասարակ կ’անուանուէր Տիգրան» (ՄԱԿ, 123): Եվ հիշվում են Տիգրանները՝ Խեւ Տիգրէն, Նոնոյենց Տիգրէն, Վանէսենց Տիգրէն, Տիգրոյենց Տիգրէն…, «Տիգրաններէն վերջ երկրորդ կարգի վրայ Տիրանները կու գային: Թիւմէսենց Տիրէն, Էրկան Տիրէն, Բօթբեր Տիրէն, Ցէխէւիլ Տիրէն, Հէրսոտ Տիրէն եւ ուրիշներ…» (ՄԱԿ, 124), ապա հերթը գալիս է Խաչօներին՝ Տէմըրճի Խաչօ (հեղինակի մորեղբայրն է), Դդում գլուխ Խաչօ, Եէմէնճի Խաչօ (կոշկակար Խաչո), Օսկերիչ Խաչօ, Քոռ եւ Քեչել Խաչօ, Խնամի Խաչօ… Չմոռանանք հայոց թաղամասի գլխավոր տատմեր-մանկաբարձ Քուրե Մամային՝ «իր կարմիրի ներկուած երկար մազերուն իւրաքանչիւր թելին չափ հայ մանուկներու ծնունդը իրականացուցած դայակը» (ՄԱԿ, 125):

Ինչպես այդ կողմերում, այնպես էլ այս կողմերում ատամնահատիկի արարողությունը համարյա նույնն է, և «կարգը եկած էր շատ աւելի կարեւոր միւս, բուն գործին» (20): «<…> Սերոբին առջեւը այս անգամ դրին զանազան առարկաներ՝ ինչպէս՝ մատիտ, գիրք, սանտր, հայելի, ոսկի ապարանջան, մանեակ, սղոց, գամ, ծեփիչ, պայտ, մկրատ, ունելի, մախաթ, ասեղ եւ դեռ ուրիշներ» (ՏԱ, 21):

Եվ Սերոբս ընտրում է ոսկի ապարանջաններից մեկը: Հյուրերի մեկնելուց հետո Լուսիե պաճոն սպասում է Գառնոյի էշի զռռալուն, որովհետև փորձով գիտի, որ նույն պահին իր ամուսին Մշակ Սարգիսն է փողոց հասնելու, իսկ ինքը նրան աչքալուսանք է տալու՝ երբ Սերոբը մեծանա, նրան ոսկերիչի մոտ աշկերտության են տալու: Պատմվածքը վերնագրված է «Օսկերիչ Սերոբը», ասես սա արդեն կատարված-ավարտված գործողության արդյունք է: Բայց ինչքա՜ն սեր ու ժպիտ կա, քչով ապրելու համառություն:

Հրանտ Մաթևոսյանն իր մանկության տարիների մասին խոսելիս հաճախ է օգտագործում «ժամանակներն աղքատ էին» կապակցությունը: Մաթևոսյանն ու Մարկոսյանը համարյա տարեկիցներ են, և Արաքսի այս ու այն ափերին նույն աղքատ ժամանակի մեջ ապրած մարդկանց համար կարևոր է դառնում աղքատությունից, դառնությունից, մութից լույս կորզելու կարողությունը:

…Հրետանը հեղինակի նախնիների ծննդավայրն է, հեղինակի սովորած երրորդ բառը «պու»-ջրից և «փեփե»-հացից հետո: Հրետան հատուկ անունը սովորեցրել է հեղինակի Սարգիս հայրը, որովհետև «հայրս՝ Սգէն, մայրս՝ Խնօն, մեծ հայրս՝ Խալօն, մեծ մարիկներս՝ Սենեմն ու Սարօն, էմմէս՝ հօրաքոյրս Միրյէն, տայիս՝ մօրեղբայրս Խաչօն եւ Առաջին Աշխարհամարտի այդ անիծյալ օրերուն՝ Մեծ Եղեռնին կորսուած, միմիայն իրենց անուններով ինծի ծանօթ մեծ հայրս Մկրտիչը, հօրեղբայրներս Աբրահամը, Նշանն ու Խաչատուրը, բոլորն ալ հոն ծնած էին, հոն՝ Հրէտանի մէջ, ու յետոյ ցիրուցան եղած… կամ մօրս ասացուածքով պերտան-պերտան եղած էին, այսինքն՝ կտոր-կտոր, հոս ու հոն… Յետոյ այդ կտորներէն միմիայն մէկ մասը ճակատագրական անիմաստ, լեղի եւ դառն խաղերէ, ինչ ինչ ելեւէջներէ յետոյ, այս անգամ ալ կրկին բրդոն բրդոն զիրար գտած էին տարիներ, տարիներ յետոյ… ու Հրէտանը իրենց համար մնացած էր անուն մը որպէս մասունք, որպէս սուրբ…» (ՏԱ, 27-28): Հրետանը նաև դարձել է համեմատության կայուն եզր ամեն ինչի համար՝ թզի, թթի… Հրետան պապենի երկիրը դարձել է համբույր, կարոտ, դարձել է խաչքար…

