ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ/ՏԱՏԻԿ/ Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

ՍՈԴՈՄ ԵՎ ԳՈՄՈՐ

«Սոդոմ և Գոմորը» Մարսել Պրուստի «Կորած ժամանակի որոնումում» վիպաշարի 4-րդ վեպն է, որից «Գրական թերթի» ընթերցողին եմ ներկայացնում սույն  հատվածը։ Թարգմանությունն ամբողջովին,  առաջին անգամ հայերեն, լույս կտեսնի պետական դրամաշնորհի աջակցությամբ։

ԹԱՐԳՄԱՆԻՉ

 

ՏԱՏԻԿ

«Կինը Գոմոր կունենա, տղամարդը՝ Սոդոմ»։

Ալֆրեդ դը Վինյի

 

Մահվանից հետո հաճախ էի հետը խոսում, նրա մասին մտածում, սակայն իմ բառերում ու մտածումներում՝ անշնորհակալ, անձնասեր, անխիղճ  պատանու    բառերում ու մտածումներում ոչինչ չէր հիշեցնում տատիկիս, քանի որ իմ թեթևամտությամբ, զվարճասիրությամբ, նրան միշտ հիվանդ տեսնելու առօրեականությամբ ես միայն հոգուս խորքում, հիշողությամբ  էի պահպանել այնպիսին, ինչպիսին եղել էր։ Երբ էլ որ մենք ձեռնարկում ենք ամբողջությամբ ուսումնասիրել մեր ներաշխարհը, նրա բուն արժանիքը՝ անկախ բազմաթիվ  առավելություններից, գրեթե միշտ  մտացածին է թվում,  քանի որ մերթ մեկ, մերթ մյուս առավելություններից մենք ի վիճակի չենք լինում օգտվել՝ անկախ այն բանից՝ այդ առավելություններն  իրակա՞ն են, թե՞ երևակայական, իսկ ինչ վերաբերում է ինձ, ինձ համար այդպիսի առավելություն  էր Գերմանտ հնագույն տոհմանունը կամ անհամեմատ էական նշանակություն ունեցող տատիկի վավերական հիշողությունները։ Հիշողության խաթարումներն առնչվում են զգացումների խաթարումներին։  Մեր մարմինը, որ մենք անոթի հետ ենք համեմատում, որը պարունակում է մեր հոգեկան կյանքը,- հենց մեր մարմինը, առանց դույզն իսկ կասկածի, մեզ հանգեցնում է այն մտքին, որ մեր բոլոր հոգեկան վայելքները, ապրած  ուրախությունները, մեր բոլոր տառապանքները միշտ էլ գտնվում են մեր գերակայության ներքո։ Թերևս նույն կերպ էլ սխալ է կարծելը, որ նրանք հեռանում են, վերադառնում։ Բոլոր դեպքերում, եթե մինչև  անգամ ծվարում են մեր ներսում, ապա ժամանակի մեծ մասը մեզ  անհայտ այնպիսի անկյունում, որտեղից մեզ ոչնչով օգտակար լինել չեն կարողանում, և որտեղ ամենասովորականներն անգամ մի կողմ են մղվում տարբեր բնույթի հիշողություններով, որոնք մեր գիտակցությունում  չեն մեկտեղվում։ Բայց ահա՝ զգացողությունների այն շրջանակը, որտեղ պահպանվում են, վերականգնվում է ու արդեն նրանց է անցնում այն ամենը վտարելու գերակայությունը,  ինչն իրենց հետ չի համատեղվում, ու մեր մեջ պահպանում են մեր միայն ես-ը, որը նրանց պատսպարել է։ Ու քանի որ նա, ում ես անսպասելի վերածվել էի,  դադարել էր գոյություն ունենալ այն հեռավոր երեկոյից հետո, երբ տատիկս Բալբեկ հասնելուս պես օգնեց ճտքակոշիկս հանելուն, ապա միանգամայն բնական է, որ այսօրվանից հետո էլ, որի մասին իմ նախկին ես-ը ոչինչ չի իմացել՝ ասես ժամանակները երկու տարբեր զուգահեռներով են