ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԸ

ՀԱՐՐԻ-ՓՈԹԵՐՄի անգամ, երբ գնացքը անսարքության պատճառով երկարատև կանգ առավ դաշտի մեջ, Ջոան Ռոուլինգի հետ տարօրինակ բան պատահեց: Չհուսալով ինչ-որ նոր բան տեսնել, նա դուրս նայեց պատուհանից ու… նրա երևակայության մեջ հայտնվեց սևամազ, կլոր ակնոցով ու ճակատին սպի ունեցող մանչուկ: Նա դեռ չգիտեր, թե որտեղից է հայտնվել այդ սպին, փոխարենը հստակ հասկանում էր, որ այդ մանչուկը կախարդ է ու ինքն էլ այդ մասին չգիտե, բայց շատ շուտ նրան կհրավիրեն կախարդանքի դպրոց, և ամեն ինչ կսկսվի այդտեղից…
Ամուսնալուծված, Էդինբուրգում ապրելով փոքրիկ դստեր հետ պստլիկ բնակարանում՝ թոշակի հույսին, Ջոան Կ. Ռոուլինգը սրճարանում նստած գրում էր «Հարրի Փոթերն ու Փիլիսոփայական քարը»:

Amazon.co.uk: Որտեղի՞ց եք վերցնում Հարրի Փոթերի մասին գրքերի գաղափարները:
Ջոան Կ. Ռոուլինգ – Չգիտեմ ու հուսով եմ, որ երբեք չեն իմանա: Ամբողջ ուրախությունը ինձ համար կփչանար, եթե հանկարծ պարզվեր, որ իմ ուղեղում պարզապես մի փոքրիկ գալար կա, որն ստիպում է ինձ մտածել գնացքների անտեսանելի կառամատույցների մասին:

A. – Ինչպե՞ս եք հորինել ձեր հերոսների անունները:
Ջ. Ռ. – Որոշ անուններ հորինել եմ Հարրիի մասին գրքերում, նաև հավաքել անսովոր անվանումներ: Դրանք գտնում էի բույսերի, միջնադարյան սրբերի, մարդկանց մեջ, որոնց հանդիպում էի քարտեզներում, բառարաններում ու անգամ պատերազմում զոհվածների հուշակոթողների վրա:

A. – Ձեր հերոսները նմա՞ն են Ձեր ծանոթներին:
Ջ. Ռ. – Որոշները նման են, բայց այս մասին պետք է խոսել շատ զգուշորեն: Որպես կանոն, կերպարների ստեղծմանը ոգեշնչում են իրական մարդիկ, բայց բավական է, նրանք հայտնվեն քո գլխում՝ բացարձակապես մի այլ բանի են վերածվում: Ե՛վ պրոֆեսոր Սնեյփը, և՛ Հիլդերոյ Լոկհարթը սկսում էին որպես մարդկանց (որոնք ես գիտեի) խեղված կրկնօրինակներ, բայց լրիվ փոխվեցին, հենց հայտնվեցին գրքի էջերում: Հերմիոնան ինձ է նման, երբ ես 11 տարեկան էի, միայն թե՝ զգալիորեն խելացի:

A. – Կա՞ն պատմություններ, որոնք հիմնված են ձեր կամ ձեզ ծանոթ մարդկանց կյանքի իրադարձությունների վրա:
Ջ. Ռ. -Գիտակցաբար ոչինչ չեմ ներառել, բայց դա չի նշանակում, որ քո զգացմունքները ոչ մի ազդեցություն չունեն: Երբ կարդում էի առաջին գրքիս 12-րդ գլուխը, ես հասկացա, որ Գարրին իմ սեփական զգացմունքներից շատ բան է վերցրել՝ կապված մորս մահվան հետ, թեև գրելիս այդ մասին ես չեմ էլ կասկածել:

A. – Որտեղի՞ց հայտնվեց կախարդների ու կախարդական հմայանքների համար պարապմունքների գաղափարը:
Ջ. Ռ. -Դպրոցական առարկաների հարցը ի սկզբանե որոշարկեցի: Կախարդական խոսքերի մեծ մասը հորինված է, բայց շատերն էլ հիմնված են այն բանի վրա, ինչին իսկապես հավատում են մարդիկ: Մեր գիտական իմացությունների զգալի մասի համար մենք պարտական ենք ալքիմիկոսներին:

A. – Ձեր կարծիքով, ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ Հարրի Փոթերի մասին պատմող բոլոր գրքերի համար:
Ջ. Ռ. – Երբեք լրջորեն չեմ մտածել բաղադրիչների մասին, բայց կարծում եմ, որ եթե թվարկեի, պիտի սկսեի հումորից, վառ կերպարներից ու լավ մտածված սյուժեից: Այս ամենը պետք է լինի գրքում, որը ես կուզենայի կարդալ: Ախ, ես մոռացա, որ գիրքը պետք է վախեցնող լինի – ճիշտ է, երբեք չեմ ձգտել վախեցնել մարդկանց, բայց նման մի բան համենայնդեպս ու երբեմն սողոսկում է գրածիս մեջ:

A. – Ի՞նչ գրքեր եք սիրում կարդալ:
Ջ. Ռ. – Ամենասիրելի հեղինակս Ջեյն Օսթինն է, նրա բոլոր գրքերը կարդացել եմ շատ անգամներ: Ժամանակակից գրողներից՝ Ռոդդի Դոյլը, ում ես համարում եմ հանճար: Ինձ թվում է՝ նրանք իրար նման են՝ երկուսն էլ ստեղծում են ավարտուն կերպարներ, հաճախ ընդհանրապես անտեսելով նրանց արտաքին նկարագրությունը, մարդկային վարքը քննում են առանց կողմնակի էմոցիաների ու միաժամանակ շատ հուզիչ, և, իհարկե, նրանց գրքերը ԾԻԾԱՂԵԼԻ են:
Աղբյուրը` Amazon.co.uk

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։