Մարտի 29-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց ՀԳՄ երեք ամսվա գործունեության տեղեկատվությունը. ընթացիկ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներին Հովհ. Թումանյանի հոբելյանը (150-ամյակը) նշվել է մեծ գրողի ծննդավայրում, Թբիլիսիում, Արցախում, ՀԳՄ Մեծ դահլիճում ու Երևանի՝ իր անունը կրող դպրոցում, հանրապետության մարզերում: Նշվել են նաև Սիլվա Կապուտիկյանի 100, Վազգեն Սարգսյանի 60-ամյա հոբելյանները: ՀԳՄ Կլոր սրահում տեղի է ունեցել Պոեզիայի օրվան նվիրված միջոցառում՝ Ռուսաստանից հրավիրված գրողների մասնակցությամբ: Կայացել են մի շարք գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ ընթերցողների հետ: Առաջիկայում՝ Մանկապատանեկան գրականության շաբաթվա կապակցությամբ, բազմաթիվ հանրապետական միջոցառումներ են նախատեսվում: Շաբաթվա բացումը տեղի կունենա Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում, փակումը՝ Խնկո-Ապոր անվան գրադարանում: Մանկապատանեկան գրականության շաբաթվա ընթացքում գրողները կայցելեն դպրոցներ, գրադարաններ, հանդիպումներ կունենան ընթերցողների հետ: Տարվա ընթացքում կնշվեն նաև Հրաչյա Հովհաննիսյանի, Գևորգ Էմինի 100-ամյա հոբելյանները, մայիսին կկայանա արդի հայ դրամատուրգիային նվիրված պլենում:
Հունիսի կեսերին Ծաղկաձորում նախատեսվում է անցկացնել երիտասարդ գրողների ամենամյա հերթական համաժողովը:
Սեպտեմբերին կնշվի Հայաստանի գրողների միության 85-ամյակը: Հոկտեմբեր ամսին ընդարձակ կնշվի Թարգմանչաց տոնը, կհրավիրվեն հյուրեր:
Իր ելույթում Արևշատ Ավագյանը անդրադարձավ ստեղծագործական միությունների և Մշակույթի ֆոնդի համատեղ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:
ՀԳՄ նախագահը ներկայացրեց ՀԳՄ մրցանակաբաշխությունների հանձնախմբի կողմից մշակված կանոնակարգերը, որոնք ՀԳՄ նախագահությունը միաձայն հաստատեց: