Գնացող մարդիկ, եկող մարդիկ, սեր, կարոտ, զարմանք, ապշանք, այնկողմնային սարսուռ, ողբ, հույս, ընդունում, մերժում… Ու էսպես, կրկնվում է, դարերով, հազարամյակներով, բայց չի դառնում սովորական, չի դառնում վարժվածություն, էլի զարմանք է ու ապշանք, էլի սեր ու կարոտ, էլի ուրախություն, էլի տխրություն, թախիծ, էլի ողբ ու վախ, այնկողմնային սարսուռ, անհայտության սարսափ… գալիս են, գնում, գալիս են, գնում… և միմյանց նման են եկողն ու գնացողը` կծկված, կնճռոտ, թոթովախոս, պարզամիտ, անորոշության առջև ակնածալից ապշած… Գուցե նույն անհայտ Հայրենի՞քն ունեն եկողն ու գնացողը, նույն Տո՞ւնը, եկողն էնտեղից է գալիս, գնացողն էնտե՞ղ է գնում… Սակայն գուցե երկուսն էլ խաբվա՞ծ են, անտուն են, անհայրենի՞ք, գալիս են Ոչինչից ու գնում Ոչինչի մե՞ջ… Բայց ի՞նչ է Ոչինչը, Ոչինչ Տո՞ւն, Ոչինչ Հայրենի՞ք, Ոչինչ Երկի՞նք, Ոչինչ ոչի՞նչ… Հնարավո՞ր է…
Ու մեկ էլ գազանային ոռնոց ես լսում ներսիցդ, գազանային մղում է համակում էությանդ` անտանելիություն, ատելություն, թշնամանք, ուզում ես փաթաթել-դեն նետել, ազատվել աշխարհի բոլոր սարքերից, երգերից, նկարներից, գրքերից, լեզվից, սիրուց, կարոտից, պոկես ներսիցդ, վրայիցդ, պոկես ու դեն նետես, ազատվես ու գազան դարձած` վազես… դաշտեր, անտառներ, ջրեր… փախչես, հետապնդեն, պաշտպանվես, հարձակվես, բռնես, բուկը կրծես, լափես, լակես, քեզ որսան, բուկդ պատռեն` պրծնես…
Ու էդպես…
Ու էդպես մի նայի, Ֆրանց Կաֆկա, իմ պուճուր ախպեր։ Նայում է գրադարակի վրայից, այսպիսի դեպքերում միշտ նայում է, փորձում է որսալ հայացքս ու ասել` ի՛նձ նայիր, ինձ տես, գուցե օգնի, թեթևանաս։
Նայում եմ, Ֆրանց, տեսնում եմ, ըհը…
Ֆրանց Կաֆկա, Ավստրո-Հունգարիայի հպատակ, Պրահայի քաղաքացի, հրեա, գրում էր գերմաներենով (այն ժողովրդի լեզվով, որը մի երկու տասնամյակ անց ցեղասպանության կենթարկի նրա հայրենակիցներին)։ Ավստրո-Հունգարիան խարխլվող, փլուզման եզրին կախված կայսրություն էր, Պրահան սլավոնական քաղաք էր, Կաֆկան տարված չէր հրեական կրոնի գաղափարաբանությամբ, հրեական համայնքի հետ առանձնապես սերտ կապեր չուներ, այսինքն` օտարացած էր երկրին, գերմանացիներին, չեխերին և նույնիսկ հրեաներին, և այդ օտարությունը ցավ էր պատճառում հոգուն, հատկապես` որ ընտանիքում էլ իրեն օտարի պես էր զգում, երեք քույրերից միայն փոքրի հետ էր քիչ թե շատ կապված, բայց նա էլ չէր հասկանում եղբորը, ինչպես և մայրը, որը յուրովի սիրում էր որդուն, բայց վիճելի հարցերում միշտ ամուսնուն էր պաշտպան լինում, դե իսկ հոր հետ Կաֆկայի հարաբերությունները խիստ սրված էին, հաճախ պարզապես թշնամական, այնպես որ` Կաֆկայի գիրը օտարված, չհասկացված, անհայրենիք որբուկի գիր էր` բարդույթներով, վախերով, կասկածներով ու նևրոզներով ներծծված, «անճոռնի ճուտիկ» էր Կաֆկան, բայց «անճոռնի ճուտիկը» գոնե հետո, երբ մեծացավ-տեսքի եկավ` ճանաչվեց, ընդունեցին, իսկ Կաֆկային իսկապես ու իր ամբողջ խորքով տեսան, ճանաչեցին ու ընդունեցին նրա մահից հետո միայն, ինքն այդպես էլ չիմացավ, որ ընդունել են, սիրել նույնիսկ, նույնիսկ ակնածել ու նույնիսկ վախեցել։ Իսկ կյանքում իր ուզածը շատ բան չէր, ուզում էր իր տեղն ունենալ «Դղյակում», ուզում էր ընդունեն իրեն, անպայման չէ` որպես գրողի, թող որ` որպես աննկատ շարքային մարդու, ասենք` հողաչափի, հասկացված լինելն էլ պարտադիր պայման չէր, նույնիսկ ցանկալի չէր, կտեսնեն, կճանաչեն` կխորշեն, ցանկալի էր, որ պարզապես հանդուրժեն, կասկածով չնայեն, ինքն էլ իր ընտանիքը ստեղծի, իր նշանները դնի իր տան շուրջը և ապրի առանց տագնապի ու վախերի։ Բայց չէր ստացվում, ո՞նց ստացվեր, տեսակով ուրիշ էր, բարդույթավորված, ճնշված, անվստահ, վախեցած, զգուշավոր, երևի սա է պատճառը նրա նամակների, գրառումների, օրագրերի առատության, խուսափում էր անմիջական առերեսումներից, ասենք` հոր հետ դեմառդեմ պարզ ու շիտակ խոսելու, կնճռոտ խնդիրներն այդ կերպ հարթել փորձելու փոխարեն` նամակ գրեց, որն այդպես էլ չհասավ հասցեատիրոջը, մայրը, որին վստահել էր նամակի փոխանցումը, չփոխանցեց, փոխարենը բարոյախոսական ինչ-որ քարոզ կարդաց որդու գլխին։ Կաֆկան ինքն իր մեջ էր, իր հետ, իր գրականության հետ, որտեղ գտել էր իր ապաստարանը, իր «Դղյակը», ապրելու իր արդարացումը։ Ֆրանց Կաֆկան վայելում էր գրելու պրոցեսը։ Այն ամենը, ինչը բարդույթների, հաղորդակցվելու դժվարության պատճառով ներս էր հրել գիտակցության խորք` գրելիս դուրս էր բերում, վայելում։ Էստեղ էին նրա փախուստները, ճիգերը, սերերը, կարոտները, վախերը… դուրս էր բերում, հանձնում թղթին, բեռնաթափվում։ Փախուստ մոգական դժոխքից` մոգական փախստավայր-գրականություն, արվեստ։ Կաֆկան աշխատասեր էր, չափազանց աշխատասեր, այդ անզուսպ աշխատասիրությունը կարելի կլիներ որակել որպես գրամոլություն, եթե չլիներ նրա հանճարեղությունը։ Սակայն «աշխատասերը» կամ «գրամոլը» Կաֆկային վերագրելի չեն, նրա համար գրելը ապրել էր, նրա ապրելը գրելով էր, և ագահությամբ էր ապրում իր գրականություն-կյանքը, միևնույն ժամանակ խուսափում էր պրոֆեսիոնալ գրող համարվելուց, փախչում էր դրանից, Կաֆկայի համար ոգեշնչումն էր առաջնայինը, ինքնամոռացությունը, ինտուիցիան, սրա հետ նաև մանկան անկեղծ, ազնիվ հայացքը` նրան թույլ էին տալիս մնալ արվեստի բարձրության վրա, չէին թողնում ընկղմվել մշակույթի, չոր բանականության, պրոֆեսիոնալիզմի թանձրույթների մեջ։ Կաֆկայի գրականությունը իր ճանաչած աշխարհի, իր և աշխարհի փոխհարաբերությունների, իր ապրածի ու ապրումների մետաֆորացումն է, այլաբանումը, կերպափոխումը, հնարավոր է, որ ոգեշնչումների ճառագման պահերին ինքը հենց այդպես էլ տեսել է աշխարհը, հիշենք անվերջույթ, ահռելի հրեշին, որ այցելել էր Կաֆկային նրա բնակարանում, սա ի՞նչ է, մտաճառագումով բորբոքված ուղեղի մորմո՞ք… Սակայն գուցե բորբոքված ուղեղի ճառագումը միջա՞նցք է լուսավորել դեպի ուրիշ իրականություն, որը անտեսանելի, մթին, թաքուն ուղիներով կապված է և փոխազդեցության մեջ է մեր իրականության հետ։ Կաֆկան գրողական արարման մասին ասում է, թե այնտեղ անմաքուր ինչ-որ բան կա, ասում է` դա վայրեջք է մութ ուժերի աշխարհ, ազատումն է քո ներսի ոգիների, որոնք սովորական, բնական պայմաններում կապկպված-զսպված են տարբեր արգելանքներով, նրանք մութ նստվածքով վար են իջած, և վերևում, երբ արևի լույսով գրում ես քո պատումները, դու նրանց չես նշմարում, ասում է` գուցե գոյություն ունի այլ արարում, սակայն ես գիտեմ միայն սա։ Այսինքն, արվեստով բարձրանալու համար նախ իջնել է պետք, իջնելու համարձակություն է պետք, հանճարեղությունը ստորին ոլորտների մութերում է կոփվում-ձևավորվում (հիշենք Դոստոևսկուն), իջնելուց հետո՛ ես բարձրանում և աշխարհն ու մարդուն արդեն տեսնում ես բոլոր կողմերից, դրսից ու ներսից, մանրամասնորեն, տեսնում ես այն, ինչ ուրիշների աչքից վրիպում է, ապա նրանց աչքից վրիպածը արվեստ դարձրած` տալիս ես իրենց։
Ահա մութ նստվածքների մեջ իջնող, աշխարհն այնտեղից այլաբանված, կերպափոխված տեսնող Ֆրանց Կաֆկան` առևտրական շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի տեսքով («Կերպարանափոխություն»), որ մի առավոտ ինքն իրեն հայտնաբերում է բազմավերջույթ միջատի կերպարանքով ու կարծես այնքան էլ չի զարմանում, չէ, զարմանում է իհարկե, սակայն ոչ այն չափով, որքան կսպասեր այդ արտառոց իրավիճակի նկարագրության առաջ հայտնված ընթերցողը, թվում է` միջատ դարձած Գրեգոր Զամզային այնքան իր անակնկալ կերպարանափոխությունը չի մտահոգել, որքան հանգամանքը, որ չի կարողանում իր այս տեսքով դուրս գալ տնից ու գնալ գործի, ուշացել է գործից, ձախողել է գործը, ահա, նրան արդեն տագնապած կանչում են դռան հետևից` մայրը, հայրը, քույրերը, քիչ հետո նաև ծառայական գործակալության կառավարիչն է հայտնվում, անհանգստացած է, Զամզան սողալով մի կերպ մոտենում է դռանը, դռան հետևից փորձում է համոզել կառավարչին, որ մի քիչ վատ է զգում իրեն, շուտով կհավաքվի, կգա ծառայության, սակայն ձայնն արդեն մարդկային չէ, կենդանական է, դժվարւթյամբ վերջապես բացում է դուռը և ի հայտ գալիս` բացատրություն տալու, սակայն նրան տեսնելով` կառավարիչը սարսափած բղավելով փախչում է, Զամզան ուզում է պահել նրան, բայց հայրը ուտիճ դարձած որդուն հետ իր սենյակն է հրում։ Սկսվում է Գրեգորի ուտիճային կեցությունը։ Նրա առօրյա կարիքները հոգալու պարտականությունն իր վրա է վերցնում քույրը, կերակուր է բերում, օդափոխում-կարգավորում է սենյակը։ Գրեգորի սրված լսողությունը որսում է տնեցիների առօրյա խոսակցությունները հարևան սենյակներից, Գրեգորը կիսում է նրանց մտահոգությունները, ապրում նրանց հոգսերով, տառապում, որ այդքան հոգս է պատճառում ընտանիքին, հատկապես քրոջը, բայց հայտնել իր երախտագիտությունն անկարող է, քրոջն ու մյուսներին ի տես չի հայտնվում` միշտ թաքնվում է, որպեսզի վախ կամ տհաճություն չպատճառի։ Սակայն մի օր, այնուամենայնիվ, համարձակվում է դուրս գալ` ասես ինքն իր և աշխարհի դեմ ընդվզած։ Ուտիճ Գրեգորին առաջին անգամ տեսնող մայրը անակնկալ սարսափից ուշաթափ է լինում, հայրը կատաղությամբ փորձում է քշել նրան հետ իր տեղը, ձեռքի տակ ընկած խնձորները նետում է վրան, նրանցից մեկը խրվում` մնում է Գրեգորի մեջքին, ի վերջո նա հաջողում է խուսափել հոր հալածանքից և սպրդել իր սենյակը․ դուռը դրսից կողպվում է։ Դռան հետևից լսվում է, թե ինչպես է մայրն աղերսում հորը` չսպանել որդուն։ Քույրը, որ միշտ հոգատար էր եղել, հանկարծ ասում է` երևի պետք է համակերպվել այն մտքին, որ նա Գրեգորը չէ, եթե Գրեգորը լիներ, կհասկանար, որ մարդիկ չեն կարող ապրել այսպիսի կենդանու հետ և ինքնակամ կհեռանար մեզնից։ Գրեգորը կողպված է մնում իր սենյակում։ Շարժվել դժվարանում էր, մեջքին խրված խնձորը անասելի ցավ էր պատճառում, բայց հեռացնել այն անկարող էր, գուցե` չէր էլ ուզում (ինչո՞ւ հատկապես խնձոր, մտածելու բան է)։ Օրեր անց խնձորը սկսում է փտել, բորբոքելով շրջակա հյուսվածքները, մարմինը ծանրանում է, բարալիկ ոտքերը չեն զորում այն բարձրացնելու, շնչելը դժվարանում է։ Ի՞նչ անել։ Ոչինչ։ Ամեն բան արդեն արված է։ Եվ մի առավոտ սպասուհին Գրեգորին չորացած-մեռած է գտնում իր սենյակում, տանում-գցում է աղբանոցը։ Տնեցիները ազատված շունչ են քաշում, վերջ մղձավանջին, չկա ատելի միջատը։ Սպանված է ուտիճը, Կաֆկան սպանեց նրան, թվում է` ուտիճի կերպարանափոխվելը ինքնասպանության թաքնված, գուցեև փայփայած մղում էր, Կաֆկան իրեն դատապարտել էր դանդաղ ինքնասպանության` ուտիճ դառնալու միջոցով, և զարմանալի չէ, որ նրա ինքնասպանվելուն աջակցեց հայրը։ (Խնձորը, հայրը… Արգելված պտուղը, Բարձրյալ Հայրը… Արգելված պտղով սպանում է որդուն… Գուցե ակնարկնե՞ր են, ինչ-որ բա՞ն է հուշում Կաֆկան… Արդյոք ո՞չ այն, որ Բարձրյալ Հոր ուղարկած Արգելված պտուղն իր` Կաֆկայի և մեր` բոլորիս դանդաղ սպանության զենքն է…)։
Հետաքրքիր է, որ իր հոգեկանի այս տոտալ ճնշվածության պայմաններում Կաֆկան ազատությո՛ւն չի փնտրում, մենություն է փնտրում, անաղմուկ, խաղաղ մեկուսացում։ Ահա նա` մենություն փնտրող գազանիկի կերպարանափոխված, («Բույնը»), որն անդադար, ինքնամոռաց զբաղված է իր գետնափոր բույնով` կարգի է բերում այն, ետնախորշեր փորում, դիտակետեր, հանգստյան հարթակներ, զարտուղի, շրջանցիկ միջանցքներ, քողարկված ելքեր… ասես` գետնափոր դղյակ է ստեղծում, ուր վերջապես մենակ է լինելու, խանգարող չի ունենալու։ Փորման գործի (ապրելու) ամբողջ ընթացքում նրա մեջ տագնապ կա, վախ, Կաֆկան համարյա չի օգտագործում վախ կամ տագնապ բառերը, բայց տագնապն ու վախը նրա տողերից փոխանցվում են, զգում ես` ինչ-որ բան լինելու է։ Ու եղավ, հարևան հայտնվեց, այսինքն` հակառակորդ, այսինքն` թշնամի։ Գետնափոր տան տերը նրան չէր տեսել, չէր հաջողում տեսնել, գուցեև խուսափում էր տեսնելուց, բայց լսել էր, լսում էր, իրեն հոգեկան տհաճություն պատճառող ձայներով էր փորձում գուշակել, թե ինչ է կատարվում հարևանությամբ։ Այնքան բաղձալի գետնափոր դղյակն այլևս ապաստարան չէ, պաշտպան չէ, աշխարհը թափանցել է, հարևանությամբ է, ուր որ է` ներս կգա։ Կարելի է զուգահեռ անցկացնել «Դղյակը» վեպի հետ, այնտեղ «Հողաչափ» Կ.-ն եկել է դղյակապատկան ավան` աշխատանք գտնելու, տուն-տեղ դնելու, ընտանիք կազմելու, շրջապատի, ասել է թե` աշխարհի հետ լեզու գտնելու-ներդաշնակվելու, չարչարանքներ է տանում` «Գրասենյակից» դրա օրինական իրավունքը ստանալու համար, բայց չի հաջողում, «Դղյակը» օտարականին չի ընդունում։ Ի տարբերություն անավարտ վեպի հերոսի, անավարտ պատմվածքում գետնափոր «դղյակի» գազանիկը աշխարհի հետ հաշտվելու, ներդաշնակվելու մտադրություն չունի, հակառակը` նա փախել է աշխարհից, եկել է առանձնանալու, անվտանգ միայնություն վայելելու։ Երկուսն էլ ձախողվում են, Ֆրանց Կաֆկան ձախողում է աշխարհի մեջ այս կամ այն կերպ տեղավորվելու, հարմարվելու իր ձեռնարկները։
Մեղքի զգացումը կրծում է Կաֆկայի հոգին, հանգիստ չի տալիս, այս զգացումն իր մի մասով ծնվել է իրակա՛ն հարաբերությունների արդյունքում` ընտանիքի հետ, որի համար ինքը չդարձավ այն սպասված որդին, նշանածի հետ, երբ արդեն երկրորդ անգամ հրաժարվեց ամուսնությունից, որովհետև թեև ուզում էր ընտանիք կազմել, բայց վախենում էր ամուսնական հարաբերություններից, հոր հետ, որը ճնշում էր Ֆրանցին իր գերազանցությամբ, իր մշտական դժգոհությամբ։ Հորը ուղղված նամակում Կաֆկան գրում է, որ լոգարանում միշտ ամաչել է հագուստը հանել, մերկ կանգնել հոր կողքին, որովհետև հայրն այնքան հզոր էր, լայնալանջ, մկանուտ, իր մարմնով հպարտ ու վստահ, իսկ ինքը` այնքան ոսկրոտ ու վտիտ (սա կարծես արդեն մեղքի զգացում չէ, մեղկի զգացում է)։ Վերջապես մեղքի էկզիստենցիալ զգացումը` Կաֆկայի մեղքը նաև ի ծնե մեղավորի մեղք է, կարելի է ասել, որ սա կապված է նախաստեղծ մեղքի կրոնական մեկնաբանությունների ազդեցության հետ, սակայն կարծում եմ, որ նաև անհատապես իր` Կաֆկայի զգացումն է, մարդու իր տեսակի զգացումը, իր գենոմի զգացումը։ Մեկ ուրիշը նույն իրավիճակներում կթքեր ամեն ինչի վրա, գրողի ծոցը կուղարկեր, իր վրա մեղք չէր առնի, կնետեր հետ աշխարհի երեսին։ Սակայն Կաֆկան, ի դժբախտություն իրեն և ի բարեբախտություն գրականության, ուրիշ էր, ամբողջ էությամբ ներծծված էր մեղքի զգացումով, յուրատեսակ` անմեղ մեղավոր։
«Դատավճիռը» պատմվածքում երիտասարդ գործարար Գեորգ Բենդեմանը հոր մոտ է գալիս ուրախալի լուրով առ այն, որ նշանվել է, վերջապես ամուսնանալու է, նա սպասում է տեսնելու հոր ուրախությունը, սակայն շնորհավորելու փոխարեն հայրը հանկարծ կերպարանափոխվում է, չարանում ու Գեորգի վրա թափում ծանրագույն մեղադրանքներ, մեղադրում է նրան մինչ այդ չլսված պատճառներով, և մեղադրանքների շիկացումը հասցնելով գագաթնակետին` մահվան է դատապարտում որդուն։ Հերոսը կամրջից իրեն գետն է նետում՝ գոչելով` հարազատներս, և, այնուամենայնիվ, ես ձեզ սիրում էի։ Րոպեներ առաջ, երբ հայրն իր մեղադրանքները ներկայացնելիս կտրուկ առաջ էր թեքվել, Գեորգ-Կաֆկան գիտակցության տակի շերտով մտածել էր` երանի ընկնի ու ջարդուխուրդ լինի։ Այսինքն, ենթագիտակցորեն (թող որ` ընդամենը մի կարճ պահ) հոր մահն էր ցանկացել` ևս մի մեղք ավելացնելով իրեն ներկայացված մեղքերին, դրանով նաև ինքն իրեն թաքուն խոստովանել էր, որ անկարող է մերժել մեղադրանքները, չի էլ ուզում։ Ո՞նց մերժի, ոնց էլ մերժի` մեկ է` մեղավոր է, ո՞նց կարող է մեղավոր չլինել, եթե ապրում է։ Ուստի` չապրել, ուստի` ինքնասպանություն։ Սակայն արդյոք ինքնասպանվելով կմաքրվի՞ մեղքից, որքան էլ ինքնասպանվելիս գոչի` «…և, այնուամենայնիվ, ես ձեզ սիրում էի», թե՞ գնալու է Վերին Ատյանի առաջ պատասխան տալու, պարզապես արագացրել է ներկայացումը…
«Ուղղիչ կալանավայրում» պատմվածքը ներկայացնում է մի «արդարադատ» դժոխային սարք, որն իրեն անշարժ ամրացված մեղադրյալի մերկ մարմնին սուր դանակներով ճշգրտորեն, ամենայն մանրամասնությամբ փորագրում է նրա մեղադրական հոդվածը, դատավճիռը։ Պատկերացնում եմ, որ Կաֆկան իրեն նույնպես տեսել է այդ սարքին ամրացված, մերկ, տեսել է ու զգացել, թե ինչպես են դանակները կտրատում մաշկը, միսը, արնածոր գրով գրում մեղադրական հոդվածը, ինքը չի տեսնում դատաստանական վերջնագիրը, սպասում է, որ մեկնումեկը բարձրաձայն կարդա այն ու վերջապես հայտնի անի իրեն իր մեղքը։
«Թակոց դարպասին» պատմվածքում հերոսը (անկասկած` դարձյալ ինքը` Ֆրանց Կաֆկան) իր փոքրիկ քրոջ հետ հայտնվել է անծանոթ գյուղի փողոցում, զբոսնում են, ու հանկարծ քույրիկը թակում է անծանոթ մի դարպաս` մանկական անմեղ խաղ, չարաճճիություն, թվում է` արտառոց բան չի եղել։ Սակայն այդ պահից սկսած՝ շուրջն ամեն բան փոխվում է, տագնապ է մտնում մթնոլորտ, վախեցած մարդիկ են դուրս գալիս տներից և զգուշացնում, որ դարպասը թակելու համար նրանց շուտով մեղադրանք կառաջադրվի (ասես «Դատավարության» նախագիրը լինի), եղբայրը քրոջը հասցնում է ուղարկել քաղաք, սակայն երբ զինված ձիավորները շրջապատում են նրան, պարզվում է, որ քրոջ բացակայությունը նրանց առանձնապես չի էլ անհանգստացնում (քույրը, կարծում եմ, եղբոր թաքուն ցանկությունը կուրորեն իրականացրած գործիք է ընդամենը), նրանց հենց եղբայրն է պետք, նրան կալանում, տանում` առանձնացնում են գյուղական տանը, որը նման է և՛ կալանավայրի, և՛ վիրահատարանի։ «Տեսնես երբևէ կշնչե՞մ ուրիշ օդ, բանտախցի օդից բացի»` մտածում է հերոսը։ Աբսուրդ է, այո։ Սակայն կարծում եմ` Կաֆկան ենթատեքստով զգուշացնում է` եթե ուզում ես թակել Անհայտության դուռը, տեսնել Փակի այն կողմը, իմացիր, որ փորձության ես տանում քեզ և պատրաստ եղիր Դատավարության, որովհետև որքան էլ քեզ անմեղ համարես, անմեղ լինել անկարելի է։
«Կարիք չկա տնից դուրս գալու, մնա քո սեղանի մոտ և ունկնդրիր։ Նույնիսկ մի ունկնդրիր, սպասիր։ Նույնիսկ մի սպասիր, եղիր անշարժ ու մենակ։ Եվ աշխարհը կբացահայտի իրեն քո առջև, նա չի կարող այլ կերպ»,- ասում է Կաֆկան։
Մի առավոտ կյանքը բացահայտվելու եկավ Յոզեֆ Կ.-ի մոտ` դատարանական ծառայողների կերպարանքով («Դատավարություն»), եկավ, երբ նա պատրաստվում էր գործի գնալ․ հերթական դժբախտությունն է պատահում Կաֆկային ծառայության գնալու ժամին, ըստ ամենայնի` գործի գնալը նրա մոտ ծնում էր բարդույթավորված, նևրոտիկ հոգեվիճակներ, մի կողմից ծառայությունը նրա համար անառարկելի պարտականություն էր, պատասխանատվություն, նաև` ֆինանսական անկախության միջոց, մյուս կողմից՝ ատում էր ծառայությամբ ճնշված, ենթակա լինելը, գրելու ժամանակը ծառայությանը զիջելը, ատում, բարդույթավորվում էր այն աստիճանի, որ այն չարաբաստիկ առավոտյան, գործի գնալու ժամին, ինքն իրեն ուտիճի կերպարանափոխեց։ Իսկ այս առավոտ, երբ պատրաստվում էր նախաճաշել և գործի գնալ, աշխարհը եկավ ու բացահայտեց ինքն իրեն, և բացահայտելով իրեն` բացահայտեց նրան` բանկի ծառայող Յոզեֆ Կ.-ին։ Ահա, այսպես, փախուստ չկա, մի օր աշխարհը գալիս է, բռնում է քեզ և ասում` ես դատավոր եմ, դու` մեղադրյալ, արդարացիր։ Կարող ես վազվզել, թռչկոտել, կարող ես չքմեղանալ, բարիք գործել, անշարժ մնալ, որ նույնիսկ մրջյուն չտրորես, մեկ է` աշխարհը գալիս է և ասում` քո Դատավարությունն սկսված է, ասում է` իրականում այն սկսված էր արդեն, երբ նոր էիր ծնվել, նույնիսկ` երբ ժիր լող էիր տալիս սերմնահեղուկի մեջ, Դատավարությունն ի սկզբանե է, և որպես գաղտնիք՝ ասեմ` արդեն դատապարտված ես, մահվա՛ն, քո կյանքը քո սպանության դանդաղ պրոցեսն է, որն անպայմանորեն հասնելու է իր տրամաբանական վախճանին, ահա դահիճներդ, որ սկսել են վիճարկել հագուստիդ տիրանալու խնդիրը (արդյոք ավետարանային իրադարձության զուգահեռը չէ՞), ահա դանակը նրանց ձեռքին, ուր որ է կխրվի սիրտդ, վերջին անգամ նայիր չգիտես ինչու այստեղ հայտնված, սակայն շեշտված անտարբերությամբ անցնող ֆրեյլեն Բյուրստների ոտքերին, որ ավելի լքված զգաս քեզ, և իզուր մի գոռա այնպես, ասես այս խայտառակությունը քեզնից երկար է ապրելու` կյանք կոչվող այս խայտառակությունը։
Յոզեֆ Կ. Կաֆկան Դատավարությունից փրկվելու ինչ-ինչ ջանքեր գործադրում է, բայց առանձնակի պաշտպանական նախանձախնդրություն չկա նրա գործողություններում, ավելի շատ` հետաքրքրություն, այո, ինքը ներքուստ ընդունել է, որ մեղավոր է, բայց ուզում է իմանալ` ո՞րն է իր մեղքը, արդյոք բոլոր մեղքերն են հայտնաբերվա՞ծ, թե՞ ամենախորքայինները մնում են քողարկված և տանջելու են անհատույց։ Ամեն դեպքում` Դատի տակ ես, Ֆրա՛նց, քեզ դատում են, ինչ-որ ուժեր քեզ դատելու իրավունք ունեն, ուզո՞ւմ ես ապրել Դատավարությունդ և անխուսափելի մահապատիժդ, ընդունիր և անվրդով գնա ընդառաջ, չե՞ս ուզում, չե՞ս կարող, ջղաձգվիր, փորձիր խուսափել, փախչել, քո որոշելիքն է։ Սակայն արդյոք քո՞ որոշելիքն է, թե՞ դա էլ Դատավարության որոգայթներից է, նրա կարգած դերակատարություններից։ Այս է, այսքանը, իր ճոխությամբ կամ ողորմելիությամբ, և չկա մեկը, որ ընկերանա, կողքիդ լինի, յուրաքանչյուրն իր սեփական դատավարությամբ է տարված` գիտակցելով, թե չգիտակցելով։
Շարունակությունը՝ հաջորդիվ