ընթացել, անմիջապես, այդ առաջին երեկոյից հետո որսացի տատիկիս՝ իմ վրա հակվելու պահը։ Այն ժամանակվա ու շատ վաղուց անհետացած ես-ը դարձյալ այնքան մոտ էր ինձ, որ թվում էր, թե ես լսում եմ հենց նոր արտաբերվող խոսքերը, մինչդեռ իրականում թվում էր՝ ինչպես քնից արթնացած մարդը  դեռևս լսում է երազում հնչած բառերի արձագանքները։ Հիմա ես ընդամենը մի էակ էի, որն ուզում էր փարվել տատիկին, համբույրներով սրբել դեմքի վշտակցության հետքերը, էակ, որին կարող էի ինքս ինձ համարել, քանի դեռ մեկն էի նրանցից, ով փոխվել էր իմ մեջ, ի միջի այլոց, այնպիսի տքնանքով, ինչպիսի տքնանքով ջանում էի հիմա, ընդ որում անարդյունք, նորից զգալու համար նրանցից մեկնումեկի ցանկությունների ու ուրախությունների տվայտանքները, որոնցից գոնե որևէ մեկը  ժամանակավորապես դադարել էի լինել։ Ես հիշեցի, որ ընդամենը մի ժամ այն բանից առաջ, երբ տատիկս տնազգեստով հակվել էր ճտքակոշիկիս վրա, թափառում էի բարկ օդ արտաշնչող փողոցում, ծաղարանի շրջակայքում ու այնպես էի ուզում համբուրել տատիկիս, որ վախենում էի՝ չեմ դիմանա, մինչև այդ ժամը անցնի, մեր հանդիպման պահը հասնի։ Իսկ հիմա, երբ նորից էի ուզում համբուրել նրան, հասկանում էի, որ ժամերն իրար ետևից կանցնեն, բայց նա այլևս երբեք չի լինի ինձ հետ, ուստի վայրկենապես  ինքս ինձ համար արեցի այդ հայտնությունը, քանի որ այդքան երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ տատիկիս զգացի այնպիսին, ինչպիսին եղել էր իրականում, զգացի, որ ահա-ահա սիրտս կպայթի՝ այն աստիճանի լցված էր տատիկովս ու վերջապես նորից գտնելով հանդերձ՝ գիտակցեցի, որ կորցրել եմ ընդմիշտ։ Ընդմիշտ կորցնել-ը չէի կարողանում իմաստավորել, ջանում էի տոկալ այդ հակասության տառապանքին, քանզի մի կողմում կյանքն էր, գուրգուրանքը, որ իմ մեջ մնացել էր այնպիսին, ինչպիսին ինձ հայտնի էր, այսինքն՝ ստեղծված էր եղել ինձ համար, ստեղծված էր եղել սիրով, որ լիովին համակել էր ինձ, իմ մեջ գտնելով իր իմաստը, մշտապես ուղղորդված էր եղել ինձ՝ այնպես որ նշանավոր անձանց օժտվածությունը, աշխարհի ստեղծումից մինչև մեր օրերի բոլոր հանճարները տատիկիս աչքերում իմ  թերություններից և ոչ մեկի արժեքը չունեին,-  մյուս կողմից էլ, ես նոր էի, ինչպես, ասենք, ներկայում, հազիվ էի հասցրել ըմբոշխնել  այդ վայելքը,  հանկարծ զգացի, որ այն պարբերաբար կրկնվող մարմնական ցավի նման ամբողջովին համակված է անգոյության անկասկածելիությամբ, որն իմ հիշողությունից ջնջում է  այդ գուրգուրանքը, վերացնում է այդ կյանքը, հետին թվով դադարեցնում է մեր՝ միմյանց համար ստեղծված լինելը,  ուստի տատիկին երբ նորից տեսա, ասես հայելում, դարձրել էր սովորական, օտար կին, որ ճակատագրի բերմամբ, մի քանի տարի էր անցկացրել ինձ հետ, այնպես, ինչպես  ուրիշ մեկի հետ կանցկացներ, որի համար ես մինչ այդ էլ ոչ ոք էի, դրանից հետո էլ ոչ ոք պիտի մնայի։

 

***

Ես ուղղակի վեր՝  հյուրանոցի կեցասենյակը բարձրացա։ Հիմա իմ մտքերն ամբողջ ժամանակ առնչվում էին տատիկի վերջին օրերին՝ այնպիսի հոգեկան տանջանքով, որը նոր ուժով բորբոքվեց իմ մեջ, որովհետև ես նրան՝ մեզ համար թերևս ավելի հիվանդագին զգացողություն հաղորդեցի, քան մինչև իսկ ուրիշի տառապանքը կարող  է լինել,- մեր դաժան տառապանքը, երբ մենք, ինչպես մեզ է թվում,  ցանկանում ենք ընդամենը վերականգնել  մեր  սիրելի անձնավորության տքնանքը, երբ մեր կարեկցանքը չափազանցում է տքնանքը, չնայած այն թերևս ավելի է համապատասխանում իրականությանը, քան պատկերացումը, որ այդ տքնանքի մասին ստեղծվում է նրանց երևակայությունում, ով  կրում  է այդ տքնանքը, ու որից թաքցվում է իրենց կյանքի անուրախությունը՝ անուրախություն, որը համենայնդեպս պարզ տեսնում է կարեկցանքը,  որը հուսահատության է հասցնում։ Ամեն դեպքում իմ կարեկցանքի նոր հորձանքը տատիկի տառապանքին կգերազանցեր, եթե ես այն ժամանակ իմանայի այն, ինչը դեռ երկար ինձ հայտնի չէր լինելու՝ այն, որ տատիկը, մահվանից մի օր առաջ, ընդամենը մի րոպե վերականգնելով գիտակցությունը ու համոզվելով, որ ես մոտերքում չեմ, բռնում է մայրիկի ձեռքը, այրող շուրթերին հպելով՝ ասում՝ «Մնաս բարով, աղջիկս, ընդմիշտ մնաս բարով»։ Թերևս հենց այդ հիշողությունից հետագայում մի ակնթարթ անգամ մայրիկը չկարողացավ հեռացնել հայացքը։ Հետո իմ հիշողությունը վերականգնեց ավելի ուրախ իրադարձություններ։ Նա իմ մեծ մայրն է, ես՝ նրա թոռը։ Նրա դեմքի արտահայտությունն ասես գրված է լեզվին, որ միայն ինձ է հասկանալի, նա ինձ համար ամեն ինչ է, մյուս մարդիկ գոյություն ունեն սոսկ այնքանով, որքանով առնչություն ունեն հետը՝ կախված այն բանից, թե  տատիկն ինձ ինչ կասի  նրանց մասին,- ավաղ, սակայն, մեր փոխհարաբերությունները երկարատև չեն, չասելու համար, որ  դիպվածային են։ Տատիկն այլևս  ինձ չի ճանաչում, ես էլ երբեք նրան չեմ տեսնի։ Մենք միայն միմյանց համար ստեղծված չէինք, պարզվեց՝ ինքն ինձ օտար էր։ Հենց նոր Սեն-Լուի լուսանկարով  նայում էի այդ օտարին։

Կեցասենյակ մտավ  սպասուհին՝ Ֆրանսուազն, ու  նկատելով լուսանկարը՝ հավելեց.

– Խեղճ տիկին, կարծես կենդանի լինի, նույնիսկ այտի խալն է երևում, այն օրը, որ մարքիզը լուսանկարեց, շատ հիվանդ էր, երկու անգամ իրեն վատ զգաց, ինձ ասաց՝ «Տե՛ս, Ֆրանսուազ, թոռանս ոչինչ չասես»։ Տատիկը արտաքուստ ցույց չէր տալիս վիճակը, մարդկանց ներկայությամբ միշտ ուրախ էր ձևանում։ Միայն ես էի նկատում, որ երբեմն միտքը փոքր-ինչ մշուշվում էր։ Բայց շատ շուտ էլ անցնում էր։ Պատահեց, որ մի անգամ ինձ ասաց՝ «Եթե երբեք ինձ հետ բան պատահի, թոռանս լուսանկարս կմնա։ Բայց ես երբեք չեմ նկարվել»։ Նա ինձ մարքիզի մոտ ուղարկեց, հանձնարարեց փոխանցել, որ եթե երբեք իրեն լուսանկարել չուզի, թող Ձեզ չասի, որ ինքը նման բան է խնդրել։ Իսկ երբ վերադարձա ու ասացի, որ մարքիզը պատրաստ է լուսանկարել, տատիկն  այլևս չուզեց, գտավ, որ տեսքը վատ է։ «Ավելի լավ է,- ասաց,- ոչ մի լուսանկար էլ չունենամ»։ Բայց քանի որ կամակոր չէր, վերջիվերջո ճիշտ որոշում կայացրեց՝ դրեց ոլորված եզրերով լայն գլխարկը,  որ միայն տոն օրերին էր դնում։ Ի վերջո շատ ուրախացավ, որ լուսանկարվեց, որովհետև Բալբեկ վերադառնալու  հույս չուներ։ Պատահում էր, սաստում էի՝  «Տիկի՛ն, այդպես մի խոսեք, ես չեմ սիրում, երբ այդպես եք խոսում», ամեն դեպքում միտքը հաստատվել  էր գլխում։ Մինչև իսկ լինում էին օրեր, որ պատառ չէր դնում բերանը։ Այդպիսի օրերին նա Ձեզ հեռու՝ մարքիզի հետ  ընթրելու էր ուղարկում, իսկ ինքը ճաշասրահ իջնելու փոխարեն ձևացնում էր, թե գիրք է կարդում։ Բայց  հենց մարքիզի ուղեկառքը փոքր-ինչ հեռանում էր, բարձրանում էր վեր՝ իր կեցասենյակը, պառկում։ Երբեմն մտածում էր Ձեր մայրիկին կանչել, որպեսզի վերջին անգամ տեսնվեն։ Բայց տատիկը մինչ այդ իր դստերը ոչնչից  չէր բողոքել, ուստի չէր ուզում վախեցնել՝ «Ո՛չ, Ֆրանսուազ, ավելի լավ է ամուսնու մոտ մնա»։

