Դառնամ զօղորմի տի տամ` Ծովինարին,
Դառնամ զօղորմի տի տամ` Սանասարին ու Բաղդասարին,
Դառնամ զօղորմի տի տամ`…
Հայոց արժանավորներին…
Ինչու հատկապես այս խառնակ օրերին եմ անդրադառնում շատ կարևոր պատմական փաստի ներկայությանը, որը դարերի խորքից` սկզբում բանավոր, ապա գրավոր, մեզ է հասել որպես ազգային գոյաբանական խորհուրդ ու ծրագիր մեր արարչական ինքնության ճանապարհի լույսը չկորցնելու համար: «Գրական թերթի» նախորդ համարներից մեկում ես հանդես եկա «Հզոր պետականություն» վերնագրով ծավալուն հոդվածով, որը առողջ մտավորականության կողմից լայն արձագանք ունեցավ, քանզի թեման արդիական էր՝ հոգևոր սովի մեջ դեռևս իր ինքնությունը որոնող` կենսական տարածքներ կորցրած ու շարունակական ցեղասպանության վախով ապրած ազգի համար… Ինքներս մեզ հաճախ ենք մեղադրում, սակայն երբեք չենք որոնում պատճառների վերացման հետքերը:
Ինչո՞ւ չկարողացանք պահպանել Մեծ Հայքը, ինչո՞ւ լինելով գիտության բնօրրան իրական աշխարհում՝ մնացինք միայն պատմության խորքերում, այն էլ օտար պատմիչների կամայական նկարագրումներով: Հայաստանի բնակչությունը մշտապես մնում է մինչև երեք միլիոնի սահմանում (մինչդեռ մեր պետականությունը չկորցնելու համար մենք պետք է համապատասխան քանակությամբ բնակչություն ունենանք): Հայոց եղեռնից հետո ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնը, աշխարհով մեկ ցրիվ եկած և դեռևս ողջ մնացած հայերի թվաքանակը նկատի ունենալով, իր «Իրավարար վճռով» 1922 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահի կնիքով 103599 քառակուսի կմ տարածք հանձնեց հայերիս, Վանից մինչև Տրապիզոն, որն, ավաղ, մինչև օրս սառեցվել է մեր հակառակորդների կողմից… Փաստ է՝ դարը դարին է բոլորում, իսկ մենք առաջ գնալու փոխարեն դեռ դոփում ենք տեղում` առաջ գնալու կամազրկությամբ… Ի՞նչ ասել վերջին ընտրությունների ժամանակ երկրի վարչապետի 19 թեկնածուներին. հայրեիքի հզորացման համար էին նրանք պայքարո՞ւմ, թե՞ իշխանություն զավթելու, իսկ ի՞նչ էին անում մինչև այսօր… Այդպես էլ անհայտ մնաց` պետության հզորացմա՞ն պայքար էր, թե՞ այլ տերերի ծառայելու եսակենտրոնության որոգայթ: Ինչևէ, պետությունը անանձնական երևույթ է, ազգային պաշտպանության վահան, եթե ծառայում է իր ազգային շահերին, չունենք պետություն` չունենք ոչ անկախություն, ոչ էլ Հայրենիք:
Էպոսը ազգի բոլոր ժամանակների պատմությունն է իր տիեզերական ծագումնաբանական խրթին իրականության մեջ. չորս ճուղերով` չորս անգամ պետություն ստեղծելու և կորցնելու, նաև իր իրական, ընկալելի նկարագրություններով: Էպոսը ազգի հայելին է. «Այն Աստծո ձեռագիր է՝ ուղղված քաղաքակրթություններին՝ որպես կրթական մշակույթ»: Ծովինարը աստղադիտարան է, նաև աստղաբանություն, երկհազարամյա տոհմաբանական փուլ՝ տիեզերամայր իր էությամբ ու կեցվածքով, որի համար կարևոր էր իր երկրի փրկությունը ստրկացումից, կոտորածներից, ազգը սրի մատնվելուց և որպես գահաժառանգ ու նոր սկիզբ՝ իր գենից առավ իր ուժը՝ լիք ու կիսատ բռերով, աշխարհ բերելով իր տիտանական զավակներին՝ Սանասարին և Բաղդասարին, որոնք սերնդեսերունդ փորձ էին անում ստեղծել պետության մոդել մինչև Մհերի քարայրում փակվելը:
