Էդուարդ ՀԱՐԵՆՑ

Էդուարդ ՀԱՐԵՆՑ***

Ես հավատում եմ
Աստծուն,
քանզի չեմ
սիրում:
Որովհետև վախենում եմ
հորիցս,
ով ինձ չի հավատում,
բայց սիրում է:

***
Բանաստեղծությո՜ւն,
կուրծքդ թաքցրո՜ւ
ուղղահայաց
և բութանկյուն լեշերից,-

հոտը օդակաթիլային հիվանդություն է…
***
Ես քեզ հիշում եմ,-
և գամերն ավելի՜ խորն են զբոսնում,-
անունիդ միջով…

Ես քեզ հիշում եմ,-
և վարդի փոխարեն նրա ստվերն է աճում,-
մարգերում Կույսի համաստեղության…

Ես քեզ հիշում եմ,-
և սուզվում է շախմատիս Տապանը,-
Էշը Տապանում էր…

Չէ՞ որ սիրում ես ինձ:
Ուրեմն` հիշի՜ր…

Գրաֆիտի
Իջեցընել ջերմաչափը
հրեշտակի թևի տակից`
ուղիղ կիտրոնի մեջ:

Ի՜նքդ մաշվել
վերին ճնշման սանդղակն
ի վար`
դեղնակարմիր երախտիքի…

Անկատարյալ մեղքի շեղբով`
աղոթքներից դուրս սփրթնած
անեղանակ խազե՛ր քաշել
ապակուց ներս…

Սնդիկն առնել ափերիդ մեջ,
շնչել բույրը անվերջնական պատվիրանի,
լեզվով պեղել սիրո աղը…

Ու ջրերի վրա գլորել սնդիկը`
որպես
արամեական վարդի փշով ձկան աչք…

Տասնմեկերորդ պատվիրան
Երբ Սերը բաց ես թողել ձեռքիցդ,
ծափահարի՜ր
հոգուդ «տկարությանը»:
Եվ ի ներումն Լույսի, որ թռավ
թարթիչներիցդ,-
ծափահարի՜ր` ափդ այտիդ,
որից պոկեցիր բույրերի սրինգը:
Սրի՜նգն ապտակիր…

Մի ձեռքը նույնպես ծափ է տալիս:

Լոբաչևսկու երկրաչափություն
(հատվող զուգահեռներ)
Քրիստո՞սն է որդի,
թե՞ Որդին է քրիստոս…

Ո՜չ մեկը, ո՜չ մյուսը…

Քանզի Մա՜յրն էր միածին`
չնայած երկու արգանդափող
ուներ…

***
Անունս չկա
իմ անվան միջով:

Չկա-ն անունս է
քո անվան միջից:

Անունդ չկա՜ր
քո անվան միջում…

***
Վտանգավոր է երանգի ձայնը:
Գույնի աչք թարթելը
բանաստեղծություն է,
որից
ենթադրի՜ր Աստծո «որպեսզի»-ն`
… փրկվե՜ս…

***
Բառերիդ համար խեցիներ չունե՞ս:
Մի րոպե սպասի՜ր,
ձեռքս տանում եմ` աչքերս հանեմ…

***
Մաշկային շնչարգելությանս
պահերին
սպիտակ թղթի մաշկից եմ
օգտվում:

Փայտը չգրված բանաստեղծություններ է
հիշում իմ մասին:

Քեզ մոռանալիս փնտրում եմ ծառդ…

***
Սարդը տավիղ է նվագում
սեփական սարդոստայնի վրա:

Մանուկը տավիղ է նվագում
մոր կուսաթաղանթի վրա:

Աշակերտը տավիղ է նվագում
ընթրիքի սփռոցի վրա Ուսուցչի:

Ձկները տավիղ են նվագում
ծով նետած ուռկանի վրա ձկնորսի:

Վրձինը տավիղ է նվագում
թմբկաթաղանթի վրա Վան Գոգի:

Ստվերը տավիղ է նվագում
անվան հիշողության վրա:

Որդը տավիղ է նվագում
երազիս որդան կարմիրի վրա:

Տավիղը ե՜ս եմ,
ո՞վ է ինձ նվագում…

Զվարթնոց
Խոյակ առ խոյակ
ժամանակների ուսերը մաշող
քարե շուրջպար`
ինչպես քոչարին
անթաշկինակ օրիորդների…

Խաչքարերը թաշկինակներն են
նրանց…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։