 

***

Հաջորդ օրը,  մայրիկի խնդրանքով, ես ծովափ գնացի՝ մեկնվելու ավազի վրա։ Իմ կիսախուփ կոպերի արանքից թափանցում էր վառ վարդագույն լույսը, որոնց վարդագույն երանգ հաղորում էին կոպերից  թանձր  արյունատար անոթները։  Հետո կոպերը կծկվեցին, ու ես տեսա տատիկին, որ նստած էր բազկաթոռում։  Նա թույլ, գրեթե անկյանք էակ էր, չնայած լսողությունս որսում էր շնչառությունը, երբեմն մինչ անգամ կարելի էր կռահել, որ հասկանում է, թե ինչի մասին ենք խոսում ես ու հայրիկը։ Բայց, որքան էլ համբուրեցի նրան, աչքերը սեր չառկայծեցին, այտերին նույնիսկ թույլ վարդագույն չհայտնվեց։ Ինքն իրենից էլ օտարացած՝ նա ամենայն հավանականությամբ ինձ չէր սիրում, չէր ճանաչում, չէր էլ տեսնում։ Ես չէի կարողանում ենթադրել նրա անտարբերության առեղծվածը, հոգեկան  անկումը, լուռ դժգոհությունը։ Հորս մի կողմ կանչեցի։ «Հը՞, հիմա  արդեն համոզվեցի՞ր,- հարցրի,- արդեն պարզից էլ պարզ է՝ տատիկի գիտակցությանը ամեն ինչ հասավ։ Կյանքի ամբողջ պատրանքայնությունը։ Ա՛յ, հիմա այստեղ լիներ քո ազգականը, որ պնդում էր, որ մահացածները չեն ապրում։ Տատիկը մի տարուց ավելի է, որ մահացել է, բայց համենայնդեպս մինչև հիմա ողջ է։ Միայն թե ինչո՞ւ չհամբուրեց ինձ»։ «Տե՛ս, խեղճը նորից խոնարհեց գլուխը»։ «Նա Շան-զ’Էլիզեն է ուզում»։ «Բայց դա խելագարություն է»։ «Վստա՞հ ես, որ դա  իրեն կվնասի,  այդ պատճառով ավելի շատ կմեռնի։ Նա ինձ չսիրել չէր կարող։ Այդ դեպքում ինչո՞ւ, որքան էլ որ համբուրեցի, նույնիսկ չժպտաց»։ «Ոչինչ չես կարող անել, մեռելները մեռելներ են»։

Մի քանի օր էլ անցավ ու ինձ հաճելի դարձավ Սեն-Լուի լուսանկարին նայելը, այն հուշերը չէր արթնացնում, որոնց մասին պատմում էր Ֆրանսուազը, ու քանի որ այլևս ինձ չէր լքում, ես հետը միաձուլվել էի։ Բայց ի հեճուկս  այդ օրվա տատիկի՝ չափազանց ծանր, վտանգավոր   վիճակի, ինչպիսին ես էի պատկերացնում, լուսանկարում, որը դարձյալ զարդարում էին  տատիկի    խորամանկությունները, որոնք  շարունակում  էին ինձ  խաբել՝  անգամ  բացահայտվելուց հետո,- լուսանկարվելիս նա դեմքը մասամբ քողարկել էր  գլխարկով ու  այնպիսի վայելուչ, այնպիսի անհոգ տեսք էր ընդունել, որ ամենևին դժբախտ հիվանդի տպավորություն չէր թողնում։ Ամեն դեպքում, չնայած չի էլ կասկածել, նրա այտերը առանձնահատուկ արտահայտություն, կապարագույն  երանգ, այլայլված  տեսք  էին ստացել,- այն կենդանու նման, որն զգում է, որ իր ճակատագիրը կանխորոշված է,- ահա, թե ինչու   տատիկը, իր կամքից անկախ, մահվան  դատապարտվածի՝ մռայլ, անգիտակցորեն ողբերգական տեսք ուներ, որի պատճառով էլ ինձնից խուսափում էր,  իսկ մայրիկն  ընդհանրապես լուսանկարին նայել չէր կարողանում,   քանի  որ     ոչ այնքան   մոր, որքան մոր հիվանդության խոր վիրավորական լուսանկարն էր թվում, հիվանդություն, որն ահավոր այլակերպել էր տատիկի դեմքը։

 

