Գաղտնիքների սահմանագծին / Տեր Թովմա քահանա

ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

Հոկտեմբերի 21-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Տեր Թովմա քահանայի (Վահան Անդրեասյան) «Գաղտնիքների սահմանագծին» գրքի շնորհանդեսը: Այն  սկսվեց Տեր Թովմայի օրհնությամբ: Գիրքը տպագրվել է ՀԳՄ հրատարակչությունում:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց ներկաներին, խոսեց Տեր Թովմա Անդրեասյանի գրական գործունեության, ինչպես նաև նոր հրատարակված գրքի մասին: «Թովմա քահանա-Վահան Անդրեասյանը ինքնատիպ, շնորհալի բանաստեղծ է, և այն նրա բազում շնորհներից մեկն է: Նրա նուրբ, գեղեցիկ, տեսանելի և անտեսանելի բանաստեղծական աշխարհը ներկայանում է որպես գաղտնիք, և իր գրքերում նա բացահայտում է այդ գաղտնիքները»,- նշեց Էդ.Միլիտոնյանը:

Գրքի խմբագիր Շանթ Մկրտչյանը խոսեց  հեղինակի ու նրա ստեղծագործական ոճի մասին՝ անդրադառնալով գրքում ներառված ստեղծագործություններին:  «Վահան Անդրեասյանի բանաստեղծությունները կարծես մի նոր լույսի տակ են առնվում ընթերցողի տեսողության մեջ, այն, ինչը թաքուն էր, հեռու և սկսում է երևալ իր խորքային կարևորությամբ և ամբողջացնելով պոետական հղացումը: Ամեն տողից հետո մի նոր տարածք է բացվում. դա է գրքի ամենամեծ նվաճումներից մեկը»,- նշեց նա:

Հակոբ Մովսեսը խոսեց բանաստեղծության, ժամանակակից աշխարհում նրա դրսևորումների, ինչպես նաև արդի հայկական բանաստեղծության մասին՝ արժևորելով  Տեր Թովմայի ստեղծագործության հոգևոր բնույթը այդ համատեքստում. «Նրա բանաստեղծությունը մեղմ է, գրաֆիկական՝ արտահայտված մանրագծերով, և դրանք ներքին ընթերցանության համար են: Ուրախալի է, որ այսօր էլ բաբախում է պոեզիայի սիրտը, և գրվում են բանաստեղծություններ մարդկային ապրումների, ներաշխարհի մասին: Վահան Անդրեասյանի բանաստեղծություններում հրաշքները շատ են, իր օգնությամբ են տեսանելի դառնում,  իր մասնակցությամբ տեսնելուց հետո մենք հավատում ենք դրան»:

Հերմինե Նավասարդյանը նշեց. «Տեր Թովմայի ստեղծագործական աշխարհում այն, ինչ բառերին չի տրվում, արտահայտվում է երաժշտությամբ, այն ինչ երաժշտությամբ չի հնչում, աղոթքով է հառնում, և այդ ամենը միտված են  մարդու հոգևոր աշխարհի զարգացմանը»:

Շնորհավորելով գրքի հրատարակման առթիվ՝ Արսեն Համբարյանը խոսեց Վահան Անդրեասյանի բանաստեղծությունների նրբության և երաժշտականության մասին: Եսթերը շնորհակալություն հայտնեց Տեր Թովմային ոչ միայն իր ստեղծագործությունների, այլև հոգևոր գործունեության համար:

Շնորհանդեսի ընթացքում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Բաղինյանը բանաստեղծություններ ընթերցեց գրքից: Բանաստեղծություններ կարդաց նաև Սաթենիկ Ղազարյանը:

Տեր Թովման խոսեց իր գործունեության ու ստեղծագործությունների մասին և պատասխանեց ներկաների հարցերին:  Բանաստեղծի ու հոգևորականի նրա խոսքը լի էր իմաստությամբ ու լույսով. «Խաղաղությունը մշտապես ինձ հետ է: Եկեղեցում  դու ամրոցի՝ տապանի մեջ ես,  կարծես չորս կողմը մրրկալից ծով լինի, բայց դու նավի մեջ ես, և ոչինչ քեզ չի սպառնում: Տիեզերքը գաղտնիք է: Գիտնականները օրենքներ են հայտնագործում, դրանք գործում են, բայց արդյոք այդ համակարգերը ճի՞շտ են: Կա զուգահեռ աշխարհ, և այդ գաղտնիքների սահմանագծի մասին է գիրքը»:

Սեփ.լրտ.