Հայտնի է, որ պատմավիպագրության ամենակարևոր հատկանիշներից մեկը նրանում արտացոլված պատմական փաստերի, դեպքերի և իրողությունների արդիական արձագանքների կամ պատմական դասերի առկայությունն է: Հարցազրույցներից մեկում Պերճ Զեյթունցյանը նշել է, թե «Պատմավեպն ինձ համար գրվում է այն դեպքում, երբ էական առնչություններ ես տեսնում քո ժամանակի և պատմության միջև, և դրա միջոցով փորձում ես քո ժամանակի խնդիրները լուծել»: Հենց այդ նպատակադրմամբ է գրված նաև արդեն մի քանի պատմավեպերի հեղինակ, արձակագիր, հրապարակագիր, հեռուստալրագրող Բակուրի (Բորիս Կարապետյան) նոր պատումը՝ «Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաները» վեպը (Ե., «Շուշի հիմնադրամ» հրատ., 2021): Այն ընդգրկում է Ավարայրի նշանավոր ճակատամարտից հետո ընկած մի քանի տասնամյակների (488-528 թթ.) պատմական ժամանակաշրջանը, որն, ըստ էության, իր հանգուցալուծումներով նույնքան բախտորոշ ու ճակատագրական եղավ հայ ժողովրդի համար:
Արձակագրի ուշադրության կենտրոնում պարսից երկու արքայից արքաներն են՝ հորեղբորորդիներ Կավատն ու Ջամասպը, որոնք, սակայն, տրամագծորեն հակառակ լինելով իրենց մարդկային էությամբ և ազգի ու պետության առաջնորդի նկարագրով, միմյանց հաջորդելով պարսից գահի վրա, կանխորոշում են ոչ միայն Իրանի, այլև հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի ու Աղվանքի պատմական հետագա ընթացքը: Մարդկային էության շեշտադրումը պատահական չէ, քանի որ, ինչպես և բացահայտվում է վեպի ընթացքում, երկրի և պետության ղեկին հայտնված անհատի դեպքում, այն ունենում է շատ կարևոր, երբեմն մինչև անգամ անդառնալի, ճակատագրական ազդեցություն ու հետևանքներ: Ըստ այդմ, երկի սկզբում արձակագիրը ներկայացնում է գլխավոր հերոսների հենց ա՛յդ հատկանիշները՝ ընդգծելով դրանց տրամագծորեն հակադիր լինելը: Ջամասպը երկու տարով փոքր էր հորեղբորորդի Կավատից, որին «մի քանի ամիս առաջ էին մեծ փրկագնով ետ գնել էֆթալիտներից (իմա՝ լեռնական հոներից – Պ. Դ.): Չորս տարի նրանց մոտ գտնվելով, Կավատը յուրացրել էր սպիտակ հոներին յուրահատուկ վայրենաբարո կյանքը»: Նա հոներից սովորել է ընդամենը այն, որ «նրանց թագավորը կյանքում գիրք կարդացած չկա ու տառերն էլ չգիտե, բայց Էրանի կայսրությունից ոչ պակաս հսկա կայսրություն է իր ձեռքին պահում»: Կավատի ճիշտ հակապատկերն է Ջամասպը, որի մասին Կավատն ինքն է խոստովանում, որ նա «շատ է կարդում, գիտուն է, խելոք է դատում»: Նաև ուժեղ է, բարձրահասակ ու մարմնեղ… Բայց «ումի՞ց է ժառանգել այդ ամենը» հարցը մի որոշ ժամանակ տանջում է նրան: Ի վերջո, պարզվում է՝ Ջամասպի մայրը հայուհի է, ունի քեռիներ՝ նույն արժանիքներով… Եվ Կավատի մեջ փոքրուց արդեն ծնվում է վրեժի զգացումը. «Արքա կդառնամ ու ցույց կտամ նրա տեղը, Զարմիհր-Սոհրան՝ քեռիս, ասում