Սոկրատ Խանյանի հիշատակին

Նա իմ դասախոսն էր, այնուհետև գործընկերը, բայց ինձ համար միշտ մնաց որպես Ուսուցիչ։ Լայն ու ընդգրկուն են Սոկրատ Խանյանի գրական, գիտական, հասարակական և մանկավարժական գործունեության սահմանները։ Նրա ամբողջ կյանքի ու գործունեության ճանապարհը սերտորեն կապված է Արցախի վերջին գրեթե մեկդարյա պատմության հետ։ Եվ կարելի է ասել, որ նա ոչ միայն այդ պատմության վկան ու տարեգիրն էր, այլև իր գործունեությամբ այդ պատմության կերտողներից մեկը։

Որքան սթափ, խորաթափանց և վերլուծող էր նրա միտքը գրաքննադատության մեջ, նույնքան խորունկ, քնարական ու զգայուն էր նրա բանաստեղծական աշխարհը։ Նրա պոեզիայում Արցախն է՝ իր բնաշխարհով ու մարդկանցով, իր պատմությամբ ու ցավերով, մարդկային հույզերով, բարությամբ, հավատի ու հույսի սպասումներով։ Նա իր գրչով ոչ միայն նկարագրում էր հայրենի երկիրը, այլև ապրում էր նրա յուրաքանչյուր ցավով, ուրախությամբ ու սպասումով։

Պոեզիային զուգահեռ՝ Սոկրատ Խանյանը տասնամյակներ շարունակ իր գիտական ու գրականագիտական խոսքն էր ասում հայ գրականության մասին՝ հետևելով ժամանակակից գրական ընթացքին, գնահատելով ստեղծվող գրական գործերը, վերլուծելով գրական երևույթներն ու իր ուրույն տեղն ունենալով հայ գրականագիտական մտքի մեջ։ Նրա գիտական աշխատությունները, գրականագիտական ուսումնասիրությունները, բանաստեղծական ժողովածուներն ու թարգմանությունները կարևոր ներդրում են հայ մշակույթի և գրականության պատմության մեջ։

1969 թվականից իր կյանքն ու մասնագիտական ուղին կապելով համալսարանական գործունեության հետ՝ նա տասնամյակներ շարունակ կրթեց ու դաստիարակեց բազմաթիվ սերունդների հայագետների, մանկավարժների, գրականագետների և լրագրողների։ Որպես դասախոս, պրոֆեսոր, ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ և գիտական խորհրդի ղեկավար՝ նա մեծ ավանդ ունեցավ Արցախի պետական համալսարանի գիտակրթական ավանդույթների ձևավորման, հայագիտական մտքի զարգացման և ազգային արժեքների պահպանման գործում։

Նա մեզ համար պարզապես դասախոս չէր։ Նա այն դասախոսներից էր, որոնցից սովորում էինք ոչ միայն գրականություն, այլև վերաբերմունք գրականության, հայրենիքի, մարդու և կյանքի հանդեպ։ Իր ներդրումն ունեցավ գրականությունը սիրելու և գրականությանը նվիրվելու մեր կողմնորոշման մեջ։ Եվ այսօր էլ բազմաթիվ սերունդների հիշողություններում նա շարունակում է մնալ գրականության այն դասախոսը, որի սրտում ու գրում Արցախն էր, և այն Մարդը, որի ներկայությունը մեր հուշերում ուղեկցվում է բարությամբ, արժանապատվությամբ ու մարդկային ջերմությամբ։

Տերյանական իմաստնությունը կրկնելով՝ կարող ենք ասել՝ տաղանդավոր բանաստեղծները զարդարում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ՝ կյանքը։ Սոկրատ Խանյանը պատկանում էր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ ոչ միայն հարստացնում են գրականությունն ու գիտությունը, այլև իմաստավորում են իրենց շրջապատի մարդկանց կյանքը։

Արցախի կորստի ցավը սրտում հեռացավ երկրային կյանքից։ Նա մինչև վերջ էլ սպասում էր վերադարձին։ Նրա հոգում ապրում էր այն հավատը, որ հայրենի հողը վերադարձվելու է իր տիրոջը, և մենք կրկին արժանապատիվ, տիրոջ իրավունքով վերադառնալու ենք Արցախ։

Սոկրատ Խանյանի անունը կմնա Արցախի պետական համալսարանի պատմության, հայ գրականագիտական մտքի, հայ պոեզիայի էջերում և, ամենակարևորը, իր սաների ու իրեն ճանաչողների հիշողության մեջ։ Նրա կրթած բազմաթիվ սերունդները շարունակելու են կրել ու փոխանցել այն գիտելիքն ու արժեքները, որոնք նա ամբողջ կյանքի ընթացքում նվիրումով սերմանեց։

Եվ գուցե այսօր նրա մասին խոսելիս ամենից ավելի տեղին են հենց իր հայտնի տողերը.

«Սիրտը նուրբ է, բարեկամներ,

Զգույշ, սրտեր չկոտրեք…»։

Այդ նուրբ սրտով նա ապրեց, ստեղծագործեց, ուսուցանեց, սիրեց Արցախը և մինչև կյանքի վերջ պահեց վերադարձի հավատը։

Սոկրատ Խանյանի թողած գրական, գիտական, մանկավարժական ժառանգությունը շարունակելու է ապրել և սերունդներին հիշեցնել մի նվիրյալի անուն։

Նրա լուսավոր ու բարի հիշատակը վառ կմնա մեր սրտերում։

 

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Բան. գիտ. թեկնածու, դոցենտ

 

 

ԱՊՈՒՊԱՊՈՏ  ԱՐՑԱԽԱՄՈՒՐՍ ` ՈԳԵԿՌՎԻ  ԵԼԱԾ….

Սև ու մութ ժամանակի այս կողմում Գնացող-երկրավորները լուռ ու մունջ են` մի ահեղ լռությամբ… Ինչքան էլ փորձենք  իմանալ-լսել Գնացողների ներաշխարհի ձայները` ապարդյուն ջանքեր են… Վաղը չէ` մյուս օր, երկրավորներս` բոլորովք, Գնացող-երկրավորներ ենք փաստվելու…

Բայցև… ո՛չ էլ լուռ են Գնացողները. նրանք բազում հարցումների տակ կքված, անպատասխան, կարոտների փեշերը հավաքած, ժամանակի այս կողմում` կեղտաջրով շաղախված աշխարհից խռով, աշխարհի խելառություններից ապշած, բան չհասկանալով, մթամած-անթարգմանելի խոհերի հետ կռիվ տալով՝ լուռ ու մունջ հրաժեշտի գազելներ են հյուսում-հյուսելու հեռու-մոտիկ անցավորաց-մնացորդաց համար, չար աչքից հեռու, ապագա վիպասքերի պատումները հյուսելու պարտադրությամբ… (իսկ չար աչքերը արիների վրա են գամված…. հանկարծ ցատկ չանեն` իրենց ի վերուստ վերապահված արքայագահին նստելու. հե՜ե՜յ, վա՜ա՜խ, արինե´ր, թափ տվե´ք Ձեր փեշերի թմբիրը, վտանգները չորս կողմերից են սուրում…)  Ժամանակի այն կողմում կորուսյալ` հազար տեղերից խոցոտված, արյունլվիկ Հայրենիքն է, թվում է` որդկանց, հոշոտվող սրբավայրերի, սիրելիների, նահատակված քաջանց հոգոցներից, հոգեմռունչներից խելառության սինդրոմներ կարձանագրի, բայցև… պինդ են արմատն ու կողը ու… կդիմանա նա ժամանակի այն կողմերում` մռայլ թոհ ու բոհերում…

Ժամանակի այս կողմի Արցախցու ճակատագրի հեգնանքն, անշուշտ, շարունակական կորուստներ է արձանագրում… թանկագին կորուստներ…

Այսօրը` (07.00, 30.07. 2026 թ.), ցայգալույսի ցոլանքների արթնացումներում, Արցախահայության, հայ ժողովրդի համար դարձավ անչափ ցավալի և կորստաբեր. Գնացող-երկնավոր դարձավ հայուրամյակի շեմին կանգնած, ծննդյան 100-ամյա հոբելյանը Հայրենիքում տոնելու սրբազան խինդով լցված հայ գրականության Նահապետը` բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, վսեմաշուք ՍՈԿՐԱՏ  ԱՂԱԼԱՐԻ ԽԱՆՅԱՆԸ,  Արցախահայ գրականության և մշակույթի վաստակաշատ գիտնական մանկավարժ-մեթոդաբանը, բյուրավոր ուսանողներ պատրաստած, կյանքի, գիտության, մշակույթի բարձր լսարաններ ուղեկցած անզուգական գրականագետը, գիտական աշխարհի շարքերն իր բազմահմուտ ուսանողներով լրացրած տաղանդաշատ ու անչափ մեծարգո, երկարամյա, սիրված դասախոսը, իր տքնաջան աշխատասիրության շնորհիվ, հայ գրականագիտության անդաստանը բարձրարժեք ուսումնասիրություններով հարստացրած գրաքննադատը, Հայրենիքի ճակատագրի վայրիվերումները ազգային գաղափարակառույցից վեր հանող ու դրանք համապատասխան գրքերով ուսուցանող` դասագրքեր դարձնող մեթոդաբանը, ազգային արմատներից ելած քննաբանն ու խորիմաստ փիլիսոփան, ազգային հոգևոր հարուստ արժեքներն իմաստավորող տեսաբան-ազգագրագետը, քնարական անզուգական երգերի արարողը, ազգային հերոսներին, մշակներին նվիրված խոհափիլիսոփայական ընտիր քերթվածների, պոեմների, բազմահատոր ժողովածուների ընտրագույն հեղինակը, պոետը, քաղաքացին, տրիբունը, Արցախյան Շարժման աննկուն մարտիկը, քաղաքագետը, բազմահազար ուսանողության սիրելի դասախոսը, աշխատանքային բերումով, բարձր պաշտոններում անձնվիրաբար աշխատող գիտական, հասարակական, մանկավարժական, մշակութային երկարամյա գործիչը, կոլեգաների հարգելի ընկերակիցն ու… կորուսյալ Հայրենիքի տագնապներով, հոգսերով, ծանր ճակատագրով ապրող նվիրյալ հայրենասերը, Արցախի ԳՄ և ՀՀ ԳՄ աշխատանքներով, եռուզեռով ակտիվորեն ապրող, արարող, կյանքի տաք զարկերակում շնչող համամիութենական գրական գործիչը, բոլորիս` շատ շատերին ուսուցանած, նվիրյալ դասախոս-մանկավարժը… Ո՞ր մեկը թվես, որը՞ թողնես… Ցանած սերմերը բյուրավոր են, հունձքը` առա´տ-առա´տ, բարձրորա´կ…

Ականջդ կանչի՛, հե՜յ-հե՜ե՜յ, ընկեր Խանյան… էդ ո՞ւր է թևել-թռչել արդեն իսկ 100-ի դռները ծեծող անհանգիստ հոգիդ, թևել, հասե՞լ ես արնածոր Հայրենիքիդ խեղված անդաստաներին, սրբավայրերին, ոգեթախծե՞լ ես, զայրույթից այլայլվե՞լ,  խոհակից դարձե՞լ ես քերթող-երկնավորների ոգեկռիվներին…

Հե՜յ-հե՜ե՜յ, ընկեր Խանյան… յո՞ երթաս…

Հե՜յ-վա՜ա՜խ, հայրենյաց լուռ ու անմեկին, տխրադեմ ու… ավերակված շեմեր, ցինահարված սրբավայրեր…, ճեղք տված ահեղնե՛ր, ամրակուռ պահե՛ք արցախցու՝ վերընձյուղվելու ոսկե հատիկները… մինչև որ… ժամը կհնչի՛…

Ընդունե՛ք, ԱՐՑԱԽԱ  ԵՐԿՆԱՎՈՐՆԵՐՍ, Հայոց ՆԱՀԱՊԵՏԻ` ՍՈԿՐԱՏ ԱՂԱԼԱՐԻ  երկնավոր մարմինը` ԱՐՑԱԽԱԴՐՈՇԻ  ծփանքների ներքո. հատուկ կխնդրե՛մ…

Խորի՛ն ցավակցություններս ընկեր Խանյանի ընտանիքի բոլո՛ր անդամներին, սիրելիներին, բարեկամներին, ԱՀ և ՀՀ գիտաշխարհին, ԳՄ-ներին, սփռված արցախահայությանը, Հայոց աշխարհին….

Խնկարկումներս, խոնարհումներս, մեծագո՜ւյն ափսոսանքս, մեծարանքս ընկեր ԽԱՆՅԱՆԻ անմար ու բարի՜-բարի՜ հիշատակին…

Մեծարգո´ ՍՈԿՐԱՏ ԱՂԱԼԱՐԻ, հոգիդ թող լույսերի մեջ թևածի արնածոր, բայցև` ոգեպինդ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՈՒՄՍ, ի՛մ մեծագույն ուսուցիչ, դասախոս, գործընկեր, գրչընկեր, խորհրդատու, բարեկամ…

Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ

 

 

Հայ գրականությունը, գրականագիտությունն ու հասարակայնությունը ծանր կորուստ կրեցին. հուլիսի 30-ին Երևանում, 96 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ և մանկավարժ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը:

Լինելով Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ՝ մի քանի տասնյակ գիտական և գեղարվեստական գրքերի հեղինակ է: «Ես երջանիկ եմ, որ վերադարձել եմ Արցախ՝ իմ հայրենի օջախ, իմ ժողովրդի գիրկը»,- ասում էր նա:

Ինչպես հայ մտավորականության շատ ներկայացուցիչներ, Սոկրատ Խանյանը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը: Պարգևատրվել է մի շարք կառավարական և հասարակական պարգևներով, այդ թվում՝ «Մեսրոպ Մաշտոց» բարձրագույն շքանշանով:

Ցավոք, 2023 թվականի սեպտեմբերին նա ստիպված եղավ բոլորի հետ միասին լքել Արցախը, սակայն չնայած անամոք ցավին՝ շարունակում էր գրել իր հայրենիքի մասին և վարել ակտիվ գրականագիտական ու հասարակական կյանք: Մանկավարժ Սոկրատ Խանյանը կրթել ու դաստիարակել է գրագետ ու հայրենասեր երիտասարդների մի քանի սերունդ: Նա դասավանդել է նույնիսկ իր առաջին ուսանողների տատիկներին:

Իր երկարակեցության և կենսասիրության գաղտնիքը Խանյանը հումորով էր բացատրում. «Բոլոր ընկերներիս, ուսանողներիս սրտերից մի-մի շող վերցրի ու դրեցի սրտիս մեջ։ Ահա թե որն է գաղտնիքը»։ Նա սովորեցնում էր լինել բարի, ուրախանալ ընկերների հաջողություններով, ապրել դրական էմոցիաներով։ Եվ պատահական չէր, որ լավատեսությունը Խանյանի բնավորության ամենացայտուն գծերից մեկն էր։ Դրանով նա վարակում էր շրջապատին՝ իր կենսահաստատ ու կենսախինդ աշխարհընկալումը փոխանցելով նոր սերունդներին։

Արցախը Սոկրատ Խանյանի համար սոսկ ծննդավայր չէր, այլև պոեզիայի ակունք։

«Աստված ինձ արարելու շնորհ է տվել, բայց այդ շնորհը պետք է բացվեր առաջին հերթին հայրենի անտառների սոսափյունի, մեր քաղցր թթենու շրշյունի, Թարթառի, Իշխանագետի և մեր մյուս գետերի կարկաչի ներքո։ Մեր լեռնային աղբյուրների ձայնը մենք պետք է բերենք մեր հոգի, իսկ հոգուց տեղափոխենք պոեզիա»,- համոզված էր Խանյանը:

Արցախի ապագայի հարցում Սոկրատ Խանյանը լավատես էր։ «Եթե ժողովուրդն ինքն իրեն ճանաչել է, ապա աշխարհն անպայման կճանաչի նրան»,- համոզված էր նա։

Ավա՜ղ, ժամանակակից աշխարհը պատրաստ չեղավ դրան, իր մեջ ուժ չգտավ պաշտպանելու հենց իր իսկ հռչակած համամարդկային արժեքները։ Այդուհանդերձ, հավատանք Սոկրատ Խանյանի լավատեսությանը և հուսանք, որ այս իմաստուն ու կենսախինդ մարդու կանխատեսումը վաղ թե ուշ կիրականանա, և Արցախը հարություն կառնի՝ վերածնելով հայ ժողովրդի լավագույն զավակների նվիրական երազանքները…

 

Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ

գրող, հրապարակախոս

 

…Գիրս մնա հիշատակող

 

Անվանի գրականագետ, բանաստեղծ, մեր ազգային-ազատագրական շարժման նվիրյալ Սոկրատ Խանյանը գրական հարուստ ժառանգություն է թողել ապրողներիս՝ իբրև Արցախ աշխարհի հին ու  նոր պատմության  անկրկնելի  գեղագիր:

Նրա գիրը հիշատակության լայն շառավիղ ունի նաև իր բյուր սաների հոգում: Արցախի մայր բուհի հենասյուներից էր, իսկ մարդկային վեհ կերպարն առանձնանում էր  արցախյան ներկապնակի շռայլ գույներով:

Տասնյակ տարիներ իր դասավանդած հայ գրականության պատմությանը միահյուս` նա նաև բարության, ընկերավարության, մարդավարության իր մեծ դասն է ավանդել, ինչն էլ, համոզված եմ, երիցս է օգնել մեզ՝ իր սաներին՝ կյանք կոչվող քաոսում կողմնորոշվելու համար:

Գրական մշակի ու ուսուցչապետի անձանձիր նվիրումով է ամբողջացրել բոլորից տարբերվող իր  դիմագիծը. տեսնել՝  բոլորին և գնահատել՝ յուրաքանչյուրին:

Սոկրատ Խանյանն  իր դարակազմիկ կյանքով ու գործունեությամբ, դեռևս իր ողջության օրոք, ազգային արժեք ու  հպարտություն էր:

Իր  առինքնող կերպարով ու ազգանվեր գործունեությամբ նա հաստատումն էր  մեր ոգեղեն սլացքի, ուր ազատության  որոնումը անսահմանությամբ է չափվում…

Նախանձելի աշխատասիրությամբ կարողանում էր մի հրաշքով… դանդաղեցնել ժամանակի ընթացքը, այն դարձնել ավելի տարողունակ, որ հնարավոր  լինի  առավել տեղ տալ նոր մենագրություններին, գրական  դիմանկարներին, հոդվածներին, բանաստեղծական ժողովածուներին, որ ի  վերուստ իրեն տրված ժամանակը միշտ  լեցուն լինի  արարումով:

Եվ այդ ամենը արվեստագետի յուրատեսակ հաշվետվությունն էր ոչ միայն իրեն ստեղծագործելու շնորհք պարգևողի, այլև հայրենի եզերքի, իր նախնյաց հիշատակի առջև՝ որդիական սիրով ու   խոնարհումով:

Ինքն իր ուխտին հավատարիմ էր… նույնիսկ Արցախի կորստից հետո… Իր պատկառելի տարիքին ու մեզ պատուհասած մեծ զուլումին ի հանդիման շարունակում էր աշխատել: Հայրենակորստից իր սիրտն էլ ճաք էր տվել, բայց նահապետի իմաստնությամբ համոզված էր, որ նոր տողը ճանապարհ է դեպի տուն… Անկասկած, եթե Արցախը կանգուն լիներ, ինքը կամբողջացներ կյանքի մեկ դարը և կերկարեր  ստեղծագործական անցնելիք ուղին:

Բոլոր ժամանակներում  հոգեսուզման  ներշնչանքը  մեր հայրենիքը  ազատ ու  հզոր  տեսնելու ձգտումն էր՝ իբրև մարդկության պատմության  մեջ իր հանճարեղ  խոսքն ասող հնամենի  ցեղի  փափագ…

… Հիմա, հայրենակարոտ  հոգին իրենով փշրել է Արցախը բանտող բոլոր կապանքները և իր ծննդավայր Հադրութի շրջանի Սառնաղբյուր  գյուղից թևածում է  մեր պաշտելի դրախտավայրում՝  նույն պատգամով՝ ինչպես իր տողը. «Ավյունս կարող է քնել, արյունս չի քնում երբեք»:

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽՈՍՔԻ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ

Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը՝ Արցախի գրական ընտանիքի նահապետը, բանաստեղծ, գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր և գիտության վաստակավոր գործիչ։ Նա այս աշխարհից գնաց այնպես հաշտ ու խաղաղ, ինչպես ապրել էր․ խռովք չկար նրա հայացքի մեջ։

Սոկրատ Խանյանն այն մտավորականներից էր, որոնց կենսագրությունը չի ավարտվում կենսաբանական սահմանով։ Նրանք շարունակում են ապրել իրենց գրքերում, իրենց խոսքի մեջ, իրենց ուսանողների հիշողության և իրենց փոխանցած արժեքների շարունակականության մեջ։ Արցախում փոքրից մեծ ճանաչում էին Սոկրատ Խանյանին։

1969 թվականից նրա ճակատագիրն անքակտելիորեն կապված էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի, ապա՝ Արցախի պետական համալսարանի հետ։ Այստեղ նա ոչ միայն դասավանդեց, այլև ղեկավարեց ամբիոններ ու ֆակուլտետներ՝ ձևավորելով մի ամբողջ գիտական և կրթական միջավայր։ Նրա համար դասախոսի առաքելությունը երբեք չէր սահմանափակվում մասնագիտական պարտականությամբ։ Այն ազգային պատասխանատվություն էր՝ մայրենի լեզվի, գրականության և մշակութային ինքնության պահպանման ու փոխանցման խոր գիտակցությամբ։

Սոկրատ Խանյանի ստեղծագործական ու գիտական աշխարհն ամբողջությամբ ներծծված էր Արցախով։ Նրա բանաստեղծությունները ծնվում էին հայրենի բնաշխարհից, մարդու ներաշխարհից և ազգային ճակատագրի ցավոտ ու լուսավոր շերտերից։ Նա հեղինակ է բանաստեղծական ժողովածուների, գրականագիտական ուսումնասիրությունների և մենագրությունների, որոնք այսօր արդեն դարձել են արցախահայ գրական մտքի կարևոր էջեր։ Նրա գրականությունը հատկապես խոր հնչեղություն է ստանում Արցախի կորստի ցավի համատեքստում՝ վերածվելով ապրումի և հիշողության կենդանի վկայության։

Գիտական գործունեության առանցքային ուղղություններից մեկը արցախահայ գրականության ուսումնասիրությունն էր։ Նա հետևողականորեն անդրադարձել է հայ և արցախյան գրականության զարգացման ընթացքին, բազմաթիվ հեղինակների ստեղծագործական աշխարհին, ինչպես նաև պատերազմի, ազգային ճակատագրի և պատմական հիշողության թեմաներին։

Սոկրատ Խանյանը եղել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից, ինչպես նաև Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ։ Գիտական ու գրական վաստակի համար արժանացել է բազմաթիվ պետական և գրական պարգևների։ Սակայն նրա ամենամեծ ժառանգությունը ոչ թե մրցանակներն էին, այլ` մարդիկ՝ նրա ուսանողները, հետևորդները, այն երիտասարդները, որոնց նա աջակցեց առաջին քայլերից մինչև ստեղծագործական հասունություն։

Նա առանձնահատուկ հոգատարությամբ էր վերաբերվում սկսնակ հեղինակներին և գիտության աշխարհ ոտք դրած երիտասարդներին․ կարդում էր նրանց ձեռագրերը, արձագանքում, ուղղորդում, ոգևորում։ Նրա համար յուրաքանչյուր նոր ձայն գրականության մեջ արժեք ու պատասխանատվություն ուներ։

Նա ինձ չի դասավանդել, բայց եղել է իմ գիտական ղեկավարը, գործընկերն ու գրչընկերը։ Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում վերածվում էր մտորումների՝ գրականության, գիտության և կյանքի խորքային իմաստների շուրջ։ Նրա խոսքում միաժամանակ ապրում էին գիտնականի խստապահանջությունը, բանաստեղծի զգայունությունն ու մարդու անկեղծ ջերմությունը։

Նրա կյանքի վերջին տարիները ծանրացան հատկապես Արցախի կորստի ցավով, որը նա կրում էր խոր անձնական խռովքով՝ որպես մարդ, որն իր ամբողջ կյանքը նվիրել էր այդ հողի խոսքին ու հիշողությանը։

Այսօր էլ ականջներիս մեջ հնչում են 96-ամյա Սոկրատ Խանյանի խռոված, մանկան պես գլուխը կախ, արցունքի հետ կաթող խոսքերը․

– Կորցրինք Արցախը… չկարողացանք պահել…

Այդ մի քանի բառերի մեջ մի ամբողջ կյանքի ցավ կար։ Մարդը, որն իր ամբողջ կյանքը նվիրել էր Արցախի խոսքին, գրականությանը, մշակույթին ու հիշողությանը, իր կյանքի մայրամուտին կանգնել էր հայրենիքի կորստի առաջ։ Այդ պահին նրա մեջ ես տեսա ոչ միայն գիտնականին ու բանաստեղծին, այլև իր հայրենիքի համար սգացող մարդուն։ Նրա գլուխը խոնարհված էր ոչ միայն պարտության, այլև այն անտանելի ցավի առաջ, որ հայրենիքն այլևս իր հասանելի հողի վրա չէր։

Եվ գուցե հենց այստեղ էր նրա կյանքի ամենամեծ ողբերգական հակասությունը․ նա ամբողջ կյանքում ծառայեց հայրենիքին, իսկ կյանքի մայրամուտին ստիպված եղավ հեռու մնալ նրա հող ու ջրից։ Եթե վերջին ողբերգական իրադարձությունները չլինեին, նա, հավանաբար, կշարունակեր ապրել, ստեղծագործել և իր գիտական ու գրական աշխատանքը շարունակել հայրենի հողի վրա՝ գուցե հասնելով իր երազած 106 տարվան։

Սոկրատ Խանյանի կյանքը մեկ մարդու կենսագրություն չէր միայն։ Այն Արցախի մշակութային հիշողության, հայոց խոսքի և հայրենիքի հանդեպ անսակարկ նվիրումի մի ամբողջ դարաշրջան էր։ Նա հեռացավ կյանքից, բայց նրա խոսքը մնաց որպես վկայություն, պատգամ և չմարող կանչ։ Մնացին նրա գրքերը, նրա ուսանողները, սերունդներին փոխանցած հավատը, որ հայրենիքը կարելի է կորցնել հողի վրա, բայց չի կարելի կորցնել հիշողության, լեզվի և ոգու մեջ։

Եվ երբ մի օր Արցախում կրկին հնչեն Սոկրատ Խանյանի բանաստեղծությունները, նրա անունը չի հնչի միայն որպես անցյալի հիշատակ։ Այն կհնչի որպես վերադարձի հավատ, որպես չմարած հայրենիք և որպես խոստում, որ հայրենիքի խոսքը, քանի դեռ ապրում է, շարունակում է պահել հայրենիքը։

Սոկրատ Խանյանը հեռացավ կյանքից, բայց մնաց իր ստեղծած աշխարհում՝ որպես խոսքի, հիշողության և հայրենիքի հավատարիմ պահապան։

Ալիսա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