Անսպասելիությունն իր հետ երբեմն բերում է նոր թռիչքաձևի եզակիություն, գտնում է էության բանալին և մտքի ու հոգու միջև դառնում է հազարաթել հանգույց։ Ոճի, բառախաղի, սեփական դիմագծի յուրատիպ մեկնարկ է Նեկտար Սիմոնիի բանաստեղծական այս հունձքը, որը հեղինակը, ինքնատիպության սահմանները հատած, վերնագրել է «Նեկտարինե»։ Հուռութքի հանգույն այն հոգեթերապիա է, բանաստեղծական մի ելակետ, երբ երևակայական քիմքը կարիք ունի ընդարմացնող նեկտարի և բառապտույտում այն վերափոխվում հոգեսնունդի։
Ինչպես միշտ, բանաստեղծուհին դուրս է այն ինքնաբավ շրջանակից, որ կաղապարում է պոետիկ եսը։ Նրա թևերը բացվում են շատ հաճախ աներևակայելի բարձունքներից անդին, և շնչելի թթվածինը բավարարում է այդ ազատ ճախրանքի համար։
Վարպետագրության բոլոր առավելություններից զատ, Նեկտար Սիմոնին իր անկեղծության մեջ անգամ կերպարային խոցելիությամբ մատուցում է ներաշխարհի հույզերի ալեծփանքը նոր որակով՝ լինի հայրենիք, խոհականություն թե սեր, մակընթացություն թե խաղաղ ընթացք։ Նեկտար պոետի հաղթահարելի ճանապարհի փրփուրներն անգամ մարգարտափայլ ունեն։ Սահմանափակումներից զերծ է այս պոեզիան։ Գրում է.
Երկի՛ր իմ, կարծես
Քայլում եմ անվերջ
Լայն սրտիդ միջով։
Բանաստեղծուհու համար հացը նշխար են դարձնում սայլակների մեջ ննջող մանկան ճիչերը։ Նրա գունաշխարհում ճամփորդների պես իրար են նայում ներկան, անցյալը և գալիքը։ Այդ եռամիասնության մեջ է նրան պահող հորիզոնը։ Հեղինակը իր բառամեկնությունում երբեք չհագավ օրերի փոթորկումներից պատսպարվող փրկօղակներ։
Նեկտարի պոեզիայում թիավարելիս վարակիչ մի ներգործությամբ գնում ես դեպի խորքային այն շերտերը, որոնք համամարդկային ներգործություն ունեն ու ներդաշնակ կապ դիմացինի հետ։ Այդ ստեղծագործական հայելու մեջ փնտրում է ընթերցողը իր եսը և նույնանում նրա զգայական միֆականության հետ։
Գյուղաշխարհը միշտ իր մեջ կրող պոետը մայրաքաղաքային տագնապներ ունի։ Որոնումների նոր ելքի ճամփան, հույսերի անկանոն փնտրտուքը դառնում են պոետի օրվա մատիտանկար քարտեզը, կենտրոնում՝ իր ճակատագրական սայլի վերն ու վարը, որն անկումների ձորը լքելով՝ ի զորու է ընթանալ դեպի բարձրադիրը՝ մոռանալով անգամ, որ բարձրակրունկ կոշիկներն օտարացան ու մնացին տիղմահոտի մեջ՝ որպես իրար նայող նավակներ։ Բոկոտնությունը հեղինակի համար բանաստեղծական ուխտի ճամփան է։
Ավանակային
Մի համառությամբ
Ոտքերս կարծես
Օտարացան ինձ…
Դիպուկ կրակոցների պես են Նեկտարի տողերը և ուղղվում են մտքային նշանակետին։ Որքան էլ նրա հայրենապատումն առանցքային է, լայնահուն, խոհականությունը` նրբահյուս, միևնույնն է, եթերային է նրա սիրո պոեզիան, ուր կինն իր բոլոր հմայքներով մնում է կարոտների ուղեծրում, որպես սպասումների խորհրդանիշ և քայլող արձան։ Այստեղ հոգեցավի, նվիրումի հենքի վրա միահյուսվում է կանացիության մի մաքուր աշխարհ՝ հպարտության իր առագաստով։ Նեկտարի համար սերը նման է այն վալսին, որը երկար գլխապտույտից հետո սիրում է ինքնասուզում և խոհականության պահ, անգամ լռության ինքնասուզում, երանության կրկնվող վիճակ, սպասումների դուռթակոցների թթվածնազուրկ վիճակ։
Պոետը իր զգացմունքային հողմապտույտի մեջ չունի դիմակ ու կեղծ խաղ, դուրս է սեթևեթանքի դինամիկայից։ Նա պարզ է և երբեմն խոցելի՝ իր անկեղծության մեջ… Գրում է.
Դու սիրում էիր
Իմ թաց մազերը…
Նեկտարի համար սիրո ելևէջները չեն անբողջացնում իր հույսի ցեցակիր պարանը, որը բոժոժաթելից էր։ Անհաշվարկ իր ժամանակի մեջ հեղինակը կարողանում է առանց նեյնիմների նայել վաղվա աչքերի մեջ և տեսնել սեփական փոփոխվող գույների դիմագիծը։
Միայնության պահերի ինքնախոստովանության մեջ է Նեկտարի հմայքը։
Հեռացումը և բաժանարար գծիկը երկու կերպարների միջև չէր կարող այս պոեզիայում չունենալ անկումների ձոր և վերելքների վերձիգ մղում։
Քամի՛, մի՛ երգիր
Սիրահարի պես,
Նոտաներիդ մեջ
Սարսուռ է ցավի…
Շատ հաճախ հայելու մեջ արտասվող դասական կինը կարող է կրել տոնական հանդերձ, սրբել աչքերը և գնալ նոր օրվան ընդառաջ։ Սա է Նեկտարի հմայքի գրավչությունը, որը չի տեղավորվում շրջանակի մեջ, քանի որ նրանն է ազատ տարածությունը։ Բանաստեղծուհու համար հոգու մեղքերը փայտփորիկներ են, և նա փորձում է լույսը դարձնել անանուն բախտի իր թռչունը, որը հաճախ է հայտնվում նրա տեսիլքներում և ամպեղեն ճախրում։
Երբ կարոտի ուրվականը նրա դուռն է թակում,
պոետը հաճախ է իր տան վարագույրները հետ տանում․
թվում է, որ մարմնեղեն կդառնա իր սիրո հեռավոր ուրվականը և սեղանին կդրվի երկու սուրճի բաժակ, մեկը՝ լեցուն մշտարթուն սիրո նեկտարով, իմաստնությամբ, իսկ մյուսը կմնա դատարկ՝ որպես վայելած օրվա կենաց։ Հենց սա է իսկական պոեզիայի լեցունությունը, որը փոխանցվում է փշաքաղեցնող վարակիչ ճշմարտությամբ։
Նեկտարի բանաստեղծական ողջ հմայքը հեղինակի անկեղծության մեջ է։
Քայլող ծառի հոգեբանությամբ է ստեղծագործողն անցնում իր գրողական ճամփան՝ սկուտեղին դնելով գրականության հասուն պտուղները, որոնք կմնան հոգու համար նեկտարներ։ Գիրքն իր բազմաժանրությամբ հարուստ է և դրվելու է արդի պոեզիայի պատվանդանին՝ որպես պոեզիայի ևս մի լավագույն, մնայուն արժեք։
Սպասենք նեկտարահամ նոր գործերի, որոնք հոգին տաք պահող նվիրումներ են։