Մ. Մարկոսյանի պատմվածքներում միշտ ինչ-որ բան ավարտվում է կամ մարդու (մարդկանց) երկրային կյանքը հասնում է հանգրվանին, սակայն նրանք մշտական ներկայություն են: Եվ ինքն իր ընտանիքն ու կորսված մանկությունն է փնտրում՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ սփյուռքահայ գրականությունը նախկին (կարոտի) ու ներկա (նահանջի) կորուստների արտահայտություն է, նաև՝ 1915-ին կանգ առած ժամանակի ու հարափոփոխ տարածք «կեղծ հայրենիք»-սփյուռքի (ձևակերպումը Ն. Սարաֆյանինն է) գրականություն: Մկրտիչ Մարկոսյանի գրականության մեջ նախնիների ծննդավայր Հրետանը փոխվում է Տիգրանակերտի Խանչեբեք (Գյավուր թաղ) թաղամասի, ապա «եկած է Ստամբուլ», ապա հասել է անդենական աշխարհ՝ Պոլսի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատուն: Այսօր ինքը ներկաների մեջ չէ. ինքը հավերժական ներկայություն է, Հակոբ Մնձուրուն հաջորդածը և վերջինը: Վերջինը լինելն էլ մեծ պատասխանատվություն է: Այլևս չկան նրա կերպարները ձևավորած մարդիկ. նրանք՝ որպես կերպար, ապրում են գրի պայմանականության մեջ, բայց կան այդ մարդկանց հաջորդած սերունդները: Բայց ո՞րն է այս մարդկանց հայ մնալու առեղծվածը: Մի կարգին լեզու չունեն. խոսում են բարբառով, որ կամաց-կամաց ծվատվում է թրքերենի, քրդերենի, զազայերենի ներգործությունից, մի կարգին պատարագ չունեն. եկեղեցին հանդիպավայր է, ինչ-որ խորհրդավորի հետ հաղորդակցվելու ասպարեզ. մեր օրերում «<…> եկեղեցական արարողութիւններ ալ տեղի կ’ունենան տաղաւար տօներուն եւ բացառիկ այլ առիթներով» (ՏԱ, 189): Եկեղեցում գլխավոր գործող անձը «Հէյր Էբրէհէմն» է, որն էլ կերպափոխվում է այլուր Աստծո՝ հացի կամ էլ վերափոխվում է անձրևի: Այս մարդիկ լույսի պաշտամունք ունեն, մի կարգին կենցաղավարություն չունեն. աղքատ ժամանակը դրա հնարավորությունը չի տալիս, բայց ունեն ապրելու համառություն և վերարտադրվելու բնազդ, ունեն ծննդավայրի և արմատների հիշողություն, ունեն ոգի, այնինչ՝ «Այստեղ գիրքը փակւած է վաղուց: Երեսի վրայ թողած: Դարձրած: Ալիքը խուժել է քարերի տակ: Ոչինչ չի ծփում: Ոչ ոք չի կանչում»[6]: Այդ թաքնված, ներս գցած ոգին արթնացնելու պահանջը կա, այդ ոգին արթնանալու ցանկություն ունի, այլապես քնով կանցնի ու կմարի, այդ ոգին արթուն պահելու համար կանչող Ձենով Հովան է պետք:

[1] Մկրտիչ Մարկոսյան, Մեր այդ կողմերը, «Արաս» հրատարակչություն, Է տպագրություն, Ստանպուլ, 2023, և Մկրտիչ Մարկոսյան, Տիգրիսի ափերէն, «Արաս» հրատարակչություն, Գ տպագրություն, Ստանպուլ, 2023: Այս գրքերից հղումների դեպքում շարադրանքի մեջ կնշվի գրքի վերնագրի հապավումը՝ ՄԱԿ, ՏԱ, և համապատասխան էջը:

 

[2] «Հառաջ»-միտք և արուեստ, Փարիզ, 1988, 63-րդ տարի, 5 յունիս, կիրակի, թիւ 128 (16765): Մեջբերումն ըստ Ք. Աբրահամյանի «Գրական հորիզոնի ներքին շերտերում» գրքի մեջ (Եր., ՎՄՎ-Պրինտ հրատ., 2022) ներառված ««Մեր այդ կողմերի» գեղարուեստական քննութեան փորձ» հոդվածի (էջ 208-217), ուր հեղինակը, անդրադառնալով Հ. Մնձուրի-Մ. Մարկոսյան գրական առնչություններին, կարևորում է հեղինակային ես-ի ներկայությունը Մ. Մարկոսյանի արձակում, գեղարվեստական ու ազգագրական տարրերի հարաբերակցությունը, երգիծանքի արտահայտությունը և այլ հարցեր:

 

[3] Հակոբ Մնձուրի, Երկեր, Եր., «Սովետական գրող» հրատ., 1986, էջ 360:

 

[4] Ն. տ., էջ 236:

 

[5] Ն. տ., էջ 286:

 

[6] Կ. Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Եր., «Սարգիս Խաչենց. Փրիթինֆո», 2010, էջ 249:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։