ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԳՐՔԻ ԽՄԲԱԳԻՐԸ
«Նուռ» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՀ և ԼՂՀ գրողների միության, Արցախի ժուռնալիստների միության անդամ, վաստակավոր լրագրող, արձակագիր, մանկագիր, բանաստեղծ, երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ Դավիթ Միքայելյանի «Տունս մնաց հեռուներում» բանաստեղծությունների ժողովածուն (խմբագիր՝ բանաստեղծ Ռաֆ Բարաթյան)։
ԱՐՑԱԽԱԳՈՒՅՆ ՎԵՐԱԴԱՐՁ
Իմ ճանաչած միակ գիշատիչը պատերազմն է, որի քիմքին մշտապես «ստեղծողի և ստեղծածի համն է»։ Մարդը, հատկապես հայ մարդը, լույս աշխարհ է եկել ու գալիս արարման գենետիկական կոդը արյան ու գենի մեջ՝ շինականի իր ձեռքով սեփական ես-ն ու միջավայրը հարմարեցնելու իր մարմնին ու հոգուն, իր պահանջմունքներին։ Հայը լույս աշխարհ է եկել ու գալիս՝ կառուցելու լույս, կառուցելու խաղաղություն, կառուցելու հույս ու հավատ, կառուցելու սեր… Սակայն մարդու կառուցողականության հետ դարեր ի վեր կենակցել ու կենակցում է նրան ու նրա ստեղծած քաղաքակրթությունները հոշոտող պատերազմը, որի երակներում շրջանառվող արյան գույնը մինչ օրս ուսումնասիրված, սակայն չբացահայտված գոյաբանություն է…
Իմ ճանաչած միակ գիշատչի՝ պատերազմի ու նրա կերտած դիմանկարի գեղարվեստականացումը մեր ժամանակներում բանաստեղծի համար դարձել է տուն, հող, ջուր, հայրենիք և լույս կառուցելու միակ շինաքարը, որի կառուցած ծածկը բանաստեղծի համար սեփական հոգին սառնամանիքներից, անձրևներից ու փոթորիկներից պաշտպանելու միակ հանգրվանն է։ Ահա այսպիսի «մի տուն է կառուցել» Արցախն ու հայրական տունը կորցրած, բայց միշտ արցախցի ու արցախաբնակ վաստակավոր լրագրող, արձակագիր, մանկագիր, բանաստեղծ Դավիթ Միքայելյանը։
«Տունս մնաց հեռուներում» վերտառությամբ բանաստեղծությունների ժողովածուն ՀՀ և ԼՂՀ գրողների միության, ինչպես նաև Արցախի ժուռնալիստների միության անդամ Դավիթ Միքայելյանի բազմաթիվ գրքերից մեկն է, որի կուռ կառուցվածքն ու պատկերավորման-արտահայտման եղանակը հույզերից բարձրագույնն է, բանականության հուզաշխարհի գագաթը, որից անդին միայն Արցախն է, հայրենյաց շենն ու տունը, այնտեղ թողած գենի մեջ լուսացրած երգերն ու լույսերը: Ընթերցողին ներկայացվող բանաստեղծությունների ժողովածուի չորս բաժինները` «Կծնվի Մհեր մի նոր», «Որ թեթևանա սիրտս որբացած», «Գնում եմ իմ բաժին արևի հետևից» և «Լոխ մըզետե առազ ա», Արցախ աշխարհից բռնի տեղահանված հայի դիմանկարներ են, որոնց վրա օրեցօր ավելացող կնճիռներն ասես լինեն Արցախ հետդարձի ճամփաները:
«Կծնվի Մհեր մի նոր» խորագրով շարքում ընդգրկված բանաստեղծությունները հայրենյաց Արցախի, բնօրրան Այգեստանի նկարագիրն է, մանկությունից դեպի կյանքի աշուն ձգված կարոտագին ճանապարհը, ինչպես նաև` բանաստեղծի, արցախցու, հողն ու ջուրը կորցրած հայի ճակատագիրն է` տառապանքի ճիչ ու սեփական հոգու և ժամանակի անարդարությունների միջև շարունակվող պատերազմ՝ մի նոր «Մհեր»-ի սպասումով, մի նոր լուսաշողի արթնացմամբ․
Սիրտս ձյունել է,//Սիրտս մրսում է,//Տաքացնող չկա…
Բանաստեղծի անզուսպ հույզերն ու տվայտանքները, փոքր Հայաստանը` Արցախը վերադարձնելու և Արցախ վերադառնալու անզուսպ ցանկությունը, գեղարվեստական պատկերներ դարձած, հոսում են անկեղծության երակներով: Ահա այսպես է իր հիշողության երակներով հոսում բանաստեղծը.
Չհավատաք,//Թե Արցախատան ճրագը մարել եմ,//Անունս ուրացել,//Ոսոխին եմ բաշխել,//Պարտության գործարքի հետ//Հաշտվել, մերվել եմ/(Զույգ աչքով//քոռանամ,//Թե նահատակներիս//Վայրկյան անգամ մոռանամ…
«Որ թեթևանա սիրտս որբացած» շարքը բանաստեղծի նախնիների, պապ ու տատի, հոր և մոր, քույր ու եղբոր կերպարների պատկերավորումներն են: Նրանք գեղարվեստական վավերագրեր ու վկայագրեր են, որոնց միջոցով ընտանիքը, միշտ կենդանի հայրն ու մայրը կենդանի հորդորներով դաստիարակում են զավակներին, փոխանցում հայեցի ապրելու, հողը սեփական ես-ից գերադասելու արյունը, հավատարիմ մնալու հայրենյաց ծխին ու հայրենյաց թոնրի հացին տված երդումներին, մոր երգած «Ծիծեռնակ» երգին: Բնօրրանից բռնի տեղահանված բանաստեղծը եկել ու «մնացել է» հայրական տանը` շենացնելու երազանքին հլու.
Եկել եմ,//Որ հորս հորդորներին ունկնդիր՝//Շիտակ անցնեմ ճամփաս,//Պապենական այգու//Տարեց թթենու ճյուղերին//Մանկության հուշերը նորոգեմ//Ու հայրական օջախս շենացնեմ։//Եկել եմ, որ մնամ…
«Գնում եմ իմ բաժին արևի հետևից» շարքը երազանքի հետևից գնալու և ապրել-ապրեցնելու բովանդակությունն ունեցող այսպիսի պատկառելի բանաստեղծությամբ է սկսում բանաստեղծը.
Խոհերս ձուլեմ իրար,//Կապույտ երազով գերվեմ,//Ճերմակ ամպերին բազմեմ//Ու թևեմ վերև՜, վերև՜://Հետո մերվեմ աստղերին//Ու նշխար-նշխար հալվեմ,//Աստղերի երգը սերտած՝//Նրանց պես այրվեմ, մարեմ…
Շարքը մարդու էպիկական կերպարի դրսևորման ու բացահայտման հրաշալի օրինակ է: Այստեղ ապրում է սերը, այստեղ ապրում է ապրելու ցանկությունը, որոնք արևի ու լուսնի գույնն ունեն ու բույրը: Հարկ է նշել, որ շարքում ներառված բանաստեղծություններից շատերն արդեն կատարվող երգեր են, որոնք բազմիցս հնչել են տարբեր բեմերում:
Ժողովածուն ավարտվում է Արցախի քաղցրանուշ բարբառով գրված «Լոխ մըզետե արազ ա» շարքով, որը ընթերցողին Արցախի բարբառն ու բառուբանը փոխանցելու, արցախյան բարբառը պահպանելու լավագույն տարբերակն է` մինչև Արցախ վերադառնալը, ինչպես նաև՝ հստակ ընգդծում ժողովածուի տեղայնացումը՝ սփռելով արցախյան ժամանակն ու տարածությունը, հոգին ու ոգին:
Դավիթ Միքայելյանի «Տունս մնաց հեռուներում» բանաստեղծությունների ժողովածուում հանդես եկող «բառամորմոքներում» ակնհայտորեն նկատելի է երկու ձեռագիր` լրագրողական և բանաստեղծական: Պատերազմն ու պատերազմի հասցրած կորուստները լրագրող-բանաստեղծը և բանաստեղծ-լրագրողը լրագրողական հետաքննության ու բանաստեղծական գեղարվեստի են վերածում բանաստեղծությունները, որոնք ընթերցողին երկու աշխարհընկալմամբ ներկայանալու և երկու աշխարհընկալմանը հաղորդակից դարձնելու միտումներն ունեն: Բանաստեղծը գրում է պարզ, բանաստեղծական պահանջներին համահունչ, հեռու պաթոսից ու ձևականությունից: Գրում է և՛ ազատ բանաստեղծություններ, և՛ դասական հանգավորմամբ: Վարպետությամբ գուրգուրված ժողովածուն ապտակ է` հասցրած ժամանակի դեմքին, որը համայն հայությանը զգաստացնելու, սեփական արմատներից չհեռանալու, միշտ պահանջատեր լինելու պատգամախոս է: Հատկանշական են փոխաբերությունների կիրառումը, ինչպես նաև համեմատություններով հեղեղված բանաստեղծությունները, իսկ համեմատությունները համամարդկային են, գաղափարական: Ահա դրանցից մեկը.
Ա՜խ, որքան են իրար նման//Արցախ երկրիս շահ թթենին ու իմ պապը…
Հոգին և սիրտը թելադրողներն են, բանաստեղծը` թելադրվելիքը թղթին հանձնողը: Դավիթ Միքայելյանի բանաստեղծությունները Արցախի հոգու և սրտի գրեր են, Արցախի հոգու և սրտի զարկեր են, որոնց ընթերցումը պատկերում է նպատակ, պատկերում է Արցախ, պատկերում է վերադարձ, պատկերում է գալիք, որտեղ սպասում են նախնյաց օրրանն ու Արցախ-հայրենիքը:
Դավիթ Միքայելյանին ու մեզ մաղթեմ, որ չուշանա Արցախ աշխարհը Հայաստանի գրկում հայտնվելու մեր ցանկության իրականացումը, իսկ նրա հաջորդ ժողովածուն օրորվի Արցախի գրկում, և խոսքս ավարտեմ Դավիթ Միքայելյանին նվիրած իմ բանաստեղծությամբ.
ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Արմատդ աստծո մի դրախտն է,
Աճել է հողերում նա անվախ,
Անցել է պապից պապ զմրուխտե
Ճանապարհ ու ճամփա, Մարդ-Արցախ։
Ցողունդ միշտ կանգուն քո սյունն է`
Քեզ կապող կապույտին հուշից կախ,
Որ պիտի բոցին տա այս ձյունե
Գաղթը ու կարոտը, Մարդ-Արցախ։
Տերևդ այնտեղ ու այստեղ է,
Մաշում է կանաչն իր նա ի ցավ,
Բայց պիտի գալիքով աստղեղեն
Խշխշա քո տան մեջ, Մարդ-Արցախ…
Ռաֆ ԲԱՐԱԹՅԱՆ
