ՄՈՐԻԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ
Վառվում էին մոմերը,
Պայծառ, թրթռուն
բոցը ամեն ինչ Լույսով էր պատել,
Թվում էր` հանգչի,
Մութը հովանոցի պես կկողպի,
Կծածկի աչքերն ամբողջությամբ
անվերջանալի վախի
վարագույրով:
Իզուր են մտքերը սահում
դատարկությունը ցնորքների,
Արդյո՞ք լույսի աղբյուրն է միայն
դողդոջուն,
Մռայլ ստվերներ նետում ամենուր:
Հպարտ մոմերի փայլից մշուշված,
երկչոտ,
Փիրուզե լուսաբացը թաքուն ու անձայն
պատուհանն է լուսավորում,
Ոչ ոք չի նկատում անպիտան
գորշության նետած
արտացոլանքը:
Մոմերն այրվեցին:
Առավոտի սառը ճաճանչում հնչեց տաք
ու գերող Նոր հնչյունը…
Ուզում ես բարձրացնել վարագույրը,
Բայց չէ, շուտով նա ինքը
ճամփա կբացի…
Տարածվում է քնքուշ լույսը,
Առաջին անկյունը մշուշով է լցվել,
Հավերժ զորավոր,
ամենապայծառ Փարոսը շողում է,
Ամեն ինչ շողում է…
Իսկ մոմե՞րը…
ՍՈՒՐԲ ՆՇԱՆՆԵՐԸ
Մենք չգիտենք,
Բայց նրանք գիտեն,
Քարերը գիտեն,
Նույնիսկ ծառերը գիտեն և հիշում են…
Հիշում են, թե ով է անուն տվել սարերին
և գետերին,
Ով է հիմք դրել հին քաղաքներին,
Ով է անվանակոչել անհիշելի երկրներին:
Մեզ անհայտ բառեր,
Նրանք բոլորը լի են իմաստով,
Ամենը լի է հերոսությամբ,
Ամենուր հերոսներ են անցել:
Քաղցր է Գիտենալ բառը,
Հիշել բառը` սարսափելի,
Գիտենալ և հիշել,
Հիշել և գիտենալ,
Նշանակում է` հավատալ:
Թռչում են երկնային նավերը,
Հորդահոս կրակ է թափվում,
Փայլատակում է կայծը
կյանքի ու մահվան,
Ոգու ուժով են կերտվում
քարե պարիսպները,
Կոփվում է թուրը հիասքանչ,
Մատյանները պահպանում են
իմաստուն գաղտնիքները,
Եվ նորից ակնհայտ է ամեն ինչ,
ամեն ինչ նոր է,
Կյանք դարձավ հեքիաթ-ասացվածքը,
Եվ մենք ապրում ենք նորից,
Եվ նորից կփոխվենք,
Եվ նորից կտրվենք հողին,
Մեծն այսօրը կխամրի վաղը,
Բայց ի հայտ կգան սուրբ նշանները,
Այնժամ, երբ կարիք լինի,
չեն նկատի նրանց,
Ո՞վ գիտի, բայց նրանք կկերտեն կյանքը,
Ուրեմն ո՞ւր են սուրբ նշանները:
1915 թ.
ՎԵՐՋԻՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԻՆ
Մեզ ասացին` չի կարելի,
Բայց մենք միևնույն է մտանք,
Մոտեցանք դարպասներին,
Ամենուր լսում էինք` չի կարելի,
Ուզում էինք նշանները տեսնել,
Ասացին` չի կարելի,
Լույս էինք ուզում վառել,
Չի կարելի, ասացին
պահապանները տեսանող,
Բայց դուք սխալվում եք, պահապաններ,
Տերը թույլատրել է Տեսնել և Ճանաչել,
Երևի նա ցանկանում է, որ մենք տեսնենք
ու ճանաչենք…
Դարպասից այն կողմ
սուրհանդակ է կանգնած,
Նա մեզ ինչ-որ բան է բերել,
Ներս թողեք, պահապաններ,
Չի կարելի, ասացին ու կողպեցին
դարպասները:
Բայց և այնպես շատ դարպասներ մենք
անցանք՝ հարկադրված էինք,
Եվ մեր թույլտվությունը մնաց մեզ հետ:
Պահապանները դարպասների մոտ
հսկում էին,
Ե՛վ խնդրում էին, և՛ ահաբեկում,
Ե՛վ զգուշացնում էին. չի կարելի,
Մենք չի կարելիներով լցրեցինք ամբողջը,
Ոչինչ չի կարելի,
Ոչնչի մասին չի կարելի,
Ոչնչի համար չի կարելի,
Եվ կարելի է, միայն վերջում,
Բայց վերջին դարպասների վրա կգրվի,
կարելի է,
Չի կարելին կմնա ետևում.
Այսպես պատգամեց գրել վերջին
դարպասներին Տերը:
ՊԱՐԻ ՄԵՋ
Վախեցեք, երբ անշարժը սկսի շարժվել,
Երբ նոր ծնված քամիները
մրրիկների վերածվեն,
Երբ մարդկանց խոսքերը
լցվեն անիմաստ բառերով,
Սարսափեք, երբ մարդիկ հողի մեջ
թաղեն գանձերը իրենց,
Վախեցեք, երբ նրանք ապահով
կհամարեն այն գանձերը,
Որ կրում են իրենց մարմնի վրա միայն,
Վախեցեք, երբ ձեր շուրջը ամբոխներ
հավաքվեն,
Երբ գիտելիքի մասին մոռանան
Եվ ուրախությամբ ջնջեն
նախկինում գիտեցածը,
Եվ հեշտորեն ի կատար ածեն
սպառնալիքները,
Երբ ձեր իմացածը ոչնչի վրա չեք
կարողանա գրել,
Երբ Սուրբ գրքի էջերը
անհաստատ դառնան, իսկ
խոսքերը՝ չար:
Ա՜խ, իմ դրկիցներ, գլուխ չեք հանում,
Չեղյալ համարեցիք ամենը,
Էլ ոչ մի գաղտնիք ներկայից այն կողմ,
Եվ դժբախտության տոպրակը
ձեռքներիդ
Գնացիք թափառելու և գրավելու
աշխարհը,
Ձեր խենթությունը ամենատգեղ
կնոջն անվանեց ցանկալի,
Հե՜յ, խղճուկ, խորամանկ պարողներ,
Դուք արդեն պատրաստ եք թաղվել
պարի մեջ:
ՏԱՆՈՂԸ
Գիշերվա մեջ Եկող,
Ասում են, անտեսանելի ես Դու,
Բայց դա սուտ է,
Ես գիտեմ հարյուրավոր մարդկանց,
Որոնք գեթ մեկ անգամ տեսել են Քեզ,
Միայն մի քանի աղքատներ ու հիմարներ
չեն հասցրել տեսնել
Հայացքդ բազմակերպ փոփոխվող:
Դու չես ուզում խանգարել մեր կյանքին,
Չես ուզում վախեցնել
Ու դրա համար գալիս ես
անխոս լռությամբ,
Աչքերդ կարող են շանթել,
Ձայնդ կարող է որոտալ,
Եվ ձեռքդ կարող է ծանր լինել սև
քարի համար,
Բայց Դու չե՛ս փայլատակում,
Չե՛ս որոտում և թույլ չես
տալիս ավերածություն,
Գիտես, քանդելը ողորմելիների գործն է,
Միայն Դու գիտես, որ Լռությունը
բարձրա գոչ է կայծակից,
Միայն Դո՛ւ, լռության մեջ
Եկողն ու Տանողը:
ԼՈՒՅՍԸ
Ինչպես կտեսնենք դեմքդ,
Զգացմունքներից ու մտքից խոր,
ամենաթափանց հայացքդ՝
Անշոշափելի, անլսելի, անտեսանելի,
Կանչում եմ սրտին, իմաստությանը և
տքնանքին,
Ո՞վ իմացավ այն, որը չունի ձև, ձայն,
համ և չունի վերջ ու սկիզբ,
Մթության մեջ, երբ ամեն ինչ
կանգ է առնում
Ե՛վ ծարավն անապատի,
և՛ աղը օվկիանի,
Կսպասեմ Քո պայծառակերպությանը,
Հայացքիդ առաջ արևը չի շողում,
Չի փայլում լուսինը, ո՛չ աստղերը,
ո՛չ կրակը, ո՛չ կայծակները,
Չի՛ շողում ծիածանը,
չի՛ թրթռում հյուսիսափայլը,
Այնտեղ Քո հայացքն է շողում,
Ամեն ինչ Քո լույսով է շողում,
Խավարում փայլատակում են
լուսապսակիդ փշրանքները,
Եվ իմ փակ աչքերում առկայծում է Քո
հրաշագեղ Լույսը:
ԺՊԻՏՈՎ
Սուրհանդակ, իմ սուրհանդակ,
Կանգնել ու ժպտում ես,
Եվ չգիտես, թե ինչ ես ինձ համար բերել,
Դու բերել ես շնորհը ապաքինման,
Իմ ամեն մի կաթիլ արցունքը կբուժի
տկարությունն աշխարհի,
Բայց, Տիրակալ, որտեղի՞ց ես վերցնեմ
այդքան արցունք,
Եվ աշխարհի ո՞ր ցավերին տամ նրա
կաթիլներն առաջին:
Սուրհանդակ, իմ սուրհանդակ, կանգնել
ու ժպտում ես,
Դու չունե՞ս արդյոք հրաման, բուժել
դժբախտությունը ժպիտով:
Թարգմանությունը`
Սուրեն ԴԱՎԹՅԱՆԻ