Ազգափրկիչ այս գաղափարը՝ սեփական անձը Հայրենիքի փրկությանը նվիրելու պատասխանատվությունը, որպես փրկության խորհուրդ մնաց հայերիս մեջ դարեր շարունակ: Մելիքի հարկահավաքները Գագիկ թագավորի աղջկա գեղեցկության մասին հայտնում են Մելիքին, և վերջինս պատվիրակություն է ուղարկում Սասուն՝ խնդրելով Ծովինարի ձեռքը: «Ես կռապաշտ թագավորին աղջիկ չունեմ տալու»,- ասում է Գագիկ թագավորը: Մսրա Մելիքը բազմաքանակ զորքով հարձակվում է Սասունի վա… Ճիշտ մեր «դրկից» Ալիևի օրինակով` եթե Արցախը չհանձնեք, զենքով կվերցնեմ, և այդպես էլ արեց: Սասունի պարագայում՝ Ծովինարը փրկում է դրությունը՝ տալով իր համաձայնությունը, պայմանով, որ պաշտպանվի իր հայկական արիալը օտար հողի վրա:
Կնոջ դերը ազգապահպանության գործում հաճախ ճակատագրական է` հատկապես պետական կառավարման առաջին դեմքերի կողքին կանգնած կանանց մասին է խոսքը: Զորօրինակ՝ 90-ական թվականներից հետո ոչ մի նախագահի կամ վարչապետի տիկին չբռնեց իր ամուսնու ձեռքը` երկրի ազգային հարստությունը կողոպտելու ճանապարհին: Մինչդեռ սերնդին թողնված գիրը ասելիք ունի…
Եթե պետության մասին չէ էպոսը, ուրեմն, էպոս չէ… Մսրի կռապաշտ թագավորի հետապնդումներից ազատվելով՝ եղբայրները բազում դժվարություններ կրեցին, սակայն երբեք չխոնարհվեցին: Նրանց նպատակը Սասնա տան ճրագը վառ պահելն էր, նախնիների հողում հզոր պետություն ստեղծելը. նրանք երկու գետերի մեջտեղում հիմնում են Սասունը: Ջուրը կենսունակության աղբյուր է, և էպոսի հերոսները մեզ ավանդում են տուն կառուուցել ջրառատ վայրերում: Եվ պատահական չէր ջրառատ Արցախի հափշտակությունը Ալիևի կողմից: 44-օրյա պատերազմից առաջ ադրբեջանական գյուղերը ցամաքել էին իրենց անջրդի տարածքների վրա, և անվերջ ժողովրդական հուզումներ էին բարձրանում: Արցախը բռնագրավելուց հետո Թարթառի ու մյուս գետերի ու աղբյուրների ջրերը հոսեցին նրանց երակների միջով…
Պետությունը հզոր է, եթե իր ազգի կենսատարածքը ապահովված է անխոցելի պարիսպներով. Սանասարը Բաղդասարի հետ գցեց հայոց պետականության հիմքերը և արեց այն, ինչը չարեցին 1990-ականների մեր անկախության երկրի տերերը: Երբ Բաղդասարը եղբորն առաջարկում է նախ իրենց անձնական ապարանքը կառուցել, հետո ՝ բնակիչների, Սանասարը պատասխանում է՝ որպեսզի բնակիչները վստահեն իրենց, առաջինը նրանց համար պիտի տներ կառուցեն, ապա վերջում՝ նոր իրենց համար: Նա իր հիմնադրած քաղաք-պետության բնակիչների շրջանում վստահություն ու հավատարմություն առաջացնելու նպատակով ժողովրդին ազատում է նաև հարկերից… 1991 թ. հեղափոխության տերերը երկրաշարժից ու պատերազմից հյուծված ազգի անտուն ու թափառական մնացածների համար բնակարանների կառուցման ծրագրեր առաջարկելու փոխարեն թույլ տվեցին «նոր հայերին» կազինոներ ու դղյակներ կառուցել. անգամ բնակարանները տանուլ տված քանի՞ հայ լքեց ընտանիքն ու երկիրը: Իսկ քանի՞սը, ստիպված, հաճախ մեկ ինքնաթիռի տոմսի արժեքով վաճառելով բնակարանները, հեռացան ընդմիշտ: Այս տարիներին գրեթե 1,5 միլիոն մարդ է տարագրվել… Եվ կասե՞ք, թե ինչպես խախտվեց մանկածնության դեմգրաֆիական շերտն, ու նրա բերած վնասը ի՞նչ արժեցավ մեզ համար:
Էպոսի ամենամեծ առաքելությունն այն է, որ չորս ճյուղերում ներկայացնում է Հայոց կայուն և հզոր պետականության պահպանության նախատիպերը՝ վավերագրելով կարևոր փաստը՝ որպեսզի տեր լինենք այն ամենին, ինչին հասու ենք, նախ պետք է ունենանք ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Ինչպե՞ս: Ահա այդ ինչպեսը ինձ համոզեց մտնել «Սասնա Ծռերի» աշխարհ: Քանզի այսօր կանգնած ենք սեոնիստական վիշապի կոկորդում, որի քիմքին շատ հարազատ են հայոց լեռների հազվագյուտ թանկարժեք գանձերը և աշխարհագրական դիրքը: Իսկ «թուրանական ծրագիրը» ճանապարհներ է որոնում դեռևս 1921 թ. մարտի 16-ից… Մեր բարությունն ու կամեցողությունը հափշտակող մսրա մելիքները մինչ օրս էլ անպակաս են մեզանից հաճախ նաև մեզ ոչնչացնելու, մեր մշակույթը իրենցը համարելու շահախնդրությամբ, ինչին ականատես եղանք 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ:
Սանասարը, մոր նման, ջրից է առնում իր ուժը: Եղբորը թողնելով ափին՝ մտնում է լողալու և ջրի հատակից դուրս է բերում Սասնա հերոսների անբաժան սրբությունները՝ աստվածային զենքերն ու ձին: Այս առասպելական նկարագիրը բնորոշ է բոլոր չորս ճյուղերի հերոսներին և մեծ խորհուրդ ունի` ուզո՞ւմ ես հաղթել թշնամուդ, կրիր նրա դեմ պայքարի բոլոր զենքերը և հավատա Աստծո հովանավորությանը:
Շրջափակված է Հայաստանը, և այսօր էլ ազատագրվելու մեր ճիգերը փորձությունների առաջ են կանգնեցրել մեզ ու մեզ բաժին մնացած մի բուռ հողը: Սանասարի՞ պակասն ենք զգում, Մեծ Մհերի՞, թե՞ Դավթի… Եթե 1999 թ. հոկտեմբերին 27-ին երկրի դավաճանների ձեռքով չգլխատվեին անկախ պետականության վստահելի դեմքերը, ի՞նչ վիճակում կլինեինք մենք:
Ինչպես Էպոսում, մենք հաճախ ենք կորցրել մեր ուժը այն ժամանակ, երբ կորցրել ենք մեր պետականությունը: Կրկնում եմ` պետություն կորցնելը տարածքի կորուստ է, երկիր կորցնելու կուրուստ է… Մեծ Մհերը հարևան երկրի թագավորի հետ ուխտ էին արել. ով իրենցից առաջ մահանա, մյուսը պետք է տիրություն անի հարևան երկրին: Պատկերացնո՞ւմ եք, նման սխալ քայլ կատարեն այսօրվա իշխանության պատասխանատուները, և Ալիևի խնամքին մնանք մենք` հայերս… Մահանում է Մսրա Մելիքը, և նրա կինը` Իսմիլ Խաթունը, նամակ է ուղարկում Մհերին, թե` «Քո ու Մելիքի պայմանավորվածությամբ, Մհեր, դու պիտի գաս ու տիրություն անես Մսրա հողին»: Մհերի կինը վտանգը զգաց, դեմ էին Քեռի Թորոսը, Ձենով Օհանը, անգամ Վախկոտ Վերգոն, սակայն Մհերը ընդդիմացավ, թե` «խոսք իմ տվե»: Սա վկայում է հայերիս ազնվության ու խոսքի տեր լինելու մասին, սակայն պետությունը կառավարում են բանականությամբ, ոչ թե սրտով: Մհերը յոթը տարի անցկացրեց Մսրում, Իսմիլ Խաթունը Մհերի զարմից գահի ժառանգորդ ունեցավ, իսկ Մհերը Սասուն վերադարձավ, երբ պատահաբար լսեց Իսմիլ Խաթունի խրատը՝ որդուն. «Մսրա օջախ շենացնես, Սասնո օջախ մարես»: Եվ միայն Արմաղանի երդմնազանցության ու ծանր պայմանի գնով՝ ծնողների մահվամբ, ծնվեց Դավիթը: Իսկ Սասունը նորից կորցրեց իր ուժը:
Երկրի կայունության դեմ կատարած մեկ անզգույշ սխալը անպաշտպան կարող է թողնել իր ժողովրդին, և այս վայրիվերո ժամանակներում մենք ավելի զգայուն պետք է լինենք շրջափակման մեջ գտնվող Հայոց մեր ոստանի համար… Մեծ Մհերի փաստը ուղերձ է գալիք դարերի Հայաստանին: Որ մեր տունը թողած՝ ուրիշի տունը չկառուցենք, որ մեր արմատից ճիպոտը վերցնենք, որ օտարի աչքը միշտ քո դռանն է լինելու, մի խոսքով հավատանք՝ միայն մեր ուժերին… ու մեր պետության խորհրդարանում միայն մեր երկրի շահը պաշտպանենք:
Էպոսի արտատեր պառավը ժողովուրդն է, նա ամեն ինչ գիտե և իր խրատներով օգնում է Դավթին` նա մեջ տեսնելով պաշտպանության ուժը: «…մինչ դու իմ այգին ես տրորում, մսրա հարկահաննեը քո հոր ոսկիներն են տանում ու մեր աղջիկներին էլ լցրել են մարագներն ու դռները փակել, որ Մսր տանեն», ինչն էլ դրդում է Դավթին, հարկահանների «ատամները ճակատներին շարելով», դուրս շպրտել երկրից: Մսրա Մելիքը պատերազմ է հայտարարում Դավթին: Ու կրկին աստվածային զենքերն ու Քուռկիկ Ջալալին, Մարաթուկն ու Կաթնաղբյուրի ջուրը խմելուց հետո, յոթն անգամ ավելի հզորանալը… Եվ կրկին շունչ է առնում երկիրը: Ու կրկին ճակատագրական սխալը՝ Դավիթը սպանվում է օտար ազգից ունեցած դստեր թունավոր նետից: Իսկ Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում՝ ասելով, որ դուրս կգա միայն աշխարհի առատության և արդարության ժամանակ` «Երբ ցորեն դառնա քանց մասուր մը և գարին` քանց ընկույզ մը»:
Շատ զգացմունքային ազգ ենք, մենք էլ մինչև օրս հավատում ու սպասում ենք, որ Մհերը քարայրից դուրս կգա ու կփրկի մեզ….
Քանի դար է անցել՝ ոչ գարին ընկույզ դարձավ, ոչ էլ ցորենը` մասուր, իսկ Սասնա տունը՝ այսօրվա Հայաստանը, ապրում է իր փոքրացած սահմաններով, Եռաբլուրով, պատմության մեջ բազում տաղանդավոր գիտնականներով, աշխարհով մեկ սփռված հայերով, ապրում է իր անհաշտ ու խաղաղասեր զավակներով, ամեն ամռան ստուգելով ու կշռելով ցորենի ու գարու չափը. «Որ աշունն իր թեժությամբ մեզ կրակի մեջ չգցի»: Ինչ կա որ` մեկ էլ տեսար, մոլորակը տնքում է պատերազմներից, աշխարհաքաղաքական օրեցօր փոփոխվող իրավիճակներից, ելքի մեր դուռը կբացվի մեր հայրենիքի համար, փակված չէ… Պահպանենք մեր պետականությունը: Մշտախոհ ու մշտարթուն Էպոսը մեզ պատվիրում է ճանաչել մեզ և առանց սխալներ գործելու պահպանել մեր Հայրենիքը: Մեջ եմ բերում բանահավաք, ազգագրագետ Արուսյակ Սահակյանի խոսքերը` «Հաջորդ սերունդը միշտ էլ նախորդի ծնկանն է մեծացել: «Սասնա Ծռեր» էպոսը պահանջում է, որ հաջորդող յուրաքանչյուր սերունդ յոթ անգամ ավելի հզոր պետք է լինի, քան նախորդը: Դավիթը յոթ անգամ հզոր պիտի լինի, քան Մհերը, փոքր Մհերը յոթ անգամ հզոր պիտի լինի, քան Դավիթը, ազգը, սերունդը գնալով ավելի պիտի հզորանա, որ երկիր պահի…»:
-6-
Պետականակերտման մշակույթի նրբահյուս արվեստին տիրապետել` նշանակում է հարգանք սեփական ազգի, նրա թողած ժառանգության, նրա նոր ձեռքբերումների` աննյութեղեն միասնության հաղթանակների և ինքդ քո հանդեպ….