***

Վախենալով, որ  միայնակ շրջապտույտի   վայելքը կմարմրի  տատիկի մասին իմ հիշողությունը, ջանացի բորբոքել, փորձեցի պատկերացնել այն ահավոր հոգեկան տառապանքը, որ վիճակվել էր նրան, ուստի, իմ իսկ ցանկությամբ  այդ տառապանքը ջանաց   հաստատվել իմ սրտում, մինչև իսկ կայուն հիմնասյուներ ստեղծեց, բայց ամենայն հավանականությամբ իմ սիրտը չափազանց փոքր էր նման ահռելի  տառապանք կրելու համար, ես բավականաչափ  ուժ չունեի, որպեսզի այդպիսի ծանր վիշտ կրեի, իմ ուշադրությունն ինձնից  խույս տվեց  հենց այն պահին, երբ հիմնասյուները վերահաստատվում էին, բայց կամարակապերը, չհասցնելով միակցվել, փլուզվեցին՝ այդպես  ալիքներն են իրար չհասած, փշրվում։

Այն ամենը, ինչը վերջին շրջանում ինձ ուրախացնում էր, ես հիմա կփոխարինեի միայն մի ուրախությամբ՝ անցյալը վերսկսելով, տատիկի տառապանքները մեղմելով։ Չէ՞ որ ես ոչ միայն նրան էի պատկերացնում, պատկերացնում էի տնազգեստը՝ այն հագուստը, որը գրեթե  յուրօրինակ խորհրդանիշի  էր վերածվել, ծայր  աստիճանի հարմար էր դարձել կրելու անկասկած դժվարին, բայց տատիկի համար նաև ուրախալի բեռը,  քանի որ կրում էր հանուն ինձ,- ես մշտապես հիշում էի բոլոր այն դեպքերը, որոնք շահարկում  էի, որպեսզի ցույց տամ նրան,  թե ինչքան վատ եմ ինձ զգում, անհրաժեշտության դեպքում ավելի ծանր ներկայացնելով իմ հիվանդությունը՝ շահարկում էի, որպեսզի նախ վշտացնեմ նրան, հետո վիշտն ամոքեմ  համբույրներով՝   պատկերացնում էի, որ իմ   գուրգուրանքը,  ինչպես երջանկությունը, նաև նրան կերջանկացնեն,- ու ամենավատը՝ հիմա արդեն ինձ համար ավելի մեծ երջանկություն չկար, քան իմ հիշողությունում նրա ձվածիր,  ասես քանդակված, խանդաղատանքով համակված դեմքին  երջանկության հետքեր որոնելը, մինչդեռ նախկինում, անմիտ չարությամբ ջանում էի նույն դեմքից ջնջել ուրախության թեկուզ չնչին արտացոլանքը, ինչպես, օրինակ այն օրը, երբ Սեն-Լուն լուսանկարեց նրան, ու երբ տեսա, թե ինչպիսի մանկական, գրեթե ծիծաղելի քմայքով  ստվերոտ անկյուն  ընտրեց, ու որպեսզի լավ լուսանկարվի, հանեց մեծ զոլերով գլխարկը, և ես չկարողացա նյարդային հանդիմանանքով  վիրավորական բառեր չասել, որից դեմքը  ջղաձգվեց, քանի որ ասածներս հասան իրենց նպատակին, վիրավորեցին նրան, հետո, երբ մեկընդմիշտ զրկվեցի տատիկիս խաղաղեցնելու, դեմքը հազար համբույրներով ողողելու  հնարավորությունից, իմ  բառերը ծվատեցին հոգիս։

