Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ / ՀՐԵՇՏԱԿ ՄԱՐԴԸ

6-րդ դասարանի աշակերտ էի, մորս հետ գնացի Լենինական: Մեր գործերը վերջացնելուց հետո, երեկոյան օթևանեցինք մի ծեր կնոջ տանը: Նրա անունը Իսկուհի էր: Նա մորս ծանոթուհին էր: Շատ բարի կին էր Իսկուհի տատիկը և մորս հանդեպ առանձնակի սեր ուներ: Տատիկն ինձ ընդունեց շատ ջերմ, հյուրասիրեց քաղցրավենիքով: Նրա փոքրիկ տան ճաշասենյակում մի հին պահարան կար, ես հիացմունքով զննեցի նրա զարդանախշերը, իսկ առավել հետաքրքիրը պահարանի գլխին ցուցադրվող հախճապակյա մոխրամանն էր, որի վրա պատկերված էին Մոնակոյի թագավորն ու թագուհին: Նրանց գլխավերևում ճառագում էր թագը: Թագուհին աստվածային գեղեցկություն ուներ: Տատիկը նկատեց, որ ես զմայլված եմ այդ իրով, վերցրեց պահարանի գլխից և նվիրեց ինձ: Մայրս առարկեց, թե երեխայի ինչի՞ն է պետք մոխրամանը: Տատիկն ասաց, որ սա մոխրաման չէ, մասունք է, այն Փարիզից ուղարկել է իր կրտսեր քույրը: «Տարեք ձեր տանը պահեք, վաղը, մյուս օրը ես չեմ լինի, ինձնից հիշատակ կմնա…»:
Մայրս ասաց.
– Թագավորի ու թագուհու նկա՞րն էլ կդնեն մոխրամանի մեջ ու մոխիր թափեն վրան… Անաստվածություն է:
– Էնտեղ էդպես չեն մտածում,- ասաց տատիկը:
– Սա իսկական պատկեր է, կդնեմ մեր կամոդի վրա,- ձեռքում շուռումուռ տալով գեղազարդ իրը՝ ասաց մայրս:
Քիչ անց, թեյի սեղանի շուրջ մորս թախանձանքով տատիկը պատմեց փարիզաբնակ քրոջ պատմությունը:
– 1915 թ. ամռանը, երբ սկսվել էին հայերի կոտորածները Թուրքիայի մեջ, մեզ մեր Ակն քաղաքից քշեցին դեպի սիրիական անապատներ: Մի մեծ քարավանի մեջ էինք, օրեր ու շաբաթներ գնում էինք տոթից վառվող ճանապարհներով, մարդիկ ճանճերի պես կոտորվում էին ծարավից, քաղցից ու հիվանդությունից: Մեր ընտանիքից երեքս էինք մնացել՝ մայրս, փոքր քույրս և ես: Քույրս չդիմացավ այդ դաժան նեղություններին, նվաղեց: Մայրս ասաց՝ կմեռնի: Մյուսներն էլ նույնն ասին: Նվարդը չէր կարողանում քայլել, ես ու մայրս էինք տանում շալակած: Մեր բախտակիցները խորհուրդ տվեցին թողնել երեխային… Մայրս չէր համաձայնում: Մի տեղ թուրք զինվորները մեզ դադարի ժամ տվեցին… Մայրս գրկել էր քրոջս ու ողբում էր, որովհետև նա արդեն կենդանության նշաններ համարյա ցույց չէր տալիս: Միայն կոկորդն էր տրոփում, ո՛չ աչք էր բացում, ո՛չ տնքում էր… Նկատեցինք, որ մեզնից քիչ հեռու մի ուրիշ քարավան իջևանեց: Նրանք միայն տղամարդիկ էին, ավելի փոքրաթիվ, քան մենք: Նրանցից մեկը՝ զինվորական շորերով, սիրունատես մի երիտասարդ, տեսնելով մորս աղեկեզ ողբը, մոտեցավ, հարցրեց՝ ի՞նչ է եղել… Մայրս ցույց տվեց իր թևերին թոշնած ճյուղի պես ընկած քրոջս: Այդ երիտասարդը շոշափեց Նվարդի զարկերակը, բաց արեց բերանը, նայեց լեզուն, ակնախոռոչները զննեց և մայրիկիս ասաց՝ շտապ մի քանի հատ ձու ճարիր քարավանից: Մայրս նետվեց այս ու այն կողմ, հինգ հատ ձու բերեց, իսկ այդ երիտասարդը մոտերքից մի քանի խոտաբույս հավաքեց, տրորեց, խառնեց ձվերի դեղնուցին, ասաց՝ քիչ-քիչ խմացրու…
Հանգստի ժամը լրացավ, ասկյարը երիտասարդին հրացանի փողով հրեց, ասաց՝ առաջ ընկիր: Երիտասարդը հասցրեց ասել, որ իր անունը Ռուբեն Սևակ է, որ ինքը բժիշկ է և բանաստեղծ: Մայրս և ես արցունքներով ու երախտիքով լի մեր աչքերով ճանապարհեցինք փոքրաթիվ քարավանը: Մինչև օրս աչքիս առաջ է Ռուբեն Սևակի թիկունքը, դեմքը, որ երբեմն դարձնում, նայում էր մեր կողմ…
Մայրս երկու օր խմեցրեց այդ խյուսը հիվանդ քրոջս: Երրորդ օրը նա աչքերը բացեց, խոսեց: Ռուբեն Սևակը խոտաբույսերի նմուշները տվել էր մորս, որ եթե մի ապահով տեղ հասնեինք, նորից մայրս սարքեր այդ դեղից ու տար Նվարդին: Բայց գաղթականներիս հյուծիչ երթի ժամանակ զինվորների վայրագ քաշքշոցների ու թալանի պատճառով դեղաբույսերը կորան: Մայրս հետագայում փնտրեց դրանք Սիրիայում, Իրաքում, Հունաստանում, Հայաստանում՝ ուր որ ճակատագրի քամին մեզ շպրտեց, սակայն չգտավ, մոռացել էր բույսերի տեսքը, անունը, միայն որոշների հոտն էր հիշում… Բայց դրան հակառակ, մեր սրտերում հավերժ անմոռաց մնաց այդ հրեշտակ մարդու անունը՝ Ռուբեն Սևակ…
Մայրս և ես տպավորվել էինք Իսկուհի տատիկի պատմությամբ: Հետագայում մայրս շատ անգամներ էր պատմում այս պատմությունը և ցավով ու հիացմունքով արտասանում Ռուբեն Սևակ անունը: Իսկ երբ ես ուսանող էի, մի անգամ ասաց.
– Ռուբեն Սևակի գիրքը ճարի՝ կարդանք, կարող է էնտեղ դեղ-դարմանի մասին էլ գրված կա:
Մայրս սեր ուներ ժողովրդական բժշկության հետ և մի քանի հիվանդու­թյուններ բուժում էր:
– Չէ՛,- ասացի,- մա՛մ ջան,- նրա գրքում բանաստեղծություններ են… Դրանք էլ հոգու դեղ-դարման են, կուզե՞ս մյուս գալուց բերեմ՝ կարդամ քեզ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։