Պարույր Սևակն ասաց՝ «Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից, լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ»։ Այստեղ կառանձնացնեի հատկապես «ես հոգնել եմ» արտահայտությունը, որն ունի ոչ միայն ես-ական, նմանապես և ուրիշների հոգնածության ու ձանձրույթի ակնհայտ իմաստ։ Բանաստեղծն այս վիճակից հոգնել է, շատերն էլ՝ նրա հետ։ Հետևաբար սա գրական-մշակութային լուրջ խնդիր է, որ լուծում է պահանջում։ Չշարունակել ամեն փորձ ու ավանդություն, այլ՝ միայն նրանք, որոնք այսօր էլ պատասխանում են քո հոգում ծագած հարցերին և մեզ օգնում նույնիսկ ետ նայելով առաջ ընթանալ։
«Գրական թերթի» 2026 թ. մարտի 20-ի համարում տպագրվել է բանաստեղծ ու գրականագետ Մանվել Միկոյանի որդի Արթուր Միկոյանի «Անմարմին դիտորդը» պատկերների շարքը։ Արթուրը 40 տարեկան է, ես՝ 90։ Երևի այս տարիքային խոր ու մութ, անանց ձորն է պատճառը, որ մենք կյանքում ոչ մի անգամ չենք հանդիպել։ Չգիտեմ՝ նա ինձ կարդացել է, թե ոչ, իսկ ես այս երիտասարդի ստեղծագործական քայլերին հետևում եմ նրա առաջին իսկ գրվածքներից ի վեր։ Ինչո՞ւ։ Նա մեր և ոչ մի գրողի նման չէ, անգամ հորը։ Միայն իրեն է նման։ Սա մի բացառիկ հատկանիշ է, որ շատ քչերին է հատուկ, գրողի համար այնքան կարևոր ստեղծագործ ինքնության հատկանիշը։ Ես հենց սկզբից զգացի, որ այստեղ ինչ-որ բան «սխալ» է։ Ես գուշակ չեմ, բայց լավ ճանաչելով մեր գրական դաշտը՝ մտքովս գուշակություն անցավ՝ Արթուրը գրական ապագա ունի։ Մտածումս ամրապնդվեց նաև «Անմարմին դիտորդը» ընթերցելիս։ Նրա ապագան արդեն եկել է, և ժպտացի հեղինակին, ինձ, մեր գրականությանը։ Շատ տխուր բան է, երբ հույսդ չի արդարանում, դու ընդամենը սուրճի գավաթ նայող ես։ Չէ, սա ուրիշ դեպք է, այստեղ դիտորդն անմարմին չէ, լավ էլ մարմին ու հոգի ունի։
Արթուր Միկոյանի հայոց լեզուն թե՛ բառերով և թե՛ շարահյուսությամբ ընդդիմանում է փողոցին ու անմոռանալի Արմեն Շեկոյանին, հետաքրքիր մի անհատականություն, որը մոլորանք ունեցավ գրականություն ներմուծելու փողոցային լեզվի հոգեբանության գունագծեր և չմնաց միայնակ։ Այնինչ մայրենի լեզուն, ինչպես մեր գրականության հազարամյակներն են ապացուցել, հայրենիք է, փողոց չէ, հոգևոր ժողովուրդ կրթելու դպրոց ու համալսարան, դու ես, հայ մարդ, քո ինքնությունն ու ազատությունը։ Լեզվի հանդեպ այս վերաբերմունքի հիմքով Արթուրը փորձում է մեր կյանքը դիտել ոչ ոսկերչի աչքով, նույնիսկ դարբին չդառնալ, իրեն ու մեզ արթնացնել մանրաքանդակ խոսք ու բանի պատճառած քնաբեր հոգնությունից։ Չեմ կարծում, թե արդեն արթնացանք և կարող ենք այսուհետև երջանիկ ապրել. սա երկար ու փշոտ ճանապարհ է և համընդհանուր գրական ջանքեր է ենթադրում։ Պարույր Սևակի հոգնությունը կարևոր զանգահարություն է նաև այսօր և գուցե մշտապես։ Եվ Արթուրն այս զանգի ղողանջները լսել է ու եզրակացություն արել «Անմարմին դիտորդում» ու դրանից առաջ։
Նրա արձակագրությունը բանաստեղծական սիրտ ունի, բայց պոեզիա չէ։ Դա հարևան է և դրամատուրգիային, որ արտահայտվում է դրամային այնքան բնորոշ մենախոսության ձևակառուցվածքով։ Անմարմին, իրականում, այո, մարմնեղեն դիտորդը մենախոսում է ինչպես իր միտքն ու զգացմունքները, այնպես էլ այլոց, որով գծագրվում է թվացյալ սահմանափակ շրջանակում գտնվող տեքստի բովանդակության ավելի լայն մի շրջանակ՝ մեր փակ ու բաց իրականությունն ու հուզաշխարհը։ Արթուրի գրվածքները հարթագրություն չեն, այլ՝ նման են սրտագրի՝ մեկ իջնում են, մեկ կանգ առնում, մեկ էլ բարձրանում ու դարձյալ իջնում՝ մեզ չթողնելով հոգնել ու ձանձրանալ։ Հեղինակի տրամաբանությունը հաճախ, այո, հաճախ, անտրամաբանական է։ Բայց ո՞վ ասաց, թե հակատրամաբանությունը, չասեմ միշտ, ասեմ երբեմն ավելի լուրջ տրամաբանություն չէ։ Արթուրը փորձում է ընդունված օրենքներ խախտել, անգամ սերն է ներկայացնում «այլ կանոններով», կարծես ասելով՝ շատ բան այն չէ, ինչպես դուք կարծում եք։
Ես նշեցի Արթուր Միկոյանի ինքնությունը՝ նա միայն նա է, ոչ նաև մեկ ուրիշը։ Սակայն այսպես չի լինում, ամեն շնորհալի ստեղծագործող կարճ թե երկար դպրոց է անցնում, մեկ կամ մի քանի ուսուցիչներ ունի, էլ չեմ խոսում նրա վրա հայ ազգային ու օտարագիր գրական ու մշակութային կուլտուրայի ազդեցության մասին։
Իմ այս նկատառումներում Պարույր Սևակի հանդեպ Արթուրի որոշ հոգեհարազատության նշաններ, մասնավորապես մեր գրական ընթացքի պատճառած «հոգնածության» առումով, կարելի է տեսնել, թեև նրա շարադրանքներում մեծ բանաստեղծի և ոչ մի տող ու պատկերագիր գոյություն չունի, այստեղ «նմանությունը» մտածողական է և ոչ տառացի կամ բառացի։ Այժմ իմ առջև են նաև 20-րդ դարի ամերիկյան գրականության դասական, ոչ մեզ մոտ, այլ՝ արևմտյան կողմերում լայնորեն հայտնի Չարլզ Բուկովսկու երկու գրքերը ռուսերեն թարգմանությամբ՝ «Փոստատուն» վեպը և «100 գլխավոր գրքեր» մատենաշարով Մոսկվայում հրատարակված «Գինու մեջ թաթախված նոթատետր» պատմվածքների ու հոդվածների ժողովածուն։ Ուշագրավ է, համաշխարհային գրականությունից այս 100-ի շարքում են գտնվում նաև «Վարպետն ու Մարգարիտը», «Ամերիկյան ողբերգություն», «Շան սիրտը», «Ապուշը» «Ֆինանսիստ», «Աստվածային կատակերգություն», «Ֆաուստ» երկերը, որոնք, ըստ հրատարակչության, «պետք է կարդա ամեն մարդ»։ «Ով ալարի, ոչ դալարի» – զգուշացնում է մեր իմաստուն ժողովուրդն աշխարհի չորս կողմերում։ Ես չգիտեմ՝ Արթուրը կարդացե՞լ է հռչակավոր մոդեռնիստ ամերիկացուն։ Մանվել հայրդ ինձ ասաց, որ դու ավարտել ես Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, գերմաներենին հիանալի ես տիրապետում և հիմա գիտելիքներդ խորացնում ես Շվեյցարիայի ու Գերմանիայի բարձրակարգ բուհերում։ Տեսել եմ՝ Մայնց ու Դարմշտատ քաղաքների գրախանութներում ու գրադարաններում Բուկովսկին երևացող ներկայություն է, ուրեմն, ծանոթ ես նրան կամ անծանոթ։ Եթե անգամ չես կարդացել, գուցե սխալվում եմ, մի ներքին, ենթագիտակցական ցանկությամբ փորձել ես մոտենալ նրան կամ նրա նմաններին, աշխարհը դիտել նրանց աչքերով, մոտեցել կամ չես մոտեցել։ Անհրաժեշտ է «նայել այն ուղղությամբ, որով ընթանում են համաշխարհային զարգացումները», դարձյալ Պարույր Սևակն է ասում, Չարենցից հետո մեր ամենաիմաստուն ուսուցիչը։
Բարև, Արթուր։
Մի օր Մանվել հորդ, քո առաջին հրատարակիչ Վան Արյանի, «Գրական թերթի» պատվական ու պատվասեր խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ արի մեր տուն, Կարինեն «Պատիվ ունեմ» կուսակցությունից չէ, ոչ մի տեղ, ոչ մի կուսակցական խմբակում չկա՝ «Անասնաֆերմայում» (գոյություն ունի այս անունով նորագիր սցենար, որն ամեն օր խաղարկվում է Երևանի փողոցներում ու հրապարակներում սուտ և կեղծ, դատարկամիտ մարդկանց մասնակցությամբ), «Էստի համեցեք», «Մեր ձևով փրկիչ» շուկաներում, նաև կուսակցական մանկապարտեզներում, պիոներ ճամբարներում, ակումբներում ևս Կարինե չես գտնի, նա միայն անկուսակցական «Գրական թերթում» է, որին ծառայում է նվիրումով ու պատասխանատվությամբ։ Եթե հնարավոր է, Արթուր (մի ասա անհնարին է, աշխարհում անհնարին բան չկա, աստվածահաճո մահացածներն էլ են ողջ, ինչպես Քրիստոսը), Պարույր Սևակին և պարոն Բուկովսկուն էլ բեր, ձեզ սուրճ կհյուրասիրեմ, սրճխմության գործողությունը հիանալի մշակույթ է։ Մի ուշացեք, որքան էլ դիմադրում եմ, ժամանակն իմ կյանքի շավղից արդեն դուրս է գալիս։