է, որ շուտով կնստեմ գահին»: Կրթության և դաստիարակության դերը պետությունների ճակատագրում շեշտվում է նաև արքայից արքա Վաղարշակի և Ուսուցչապետ Ֆարազմանի զրույցի այն հատվածում, երբ արքան հայտարարում է. «…քսան տարի հետո թե ինչ կլինենք, նաև դպրոցից է կախված»: Իսկ Ֆարազմանը Կավատի վերը հիշատակված պնդմանը, թե հոների թագավորը «կյանքում գիրք կարդացած չկա», բայց հսկա կայսրություն է ղեկավարում, պատասխանում է. «Դրա համար էլ հոների կայսրությունը ինչպես ծնվել է, այնպես էլ կմարի: Թալանի վրա հենված պետությունները երկար կյանք չեն ունենում»:
Մարդկային-անհատական հատկանիշներն իրենց վճռորոշ ազդեցությունն են ունենում նաև պետությունների սոցիալ-հասարակական կյանքի վրա: Կավատը, օրինակ, այդ հարցում լիովին վստահում է իր համախոհներից մոգ Մազդակի ծայրահեղ պոպուլիստական գաղափարներին, ըստ որի՝ «հողը պետք է համահավասար բաշխվի բոլորին», նույնիսկ «ընտանիքը, երեխաները, ունեցվածքը պետք է ընդհանուր լինեն»: Եվ վճռական է իր որոշման մեջ. «Ես արքայից արքա կդառնամ ու հենց Մազդակի մտքերը իրականություն կդարձնեմ»: Նա մտածում է, որ նման հրապուրիչ խոստումներով սնելը ժողովրդին հնազանդ պահելու և իր ուզած ձևով հեշտորեն կառավարելու լավագույն միջոցն է: Այդ գաղափարին դեմ է, սակայն, Ուսուցչապետը, որի դատողությունները զերծ չեն նաև հեգնանքի տարրերից: «Երևի Մազդակը մրջյուններից է սերտել հավասար ապրելու գաղափարը,- հակադարձում է նա: – Բայց /…/ մարդը մրջյուն չէ: Մարդը /…/ անհատական, ոչ հոտային զգացումով օժտված էակ է, որին Աստված ստեղծել է իր ընտանիքի հետ, պատվիրել, որ հանրության հիմքը ընտանիքն է. կինը, երեխաները, հետո միայն համայնքը, պետությունը, կայսրությունը»: Ավելին՝ նա նույնիսկ զգուշացնում է, որ «Աստծո սահմանած կարգը խախտելը կկործանի մարդկանց հասարակության կարգը»: Ապա նաև՝ ի պատասխան Կավատի առարկության, թե «Մեր կայսրությունը այնքան հզոր է, որ ոչինչ չի կարող խարխլել նրան», արձանագրում. «Մարդկանց պատմության ընթացքում ոչ պակաս հզոր կայսրություններ են կործանվել, /…/ ու բոլոր կործանումների պատճառը ներքին անառողջ վիճակն է եղել…»:
Ի վերջո, գալիս է մի պահ, երբ Կավատն ու իր համախոհները հնարավորություն են ստանում իրագործելու իրենց գաղափարները: Վաղարշակ արքայի հակառակորդներից՝ «Իրանի յոթ ամենաազդեցիկ տոհմերից մեկի՝ Կարենի նահապետ», վեզիր Զարմիհրը հայտարարում է, թե «Արքայից արքան այլևս իրավիճակին չի տիրապետում, բանակը նրան չի ենթարկվում»: Եվ ահա, քիչ անց, Նովրուզի տոնին, կատարվում է սպասված իշխանափոխությունը՝ Կավատը նստում է արքայական գահին: Հեղաշրջման գլխավոր դերակատարներից էր մոգ Մազդակը, որի սոցիալական գաղափարները սկսում են տարածվել կայսրության բոլոր անկյուններում: Անվտանգության նկատառումներով կուրացված Վաղարշակ արքան մտածում է, որ իր վրա «մեծ մեղք» է վերցրել, որ ժամանակին չի պատժել Մազդակին: Ի պատասխան Ուսուցչապետ Ֆարազմանը խորիմաստորեն նկատում է, որ դա, իրոք, ճակատագրական բացթողում է եղել, քանզի այդ դեպքում «պատմության անիվը այլ ուղղությամբ կպտտվեր»:
Նշված քաղաքական իրադարձությունները վճռորոշ ազդեցություն են ունենում նաև հայոց կյանքում: Ուսուցչապետ Ֆարազմանը զգուշացնում է Իրանի կայսրության հյուսիս-արևելքի շահ, Աղվանքի արքա Վաչականին, որ Կավատի իշխանության գալով այլևս «Հայոց ճակատագիրը նրա ձեռքերում է», մանավանդ ժողովուրդը կարծես հավատացել է, որ Մազդակը «բոլորին ունևոր կդարձնի՝ խլելով հարուստների ունեցվածքը»: Եվ քանի որ Վաչականը հենց սկզբից մերժել էր անհավասարությունը «բռնի ուժով» վերացնելու, «ընտանիքի անդամների՝ կնոջ, երեխաների ընդհանուրի սեփականություն դարձնելու» առաջարկները և նույնիսկ նման քարոզների համար «Մազդակին արտաքսել էր իր երկրից», ուրեմն և առավել քան վստահ էր, որ իշխանության գալով «նա չի ներելու իրեն»: Վաչականը հեռատեսորեն նաև կանխատեսում է, որ, միևնույն է, «Կավատը Մազդակի հետ երկար չի դիմանա: Պարսկաստանը չի հանդուրժի»: Եվ զգոնության է կոչում Ջամասպին. «Իսկ հաջորդը դու ես: /…/ Զգույշ եղիր, պահպանիր քեզ»:
Կավատն ու նրա ազդեցիկ համախոհները քաջ տեղյակ էին Վաղարշակ արքայից արքայի քաղաքական ծրագրին, ըստ որի՝ կայսրության հյուսիսում «դաշնակից ուժեղ պետություն է պետք, որը կառնի հոների, սկյութների, այլ ցեղերի արշավների դեմը»: Հետևապես, «Հայոց թագավորությունը պետք է վերականգնվի»: Եվ քանի որ պատմական «Արցախը, Ուտիքը, Փայտակարանը Հայքի կազմում են եղել» և անջատվել են Մեծ Հայքից, ինչպես Վաչականն է արձանագրում՝ «Իրանի Սասանյան տերերի» ձեռքով, ուրեմն և արքայից արքան համոզված էր, որ իր այդ ծրագրի իրագործման խնդրում պետք է հենվել Աղվանքի արքայի վրա: Իր գաղափարը հիմնավորելու համար նա բերում է այն գլխավոր փաստարկը, թե «…դուք Հայքի գլխավոր ուժն էիք: Այդ անջատումից հետո Մեծ Հայքը խելքի չի գալիս: Իսկ թույլ Հայաստանը, թեկուզ վասալ վիճակում, մեզ ձեռնտու չէ»: Ահա թե ինչու, Կավատի իշխանության գալով մեծ վտանգ էր կախված նաև հենց իր՝ Վաչականի գլխին: Շատ շուտով բացահայտվում է, որ Կավատն ու Մազդակը որոշել են վերացնել նրան: Արձակագիրը գեղարվեստորեն համոզիչ մի տեսարանով է պատկերում էլեկտրականացած ամբոխի և առաջնորդի հանդիպման պահը. «Ամբոխը հավաքվել է Տիզբոնի Սպիտակ պալատի հրապարակում՝ Կրակի տաճարի դիմաց: Աստիճաններով մի քանի քայլ առաջ եկավ կարմիր հագած լայնաճակատ մոգը, սկսեց խոսել քաոսի, լույս ու ստվերի միախառնման, չարի ու բարու բախման մասին, ավարտեց խոսքը, մի պահ լռեց: Ամբոխը ևս լռեց, ասես միասին սկսեցին խորհել: Այդ պահին ամբոխն ու մոգը մի մարմին էին, անտեսանելի թելերով կապված էին իրար: Ամբոխը առանձին մարմին էր, որի ուղեղը կարմիր հագած քուրմն էր: Ամբոխի հայացքում նա աստվածային ունակություններով օժտված գերմարդ էր…»: Կատաղած ամբոխից և Կավատի իշխանության դավադիր պատժից Վաչականին փախցնում է Ջամասպի մայրը՝ հայուհի Մարիամ (Հայկանդուխտի փոխված) թագուհին, որին «15 տարեկանում Արցախի Ջրաբերդից էին գերի բերել ու նվիրել արքայից արքա Պերոզին»:
Այնուհետև իրադարձությունները զարգանում են թավալգլոր արագությամբ: Երկրի փաստական կառավարիչ, վեզիր Զարմիհրը հայտարարում է, որ «Կապկոհում Վախտանգն ու Վաչականը ապստամբել են: Պայմանավորվել են հոն-սավիրների հետ միացնել զորքերն ու արշավել Իրանի վրա: /…/ Ուզում են միանալ Հայքի հետ, վերականգնել Հայոց թագավորությունը»: Հարցի քննարկման ժամանակ Ջամասպը միակն է, որ շարունակում է պնդել Վաղարշակ արքայի ծրագիրը. «Պետք է հաշվի նստել հայերի հետ, եթե դա չանենք, ապա անընդհատ պատերազմների մեջ ենք լինելու,- ասում է նա:- Փոխանակ օգուտ քաղենք, պատերազմելով, հպատակ պահելով՝ քանդում ենք»: Նա պնդում է, որ «Աղվանքի երեք նահանգները ու Մեծ Հայքը նույն երկիրն է: Բաժանեցինք, որ հեշտ տիրենք: Ռոմեյները իրենց հերթին տիրացան Հայքի մյուս կեսին ու միացրին իրենց կայսրությանը»: Բայց, ի վերջո, դրանով կայսրության անվտանգության խնդիրը ոչ միայն չէր լուծվել, այլև ավելի էր բարդացել: Ուրեմն, առաջարկում է Ջամասպը, «Եկեք հայերին միացնենք, թագադրենք, պայման կապենք: Խնդիրը մեզ համար ձեռնտու այլ լուծում չունի»: Բնականաբար, այս մտքերին դեմ է մեծ վեզիր Զարմիհրը: Նա առարկում է, թե Ջամասպը «խոսում է իր հայուհի մոր անունից…»:
Կավատի իշխանության գաղափարական հիմքերը, սակայն, դրանց իրագործման ընթացքում արագորեն սասանվում են: Անվստահությունը քայքայում է իշխանական վերնախավի (Կավատ, Մազդակ, Զարմիհր) միջև եղած կապերը, նրանց հանում միմյանց դեմ: Զարմիհրը զգում է, որ Կավատը սկսել է հաճախակի հակաճառել իրեն, դուրս է գալիս իր խնամակալությունից, որի հենարանը Մազդակն է: Եվ որոշում է հաշվեհարդար տեսնել վերջինիս հետ: «Սովահար ամբոխը» հարձակվում է հարուստների ունեցվածքի վրա ու թալանում: Հավասարության, իմաստության ու ներդաշնակության Մազդակի կոչերն այլևս անարդյունավետ են: Ստիպված բաց են անում արքայական ամբարներն ու հարեմի դռները: Համընդհանուր քաոսի մեջ Կավատը, ի վերջո, խոստովանում է՝ «Էս ի՜նչ ավեր բերեցի իմ գլխին»: Իրանում ուժեղանում է ներքին ճգնաժամը՝ սով, ապստամբություն, արտաքին հարձակումներ: Կավատի հեղինակությունը կտրուկ անկում է ապրում: Այլևս չհանդուրժելով իր քեռու՝ մեծ վեզիր Զարմիհրի հանդուգն պահվածքը իր նկատմամբ, աքսորում է նրան իր երկրամասը՝ Շիրազ: Ապա տեղեկանալով, որ նա բանակն ուզում է շարժել Տիզբոնի դեմ, նոր զորահրամանատարի՝ Շապուհ Ռեի միջոցով զինաթափում է, բանտարկում և մահապատժի դատապարտում:
Բնական է, որ դրանից հետո իրադարձությունները տրամագծորեն նոր՝ հակառակ ընթացք են ստանում: Ապստամբում և Արարատյան դաշտի ճակատում հաղթանակներ են տոնում մարզպանական Հայաստանը՝ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ և Աղվանքը: Պարթևական ազնվական վերնախավն արգելափակում է Կավատին, իշխանությունը վերցնում իր ձեռքը: Որոշվում է՝ 8 տարվա արքայությունից հետո, նրան փակել Անհուշ բերդում, երկրի կառավարչությունից հեռացնել մեծ վեզիր Զարմիհրին և քուրմ Մազդակին: Հեղաշրջման արդյունքում կայսրության արքայից արքա է կարգվում Ջամասպը: Խորհրդանշական է Աղվանից արքա Վաչականի արձագանքը այդ ամենին. «Այո՛, աշխարհն այսպիսին է,- մտորում է նա,- մեկ արքաների արքա են, մեկ էլ՝ ոչինչ, Անհուշ բերդի բանտարկյալ, մեկն էլ՝ արքաների արքա…»:
Հայոց և աղվանից ազգային-պատմական շահերի առաջմղման համար չափազանց նպաստավոր այդ պահին՝ Ջամասպի թագադրության ժամանակ, Վաչականը մեկ անգամ ևս հիշեցնում է նրան, որ «250 տարի առաջ Արցախ, Ուտիք և Փայտակարան նահանգները Պարսից Սասանյան շահնշահերի կամքով բաժանվեցին Մեծ Հայքի թագավորությունից և միացվեցին Աղվանից բազմազգ երկրին, մեր տոհմին նշանակեցին թագավորելու»: Նաև ընդգծում է, որ իրենց տոհմը «հայրական կողմից հայկական է, իսկ մայրական կողմից՝ Սասանյան», և առաջարկում է վերականգնել Հայկական թագավորությունը՝ նաև «ի շահ կայսրության անվտանգության հյուսիսի ցեղերից և Նոր Հռոմից»: Ջամասպը կարգադրում է լրջորեն քննել հարցը, միաժամանակ նշելով, որ Վաղարշ արքայից արքան ևս կողմ էր այդ գաղափարին, ինչի համար էլ նրան կուրացրին:
Նոր իշխանությունը լծվում է երկրի սոցիալ-քաղաքական ավերված հիմքերի վերականգնման գործին: Ջամասպը հրամայում է բռնել և Ատրպատականից Տիզբոն բերել այնտեղ պատսպարվող քուրմ Մազդակին: Սկսվում է նաև «համընդհանուր որսը» մազդակյանների նկատմամբ: Նաև կարգադրում է պակասեցնել ժողովրդի հարկերը: «Եթե նրանք ի վիճակի չեն տալու այդ տուրքաչափը, ո՞րն է դրա իմաստը: Բանտերը լցնելով աղքատ մարդկանցով՝ ի՞նչ օգուտ ենք ստանում», տրամաբանում է նա: «Ալեքսանդրիայի ու Անտիոքի գրադարանների հետ» մրցակցող Տիզբոնի գրադարանում տարիներ անցկացրած, մտավոր ու հոգևոր արժեքների տեր Ջամասպ արքան Վաչականին առաջարկում է դստերը՝ Խոնչիկին, հաջորդ անգամ հետը բերել՝ իր կինը և կայսրության թագուհին դառնալու համար: Խոստանում է, որ հարեմ չի ունենալու, և Խոնչիկը քրիստոնյա է մնալու: Նրա համար նույնիսկ Արքայական պալատի հրապարակում եկեղեցի է կառուցելու: Ի վերջո, Հայոց թագավորության վերականգնման հարցը Արքայական խորհրդում քննարկելուց՝ թեր և դեմ մոտեցումները հաշվի առնելուց հետո, որոշվում է վերջնական վճիռը հրապարակել երկու շաբաթ անց, թեև Ջամասպն արդեն իսկ հայտնում է իր կարծիքը. «Բոլորս համոզվեցինք, որ Աղվանից արքա Վաչականը ճշմարտացի է,- հայտարարում է նա: – Ես կոչ եմ անում. եկեք քաջություն ունենանք, սրբագրենք մեր անցյալների սխալները»:
Իրադարձություններին բանտից հետևող Կավատը, սակայն, չի հանձնվում, նախանձի ու վրեժի զգացումները հանգիստ չեն տալիս նրան: «Նա խելքով և ուժով միշտ գերազանցում էր ինձ,- մտորում է Կավատը Ջամասպի մասին,- իսկ դա ես նրան չեմ ներելու»: Ի վերջո, հաջողվում է իրագործել իր հանցավոր մտադրությունը. իրեն հավատարիմ ընկերոջ՝ Սիյավուշի խորհրդով, հագնելով Ջամասպի քրոջ՝ Սամբիցեի (որ նաև իր կինն էր) շորերը, Կավատը փախչում է բանտից: Նպատակը, թերևս, հոների զորքով դարձյալ Տիզբոնին տիրանալն էր: Իրավիճակը, սակայն, անսպասելի շրջադարձ է ունենում: Արքայական խորհրդի անդամներն առաջարկում են պատերազմել Կավատի դեմ, մանավանդ դրա հնարավորությունը կար, զինուժը բավարար էր, բայց Ջամասպը բարի է, չի համաձայնում, նույնիսկ պատրաստ է գահը զիջել նրան: Եվ դա՝ ոչ թե վախի կամ իր ու համախոհների կյանքը չվտանգելու համար, այլ այն գիտակցությամբ, որ իր տեսակի և էության անհատը պարզապես չի կարող մարդկանց արյունահեղության պատճառ դառնալ: Եվ ուրեմն, վստահ է՝ «Ես վատ տիրակալ եմ…»: Ի դեպ, լավ ճանաչելով կրտսեր եղբորը, Կավատը ևս համոզված է, որ նա չի վնասի իրեն, գահն էլ կզիջի, եթե ինքը առաջարկի: Բայց, միևնույն է, դա իրեն հետ չի պահի Ջամասպին գլխատելու որոշումից: Արձակագիրն ընթերցողին անուղղակիորեն մղում է այն մտքին, որ եղբայրների այդ հակամարտությունը, ըստ էության, մարդկային-բարոյական տեսակների պայքար է, որտեղ «թույլը» առավել բարոյական կողմն է: Եվ արդյունքում, իհարկե, Ջամասպը պարտվում է, ինքնակամ զիջում է գահը Կավատին: Մազդակը դարձյալ նշանակվում է գլխավոր քուրմ, Սիյավուշը՝ զորքերի գլխավոր հրամանատար: Հետևանքները ևս չեն ուշանում՝ որոշվում է պատժել Հայքը, Աղվանքն ու Վրաստանը՝ հարկերը չվճարելու համար:
Այլ ճանապարհ է ընտրում Ջամասպը: Որոշում է եպիսկոպոս Քարդոստի հետ գնալ Աղվանք, ամուսնանալ Վաչականի դուստր Խոնչիկի հետ: Ի դեպ, Հոռեկավանքի երիտասարդ եպիսկոպոս, հետագայում կայսրության գլխավոր գրագիր-թարգմանիչ Քարդոստը, կարելի է ասել, նույնպես վեպի կարևորագույն հերոսներից է: Նա հիմնավորապես ուսումնասիրում է Խորենացու պատմությունը պարսից արքաների մասին և կարևոր դեր է խաղում հայերի ու պարսիկների միջև դարավոր կապերի ու բարեկամության ամրապնդման գործում: Պատահական չէ, որ Ջամասպը հենց Քարդոստի ձեռամբ է քրիստոնյա մկրտվում ս. Թադևոսի վանքում՝ ստանալով Թադևոս անունը: Կարևոր է նաև նրա խոստովանությունը Խոնչիկին. «Եթե ինձ հետ լինեիր, չէի լքի գահը, ու Իրանը, ուրեմն և Հայքը այլ ճակատագիր կունենային»: Վաչականը Ջամասպին ու Խոնչիկին ուղեկցում է դեպի Սյունիքի Բաղակաշատ ամրոցը, որտեղ նրանք ապահով կլինեին Կավատի հետապնդումներից: Ճանապարհին հայ և պարսիկ ժողովուրդների միանման սովորությունների շուրջ զրույցների ընթացքում Վաչականը եզրակացնում է. «Կարծում եմ, որ մենք մի արմատից ենք ծնունդ առել»: Անվտանգության հարցում առավել հանգիստ լինելու համար, Վաչականը նաև Սյունիքի իշխանաց իշխան Միհր Արտաշիրից գնում է (ըստ վերջինի՝ նվիրատվություն է ստանում) Բաղակաշատ բերդը՝ շրջակա գյուղերով ու այգիներով, և հանձնում Ջամասպ-Թադևոսին ու Խոնչիկին: Միաժամանակ, հորդորում է գաղտնի պահել այդ գործարքը: Դրանից հետո Ջամասպը սկսում է ամրացնել բերդը և վերականգնել աշխույժ կյանքը: Սակայն շուտով պարզ է դառնում, որ Կավատը նոր զավթողական նպատակներ ունի: Էֆթալիտների 30-հազարանոց զորքին գոհացնելու և վճարելու, երկրի ներսում ծագած սոցիալական խնդիրները լուծելու համար նա ռազմական արշավանք է ուզում սկսել Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող հայկական տարածքների վրա: Հավատարիմ իր հոր՝ Պերոզ արքայից արքայի հակահայ քաղաքականությանը, ինչպես նաև հայերին աստիճանաբար քրիստոնեությունից հեռացնելու և կրակապաշտ դարձնելու ծրագրին, Կավատը բանակի ուղեկցությամբ մոգերի հսկա խումբ է ուղարկում Իրանին ենթակա հայաստանյան մասում եկեղեցիները քանդելու և կրակի տաճարներ հիմնելու համար: Սակայն հայությունը միասնաբար ոտքի է կանգնում և հաղթում, մեկ անգամ ևս արձանագրելով, որ «Հայքի մարզպանության և Աղվանքի հայությունը կրկին զգացին իրենց էթնիկական միասնության ուժը»: Ուշագրավ է սիրիացի մեծ պատմիչ, ժամանակագիր Իեշու Սիթիլիտի արտահայտած տեսակետը՝ Անտիոքում Խորենացու պատմության շարունակությունն ուսումնասիրելու եկած Քարդոստին. «…հայերդ ճիշտ ճանապարհ եք ընտրել: Միաբնակության հավատքով պաշտպանված եք Կոստանդնուպոլսից ու Հռոմից, իսկ հավատարիմ մնալով քրիստոնեությանը՝ դիմադրում եք մոգական կրակապաշտներին ձուլվելուց: Ինձ թվում է, որ հայերդ այդպես հավերժ եք մնալու»:
Չափազանց խորհրդանշական է նաև դեպքերի ու իրադարձությունների հետագա ընթացքը: Կավատի համախոհ Սիյավուշը Բաղակաշատում Վաչականին խորամանկորեն առաջարկում է Ջամասպին ետ բերել պարսից գահին՝ երկիրը փրկելու համար: «Եթե ուժեղ թագավոր է ունենում, երկիրը դիմադրում է արտաքին ու ներքին խոչընդոտներին,- ասում է նա,- եթե թույլ է, կայսրությունը կործանվում է»: Զորքով Աղվանք եկած Կավատը նույնպես փորձում է համոզել Վաչականին, թե կռվով չի եկել ու մինչև անգամ արգելել է իր քուրմերին մոգություն տարածել Հայաստանում: Բայց նրանց ջանքերն իզուր էին, Վաչականը չի տրվում այդ սադրանքներին, չի մատնում Ջամասպին:
Վեպի հանգուցային հատվածներից է Աղվանից մարզպանության մայրաքաղաք Պարտավի ճակատագրի խնդիրը: Ընդգծվում է, որ այն «ի սկզբանե հայկական քաղաք է եղել և միայն հայեր էին բնակվում», սակայն մարզպանության կենտրոն դառնալուց և առևտրական խաչմերուկում (ընդգծումը մերն է – Պ. Դ.) հայտնվելուց հետո, «քաղաքի ընդարձակմանը զուգահեռ շատացան պարսիկ ներգաղթյալները», և կարճ ժամանակում ազգաբնակչության վիճակագրությունը կտրուկ փոխվեց: Ահա թե ինչու, Վաչականը նախաձեռնում է երկրի պաշտպանունակության բարձրացման, բերդերի ամրացման ծրագիրը: Քարդոստը՝ հոների իշխանաց իշխանի խնդրանքով, քրիստոնեություն է քարոզում և տարածում նրանց մեջ, յոթ տարում ստեղծում է նաև նրանց 25 նշանագրերը, դպրոցներ բացում: Վերջինս խոստովանում է, որ իրենց նախնիները «այստեղ են իջևանել, որովհետև հայերն ու վրացիները բարիք ստեղծող ժողովուրդ են, իսկ և իսկ թալանի երկրներ» (ընդգծումը մերն է – Պ. Դ.): Բնականաբար, Կավատը չի ներում հոների իշխան Զիլիգդին և սպանել է տալիս նրան: Սակայն նրա որդի Գրոդը շարունակում է հոր գիծը: Վերջինիս խնդրանքով, Քարդոստը հրապարակորեն քրիստոնյա է մկրտում նաև նրան՝ Գևորգ անվամբ:
Վեպն ավարտվում է Իրանի կայսրության ներսում իշխանական պայքարի արյունոտ իրադարձություններով. Սիյավուշը մահապատժի է ենթարկվում, Կավատը սպանում է իր ավագ որդի Կավասին: Վրեժխնդրության զոհ են դառնում Ջամասպն ու Վաչականը: Քիչ անց մահանում է նաև Կավատը: Գահը անցնում է նրա կրտսեր որդի Խոսրովին:
Պետք է նշել, որ դեպքերով ու իրադարձություններով հարուստ վեպն աչքի է ընկնում նաև գեղարվեստական պատումի հատկանիշներով՝ հերոսների հոգեբանական բացահայտումներով, նրանց մարդկային էության ու նկարագրի դիպուկ բնութագրումներով, շարադրանքի մատչելիությամբ, արտահայտչամիջոցների բազմազանությամբ, խորհրդանշական ընդհանրացումներով: Ասվածի լավագույն օրինակներից մեկն է Տիզբոնի ճանապարհին Վաչական արքայի մտորումների հետևյալ հատվածը. «Վաչականը փորձեց ընթերցել գետի հիշողությունը: Մտածեց, թե ինչքան պատմություններ կան, որ մարդիկ գրի չեն առել, իսկ գետը հիշում է: Հետաքրքիր է, թե Տիգրիսը ինչ հիշողություններ է իր հոսքի հետ բերում Հայոց աշխարհից: Հետո Միջագետքում իր հուշերը կխառնի իր եղբայր Եփրատի հուշերին, ու այդ ամենը անհետ ծովը կթափեն»:
Հրատարակիչների հավաստմամբ, «Պատմավեպի նյութը հենված է պատմական իրական իրադարձությունների վրա: Հեղինակը ուսումնասիրել է վիպական ժամանակաշրջանը, կատարել հետաքրքիր հայտնություններ: Այս իմաստով վեպն ունի ոչ միայն գեղարվեստական, այլև պատմական կարևոր արժանիքներ»: Ավելին՝ «Այն փաստորեն նոր էջ է բացում հայ և Իրանի ժողովուրդների հարաբերություններում, խթան հանդիսանում երկու ժողովուրդների փոխըմբռնման և մերձեցման խիստ կարևոր գործում»: Հանգամանք, որն առավել արդիական է դարձնում Բակուրի պատմական նոր մատյանի Ասելիքը: