ԻՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ/Մարիամ  ԷԴԻԼՅԱՆ

Տղամարդը տանը չէր ծխում, միշտ դուրս էր գալիս պատշգամբ։ Մի օր նկատեց, որ  իրենց բնակարանի ուղղությամբ թռչունները պատի քիվին բույն են դրել։ Չվող թռչուններ էին, ծիծեռնակի նման։ Տնից հացի մի կտոր բերեց և բազրիքի վրա փշրեց։ Թե ինչպես հասկացան թռչունները, որ այդտեղ իրենց համար կերակուր կա, միայն իրենք գիտեն՝ մոտեցան։

Դրանից հետո ամեն առավոտ տղամարդը առավոտվա իր ծխախոտի հետ հացի փշրանքներ էր պատրաստում թռչունների համար։ Պատշգամբի տեղը սովորեցին նաև տեղացի կաչաղակները, աղավնիները, ագռավները։

Եթե տղամարդն ուշանում էր, թռչունները համբերատար թառում էին պատշգամբին կամ լվացքի պարաններին ու սպասում, իսկ եթե մի քիչ երկար էին սպասում, իրենց թռչնային երգով թե ուղղակի խոսքով հասկացնում էին տղամարդուն.

– Եկել ենք, ո՞ւր ես…

Տղամարդու և թռչունների բարեկամությունը ձգվում էր տարիներ շարունակ։

Կինը մի օր նկատեց, որ ներքևի հարկերում էլ են արդեն թռչուններ հայտնվում։ Մի օր էլ իրենց մշտական հյուր աղավնուն նկատեց վերևի հարկի բազրիքին, ներս մտավ և ասաց.

– Հավանաբար վերևիններն էլ են սկսել կերակրել, քո սիրած աղավնին վերևի հարկում էր թառել։

– Այո,- պատասխանեց տղամարդը,- տեսել եմ, որ նրանք էլ են հացի փշրանք ու ջուր դնում,- ժպտաց, աչքերը բարությամբ փայլեցին. «Հիմար օրինակը վարակիչ է լինում»…

 

* * *

Կինը շտապում էր աշխատանքի։ Երկար սպասելուց հետո վերջապես վերելակը եկավ։ Մտավ վերելակ, որը մի քանի հարկ ներքևում կանգնեցրին։ Դուռը բացվեց և ներս մտան երկու աղջիկ և մի տղա, հավանաբար ուսանողներ։

Կինը նայեց շուրջը և կարծես համոզվելով, որ ինքը անտեսանելի չէ, մի հարկ իջնելուց հետո ասաց.

– Բարև ձեզ։

Երեքն էլ քթների տակ պատասխանեցին։ Աղջիկներից մեկը, երևի դեմքից հիշելով կնոջը, ասաց.

– Բարև ձեզ։ Կներեք, վերելակի վիճակից դժգոհ՝ մտահոգ էինք։

Կինը նայեց նրան, ժպտաց և ասաց.

– Կապ չունի վերելակը։ Որքան բարի ցանկանաք, այնքան ձեզ համար աշխարհը բարի կլինի։

Երեքն էլ ժպտացին, և բարևող աղջիկը ոգևորված, մի քիչ էլ հումորով՝ ասաց։

– Հազար բարև  ձեզ, բարի օր, բարի երեկո, բարի… չգիտեմ ինչ…

– Բարին ձեզ, ջահելներ,- ներքին հոգատարությամբ վրա բերեց տարիքով արդեն ձմեռ թեքված կինը։

Երեկոյան պատմեց ամուսնուն և եզրափակեց.

– Երևի սրանից հետո վերելակ նստելիս նրանք անպայման կբարևեն ուղեկցին, չէ՞…

 

* * *

– Սենսացիա, աղջիկներ, պատմեմ, լսեք,- սենյակ մտնելով՝ ասաց տարեց աշխատակցուհին և սկսեց իր պատմությունը.

– Այսօր առավոտյան բարձրացա ավտոբուս, նստել էի վարորդի մոտ այն երեք տեղանոց նստելատեղին։ Կողքիս մի կին էր, կլիներ 35-40 տարեկան։ Քիչ անց ավտոբուս  բարձրացավ գրեթե իր տարիքի մի կին։ Նա վեր կացավ և սիրով առաջարկեց իր տեղը։ Մի քանի կանգառ հետո այդ կինը իջավ և իմ հարևանուհին գրավեց իր տեղը,  բայց քիչ անց մեծ հարգանքով տեղը զիջեց մեկ ուրիշ տարեց կնոջ։ Քանի որ Դավթաշենից կենտրոն ավտոբուսը գրեթե մի ժամ գալիս-գալիս է, հարևանուհիս մի հինգ անգամ իր տեղը սիրով զիջեց ուրիշի և նրանց իջնելուց հետո կրկին գրավեց իր տեղը։

Եկավ իր իջնելու ժամանակը։ Եվ երբ կինն իջնում էր, վարորդը բարձրացավ իր տեղից, ասաց.

– Շատ շնորհակալություն, ձեզ նման մարդիկ հազվադեպ են պատահում։