Հիմա արդեն ես չէի կարող նրա դեմքի ջղաձգումը կանխել, սրտի ցավը՝ ավելի ճիշտ՝ իմ սրտի ցավը մեղմել,- հանգուցյալները միայն մեր մեջ են ապրում, ու երբ մենք մտովի համառորեն  վերադառնում ենք այն հարվածներին, որ ժամանակին հասցրել ենք  նրանց, հարված հարվածի ետևից ինքներս մեզ  ենք հասցնում։ Ես, չնայած իրենց ամբողջ տանջալիությանը, հրճվում էի իմ տառապանքներով, զգում էի, որ տատիկիս հուշերն են ոգեկոչում այդ տառապանքները, դրանք ընդունում էի որպես հավաստումը  այն իրողության,  որ հիշողությունները տատիկիս մասին  ապրում են իմ մեջ։ Ես զգում էի, որ միայն տառապանքի շնորհիվ եմ նրան այնքան պարզ զգում, ու ուզում էի, որ իմ էությունում  ավելի խորը խրվեն այն մեխերը, որոնք ամրապնդել են նրա հիշատակը։ Ես չէի ջանում մեղմել իմ հոգեկան տվայտանքը, պճնազարդել, ինքս ինձ համոզել, որ տատիկը պարզապես  ինչ-որ տեղ  է մեկնել, որ մենք սոսկ ժամանակավորապես ենք բաժանվել, որ ինձ մնում է առայժմ նրա լուսանկարին  (Սեն-Լուի լուսանկարածին, որ վերցրել էի հետս) բառերով, աղերսանքով դիմելը, ինչպես այն մարդուն են դիմում, որ հեռվում է գտնվում, բայց իր ինքնությունը կորցրած չի լինում, մեզ ճանաչում ու առաջվա պես մեզ հետ կապված է մնում անքակտելի  փոխըմբռնմամբ։ Ես, սակայն, դրան չէի ձգտում, քանի որ ոչ միայն ուզում էի տառապել, այլև պահպանել իմ տառապանքի առանձնահատկությունը, պահպանել այնպիսին, որպիսին հանկարծակի, ինքս էլ չցանկանալով, ընկալեցի,- բավական էր միայն անդրադառնալ իմ էությունը համակող  հետմահու կյանքի ու անգոյության տարօրինակ հակասությանը, որ ներթափանցում էր,  որպեսզի տառապանքի այդ օրենքին հետևելով՝ ինձ համակեր անընդհատ տառապելու ցանկությունը։ Հասկանալի է՝ վստահ չէի՝ այդ  տանջալի ու դեռևս անհասկանալի վիճակից թեկուզ չնչին ճշմարտության կհանգե՞մ,- գիտեի միայն, որ եթե երբևէ ճշմարտության փոքր իսկ չափաբաժնի արժանանամ, ապա միմիայն նրա՝ նման  անսովոր, նման  անսպասելի, իմ մտածողությամբ ինձ չուղղորդած, իմ  փոքրոգությամբ չչքմեղացած իրողության շնորհիվ,- ես գիտեի միայն,   որ ինքնին մահը անակնկալ բացահայտում  է,  այդպիսին էր գոնե ինձ ներկայացել, շանթի նման  ներխուժել իմ մարմինը՝ մի գերբնական ու անմարդկային ուրվապատկերով, շարունակական  ու առեղծվածային հետագծով։ (Ինչ վերաբերում է տատիկին, նա  մինչ հիմա տրվել էր իմ  մոռացմանը, հիմա արդեն իմ մտքով չէր էլ անցնում, որպեսզի փորձեմ ճշմարտություն  կորզել այդ մոռացումից, որովհետև մոռացումը  սոսկ ժխտում է, մտքի մթագնում, որը դադարում է կյանքի որևէ հետագիծ  վերականգնելու ունակ լինել  ու ստիպված է լինում փոխարինել պայմանական  ու չտարբերվող ուրվապատկերով)։ Ամեն դեպքում ինքնապահպանման բնազդն  ու այն հնարագիտությունը, որով  բանականությունը մեզ պահպանում է տառապանքից, արդեն սկսել են դեռևս ծխացող ավերակների վրա զետեղել իրենց հիմնական  ու ճակատագրական  գործունեության հիմքերը, ուստի՝  գուցե ես իզուր նման ագահությամբ էությունս հագեցրի սիրած անձնավորությանս այս կամ այն դատողությունների քաղցր հիշողությամբ, կարծես նա հիմա էլ կարող էր նույնն այդ կերպ  ասել, կարծես  ինքը դեռևս գոյություն ուներ, կարծես  ես ինքս դեռևս գոյություն ունեի  իր համար։ Բայց հենց որ հաջողվեց քնել այդ՝  ճշմարտությանը  ավելի քան համապատասխանող ժամին, երբ իմ աչքերը արտաքին աշխարհի համար փակվեցին, քնի աշխարհը (որի շեմին միտքն ու կամքը հանկարծակի անդամալուծվում են, արդեն չեն կարողանում ինձ պաշտպանել իմ կյանքային դաժան տպավորություններից) իր կենսական խորքերում բեկեց ու վանեց կենդանի,  իրենց ընդերքի  խորհրդավոր լուսավորությամբ անգամ թափանցիկ դարձած վերապրության ու անէության ցավատանջ համադրությունը։ Քնի աշխարհում ներքին գիտակցությունը, որ կախում ունի մեր  մարմնանդամների խանգարումներից, հաճախակիացնում է սրտխփոցը կամ շնչառությունը, որովհետև,  այն բանից հետո, երբ մենք աշխարհ ենք գալիս, եթե  մեր երակներին վախի, վշտի, խղճի խայթի որոշակի չափաբաժին ներարկենք, ապա  հարյուրապատիկ ավելի  կազդի,- հազիվ ենք մենք, որպեսզի անցնենք քաղաքի ստորերկրյա ուղիներով, ճամփա ընկնում մեր  արյան սև ալիքներով, ինչպես ներքին Լետայի ալիքներով, անթիվ-անհամար գետագալարներ մեր դիմաց հառնում են, ընդհուպ մերձենում են, իսկ վերջում, որպես վեհանձն արքայական  կերպարներ, հեռանում են, իսկ մենք նրանց համար լաց ենք լինում։ Հայտնվելով մութ առմուտքում՝ ես իսկույն սկսեցի փնտրել տատիկիս,  բայց՝ իզուր, այնինչ գիտեի, որ դեռ  ապրում է, բայց մի տեսակ նվաղած, նույնքան խամրած կյանքով, որքան հիշողությունների կյանքն է,- արդեն մթնում էր, քամին՝ ահագնանում, ինձ տատիկի մոտ հայրս էր տանելու, բայց դեռ տուն չէր գալիս։ Անսպասելի շունչս կտրվեց, սիրտս ասես կանգ առավ, հիշեցի, որ մի քանի ամիս շարունակ մոռացության պատճառով տատիկիս չեմ գրել։ Հետաքրքիր է՝ ինչո՞վ էր նա դա  բացատրում։ «Աստված իմ,- ասում էի ինքս ինձ,- ով գիտե՝ որքան է տխրում իր համար վարձված սենյակում, որն այնքան փոքր է, որ տարեց սպասուհու խցասենյակ է հիշեցնում, ինչպես է տխրում ծեր խնամակալուհու հետ, որ հոգ է տանում նրան անձուկ սենյակում, որտեղ պառկում է անշարժ, քանի որ դեռևս մասամբ անդամալուծված է, չնայած առանց դրա էլ վեր կենալու ցանկություն չի ունենում։ Հավանաբար մտածում է, որ ես իր մասին  մոռացել եմ, որ ինքը մահացել է, ո՜վ գիտե՝ որքան միայնակ, որքան լքված է  իրեն զգում։ Շուտ գնամ, հասնեմ նրան, այլևս  ոչ մի րոպե չեմ կարող դիմանալ, չեմ կարող հորս սպասել, բայց որտե՞ղ է նրա տունը, ինչպես կարող էի հասցեն մոռանալ, միայն թե ճանաչի ինձ։ Ինչպես կարող էի մի քանի ամիս շարունակ չհիշել նրան։ Ակնակուր մութ է, տունը չեմ գտնի, քամին թույլ չի տալիս առաջանալ, բայց ահա՛ հայրիկը, ետ-առաջ է քայլում, գոռում եմ՝ «Որտե՞ղ է տատիկը, հասցեն ասա։ Ինչպե՞ս է իրեն զգում, հաստա՞տ նրան ոչինչ պետք չի», «Դե չէ՛,- ասում է հայրիկը,- մի անհանգստանա, խնամակալուհին հոգատար է։ Տատիկին երբեմն-երբեմն, ճիշտ է, շատ քիչ, փող ուղարկում ենք, խնամակալուհին ամենաանհրաժեշտը գնում է, գիտես՝ տատիկը քչով գոհացող է։ Երբեմն հարցնում է, թե քեզնից ինչ է ստացվել։ Ասել են, որ մտածում  ես գիրք գրել։ Կարծես թե ուրախացել է։ Արցունքն է սրբել»։ Այդ պահին ինձ թվաց՝ հիշեցի, որ մահից շատ չանցած, տատիկը, տարեց  սպասուհու նսեմացած տեսքով, որին  վռնդել են ոչ թե հարազատի, այլ օտարի պես, փղձկալով հարցրեց ինձ. «Համենայնդեպս երբեմն-երբեմն կերևաս, չէ՞։ Գոնե մի քանի տարին մեկ այցելիր։ Հիշի՛ր, որ իմ թոռն ես եղել, տատիկը դա երբեք չի մոռանում»։ Բավական էր, որպեսզի նորից տեսնեի նրա՝ այնքան հլու, այնքան թախծոտ,  այնքան հնազանդ  դեմքը, որպեսզի ինձ համակեր ամեն ինչ թողնելու, նրան ընդառաջ նետվելու, այն ասելու մղումը, ինչ պարտավոր էի  ժամանակին ասել. «Այդպես մի խոսիր, տատիկ, մենք կտեսնվենք այնքան, որքան կուզենաս, ինձ համար դու միակն ես ամբողջ աշխարհում, ես այլևս երբեք քեզնից չեմ բաժանվի»։ Ով գիտե՝ որքան դառն արցունք էր հեղել նա այս ամիսների ընթացքում, երբ ես լռել ու չէի գնացել այնտեղ, որտեղ նա պառկած է։ Ի՞նչ է մտածում նա իմ մասին։ Ակամա ես էլ փղձկացի, ասացի հորս՝ «Շո՛ւտ  արա, շո՛ւտ, հասցեն ասա, տա՛ր ինձ»։ Իսկ նա՝ «Բանն այն է, որ… Ես չգիտեմ, նրան տեսնել կկարողանա՞ս,- և հետո,- խնդրում եմ հասկանաս,- նա թույլ, չափազանց թույլ է, նա այլևս նա չէ, կարծում եմ, որ քեզ համար չափազանց ծանր կլինի։ Եվ հետո հասցեի  համարներն  էլ լավ չեմ հիշում»։ «Ամեն դեպքում ասա՛, դու հո գիտես՝ ճիշտ չէ, որ հանգուցյալները դադարում են ապրել, ճիշտ չէ, որ մենք այդպես ենք ասում, քանի որ տատիկը դեռ կա, գոյություն ունի»։ Հայրս տխուր ժպտաց` «Դե՛ չէ,  հասկանո՞ւմ ես, նա մի կերպ, հազիվ է ապրում, կարծում եմ՝ ավելի լավ կլինի  չգնանք, չտեսնենք։ Նա ոչ մի բանի կարիք չունի։ Քիչ առաջ են տունը կարգի բերել»։ «Տատիկը հաճա՞խ է մենակ մնում»։ «Այո՛, բայց այդպես նրա համար ավելի լավ է։ Ճիշտ  կլինի, որ նա ոչ մի բանի չմտածի, մտքերը միմիայն կտխրեցնեն։ Մտածելն ախր երբեմն ծանր է դառնում։ Հասկանո՞ւմ ես, նա վերջնականապես   հանգած է։ Ես քեզ հիմա ճշգրիտ կասեմ՝ ինչպես գնաս, միայն, թե չգիտեմ՝ գնաս, ի՞նչ անես, ասենք, խնամակալուհին էլ հազիվ թե թողնի, որ մոտը մտնես»։ Բայց ինձ համար անտանելի ծանր էր,  որ աչքերիս առաջ ծովն էր, որին տատիկը կարող էր ժամերով   նայել,- ծովի անհաղորդ հմայքը, որ ես տեսնում էի նորից, իսկույն ևեթ ծնեց այն միտքը, որ տատիկն այլևս չի տեսնելու,- ուզում էի ականջներս փակել,  որպեսզի խշշոցը չլսեմ, ափեզրի փայլատակող լայնությունն իմ հոգուն պարապության զգացում էր հաղորդում, ամեն ինչ՝ այն պուրակի ծառուղիներն  ու սիզամարգերը, որտեղ ես փոքր տարիքում մի անգամ կորցրի տատիկիս, կարծես ասում էին ինձ՝ «Մենք նրան չենք տեսել», ու ես գմբեթակերպ, դժգույն, հիասքանչ երկնքի ներքո  տարօրինակ կերպով զգում էի, որ մի բան ինձ ճնշում է վերևից, ասես հորիզոնն անջրպետող անսահման հեռուներից, որտեղ տատիկն այլևս չէր երևում,  մի ահռելի  կապտավուն  զանգ  ծանրացել է հոգուս։ Որպեսզի ոչինչ չտեսնեմ, շրջվեցի դեպի պատը, բայց, ավաղ, դիմացս հայտնվեց այն նույն միջնորմը, որը ժամանակին մեր երկուսի համար  լուսաբացի լրաբերն էր դարձել՝ միջնորմը, որը զգացմունքների բոլոր նրբությունները հաղորդող ջութակի հնազանդությամբ ճշգրտորեն տատիկին հաղորդում էր նրան չարթնացնելու իմ վախը կամ, եթե  քնած չէր, ինձ լսելու՝ այսինքն նրան չանհանգստացնելու վախը՝ չնայած մի ակնթարթ անց, մի ուրիշ երաժշտական գործիքի արձագանքի պես  ազդարարում էր նրա գալը, հանգստություն պահպանելու հորդորը։ Միջնորմին մոտենալն ինձ ավելի ահավոր էր թվում, քան դաշնամուրին մոտենալը, որի լարերը  ամենայն հավանականությամբ դեռ թրթռում էին, չնայած տատիկը վաղուց ի վեր չէր նվագում։ Ես գիտեի, որ հիմա արդեն կարող եմ խփել միջնորմին, խփել նույնիսկ նախկինից ավելի ուժեղ,  բայց գիտեի նաև, որ այլևս տատիկին ոչինչ չի արթնացնի, որ ես չեմ լսի նրա պատասխանը, նա մոտս չի գա։ Ու ես Աստծուն միայն մի բան էի աղերսում՝ եթե հոգու անմահություն գոյություն ունի, թող թույլ տա երեք անգամ խփեմ միջնորմին, տատիկը իմ խփոցները կտարբերի հազարավոր ուրիշներից, խփոցով կարձագանքի, որը կնշանակի՝ «Մի տագնապիր, մկնիկս,  հասկանում եմ, որ անհանգստանում ես, հիմա կգամ», այնպես որ, եթե Աստված մի ամբողջ հավերժություն էլ միասին թողնի, մեզ  չափազանց երկար չի թվա։

 

Թարգմանությունը՝ Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆԻