ՓՈՔՐ ՄՀԵՐԻ ԴՐԱԽՏԱՎԱՅՐԸ

ՉարենցԴավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մարտը մեզ ընդհուպ մոտեցնում է Չարենցին, իսկ Չարենցը` հայկական ինքնահարցերի անհանգստությանը, մանավանդ որ 20-րդ դարի «Երկիր Նաիրին» գրված է, իսկ 21-րդ դարի «Երկիր Նաիրին»` դեռ ոչ:
Ինչո՛ւ: Արդյո՞ք հենց այն չդադարող պատճառով, որ քաղաքական կենցաղը առավոտից իրիկուն կուրացնում է մեզ (ու հաճախ` միանգամայն կամավոր), իսկ կեցու­թյան հարց ու հարցականների քննությունը` թվում վերացականից էլ վեր մի բան:
Իսկ գուցե գրականությունը սկսել է վախենալ բարձր նպատակներից,- հանկարծ ու իրեն դե մոդե չհամարե՞ն: Կամ էլ գոյատևման խնդիրների այս անվերջանալի ծանրությունը տեղ անգամ չի թողնում գոյաբանական ինքնազննության համար…
Տրամաբանական է, բայց ոչ այնքան համոզիչ: Որովհետև տրամաբանությունը միշտ էլ սայթաքում է արվեստի դռների մոտ, և ներս թափանցելու համար անպայման պարադոքս է հարկավոր: Ի վերջո` նույն գոյատևության խնդիրների մամլիչը տասնապատիկ ավելի ուժգնությամբ չէ՞ր ճզմում քսաներորդ դարասկզբի հային:
Այս դիմահարության ծնունդն էին Տերյանի հայկական երազանքը, դարձյալ Չարենցի վիրաբուժական նշտարը` իր «պոեմանման վեպից» մինչև «Պատմության քառուղիներով»: Թեպետ՝ զգո՛ւյշ. դրանց միջև, լուսապսակ թագի նման, դրվել է «Ես իմ անուշ Հայաստանին»…

***
…Դանիացի մի բանաստեղծ, Նիկոլա Ստոկհոլմ անուն-ազգանունով, ընդառաջ եկավ ինձ Բրյուսելից Դորտմունդ սլացող գնացքի միջանցքում: Քանի դեռ այդ երերուն վագոնի ուղեգորգին կանգնած`փոխադարձաբար միմյանց էինք զիջում ճանապարհը, ասաց` իր հյուսիսային աչքերի սառնախոհության մեջ հնարավորինս հարավային ժպիտ փայլեցնելով.
– Գեղեցիկ անուն է` Արմենիա:
– Նկատի առեք, որ այդ անունը հաջողությամբ հանգավորվում է «հարմոնիա» բառի հետ,- պատասխանեցի նրան: – Գուցե դա ընդամենը պատահականություն է, իսկ գուցե` խորհրդավոր իմաստի նշան, որովհետև, եթե հավատալու լինենք հին ավանդություններին, դրախտի գտնվելու տեղը եղել է մեր երկրի կողմերում:
Բայց տեղը երբեմն հարցեր է ծնում: Եվ առաջինը` հենց հայերիս մոտ: Մեր երկիրը դեմընթաց հողմերի խաչմերուկ է, որտեղ, Քիփլինգի պնդումների հետ բանավիճելով, հանդիպում են Արևելքն ու Արևմուտքը: Խաչմերուկում ապրելն անկասկած հետաքրքիր է և խոստանում է մշտական եռուզեռ: Բայց հետն էլ` վտանգներ, ու նույնիսկ` հաճախակի վթարներ: Պատմահոսքերը մե՛րթ միահյուսվում են, մե՛րթ էլ` անգթորեն բախվում, շարունակաբար ճնշում իրար ու գտնում անսպասելի հաշտություններ, երբ հերթը հասնում է մշակույթին:
– Վերջապես` հայերը եվրոպացինե՞ր են, թե՞ ասիացիներ,- հարցնում էր մեկ ուրիշ բանաստեղծ` բելառուս Դրանկո-Մայսյուկը, ընդ որում` Գառնո տաճարի դիմաց կանգնած, որը հունահռովմեական գլոբալացման վկայությունն է` հայկական հողի վրա:
– Հայաստանի դեմքը եվրոպական է, բայց ճակատին Արևելքի կնճիռներ կան կուտակված,- պատասխանեցի նրան` չմոռանալով, որ պոետի հետ եմ խոսում, և քաղաքակրթությունների հավասարակշռությունը ինչքան հնարավոր է` պահպանելով:
Մեր մշակութային հիշողությունը ազատորեն խոսում է երկու աշխարհների հետ: Մեր ստեղծագործական ունիվերսալիզմը` գումարում այդ աշխարհները միմյանց: Եթե որևէ մեկը տեսել է Փարաջանովի «Նռան գույնը», լսել՝ Խաչատրյանի «Սպարտակը», կարդացել՝ Իսահակյան, Վարուժան ու էլի Չարենց, դժվար թե փորձի առարկել այս եզրակացությանը: «Սասնա ծռերի» էջերով դեգերող և նրա կենսահոսքերի զորությամբ վերակենդանանալ սիրողը` նույնպես:
Կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե սա ոչ այնքան ներդաշնակ մի երկվություն է, բայց կարծում եմ, որ շտապողականությունը միայն կխանգարի նրանց: Իսկ գուցե մեր մեջ պահպանվել է մարդկու­թյան նախնական գոյի միասնականությո՞ւնը: Թեկուզ իբրև մետաֆիզիկական առանցք, Ջրհեղեղից հետո արմատ գցած որթատունկ, որի գաղտնաբառերը մե՛րթ թեթևակի խունանում են, մե՛րթ` նորից դառնում ընթեռնելի, բայց երբեք չեն ջնջվում վերջնականապես: Դրանք կարդում են Մեծերը: Կարդում ու վերադարձնում ընթացիկ օրվա թոհուբոհերի մեջ խճճված մահկանացուներիս:

***
Չարենցն այդ վերադարձնողներից մեկն էր: Դարի բարձրությունը նրանն էր, հայկական հազարամյակների խորությունը` մինչև Վահագնի ծնունդ, նույնպես: Նա մեր նորովի ինքնահայտնաբերումն էր, պատմության աչքերի մեջ նայողը, ընդ որում` առանց պերսևսյան վահանի: Նաև` մեր ճակատագրի տագնապը, էպիքական լուսաբացի հավատավորը, դյուցազուններից վերջինը, որ Փոքր Մհերի պես թափառում էր Հայաստան-դրախտավայրի և այդ հողին բաժին ընկած դանթեականի ոլորաններով:
Իրոք որ. Չարենց. հայ գրականության Փոքր Մհեր: Տեսեք, թե ինչ ահռելի բեռան տակ էր նա: Ու քանի բանաստեղծի փոխարեն էր ապրում: Նա գրականություն էր մտել մի ողբերգական ժամանակով, երբ, քառասունին անգամ չհասած, զոհվել էին Սիամանթոն, Սևակը, Վարուժանը, Տերյանը (միք կասկածի, Տերյանը նույնպես զոհ է), և հայոց հոգևոր գոյածիրի մեջ բացվել էին «օզոնային խոռոչներ»:
Ի՜նչ թափ էր հաղորդել այդ փաղանգը մեր բանա­ստեղծությանն ու լեզվին: Ի՜նչ գեղեցկորեն էր բերում մեր ավանդական հացին երգը, հեթանոսական տարերքն ու նարեկացիական տիեզերականությունը` դեպի քսաներորդ դար: Որքան բնականորեն էր շաղկապում մեր մշակույթի կենաց արմատը Արևմուտքի ու Արևելքի, այդ ժամանակների գեղարվեստական գիտակցության, եվրոպական նորագույնի հետ: Իրենք էին, որ Չարեցին էլ այդ փաղանգի մեջ ընդգրկելով, քսաներորդ դարի հայ գրականությունը դարձնելու էին… համաշխարհային:
Մնաց Չարենցի վրա: Ինքն այդ խաչը տարավ: Նրա սիմֆոնիզմն այդտեղից է: Ուրիշ սիմֆոնիստ ունե՞նք:
Այս ամենից հետո` ո՞րն է Հայաստանի քաղաքա­կրթական բանաձևը Արևմուտքի ու Արևելքի կամ Հյուսիսի ու Հարավի մեր հանգուցակետում:
Հայաստան` Եվրոպական Արևելք: Ոչ թե Արևելյան Եվրոպա կամ, առավել ևս, եվրոպական Ասիա, այլ հենց Եվրոպական Արևելք: Բայց սա արդեն մեկ ուրիշ գրու­թյան ու մեկ այլ քննության նյութ է:

2 thoughts on “ՓՈՔՐ ՄՀԵՐԻ ԴՐԱԽՏԱՎԱՅՐԸ

  1. Արևելքում: Որտեղից մերթ ընդ մերթ հայացքն ուղղում է էգալիտար արևմուտքին «…ալաֆրանկին վնասները…» յուրացնելու համար:

    «…Ոտքս կոտրիր թատրոն չերթայի: Տունդ նստեիր Նարեկդ կարդայի’ր..»

  2. Մենք թիրախի բերանին ենք, ցավոք….
    Խաչմերուկում ապրելն անկասկած հետաքրքիր է և խոստանում է մշտական եռուզեռ: Բայց հետն էլ` վտանգներ, ու նույնիսկ` հաճախակի վթարներ: – See more at: http://www.grakantert.am/%D6%83%D5%B8%D6%84%D6%80-%D5%B4%D5%B0%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A4%D6%80%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%A8/#sthash.dxN9B8Xb.dpuf

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.