ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ Է / Աշոտ ԳԱԼՍՏՅԱՆ

Լույս է տեսել բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի «Ավետիք Իսահակյան (ուսուցում և պրակտիկա)»  գիրքը, որը հասցեագրված է հայ գրականությունը դասավանդող ուսուցիչներին և բանասիրական ֆակուլտետների ուսանողներին:

Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ուսուցումը և պրակտիկան նորովի են մեկնաբանվում պրոֆեսորի կողմից: Գրքի հեղինակը,  բարձր  գնահատելով Ա. Իսահակյանի գրական ժառանգությունը, ընդգծում է, որ նրա ստեղծագործության բազում էջեր գրված են փիլիսոփայական խորքով և անսահման մարդասիրությամբ: Իսահակյանի ստեղծագործության վերաբերյալ հստակ բնորոշում են տվել շատերը, բայց, թերևս, Ալեքսանդր Բլոկին էր վերապահված բանաձևելու Վարպետի ճշգրիտ գնահատականը. «Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում»:

Գրքում նախ ներկայացվում է Ա. Իսահակյանի կյանքը, ընգծվում գրողի խոստովանությունը Շիրակ աշխարհի և հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիի հարազատության ու մանկության տարիների վերհուշի մասին:

Դեռ մանուկ հասակից գրողն աչքի է ընկել բացառիկ ընդունակություններով ու դեպի գիրն ունեցած պաշտամունքով: Ներկայացվում է գրողի գործունեության ճանապարհային քարտեզը, որտեղ Իսահակյանն անցել է իր կյանքի մութուլույս ուղիներով. Հառիճի վանքի դպրոց, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, Լեյպցիգի համալսարան, Երևանի բանտ, աքսոր՝ Օդեսա, Մետեխի բանտ… Կյանքի յուրաքանչյուր նոր հանգրվան կարող է դառնալ գրականության դասի, նախագծային աշխատանքի մի ուղենիշ, ուր աշակերտները հստակ դիրքորոշում կարտահայտեն, կճանաչեն աշխարհն ու մարդկային բարդ հարաբերությունները:

Խճանկարի նման հյուսվում է Ա. Իսահակյանի հուշային դիմանկարը, որտեղ նա երևում է որպես ընտանիքի սիրող հայր, մարդ և քաղաքացի: Դրա վառ օրինակն է որդուն՝ Վիգենին ուղղված սրտառուչ նամակը:

Ա. Իսահակյանի առաջին գիրքը լույս է տեսել 1898 թ. Ալեքսանդրապոլում՝ «Երգեր ու վերքեր» խորագրով: Ժողովածուի թեմաները՝ ցաված սեր, կարոտ, բաժանում, մայրական սեր, հնչում են արդեն նոր, ինքնատիպ և իմաստուն հնչերանգով: Կյանքի անարդարությունները, հայրենիքի ճակատագիրը, մայրական պատկերի շրջանակը ինքօրինակ դրսևորումներ ունեն բանաստեղծի քերթվածներում:

«Մեր պատմիչները և մեր գուսանները» ծրագրային բանաստեղծությունը գրվել է 1939 թ.-ին, որը նվիրված է «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական վեպի հազարամյակին: Կինոժապավենի նման երևում է Հայաստանի և նրա աշխատասեր ժողովրդի դարավոր պատմությունը՝ գրված հոգևոր հայրերի ձեռամբ, նաև երգված  կենսասեր գուսանների հերոսական ասքերում:

1943 թ.-ին, երբ արդեն պարզորոշ երևում էր Հայրենական մեծ պատերազմի հաղթական ելքը, Վարպետը մի քանի բանաստեղծություններ է ձոնում Դավիթ Բեկին և սյունյաց առյուծ հերոսներին: Իսկ 1945-ի մայիսի 9-ին պոռթկում է «Մեծ հաղթանակի օրը» բանաստեղծությունը, որը հաղթանակի, հերոսների և հայրենյաց նահատակների տիպար պատգամ է գալիք սերունդներին:

Պրոֆ. Ա. Դոլուխանյանը գրականագետի ճշգրիտ մեկնաբանությամբ անդրադառնում է նաև Ա. Իսահակյանի բալլադներին, լեգենդներին, առակներին: Նա հստակ շեշտադրում է, որ «Մոր սիրտը» լեգենդը առավել հասկանալի է դառնում, երբ ծանոթանում ենք Գրիգոր Նարեկացու «Երգ երգոցի» մեկնությանը: Վերլուծական լայն խորքով մեկնաբանվում են նաև «Մայրը» ավանդավեպը, «Պանդուխտ որդին» բանաստեղծությունը, «Կյանքից թանկ բանը» առակը, տրվում են նրանց հոգեբանական հիմքերը: Ի դեպ, Վարպետի հեղինակած շատ առակների համար հիմք են հանդիսացել Աստվածաշունչը, Լոխմանի զրույցները, արևելյան ժողովուրդների իմաստախոսությունները, Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը», Հայսմավուրքը և այլ աղբյուրներ:

Իսահակյանի գլուխգործոցը «Աբու-Լալա Մահարի» պոեմն է, որը հզոր սիմֆոնիա է, «մարդկային հոգու չխլացող ճիչ», արդարության հրամայական:

Գրքի հեղինակը հավատում և փոխանցում է ուսուցիչներին, որ մարդկային արատներով այդքան լեցուն կյանքում բանաստեղծը տենչում է դեպի կենսատու արևը, որը Քրիստոսի առաջին խորհրդանիշներից է:

Գրքում մեկնաբանվում են հեղինակի  այլ գործեր ևս, որոնք ծրագրային հենք ունեն և իրենց արժանի տեղն ունեն դպրոցական դասագրքերի էջերում:

Աշխատանքի երկրորդ մասը նվիրված է Ա. Իսահակյանի արձակին: Ուսումնասիրության նյութը արձակ բանաստեղծություններ են, զրույցներ, հեքիաթներ, պատմվածքներ և «Ուստա Կարո» վեպը:

«Երգի հրապույրը» արձակ բանաստեղծությունը հիշեցնում է հունական դիցաբանության մեջ եղած Օրփեոսի զրույցը, որի երգից անգամ չոր ծառը ծաղկում է: Իսահակյանի պատանի հերոսը հոգու երգը նվիրում է մարդկանց. «Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը, վշտի հետ անբաժան, բույն դրեց մարդկանց սրտերի մեջ…»:

«Սաադիի վերջին գարունը» արձակ բանաստեղծությունն ունի սեղմ բանաձևում. «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»: Այսպիսի քաղաբերումները իսահակյանական արձակից կարող են բանավեճի արվեստի տարրեր դառնալ գրականության դասագործընթացում: Բանավեճի արվեստը, որ ծագել է հին աշխարհում, ընդունված էր որպես ճշմարտության հասնելու ուղի: Էրիստիկան (վիճարվեստը) ձևավորվել և ծաղկել է մ.թ.ա. հին հունական սոփեստների մոտ (Պրոտագորաս, Հիպիաս, Պրոդիկոս):

Բանավեճի մասնակիցներն օգտագործում էին շարադրանքի երկխոսական ձևը, որի ընթացքում երկու զրուցակիցներ վիճելիս պաշտպանում էին հակադիր տեսակետներ: Մարդիկ իրենց մտքերը շարադրում էին հարց ու պատասխանի ձևով: Նրանք ելնում են այն բանից, որ կան հակոտնյա կարծիքներ, և այդ պատճառով վիճաբանության մեջ յուրաքանչյուրը կարող էր իրեն պաշտպանել: Դա, իհարկե, թույլ էր տալիս գիտելիքն օգտագործել ոչ թե պատրաստի ձևով, այլ՝ մտորումների, հիմնախնդրի համատեղ քննարկման, ճշգրիտ եզրահանգումների որոնման ուղիներով: Նման քայլաշարով այսօր գրականության դասերին կարելի է կազմակերպել դաս-քննարկումներ, տարաբնույթ հարցադրումներ երկխոսության ձևաչափով, հարցաթերթիկային դիտարկումներ՝  հիմքում ունենալով գրական երկի հաղորդող ուղերձն ու վերջնարդյունքը:

Իսահակյանի արձակի գոհարներից է «Լիլիթը», որը ստեղծելիս հեղինակը նկատի է ունեցել Թալմուդում, Հին ու Նոր կտակարանների պարականոն զրույցներում, ասորաբաբելական, սիրիական, արաբական, նաև հայկական դիցաբանության մեջ պահպանված ավանդությունները Ադամի առաջին գեղուհու՝ Լիլիթի մասին:
Դեպքերի բազմազան շարան է ներառում «Համբերանքի չիբուխը» պատմվածքը, որը հայ աշակերտները հետաքրքրությամբ են ուսումնասիրում: Հիշողության հոսքերով առկա երկը ճշմարտության, ազատության, ագահության հասկացույթներով է լեցուն: Օհան ամու կարծիքով՝ մարդն իր արարքներով պիտի քաղցրացնի կյանքը ճիշտ այնպես, ինչպես շաքարը թեյը դարձնում է քաղցր, սակայն հալչում, չի երևում:

Գրքի երրորդ մասը Վարպետին տրված գնահատանքն է, հիշատակումը՝ նրան ուղղված ուսումնասիրությունների և ակնարկների:

Յուրահատուկ կառուցվածքով այս ուսումնասիրությունը նվեր է մեր ուսուցչությանը: Առկա գրականագիտական նյութը ինչպե՞ս մատուցել աշակերտությանը, ի՞նչ շեշտադրումներ անել գրականության դասագործընթացում: Պրոֆ. Աելիտա Դոլուխանյանը գտնում է հարցերի բանալին: Մեծերի կյանքի խոսուն օրինակներով հեղինակը ինտերակտիվ դասի նմուշներ է հաղորդում ուսուցիչներին: Կիրառված են նորարարական մեթոդներ՝ կմախք, գուս, էսսե և այլն: Տրված են գծապատկերներ նովելի և պատմվածքի փուլային ուսումնասիրման վերաբերյալ: Տեղեկույթներ են տրվում նաև համաշխարհային գրականության փորձից: Իսահակյանի ստեղծագործության ուսումնասիրումը նոր խոսք է հայ գրականության դասավանդման արդի մեթոդիկայում: Այսպիսի ձեռնարկները օդ ու ջուր են հայ դպրոցի համար: