Նաև արդիական ու վտանգավոր։ Այս խնդրին առնչվել եմ շատ տարիներ առաջ ավագ եղբորս՝ Ռուբեն Ադալյանի «միջնորդությամբ»։ Նա յուրաքանչյուր ձմեռնամուտ մեկնում էր Մոսկվա՝ փրկվելու երևանյան ցրտից, և այնտեղ շարունակելով աշխատել իր կնոջ՝ նկարիչ Նաիրա Հակոբյանի տաք ու հարմարավետ բնակարանում։ Հենց որ Երևանում ջերմում էր արևը, վերադառնում էր տուն, իր արվեստանոց` բերելով մի քանի հարյուր սև-սպիտակ ու գունավոր գրաֆիկական նկարներ և տասնյակ վերլուծաբանական գրքեր՝ գնված Մոսկվայի սրտում գտնվող «Արբատ» գրախանութից, որի չափ հարուստ ու շքեղաշուք գրավաճառատուն աշխարհում այն ժամանակ հազիվ թե գտնվեր, գուցե նաև այսօր, եթե պուտինիզմը դա ևս չոչնչացներ, ինչպես իր երկիրը։
Օ՜, գրքերի տիեզերքը… Եղբորս այդ գրքերը վերաբերում էին արվեստին, գրականությանն ու հումանիտար գիտություններին, փիլիսոփայական բացահայտումներ անում, ասես հայելու մեջ ցույց տալիս մարդկության նորագույն մտազննումները, աշխարհը պեղում ներս ու դրսից, հաստատում մերժելով ու մերժում հաստատելով, արդեն հայտնի աշխարհն ու մարդ արարածին կրկին ու նորովի հայտնագործում։ Մարդ, դու կարող ես քեզ ու քո կյանքն ավելի լավ ճանաչել, եթե նայես հայելուն, ինչպես մեզ հորդորում է Ռաֆֆի Ադալյանն իր «Նայիր հայելուն» նկարով, իմացիր, ճանաչողությունը մեծ բան է։ Նա կարդում էր և մատիտով ընդգծում իրեն հոգեհարազատ բառերն ու տողերը, փորձում դրանք սիրելի դարձնել նաև ինձ։ Շնորհակալություն, եղբայր։ Նրա գրադարանում ապրում էին նորագույն ժամանակների մեծագույն դեմքեր՝ Ումբերտո Էկո, Միխայիլ Բախտին, Միգել Դե Ունամունո, Չեզարե Լոմբրոզո, Զիգմունդ Ֆրեյդ, Ջորջ Ֆրանկլ և այլն, նաև Գուստավ Լը Բոն՝ այժմ ինձ քնահարամ անող իր «Ամբոխների հոգեբանությունը» հռչակավոր գրքով։
Այս գիրքը ես թեթևակի հիշատակել եմ իմ հոդվածներից մեկում մի երեք տասնամյակ առաջ, իսկ այժմ անզուսպ պահանջ եմ զգում դրա մասին հանգամանորեն խոսելու։ Անհրաժեշտ է կրկին կարդալ։ Բայց չեմ գտնում ոչ մի տեղ, կարծես երբեք գոյություն չի ունեցել։ Քիչ է մնում անզորությունից լաց լինեմ։ Վերջապես Մաշտոցի պողոտայի «Բուկինիստից» հեռախոսով պատասխանում են. «Իհարկե ունենք։ Արժի երեք հազար հինգ հարյուր դրամ։ Կարող ենք անվճար առաքել։ Հասցեն ասեք»։ Թեև 90 տարեկան եմ, սակայն չեմ ուզում մեռնել, որովհետև ապրում եմ այս հիանալի երկրում, որտեղ Լը Բոն կա և նրա «Ամբոխների հոգեբանությունը» գիրքը։ Որքան քիչ բան է անհրաժեշտ երջանիկ լինելու համար։ Ոչ, շատ ու մեծ մի բան՝ Գիրք, հասկանո՞ւմ եք, Գիրք, և ոչ թե փող կամ «Մերսեդես» ավտոմեքենա։
Տեր իմ Աստված, առաքիչի բերած գիրքը հայերեն է, ոչ ռուսերեն, ինչպես կարդացել եմ ժամանակին, հայերեն, հասկանո՞ւմ եք, իմ ու ձեր հնդեվրոպականով… ուզում եմ երբեք չմեռնել… դուք ևս, բոլորս էլ ապրենք։ 2020 թվականին լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ Ֆրանսերեն բնագրից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները՝ Աշոտ Ալեքսանյանի։ Այս անվանի հրատարակչության գլխավոր խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, որի հետ համագործակցել եմ «Գրական թերթում»։ Արքմեն, ապրես դու, ապրեն քո գործընկերները, դուք գիտեք` ինչ պետք է մատուցել ժամանակակից հայ ընթերցողին՝ նրա մահացու քնած հոգեմտավոր գոյությունն արթնացնելու համար։ Կարդա նաև հրատարակչության «Գրականություն, արվեստ, մշակույթ – ԳԱՄ» ներկայումս իրականացվող մատենաշարի երկերը։
Շառլ-Մարի Գյուստավ Լը Բոնը (1841-1931) ֆրանսիացի է, «զանգվածային հոգեբանություն» գիտության հիմնադիրներից և դրա մեծագույն վերլուծաբանն Արևմուտքում, նրա գլխավոր «Ամբոխների հոգեբանությունը» երկասիրությունը (1895 թ., Փարիզ), «Առաջաբանի» հեղինակի փոխանցմամբ ու գնահատականով, «համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը»։ (Ես և իմ եղբայր Ռուբեն Ադալյանը շփվեցինք այդ գրքի հետ, և նրա կերպարվեստում, ոչ իմ գրվածքներում, առկա են, կույր պետք է լինել չտեսնելու համար, նկարչության միջոցներով աշխարհը փոխելու թե՛ մտածական-փիլիսոփայական և թե՛ ստրուկտուրալ ու գունագծային գործողություններ)։
Գիտություններն ազդում են կյանքի գոյաբանական ընթացքների վրա թաքուն կամ բացահայտ կերպով, հատկապես հասարակական, իսկ բնական գիտությունների ազդեցությունն Աստված էլ ի վիճակի չէ կանխարգելելու։ Իբրև առաջին խմբի գիտությունների ներկայացուցիչ՝ Լը Բոնը հայերիս հարազատ է ոչ միայն մի ընդհանուր հիմունքով, այլև մեր ճակատագրի հանդեպ օտարների մեջ բացառիկ ուշադրությամբ, մասնավորաբար՝ ցեղասպանության։ Նրա բազմաթիվ ու տարաբնույթ աշխատությունների շարքում՝ բժշկական, մարդաբանական, հնագիտական, հոգեբանական, ազգագրական և այլն, կա մի գիրք՝ «Պատերազմի հոգեբանությունը. Եվրոպական պատերազմի հոգեբանական դասերը» (1915 թ.), որտեղ ներկայացված ու գնահատված են մեր ժողովրդի և հայրենիքի ցեղասպանության փաստեր, ավելի վաղ (1910 թ.) Լը Բոնը անդրադարձել էր համիդյան ջարդերին, որոնցով փորձարկվեց Թուրքիայի և ոչ միայն նրա կողմից իրագործվող հայոց ցեղասպանության իններորդ ալիքը։ «Մենք ակնհայտորեն վերադարձել ենք հին բարբարոսական արշավանքների ժամանակները,– գրում է Լը Բոնը,– բայց եթե ժամանակակից արշավանքները նույնքան դաժան են իրենց ձևով, ապա դրանք, բացի դրանից, շատ ավելի ծավալուն են»։
Գյուստավ Լը Բոնի «Ամբոխների հոգեբանությունը» գրքի թարգմանությունն ու հրատարակությունը հայերեն, որը, մեկ անգամ ևս ասեմ, իրագործել են Աշոտ Ալեքսանյանը և «Անտարեսը», սովորական տպագրական գործարք չէ, այլ` նրանց ու ժամանակակից հայ ընթերցողի շնորհակալական վերաբերմունքի արտահայտությունը մեծ մարդասեր ֆրանսիացու գործին ու անձնավորությանը, մեր ազնիվ բարեկամ Ֆրանսիային։
Այս շարադրության ընթացքից ևս մի կես քայլ կամ ավելի ֆիզիկապես ետ ու առաջ շեղվեմ, որն, ըստ էության, տրամաբանական շեղում չի լինի։
Մարդուս մարդեղության գլխավոր հատկանիշներից մեկը, գուցե ամենագլխավոր ու հազվադեպ ի հայտ եկող, մեղքի խոստովանությունն է Աստծուն կամ ավելի լավ կլինի՝ իրեն, իր խղճին ու ճշմարտությանը։ Անմեղ մարդ չկա, մի զարմացեք, նույնիսկ Աստծո որդին, որը մարդ է, մեղք ունի։ Մեծ գրող ու էքզիստենցիալ փիլիսոփա Ալբեր Կամյուն բազմաթիվ, բայց և մի խորախորհուրդ բացահայտություն է տալիս, թե ինչու Հուդան դավաճանեց Քրիստոսին։ Ոչ երեսուն արծաթ փողի դիմաց։ (Նա հայ կաշառակեր չէր – Ն.Ա.)։ Նա անգամ չդավաճանեց Աստծո աստվածային որդուն, այլ՝ վրեժ լուծեց նրանից, որ նա չփորձեց անգամ իր երեխաներին փրկել մահից։ Կամյուի այս պատկերացումը, ընդունում ենք թե ոչ, զգայաչափ փոխում է մեր նայվածքն ու հայացքը մարդ երևույթի վերաբերյալ։ Ուրեմն, ինքնախոստովանանք, մեղքերի թողություն, հոգու ազատագրում խավար ուժերից, թռիչք առ լույսը, սերն ու արդարությունը։ Կարծում եմ՝ գիտեք՝ ծովի կաթիլն էլ ծով է։ Հետևաբար, նաև մեկ կատարյալ մարդն էլ՝ ժողովուրդ և ազգ։ Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդը 1970 թվականին ծնկի եկավ ողջակիզումով ցեղասպանված հրեա ժողովրդի՝ Վարշավայում տեղադրված հուշարձանի առջև և ամբողջ աշխարհում լսելի ներողություն հայցեց երկրորդ աշխարհամարտում նրան պատճառած ողբերգության համար։ Դա նշանակում էր՝ Եվրո՛պա, մարդկությո՛ւն, Հիտլերը իմ ժողովուրդը, իմ երկիրը չէ, մեզ տեսեք մեր գրականության, Բեթհովենի, փիլիսոփայության ու գիտությունների մեջ, մենք ձեզանից ավելի ենք տառապում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ։ Ես այս օրինակը հաճախ եմ հիշում արդեն իմ օրինակով… Տասնյակ երկրներ, պետություններ ու ժողովուրդներ են ընդունել ու դատապարտել հայոց ցեղասպանությունը, բացի նրա բուն հեղինակից։ Հակառակը, մերժում է, ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել։ Քո՞ռ ես։ Խո՞ւլ։ Լավ էլ տեսողություն ունես, լսողությունդ էլ վատ չէ։ Բայց… Ցեղասպանության քո հաստատումը կամ մերժումը, հավատա, մեզ արդեն պետք չէ, աշխարհն ամեն ինչ գիտի, Արարատը ամեն ինչ տեսել է, գերեվարված Արարատին էլ հո չես կարող լռեցնել, ցեղասպանության ապաշխարանք քեզ է պետք, հարևան, քեզ շատ է պետք, եթե ուզում ես մի օր եվրոպական ընտանիքի, դեմոկրատական աշխարհի մաս դառնալ, հետևիր Գերմանիայի ու Վիլլի Բրանդի օրինակին։ Նաև ականջ արա՝ ինչ է քեզ ու քո նմաններին ասում մեծ իմաստունը. «Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան։ Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան»։
Խոսելով «ամբոխների դարաշրջանի» մասին՝ Լը Բոնը դա չի ներփակում մի որոշակի ժամանակային քառակուսու, շրջանակի կամ եռանկյունու մեջ, ահա այստեղ է նա։ Ոչ։ Ամբոխը տարբեր ձևեր առնելով, սակայն պահպանելով ընդհանուր հատկանիշներ՝ մշտակա գոյություն է, ի սկզբանե ու հավերժական, մարդկության լինելիության ընթացքը չունի ամբոխավարությունից զերծ թեկուզ մեկ շրջափուլ, չեք կարող ինձ ցույց տալ, որովհետև չկա։ Կոմունիզմի գաղափարաբանության գործողությո՞ւնը… Սրանից ամբոխային շարժում մարդկությունը թերևս չի ստեղծել։ Նաև աշխարհակուլ ու մայրցամաքային անվերջանալի պատերազմները, կրոնական, սոցիալ-տնտեսական պայքար ժողովուրդների միջև, աշխարհն ազդեցության գոտիների բաժանելու մրցակցություն և ուրիշ ամբոխային շարժումները կարծես սկիզբ ու վերջ չունեն, մարդու ճակատագիրն են մեր գոյության երջանիկ թե դժբախտ օրից։ Այս տխուր եզրակացությանը կարելի է գալ «ամբոխների դարաշրջանի» Լը Բոնի ներկայացումից և ապրել հուսահատ տրամադրություններ։ Բայց… Ախր այս բայց-ն ընդամենը երեքուկես հնչյունից բաղկացած շատ կարևոր բովանդակություն ունի. բայց տխրությունը, անկումային տրամադրությունները կամ դեպրեսիան միշտ չէ, որ հոգեկան հիվանդություն են, եթե դու դրանք տխրորեն ներկայացնում ես իբրև չարիք և մտահոգվում, ինչպես Լը Բոնը, հետևաբար քո հոգին ու մարմինն առողջ են և, անկախ արդյունքից, պայքարում են քեզ մթությունից հանելու լուսավոր ասպարեզ։ Լը Բոնի գիրքը առողջ մարդու ստեղծագործություն է, ոչ միայն առողջ գիտություն, այլև առողջ վիպասանք։ Ես այն կբնութագրեի իբրև «ահեղ զգուշացում» մարդկությանը։
(Այս բառակապակցությունը իմը չէ, այլ՝ Լևոն Մութաֆյանինը՝ ասված 1999 թ. Լոս Անջելեսում տպագրված իմ «Ապոկալիպսիս» վեպի նախաբան վերնագրում, Հայաստանում լույս չի տեսել, ցանկանում եմ՝ մի օր դա տեղի ունենա։ Այստեղ նաև «տեղն» է կարևոր՝ Հայաստան աշխարհը, որտեղ մտահղացվել և գրվել է իմ գործը, «տեղի» ժամանակը, նրա մարդիկ, նրանց լեզուն, «տեղի» բնավորության քերականությունը, մի «տեղ», որտեղից ես փորձեցի նայել աշխարհին։ Իմ վերաբերյալ Լևոնը հավանաբար չափազանցություն է արել, բարի կամքի դրսևորում իր ընկերոջը, իսկ ես դա փոխանցում եմ Լը Բոնի գրքին՝ առանց դյուզն-ինչ չափազանցության, այո, «Ամբոխների հոգեբանությունն» ահեղ զգուշացում եղավ և հարյուր ու ավելի տարիներ առաջ, և՛ այսօր է այդպես, նմանապես վաղն ու հետագայում)։
Լը Բոնը տալիս է ամբոխների ընդհանրական բնութագիրը, նշում որոշ հոգեմտավոր միասնության օրենքներ, որոնցից մեկն «ամբոխի մեջ մշտապես գերիշխող անգիտակցությունն է», երկրորդ՝ «նա հեշտությամբ դառնում է հերոսական, ինչպես և ոճրագործ»։ 20-րդ դարից մեզ հասած բազմաթիվ հերոսական, քաղաքական, ռազմական, այլաբնույթ վավերական տեսարաններ գիտենք, որոնք փաստում են Լը Բոնի սահմանագծած օրենքների կյանքային ճշմարտությունը։ Բավական է հիշել ֆաշիզմի հեղինակների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի, Մաոյի, Քեմալի ու թուրք մյուս փաշաների միտինգները, շքերթներն ու տոնախմբությունները՝ դրանում համոզվելու համար։ Այս ամբոխությունը կար և նրանցից առաջ, և հետո։ Դա ժողովուրդներին ստրկացնելու կատարյալ զենք էր, որից օգտվում էին շատ վարչահրամանատարներ, ոչ մշտապես չար, այլև բարի նպատակներով, ինչպես օրինակ Չերչիլը և դը Գոլը, իրենց ամբոխների ուժը ծառայեցնելու երկրի շահերին։
Գյուստավ Լը Բոնը մեծատաղանդ բժշկի նման հերձում է ամբոխի մարմինը, հոգին, մտածողությունն ու զգացմունքներն ամենայն մանրամասնությամբ, որից ասես արյան, թույն ու թարախի շիթեր են հոսում, նրանց ցույց տալիս պատմության անընդգրկելի տարածության ու ժամանակի մեջ, գծագրում մարդկային մի պատկեր, որն իր ամբոխայնությամբ ոչ ամբոխ մարդկանց ապոկալիպսիկ վախ է պատճառում, ահեղ զգուշացում անում մեզ՝ խելքի գալ և մարդու տարածքում պահպանել մարդուն, նրա Ես-ն ու Եսականությունը։
Դժվարին, համատարած կերպով գրեթե անիրագործելի նպատակ։
Շարունակենք ծանոթանալ ամբոխավարության մեխանիզմի Լը Բոնի բացահայտումներին։ Դրան բնորոշ է իմպուլսիվությունը, փոփոխականությունն ու գրգռվողականությունը։ Նա երբեք կանխամտածված չի գործում։ «Անհնարին է դույզն-ինչ հավատ ընծայել ամբոխի խոսքին ու գործին,- ասում է Լը Բոնը,- նրա զգացմունքները չափազանցված են ու պարզունակ, նա չի ճանաչում ո՛չ տարակույս, ո՛չ վստահություն և մշտապես ծայրահեղությունների է դիմում։ Ամբոխը ղեկավարվում է բացառապես անգիտակցականի կողմից,- շարունակում է Լը Բոնը,- նրա գործողությունները ավելի շատ ենթակա են ողնուղեղի, քան գլխուղեղի ազդեցությանը։ Նա խաղալիք է բոլոր արտաքին գրգիռների համար, ստրուկ զգացմունքների չափազանցվածությամբ ու պարզունակությամբ։ Ամբոխներն ունեն բարոյական շատ ցածր մակարդակ… Նրանց դատողությունները մշտապես ստորակարգ են…»:
Չշարունակեմ, թերթային հոդվածում հնարավոր չէ ներկայացնել Լը Բոնի բոլոր դիտումները, կարդացեք նրան, եթե ձեզ հետաքրքում է հավերժական ամբոխի էությունն ու գործողությունների ընթացքը։ Կարծում եմ՝ չեք կարող նրա հանդեպ անտարբեր լինել, որովհետև դուք էլ, մենք էլ նա ենք, աշխարհում ամեն մարդ ինչ-որ հատկություն ունի նրանից, ինչ-որ տեղ նա ևս ամբոխ է։ Այդ պատճառով էլ ասել եմ ու կրկնում եմ՝ մարդկությունն անկատար է, նա, յուրաքանչյուր մարդ պետք է պայքարի նաև իր իսկ դեմ, իհարկե, նախ և առաջ ես՝ իմ, բարի օրինակ լինելու ուրիշներին։ Իսկ ինչպե՞ս դա անել… Այ, այս հարցի պատասխանը ես չգիտեմ, մի՞թե ձեր մեջ չկա մեկը, որ ինձ ասի կամ թեկուզ և սխալ հուշի…
Լը Բոնի գիրքը շուրջ 130 տարեկան է, իսկ դրա փաստագրությունը՝ շատ ավելի տարեց։ 20-րդ դարն այստեղ ներկայացված է տեսականորեն, բայց այնքան ճշմարիտ հիմնավորվածությամբ, որ կարծես իրականության պատկերներ լինեն։ Նշեմ դրանցից մեկ-երկուսը։ 1) «Ամբոխների առաջնորդները» կիրառում են գրեթե նման գործիքակազմը՝ հավատացնել, նույն բանը կրկնել բազմիցս, ճարտասանություն ցուցադրել, հմայել, սուտը ներկայացնել իբրև ճշմարտություն, անիրական խոստումներ տալ և այլն։ Մենք՝ հայերս, դա տեսնում ենք յուրաքանչյուր նախընտրական հավաքների ժամանակ։ 2) «Ոճրագործ ամբոխներ». հեռու չգնանք, ամբողջ խորհրդային կայսրության ստալինիզմը՝ «ժողովրդի թշնամիներով», աքսորներով, բանտերով, գնդակահարություններով… Ես չգիտեմ, դուք էլ հազիվ թե իմանաք, այս աստիճանի հանցագործ մեկ ուրիշ երկիր, որին ԱՄՆ-ի նշանավոր նախագահը ճշմարիտ անուն տվեց՝ «Չարիքի կայսրություն», երբևէ եղե՞լ է… Սա ամենաամբոխային երկիրն է մարդկության պատմության մեջ, որն իր գաղափարախոսությամբ տիրեց ամբողջ աշխարհը. ոչ հռոմեական, ոչ թուրքա-մոնղոլական, ոչ ֆաշիզմի կայսրություններն իրենց ազդեցության գոտիներով չեն կարող համեմատվել սրա հետ, որտեղ, ինչպես երգվել ու երգվում է, «այնքան ազատ է շնչում մարդը», այսինքն՝ «так свободно дышет человек»։ 20-րդ դարի մեծագույն բանաստեղծներ Մանդելշտամը, Պաստեռնակը, Չարենցն ապրեցին մեռնելով։ Հետո ամբոխն ասաց՝ «գնա մեռի, արի սիրեմ»։ Միայն ամբոխը կարող է այսպես խոսել։ Իսկապես, ամբոխ-ը շատ բարդ, նույնքան էլ պարզ, հնագույն ու մշտապես նոր համաճարակ է։ Բայց… Բայց նա չգիտի, որ մահացու է ատոմային ռումբից ավելի։
Ամբոխ Հռոմը Հուլիոս Կեսարին աստված հռչակեց և շուտով էլ իր առաջնորդ Բրուտոսի դրդմամբ հրապարակավ սպանեց նրան։ Շատ ժամանակ չանցավ, ընդամենը մի քանի դար, ամբոխն այս անգամ էլ աստվածացրեց Հիսուսին և ապա նրան չարչարալից հալածանքներով տարավ խաչելության։ Կարծում եք՝ շա՞տ ժամանակ պահանջվեց, որպեսզի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ամբոխը գնդակահարեր հայոց պետականության ընտրանուն՝ դա համարելով ընդամենը «թաղային ոստիկանի» չար խաղ։ Գողգոթայի ճանապարհին, խաչի մահացու ծանրությունից շնչահեղձ՝ Հիսուսը դիմեց հորը. «Հայր, ներիր նրանց, նրանք չգիտեն՝ ինչ են անում»։ Հիսուսի այս խնդրանքն ամբոխին երբևիցե տրված ամենաճշմարիտ բնորոշումն ու գնահատականն է՝ «նրանք չգիտեն՝ ինչ են անում», որը մաթեմատիկորեն այսքան ամբողջական ու կատարյալ բանաձևումով չկա անգամ Գյուստավ Լը Բոնի չափազանց ճշմարիտ գրքի մեջ։
Լը Բոնի և իմ կողմից նշված ամբոխի խճանկարի հատվածների հիշատակությունը սրանով չի վերջանում, խոսեմ ևս մեկ ճյուղի մասին, սակայն դա էլ չի տա երևույթի ամբողջական պատկերը, և հնարավոր էլ չէ, այլ՝ ընդամենը կլրացնի։
Ամբոխն աշխատեց ու շարունակում է բանել ամենուրեք, նաև հատկապես չարիքի կայսրության արվեստների, գրականության ու գիտությունների ասպարեզում։ Լենինն «ամեն ինչ էր», Ստալինը՝ նաև «լեզվաբան», Տրոցկին՝ «փիլիսոփա», Բրեժնևը՝ «վիպասան», Խրուշչովը՝ «արվեստաբան», ոչ կոլխոզնիկ, Անդրոպովը՝ «բանաստեղծ», Սուսլովը՝ «վերին խորհրդատու»։ Անծայրածիր երկրի հոգևոր դաշտի գաղափարաբանությունը նրանք էին ծրագրավորում իրենց ձևով, դաստիարակությամբ ու ճաշակով, կայացնում անքննելի որոշումներ, դատավճիռ անում։ Նրանց և նմանների գլխավոր ողբերգակատակերգությունը սոցիալիստական արդյունաբերության ու գյուղատնտեսության օրինակով սոցիալիստական ռեալիզմը դարձավ, որն այլասերեց ռեալիզմի հարուստ ավանդույթները և թշնամացավ մոդեռնիստական որոնումներին, ամեն նորարարության։ «Զվեզդա» և «Լենինգրադ» առաջադիմական ամսագրերի գործունեությունը դադարեցվեց մի բռանոց կենտկոմի որոշմամբ (1946 թ.)։ Կայսրության կոմպոզիտորների աշխարհին հայտնի մեծագույն եռյակը (Շոստակովիչ, Պրոկոֆև, Արամ Խաչատրյան) հալածվում էր կուսակցության տոտալիտար սկզբունքներին չհետևելու համար։ Տիզբոնյան Մոսկվայի կախարդական փայտիկի վերածված ցուցամատի մեկ շարժումով, նրա սպառնալից բերանի մեկ բառով, պղտոր աչքի մեկ նշանով, չարամիտ մտքի մեկ արտահայտությամբ ոչ միայն անհատների ճակատագրեր էին որոշվում, այլև՝ ժողովուրդների, պատմության ու մշակույթների, անգամ նրանց լինել-չլինելու։ Հնարավո՞ր էր առանց ամբոխի մասնակցության այս ամենն իրականացնել այսքան համատարած ու կատարյալ մակարդակով։ Կարծում եմ՝ ոչ։ Հետևաբար, մեր ժամանակներում Տիզբոնն է ստեղծում իր ամբոխին, իսկ նա՝ իր Տիզբոնը, նրանք միմյանց չափանիշ են ու չափակշիռ և միանգամայն իրար արժեն, սա ամբոխների հավերժական ընթացքի նորություններից է, նրա կենդանի գոյության մի նշանը։
Ստալինի մահից հետո ստալինականության հանցագործությունների մերկացումն ու դատապարտումը Խրուշչովի կողմից հնարավորություն տվեց, որ չարիքի կայսրության հասարակական կյանքում որոշ առողջ ու կենարար քամիներ ի հայտ գան։ Ասում եմ՝ «որոշ», քանզի շատ բան մնաց նույնը նոր փաթեթավորումով, օրինակ՝ «ժողովրդի թշնամի» կեղծասուտ ու սարսափելի մեղադրանքը դարձավ «ֆորմալիզմ-ֆորմալիստ» ոչ պակաս վտանգավոր սպառնալիք, որով ազնիվ հոգիներ հալածվեցին ու լուսավոր գլուխներ թռան։ Կարծում եմ՝ Խրուշչովի պատմական զեկուցումը չէր կարող հրապարակ գալ առանց սև կարդինալ, կայսրության գաղափարական տրակտորի ղեկին գտնվող օձաղվես ակնոցավոր Սուսլովի խորհրդատվության, որովհետև ֆորմալիզմի հոլովումը ինչ-որ տեղ ազնիվ, մեծամիտ, նրա խոզակուկուռուզ խելքի բանը չէր, նրա ի՞նչ բանն էր քայլ քայլել արվեստի, այն էլ նկարչության բարդ դաշտում։
Ռուսաստանում ապրում էր մի անհայտ, մի քիչ մոդեռնիստ, մի քիչ աղքատ քանդակագործ՝ Էռնեստ Նեիզվեստնի, որին Խրուշչովը դարձրեց իր հակաֆորմալիստական պայքարի գլխավոր հերոս։ Մի օր նա սպանիչ ելույթ ունեցավ ֆորմալիզմի դեմ, և արդեն հաջորդ իսկ օրն այս մարդը իր համար էլ անսպասելի դարձավ աշխարհում նշանավոր ու հարուստ Էռնեստ Իզվեստնի։ Կատակ չէ, հարգելի ընթերցող, միանգամայն լուրջ ու իրական պատմություն եմ ասում, մեր ամբողջ կայսրությունն ավելի ամբոխացավ և Նեիզվեստնուն ատեց անմարդկային ատելությամբ։ Իսկ… Իսկ կապիտալիստական աշխարհը, հակառակը, սիրեց նրա անձն ու գործը և նրան համարեց ոչ ավելի, ոչ պակաս՝ դարի ու մարդկության հանճար։ Երբ Նիկիտա Սերգեևիչը մեռավ, Աստված հոգին լուսավորի, լավ մարդ էր, ընտանիքը գիտե՞ք ում պատվիրեց նրա մահարձանը… չգիտե՞ք… Ես գիտեմ՝ Էռնեստ Նեիզվեստնիին։ Սուսլովը, այո, օձ էր ու աղվես, կարծում եմ՝ նա ենթադրեց, որ կգա մի օր, երբ ֆորմալիզմը չի համարվի ֆորմուլիզմ, և հասարակությունը կմեղադրի նրան, ով այդ թունավոր բորշը եփեց։ Թող դա անի Խրուշչովը։ Ես՝ շառ ու փորձանքից հեռու…
Թեև ամբոխը չունի ոչ սկիզբ և ոչ իսկ ավարտ, սակայն ամեն հոդված, անգամ հավերժական ամբոխի վերաբերյալ, պետք է գտնվի սահմանափակ շրջանակի տիրույթում, որպեսզի ժամանակի ու տարածության մեջ հասկանալի լինի ընթերցողի համար։ Ահա թե ինչու ես վերջաբանում եմ իմ խոսքն անվերջանալիի մասին։
Ես այս հոդվածը նվիրում եմ Ռուբեն և Ռաֆֆի Ադալյաններին, նրանք շատերի պես ապրեցին մեր կյանքի հանցագործ տասնամյակները և քչերից եղան, որոնք դույզն-ինչ չդավեցին արվեստագետի հոգուն այնքան կարևոր ճշմարտությանն ու ազատությանը։ Գուցե նախ ազատությանը, հետո միայն ճշմարտությանը, որովհետև եթե քո արյունն ազատ չի մտածում, դու չես կարող ճշմարտություն արտահայտել։
2026 թ., հունիս-հուլիս
