«Այս ի՜նչ հողմ էր, Տեր»,- ցնցվեց Պետրոսն ահառած,
երբ տունը լցվեց շառաչով երկնային։
«Դա սու՜յլն է Հունձքի, որդի,- ասաց Ձայնն ի վերուստ,-
մի՞թե չեն սուլում գերանդիներն ու մանգաղները մահկանացուներիդ,
երբ դուք ձեր հունձքն եք անում հովիտներում երկրային…»:
Եվ իմաստուն, հրեղեն օձերի նման
իջան լեզվակները Հրո ու բաժանվելով՝ բաժանվեցին
նրանց գլխավերևում։ Եվ լեզուների փոխարկվեցին լեզվակները
նրանց բերաններում ու անմահական մրգերի պես անուշացան…
«Ես ՆԱ եմ, որ ԵՄ, ՆԱ եմ, որ իջա –
ինչպես Ամլորդու ջրով կնունքին՝ աղավնակերպ,
իսկ հիմա՝ այսպես՝ Հրով մկրտվողներիդ համար՝ ահավասիկ…»:
«Ես մի անգամ հայտնվեցի՜ Բաբելոնում,- շարունակեց,-
երբ ձեր նախնիք, դավադիր տիտանաբարո, աշտարակ էին բարձրացնում
առ քղանցքները տերունական, և նորից այսպես
Հրեղեն ճյուղավորվեցի նրանց մեջ, որ կանխեմ արարքն այդ…
Իսկ հիմա նորից բաշխում եմ այն
ընտրյալներիդ, որ քարոզեք բյուրալեզու և վեր խոյացնեք՝
արդեն ՝ աշտարակը Տիրոջ փառքի…»։
ՁԱՅՆԸ
Ասաց՝
«Կայացրո՛ւ Ինձ,
որ կայանաս»։
Քիչ լռեց ու․
«Կայացի՛ր,
որ ես էլ կայանամ»։
Աղոթի՛վ պարուրիր եկեղեցին,
այլապես այն քարե պատեր է լոկ…
***
Երկնքում մարում են աստղեր,
որոնց լույսը ճամփա է անցնում դեռևս երկար տարիներ —
ու նրանք դեռ երևում են երկնքում,
թեև վաղուց արդեն չկան…—
Դրանք մեր անգին մեռյալներն են,
որ դեռևս ապրում են մեր հիշողության հայացքում,
քանի դեռ կանք…
Երկնքում ծագում են աստղեր,
որոնց լույսը ճամփա է անցնում ու դեռ չի հասել մեզ,
ու նրանք դեռ չեն երևում երկնքում,
թեև գոյություն ունեն արդեն։ —
Դրանք մեր անգին զավակներն են,
որ Աստված տվել է մեզ արդեն ճակատագրով,
ու հանդիպելով ծնողների ուղեծրերի հատման կետում ՝
ծնվելու են շուտով…
ԳԱՆՁԱՎԱՃԱՌԸ
Ջավահիրչուն ահ իմ բերի…
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
Քարավանս հենց նոր եկավ
Հինդու երկրի հեռուներից։
Անգին քարեր, կարկեհան է
անփույթ թափվում իմ բեռներից…
Ակնեղեն է ակնախտիղ։
Ադամանդի լույս է վճիտ—
ոչ ոք ակունքը չի գտնի,
լոկ ե՛ս գիտեմ շատից-քչից․․․
Բռերով եմ աջ ու ահյակ
նետում բերքը իմ մարգարիտ։—
Ով ինձ տվեց՝ ասաց՝ ահա
ընծաներ ինձ հավասարին․․․
Շափաղասփյուռ ու ցոլանուտ
զվարթուն էր ընծայողն այդ։
Աստվածառաք ցոլք եմ ցանում
լույս սերմողս խենթ ու շվայտ․․․
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐԱԿ
Աստծո երազն է` իրեղենացած:-
Ու թե իրերը զարթնեն քո մտքում`
քո մեջ կբացվի Երազը անցյալ,
Իր պսակի մեջ կմտնես խոր քուն…
* * *
Գարնանը բնությունը
չարաճճի մանուկ է —
ոտքերը չփչփացնի
խայտացող ջրերի մեջ,
վազվզի, գլուխկոնծի տա
կանաչների մեջ,
մինչև որ մայրը՝ Գեան
տուն կանչի, թե՝
հերիք է, այ լկստված․․․
Ամռանը պատանյակ է մի,
պնդացող կուրծք ու լանջով,
հրայրքների մեջ տանջվող,
զնգուն աստղալիցն՝ աչքերի մեջ,
ջեռ զառանցող, ինչպես Թեսևսը՝
Ամուրի նետը՝ լանջընդերքում․․․
Աշնանը մի Նարցիս է՝
թաց լճակների վրա խոնարհված,
արտասվաթոր աչքերով հա՛
մշուշ ու թոն մաղող,
ձմռան կանխազգացումից
մաշվող ու նվաղող․․․
Իսկ թե ձմռանն ինչ է՝
ձեռքս չգնաց՝ գրեմ։
․․․Մի նեկրոման իր դեմքին
մահվան դիմակ դրեց․․․
ԼՅՈՒՑԻՖԵՐ
Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան,
բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը:
Ավետարան ըստ Մատթեոսի 18:7
Գառան մորթի հագնել
ու անցնել կույր Պոլիփեմոսի
ձեռքերի միջով․․․
Հագնել դույնը և անցնել
կույր հայր Իսահակի
մատների միջով․․․
Գառան մորթի հագած
այդպես նա էլ է գալիս աշխարհ
լռության սողանցքներով։—
Ու մայել չի փորձում նա,
որ չմատնվի, միայն
պոետներն են վկայում
իր ոռնոցը՝ լիալուսնի
չարագուշակ գիշերներին․․․
ԵՐԳ ԵՐԳՈՑ – ԵՐԳ ՀՈԳՈՑ
«Աշնան մշուշում․․․
Շշուկ ու
շրշյուն․․․»-
շամպայնի շշում․․․
Թոն է,
անհույս թաց․․․
Անցորդ մի տիկին
երգեցիկ ժպտաց․․․-
Հայացքի աղեղն՝
իմ կտնտոցին․․․
«Լուսին, տեսնեի՜ր՝
ինչ կա իմ ծոցում․․․»-
Նահապետ Քուչակ։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Ով ինձ չսիրի՝
կապի սև լաչակ․․․
․․․Տիկինն այն ասաց․
«Ախր շա՜տ ծեր ես․․․
Ռուբիկոնդ
վաղու՜ց անցել ես․․․»։
ԷՀ, ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ․․․
Մի քանի տարի հետո գրածներս
ավելի իմաստուն տեսք կունենան։
Իսկ դեմքս՝ …ավելի կնճռոտ ու զառամած։
(Դառնայի՜ Մեծ Գրքի էջանշան՝
hերբարիումի բուրյան վարդ թառամած․․․):
Մի հիսուն տարի հետո ինչ-որ մեկը
ինձ նյութ կանի գուցե ատենախոսության —
և վայ այն պաշտպանողին՝ ընդդիմախոսները
բուրդը քամուն կտան նրա՝ անցանկալի,
անհաջող մի նյութի ընտրության համար․․․
Մի հարյուր տարի հետո կփնտրեն
շիրիմս, որ․․․ հոբելյանին ընդառաջ նորոգեն, բայց
որտե՜ղ պիտի գտնեն- Կոմայգում հաստատ
չի լինի այն․․․Ես կուզեի լինել պառկած
Սուրբ Հովհաննու վանքի պարիսպի մոտ․․․
ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ
Ինչպես լուսնալույսն իր
ժամին խորհրդակիր —
մեր հայացքի լույսը՝ մեր հոգուց սփռվող,
շոշափում է աշխարհը,
հպվում տեղանքներին ու
խորհուրդներին բոլոր այսաշխարհիկ,
խորաչափի պես զոնդավորում
կեցության օվկիանոսի
խորխորատներն ու
խոր իջվածքներն ամեն։
Մեր աչքը հոգևոր
բուի լայնաբիբ
աչքի պես կլանում է աշխարհի ինֆրակարմիր,
հիվանդոտ ճառագող տամուկ լույսն — ակնակուր,
անբովանդակ խավա՜ր է ամենուրեք ․․․
Միայն մեր հոգու ճառագած լույսն է՝
Այնկողմնային ոգեղեն քվազարներից ստացած,
սփռվում ունայն աշխարհում,
ապա մեզ դառնում նորից
աղավնու պես Նոյի՝ մեր արտածյալ Պատկերը
մեզ բերելով նորից․․․
ՏԵՍԻԼՔ
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…
Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Երազումս Արցախի
Հրեշտակն էր՝ հայտնվեց։
«Աստծո աջը քո գլխին,
Երկիրդ ինձնով փրկըվե՞ց․․․»,-
Ասաց, թևը կախ՝ գնաց
Ու հեռացավ անհուշում։
Արթնացա ես ահառած
տեսիլքի մութ մշուշում։
Շոշափեցի բարձս թաց
Անմխիթար ու վհատ։
Տեր Աստված, ախ, դու գթա
Ուրացողիս ճարահատ․․․
ԱՖՈՐԻՍՏԻԿ ՏՈՂԵՐ
Հրդեհները
հրշեջներն են
մարում,
իսկ պատերազմներն՝
Աստված՝
․․․ Իր արցունքով․․․
Այսպես էլ
ապրում ենք՝
ջրով մկրտվածներս,
սպասելով
Հրով Մկրտողին․․․
ՄԵՂՐԱՀԱՑԸ
Հեռու-հեռավոր, անիմաց մի տեղ,
ամենքից գաղտնի մի ժայռածերպում
վայրի մեղրն է լցվում համորեն
մեղրահացի ծով լռության մեջ խուլ։
Նրա համին են ամենքը կարոտ,
նրա վերնային ծորացող լույսին։
Վառ մի ծիածան կապում է նարոտ
նրա շուրջ, ծաղկում վերը մի լուսին․․․
Վայրի մեղուներ են իջնում հուշիկ՝
զվարթունների բույլ տերունական։
Երանի նրան, ում որ կհուշի
մեղրահացն այդ իր դժվարին ճամփան․․․
* *
Օ, մութ ծառուղիների
դուք լապտերներ աղոտ,
խանդում եմ ձեզ ահա։ —
Ախ, դուք ի՜նչ համբույրների
ականատես եղաք
ձեր օրերում, և ի՜նչ
հրեշտակներ սիրաբեր
անցան ձեր վերևով․․․
ՄԻՆՉև ԱՅՍՏԵՂ
ԸՍՏ ԼՈՒՐԵՐԻ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ
ՁԵՌՔԻ ՀԵՏ ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՈՒԳՈ ՉԱՎԵՍԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ
Հը՞, ՈՒգո տղա, ննջեցյա՜լդ մեծապատիվ
( նկարից տեսքդ հիշում եմ ՝ հնդկացու նման էիր— բնիկի
շառավիղ էիր երևի․․․), զո՜հդ նորօրյա բարբարոսների,
որ նինջդ ավիրեցին (մորդ աչքե՜րը կուրանար․․․)․․․
Շա՞տ․․․ցավաց․․․ Կներես, հիմար հարց եմ տալիս։ —
Էլ ի՜նչ է մնացել քեզանից՝ որ ինչդ ցավա․․․
Մահն է՜լ չի փրկում մեզ՝ ադամորդիներիս, տես․․․
Մի մաղթանք կա հանգուցյալների համար, ասում են․
«Հանգստությու՜ն ոսկորներիդ», բայց մեր
ոսկորներին է՛լ հանգիստ չկա էս աշխարհում ։—
Դարերից մի դար, վաղ թե ուշ ոսկորներդ
մի հնագետի ձեռք կարող են ընկնել, որ վրձինով
նախ խնամքով կմաքրի դրանք, ապա խոշորացույցով
կզննի, թե ո՞ր դարի են դրանք, ու՞մն են,
հասարակ քաղաքացու՞ են, թե , ասենք, Վենեսուելայի
երբեմնի նախագահինը․․․ Չէ՜, հանգիստ չկա, ՈՒգո տղա՝
Կարակասից մինչև, է՜, Դամասկոս․․․ Կամ էլ իր ուժից
ղզղնած մի ջհուդի խնամի պրեզիդենտի հրամանով
դամբարանդ էսպես ցաքուցրիվ կանեն ավիառումբերով․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Մի ուրիշ մաղթանք էլ կա ննջեցյալների համար։—
Ասում է․ «Ողորմի՜ հոգուդ», բայց սա է՛լ այնքան
հուսալի չի։ — Վերևում էլ երկնային հնագետներն ու
հրեշտակապետերն են հոգնած հոգիդ
շուռումուռ տալիս իրենց մատների մեջ, զննում չորս կողմից,
թե՝ ի՞նչ կյանքով ես ապրել, պահե՞լ ես պատվիրանները․․․
Չէ՜, ՈՒգո տղա, դժվար է, շատ է դժվար ադամորդու բանը,
որպես հերկինս և երկրի․․․Ամա՜ն․․․Ամե՛ն։
ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ
