Անքննելի զուգադիպություններով լի գրականության ճամփաները հաճախ են ծնում ժամանակային անսպասելի անդրադարձներ և թաքնված օրինաչափություններ։ 1865 թվականին, երբ ծնունդ առավ Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկայի դասախոս և հազվագյուտ լուսանկարիչ Լուիս Քերոլի «Հրաշքների աշխարհի» Ալիսը, դեռ ոչ ոք չգիտեր, որ մոտավորապես ութսուն տարի անց՝ 1946-ին, հայ գրականությունը կհարստանա իր սեփական Ալիսով՝ տաղանդավոր արձակագիր Ալիս Հովհաննիսյանով։
Երկու Ալիսներ, երկու տարբեր դարաշրջաններ, բայց միևնույն խորհրդավոր առաքելությունը՝ պատռել սովորական իրականության վարագույրը։ Կա մի անբացատրելի գաղտնիք այս անվանակցության մեջ. մեկը մանկական անմեղությամբ ու զարմանքով բացահայտում էր անդրհայելային անհայտությունը, մյուսը՝ գրական իմաստնության բարձունքից նույն հայելին շրջում է դեպի մեր ներսը։ Ալիս Հովհաննիսյանի կերտած աշխարհում հրաշքը ոչ թե հեքիաթային թագավորություններն են, այլ հենց ինքը՝ մարդը՝ իր ցավով, կորստով ու դրամատիկ ալեկոծումներով, որն անցնելով փորձությունների բովով՝ ի վերջո վերագտնում է իր հանդարտ «նավահանգիստը»։ Քերոլի հերոսուհին փնտրում էր ելքը լաբիրինթոսներից, իսկ մեր Ալիսը մեզ սովորեցնում է մնալ ու ապրել այդ լաբիրինթոսներում՝ իմաստավորելով յուրաքանչյուր վայրկյանի խորհուրդը։
Կան գրողներ, որոնց կյանքի ճանապարհի անվերջանալի ու խորհրդավոր միջանցքում տարիները ոչ թե անդարձ հեռանում են, այլ արտացոլվում գրականության աննյութեղեն հայելիներում։ Այսօր, երբ Ալիս Հովհաննիսյանը կյանքի արահետներով հանդարտ քայլում է իր ութսուներորդ՝ արծաթազօծ աշունը, նրա կերտած աշխարհի սեմին մենք ակամա կանգ ենք առնում՝ ունկնդրելով իմաստուն գրչի այն նրբահյուս տրոփյունը, որը սովորական կյանքը վերածում է գրական հրաշքի։ Եթե համաշխարհային գրականության փոքրիկ Ալիսը սոսկ զարմացած ճամփորդ էր «Հրաշքների աշխարհում», ապա ինքնատիպ արձակագիրն ինքն է այդ հրաշքների աշխարհի արարիչ – տիրուհին։
Նկատված թվաբանական ու հոբելյանական զուգադիպությունը, սակայն, սոսկ արտաքին կամուրջ է, որից այն կողմ սկսվում է հեղինակի լիովին ինքնուրույն ու ինքնատիպ գեղարվեստական աշխարհը։ Նրա երկերում, անգամ այնտեղ, ուր «Օղակը փակվում է», պատումի թելը չի ընդհատվում, այլ ստանում է նոր, ներքին ընթացք՝ դառնալով մարդկային հոգու անդադար որոնումների արձագանք։ Ժամանակակից հայ արձակում Ալիս Հովհաննիսյանի գրական վաստակն ունի իր ուրույն, անփոխարինելի տեղն ու տարողությունը: Առինքնող այդ արվեստի սահմաններն էլ ավելի են ընդլայնվում «Րաֆֆու ոտնահետքերով» էսսեների ժողովածուով, ինչը արձակագիր-գրականագետի գրչի ուժի հերթական վավերացումն է: Տարբեր դարաշրջանների հանճարների խորհրդավոր երկխոսության պես՝ այն ոչ թե սոսկ անդրադարձ է գրականության պատմությանը, այլ մեծ հեղինակին զգալու, նրա գրական ընթացքը սեփական էությամբ վերապրելու և այդ սրբազան մասունքը ընթերցողի սրտին կտակելու մի անկրկնելի մշակութային երևույթ։
Հովհանիսյանական հրաշքի աշխարհն աչքի է ընկնում բացառիկ նրբանկատությամբ, որտեղ զգայուն գրիչը միահյուսվում է կյանքի խորը վերլուծության հետ: Հեղինակի արձակին բնորոշ է մարդկային հոգու ամենանուրբ լարերը շոշափելու հազվագյուտ կարողություն։ Մարդկային ապրումների մասին խոսում է ոչ թե չոր վավերագրությամբ, այլ կարեկցանքի այնպիսի քնարական շնչով, որ ընթերցողն ակամա դառնում է յուրաքանչյուր հոգեվիճակի ապրումակիցը։ Երկերում իրականությունը վերարտադրվում է՝ ջնջելով գեղարվեստի ու կյանքի սահմանը, և գրականության չափման միավորը նույնանում է կենդանի կեցության հետ։ Քնքուշ, բայց երբեք չթուլացող հոգեբանական արձակն է դառնում Ալիս Հովհաննիսյանի գրական հասունության այցեքարտը, ուր աշխարհի հանդեպ ունեցած վերաբերմունքն ու վերջինիս ամբողջությունը սեփական զգացողություններում արտացոլելու ձգտումը ստեղծում են կատարյալ ներդաշնակություն: Այն գործում է հայելային անդրադարձների սկզբունքով, որտեղ իրականությունը երբեք միագիծ կամ մակերեսային չէ, այլ անվերջ բեկվում է պատմական անցյալի, ներկայի և մարդկային ներաշխարհի սահմանագծին։ Ինչպես «Հայելիների աշխարհում», որտեղ ժամանակն ու տարածությունը յուրովի են շարժվում, գրողը մեզ տանում է հիշողության քաղաքներով՝ «Լենինական-Կումայրի-Գյումրի» եռամիասնության միջով, ուր աղետի փլատակների տակից հառնում է ապրելու և ժպտալու հավերժական կամքը։ Գրողը չի վերաշարադրում պատմությունը. նա քննում է «Աղաների դարը և հետոն»՝ ցույց տալով, թե ինչպես են դարակազմիկ տեղաշարժերը դրսևորվում անհատի հույզերում, որտեղ ոչինչ անդարձ չի կորչում, այլ վերածվում է հոգեբանական խորագույն դրամայի։ Հեղինակի վերջին վեպը չի ծնվել դատարկ տարածության մեջ. դրանում ակնհայտորեն զգացվում է նախորդ տարիների պատմվածքների ու վիպակների հարուստ շունչը: Պատմվածքի ժանրին բնորոշ սեղմությունը, դիպուկությունը և մեկ պատկերով ամբողջական մարդկային ճակատագիր կերտելու կարողությունը դարձել են վեպի հորինվածքի առանցքը: Գիրքն ընթերցելիս ակամա հայտնվում ես յուրօրինակ լուսանկարչական ալբոմի առջև, ուր խորատես գրչով պատկերված դրվագները պարզապես անջատ պատմություններ չեն։ Ժանրային յուրահատուկ մտահղացմամբ՝ ճակատագրերն ու ողբերգությունները միահյուսվել են մեկ ամբողջության մեջ՝ յուրաքանչյուր կերպարի տեղադրելով պատմական այն կետում, որտեղ անձնական դրաման վերածվում է հավաքական հիշողության, իսկ վեպի ավարտի լավատեսական լույսը դառնում է ապագայի հույս։
Եզակիորեն երջանիկ է Ալիս Հովհաննիսյանը, քանի որ, իր իսկ խոստովանությամբ, իրեն հաջողվել է «լույս գտնել խավարի մեջ»: Վեպը փոխադարձ հաշտեցման ու ներման հանգուցակետ է. այն սիրո յուրօրինակ տուրք է մանկության բնօրրան Նոր Արեշին, ինչպես նաև սեփական հուշերին հավատարիմ ու դրանցով ապրող հեղինակ-հերոսին:
Վեպում պատկերված են օտար ափերից հայրենիք վերադարձած հայերը, որոնց հայրենիքում՝ երբեմն փաղաքշական, երբեմն էլ օտարոտի շեշտով, կոչում էին «ախպարներ»։ Նրանց այստեղ սպասում էին անլուր դժվարություններ՝ սոցիալական զրկանքներից մինչև ստալինյան բռնաճնշումներ ու քաղաքական հետապնդումներ: Սակայն այդ «աղաներն» ու «հանըմները», որոնք իրենց մեջ կրում էին այդ բառերի իսկական, ազնվական իմաստը, մնում են անկոտրում և հոգու արժանապատվությամբ հաղթում խավարին: Այս ողբերգության կիզակետն է «ախպար» բառը՝ որպես դարաշրջանի խորհրդանիշ, որտեղ միախառնված էին եղբորն ուղղված արևմտահայության անհուն սերն ու քնքշանքը և տեղացիների սառը հեգնանքը, որով կապարակնքվեցին հայրենիք վերագտածները: Հաջորդ սերունդները, ենթարկվելով կյանքի անողոք ընթացքին, հարմարվեցին խորհրդային իրականությանը, և անհայտ է, թե որքան են իրենց հետ տարել այդ ազնվական ժառանգությունից։ Կամ, արդյոք խորհրդային հասարակարգում ձևավորվող նոր մարդուն, նոր հային պե՞տք էր այդ «աղայությունն» ու «ախպարությունը»։
Պատմական անդրադարձներին զուգահեռ՝ հովհաննիսյանական աշխարհում վարպետորեն ներհյուսվում են մարդկային առօրյան ու կերպարների հոգեբանական քննությունը՝ առանձնահատուկ թախծով ու խորությամբ բացելով կնոջ ներքին էությունը, նրա պահանջներն ու խնդիրները։ Ժամանակակից հայ արձակում կանանց դերի և հավաքական ինքնության, ազգի ու պետության պահպանման հարցն առավել նկատելի է։ Ալիս Հովհաննիսյանի ստեղծագործական անդաստանում կերպարների մի ինքնատիպ ու բազմագույն փունջ է հառնում՝ Հովոյի կինը, Նունիկը, Շուշանիկը, Եղսաբեթը, Աննան, Զաբելը, Ազնիվ հանըմը, Զուլֆիան…
Սակայն Հովհաննիսյանի հերոսները միայն կանայք չեն. նրանք պարզապես անհատներ են, որոնց համար կենցաղային ամենասովորական իրադարձությունները կարող են դառնալ ինքնավերլուծման, ինքնահաստատման, ինքնարդարացման և ինքնաձաղկման փիլիսոփայություն։ Ուշագրավ է, որ արձակագրի գրեթե բոլոր հերոսները քաջածանոթ են սեփական թերություններին ու մարդկային թուլություններին. կյանքի դաժան հարվածներն ու հանգամանքներն են լոկ ստիպել նրանց կրել այնպիսի դիմակներ, որոնցով նրանք երևում են աշխարհին: Գրողի՝ մարդասիրությամբ ու ջերմությամբ շաղախված գեղարվեստական միջավայրում տեղ չունեն բացարձակ առաքինություններով կամ ծայրահեղ արատներով օժտված միագիծ ու սահմանափակ կերպարները: Նրա էջերից հառնում է կյանքի իրական, բազմաշերտ մարդը։ Եվ եթե անգամ այդ աշխարհում հայտնվում է չար, նախանձ, թունոտ կամ «լաչառ» մեկը՝ ինչպես, օրինակ, «Հովոյի կնոջ կյանքի մի օրը» պատմվածքի սկեսրայր Վարազդատն ու սկեսուրը, նա միևնույն է, օտարացած չէ աշխարհից. գրողը նրանց ներհյուսում է կյանքի բնականոն, օրգանական հոսքին՝ դարձնելով մեր իրականության անքակտելի մասնիկը։
Այս համատեքստում «Սուրբ Գևորգի այցը» պատմվածքի հերոսուհի Նունիկի կյանքին են զուգահեռվում նաև «Պատառիկներ մեր փուչ կյանքից» պատմվածքի կերպարների՝ թոշակառու բժշկուհի Շուշանիկի և Եղսաբեթ տատի ճակատագրերը։ Նրանք շատ տարբեր են միմյանցից, բայց միևնույն ժամանակ՝ զարմանալիորեն նման։ Այս հերոսուհիները հիշեցնում են, որ կանայք՝ աղջնակից մինչև զառամյալ տատիկ, կրում են նույն երազներն ու հեքիաթները, և նրանցից հաջողված կհամարվի նա, ում ավելի շուտ կհանդիպի հեքիաթի երազային ասպետը՝ «…և պարտադիր չէ, որ ծովակալ լինի»։ Կինը երբեք հոգով չի ծերանում. վաթսուն տարվա սահմանը, որը հատել են Ալիսի հերոսներից շատերը, դեռևս չի մարում աղջկական հույզերը, և դա բնական է։ Այս հոգեբանական անկեղծության վառ վկայությունն է նաև Նունիկի ներքին մենախոսությունը. «Փնթփնթան պառավ, էդ երբ էիր էսքան անուշ եղել։ Ինչ կլիներ, որ 62 տարվա մեջ գոնե երկու օր էսպես անուշ եղնեիր։ Կերար հարսներիդ, տղոցդ, խնամոցդ կերար։ Էլ ոնց ասեն, թե Նունիկը լավ կնիկ է»։ Այս կերպարն ընթերցողին օգնում է գնահատել կյանքի ընթացքին ուղեկցող այն չնչին թվացող մանրուքները, առանց որոնց ապրելն ուղղակի հնարավոր չէր։ Մի հրաշագործ ուժի աներևակայելի ազդեցությամբ, որն էլ Մարտինի կերպարից է ծնվում, կյանքի մանրունքներին այլևս ուշք չդարձնող Նունիկը վերափոխվում է։
Կյանք կոչվող ամենաարագ միջոցից ուշանալու, ժամանակը ճիշտ չտնօրինելու մորմոքն ու տագնապն է առկա նաև «Տեսիլաժամեր» ստեղծագործության մեջ։ Երիտասարդ տարիներին, երբ թվում է, թե ամեն ինչ առջևում է, իրականությունը կարող է խտանալ մեկ վայրկյանի մեջ. «Հենց հիմա կիջնեմ, մի քիչ սպասիր, սանրեմ խռիվ մազերիս հոծ թնջուկները, մի վայրկյան էլ տուր, որ փոխեմ խամրած ու թոշնած հին այս զգեստը, մի վայրկյան էլ տուր…»։ Ու ցավոք, չքանում է երազը, և ապրելու այլևս ոչինչ չի մնում։
Ալիս Հովհաննիսյանի իմաստուն արձակը մեզ սովորեցնում է ապրել յուրաքանչյուր ակնթարթով, զգալ վայրկյանի թրթիռն ու կյանքի կոչել ֆաուստյան հայտնի պատգամը՝ «Կանգ առ, վայրկյան, դու չքնաղ ես»։ Վայրկյանների հայտնի խաչուղիներում կյանքի ամենաբազմազան կողմերը հեղինակի համար դառնում են գեղարվեստական պատումի նյութ՝ արտացոլվելով մարդկային այնպիսի բնավորությունների, արարքների ու ապրումների մեջ, որոնք մտերիմ ու հասկանալի են յուրաքանչյուրիս։ Նույնիսկ օրեր հոլովող այդ կենցաղում սովորական առօրյան նրա գրչի տակ ձեռք է բերում խորհրդավոր, արարողակարգային բնույթ. Հովոյի կնոջ լռությունն ու ամենօրյա հոգսը կամ Նունիկի ներքին խռովքը վերածվում են հոգևոր կայունության հենարանի, ուր հյուսվում է «Սիրո քնքուշ հեքիաթը»՝ իբրև կյանքի թաքնված, նուրբ ու անկրկնելի մի շերտ: Եվ երբ նրա հերոսները, անցնելով բազում փորձությունների բովով, ի վերջո կատարում են իրենց «Դարձը նավահանգիստ», ընթերցողն առերեսվում է այն վեհ ճշմարտությանը, որ այդ հանգրվանը ոչ թե արտաքին, աշխարհիկ մի կանգառ է, այլ սեփական ինքնության վերագտնում՝ ներքին խաղաղությունն ու հաշտությունը թողած անցյալի հետ։
Գրողն իր լեզվական նրբանկատությամբ ու ոճական զսպվածությամբ ինքն է սահմանում գեղարվեստական պատումի կանոնները՝ հրաժարվելով պատրաստի, խրատական լուծումներից և թույլ տալով, որ պատկերներն ապրեն ու խոսեն ինքնուրույն։ Այս բարձրագույն որակի ու ինքնատիպության մեջ է հառնում Ալիս Հովհաննիսյանի գրական վաստակը։ Հեղինակային հայելիների խորհրդավոր անդրադարձում ինքը չի երևում, միայն ընթերցողն է իր արտացոլանքով և վարպետորեն կերտած գեղարվեստական տարածույթը, որն անցնելով պատմության հեռուներից մինչև մերօրյա իրականություն՝ անփոփոխ է պահում իր հոգեբանական վավերագիրը։ Ահա թե ինչու է հավատարիմ ընթերցողը վստահում նրա խոսքին և սպասում նոր հայտնությունների։
…Եթե առաջնորդվենք քերոլյան փոխաբերությամբ, ապա ութերորդ հորիզոնականը շախմատային տախտակի այն վերջնական ու կատարյալ հանգրվանն է, ուր զինվորը վերածվում է թագուհու։ Հոբելյարի կյանքի ու ստեղծագործական ուղու վրա այդ խորհրդանշական սահմանագիծն այսօր դարձել է իմաստնության 80-ամյակ՝ հավերժական թագուհու իր արժանի տիտղոսով։
Բ.գ.թ., դոցենտ Նաիրա ԽԱՉԱՏՐՅԱՆ
